HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

«Անկախ, ազատ ուսանող». ուսանողները դասադուլ են անում

«Դեմ ենք կեղծված ընտրություններին և չենք ճանաչում պաշտոնական տվյալները: Ուսանողությունը շարժիչ ուժ է: Եթե ամբողջ ուսանողությունը միանա, հաղթանակը կտոնենք», - այսօր ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի մոտ տեղի ունեցած դասադուլի ժամանակ հայտարարեց ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանող Նորայր Հովհաննիսյանը:

Մի շարք ուսանողներ դասադուլին մասնակցում էին դրոշներով և պաստառներով` վանկարկելով «Անկախ, ազատ ուսանող», «դասադուլ», «միացում» և այլ կոչեր:

«ԿՀԸ-ի արդյունքները չեն համապատասխանում իրականությանը: Շարժումը քաղաքականցված կոնկրետ ուղղվածություն չունի, պայքարը բոլորինս է: Խնդիրն այն չէ, թե ով ինչ քաղաքական ուղղվածություն ունի, փաստն այն է, որ այս պայքարում, ընտրություններում հաղթել է ժողովուրդը: Կոչ եմ անում, որպես ուսանողություն, կանգնել ժողովրդի կողքին: Այն լուրը, որ մենք խանգարում ենք դասապրոցեսին, չի համապատասխանում իրականությանը», - ակցիայի ժամանակ բարձրախոսով հայտարարեցին ուսանողները:

Ուսանողների մի մասը բողոքում էր, որ մի շարք ֆակուլտետների դեկաններ զգուշացրել են ուսանողներին չմասնակցել ակցիային, անգամ սպառանցել են, թե խնդիրներ կառաջանան: Սակայն ուսանողների մի մասը չէր ցանկանում ներկայանալ կամ մեկնաբանել, թե ինչու է մասնակցում ակցիային, որովհետև վախենում էին խնդիրներ ունենալ դեկանատի և դասախոսների հետ: Ներկաների շրջանակում պարբերաբար նշվում էր հատկապես ԵՊՀ Աշխարահագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկանի` Մարատ Գրիգորյանի անունը: Վերջինս, սակայն, հերքեց այն լուրը, թե ինքը վախեցրել է ուսանողներին:

«Դու ինձնից վախենո՞ւմ ես, ես այն դեկա՞նն եմ, որ ինձանից վախենում են, հարգո՞ւմ են ինձ, թե՞ չեն հարգում: Ամոթ է», - ուսանողներին ասաց դեկանը, երբ խնդրեցինք նրան պարզաբանել իր սպառնալիքների մասին լուրերը:

Նրա շուրջ հավաքված ուսանողները նշեցին, որ գուցե իրենից չեն վախենում, բայց ուսանողները վախենում են խնդիրներ ունանել բացակայությունների և քննությունների հետ կապված:  

«Լավ էլի, սա ճանապարհ չէ, հասկացեք, - ասաց Մ. Գրիգորյանը: - Ուսանողությունն իր կարծիքը կարող է հայտնել իր ուսանողական պարտքը կատարելով դասերից հետո: Երբևիցե եղե՞լ է, որ ես իմ քաղաքական հայցնքերը ձեզ պարտադրեմ, որ այս համալսարանում քարոզարշավ տամ որևէ մեկի համար»,- հակադարձեց դեկանը:

ԵՊՀ ՈւԽ-ի նախագահ Ռաֆֆի Քարամյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ ուսանողների այս ակցիան որպես այդպիսին չի ընդունում, որովհետև ԵՊՀ-ում սովորող ուսանողն առաջին հերթին իր կրթությանը պետք է ուշադրություն դարձնի:

«Նման ակցաիները խանագարում են դասապրոցեսին, անօրինական ճանապարհով փորձում են օրենք հաստատել: Գոյություն ունեն նաև օրինական ճանապարհներ, որին մենք կողմ ենք: Մեր կառույցն ապաքաղաքական է և չի կարող ոչ դրական, ոչ բացասական մենկաբանություն տալ կատարվողին: Ես ինքս կուսակցական պատկանելություն չունեմ», - հավելեց նա:

ԵՊՀ ուսանողուհի Հերմինե Վիրաբյանի կարծիքով` նմանատիպ ակցիաների միջոցով պետք է հաղթահարվի այն վախի մթնոլորտը, որ կա ուսանողների շրջանում, և իրենք պայքարում են իրենց իրավունքներին համար:

«Պահանջում եմ, որ ընտրությունը կատարվի ժողովրդի ձայների հիման վրա, այլ ոչ թե իշխանությունները որոշեն՝ ով պետք է լինի նախագահը: Պայքարում ենք ռեժիմի դեմ, ուզում ենք, պահանջում ենք անսերժ Հայաստան», - հայտարարեց նա:

Ակցիային, որպես ՀՀ քաղաքացի, մասնակցում էր նաև Մարիամ Սուխուդյանը, ում կարծիքով` այս ակցիան պետք է նախադեպ լինի և տարածվի բոլոր ուսումնական հաստատություններում:

«Կոչ եմ անում կանգնել ուսանողների կողքին և բարձրաձայնել իրենց իրավունքի մասին, անգամ կարելի է «թեժ գիծ» ստեղել, որ ուսանողությունն իմանա` իր մեջքի հետևը հանրություն կա կանգնած: Մենք պետք է կանգանենք ուսանողների կողքին և աջակցենք», - հայտարարեց նա:

Իսկ ԵՊՀ ուսանող Դավիթ Մզիկյանը նշեց, որ ինքն ուրախ է տեսնել նման ակտիվ երիտասարդների, ովքեր փորձում են պայքարել և պաշտպանել իրենց իրավունքները: Սակայն նա գտնում է, որ առհասարակ ուսանողությունն իր պայքարը կարող է սկսել ոչ թե երկրի նախագահին առնչվող խնդիրներից, այլ ավելի մանր օղակներից, ինչպես օրինակ` պայքարել բարձր վճարների, ցածր կրթաթոշակների, կթական կոռուպցիայի և այլնի դեմ:

Մեկնաբանություններ (1)

Levon, Anahit, Lilit, Hrach
De zorov chi eli, chen uzum cer demq@ tesnel, hima el cheq karor asel te poqramasnutyun kazmor usanorutyun e Yerevanum, usanorutyun@ mekn e u Hayastan ashxarhi bolor ankyunneric havaqvac cez asum en gnaceq grori coc@

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter