HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Դուք շամպայնը ժամանակից շուտ եք խմել». Րաֆֆի Հովհաննիսյանը` Սերժ Սարգսյանին և մյուսներին

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած վերջնական արդյունքներից հետո «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ասուլիս տվեց: Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ շուրջ երկու ամիս առաջ հավատացել է Հայաստանի քաղաքացուն, և Հայաստանի քաղաքացին էլ հավատացել է իրեն, և երկու ամիս միմյանց նկատմամբ տածած հավատի արդյունքում համազգային շարժում է առաջացել: 

Րաֆֆի Հովհաննիսյանը երախտագիտություն հայտնեց բոլորին, որոնք հավատացել են, որ սա իրենց երկիրն է: Նա նշեց, որ հայ ժողովրդին երկրորդ սորտի, կանխորոշված, վախի մեջ ապրող, սեփական շահը չգիտակցող ժողովրդի տեղ չպետք է դնել: «Հայ ժողովուրդը խոսել է,-  ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը և հավելեց, - Հայաստանի քաղաքացին է ասել, որ սա մեր հայրենիքն է, և ինքը հաղթեց փետրվարի 18-ին»: 

Րաֆֆի Հովհանիսյանը ողջունեց կուսակցություններին, քաղաքացիական շարժումներին, ուսանողներին, անհատներին և բոլոր նրանց, ովքեր միացել են այս պայքարին և պահանջեց, որ հայտարարություններում իր անունը չհնչեցնեն, քանի որ սա միայն իր պայքարը չէ: 

Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձավ Շարմազանովի` Ս. Սարգսյան-Ր. Հովհաննիսյան հանդիպման մասին արված ակնարկին, որ իրենք կարող են հրապարակել մանրամասներ այդ հանդիպումից: «Ամոթ նրանց, ովքեր փորձում են ինձ սպառնալ ինչ-որ մի ձայնագրության հրապարակման ակնարկով: Ես պահանջում եմ հիմա ` թող ամբողջությունը հրապարակեն. Նժդեհակա՞ն են, ազգայնակա՞ն են, նախկին նախագահի ներկայացուցի՞չն են, իրենք թող հիմա հրապարակեն ամբողջությունը»,- ասաց Ր. Հովհաննիսյանը: 

Նա որոշ մանրամասներ պատմեց այդ հանդիպումից. Ս. Սարգսյանն ասել է, որ երկուսով են և կարող են ազատ խոսել, իսկ հիմա ինչ-որ մարդիկ հեռակա սպառնում ձայնագրություն հեռարձակել. «Եթե պրն Սարգսյանը սուտ խոսեց, որ երկուսով ենք, ուրիշ մարդ չկա այնտեղ, ուրեմն դրեք»: 

Ըստ Հովհաննիսյանի` շատ սիրալիր և հարգալից հանդիպում է տեղի ունեցել, երկուսն էլ հարգել են միմյանց հետագծերը: Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, որ Ս. Սարգսյանը չի հաղթել, բայց ունի հզոր ավանդ, և շահեկանորեն տարբերվում է շատ ու շատ քաղաքական գործիչներից. «Դուք շամպայնը ժամանակից շուտ եք խմել»,- ասել է Ր. Հովհաննիսյանը Ս. Սարգսյանին:

Ոչ իր կողմից, ոչ էլ Ս. Սարգսյանի կողմից չի եղել պաշտոն ստանձնելու կամ կոալիցիա կազմելու առաջարկ: Ս. Սարգսյանի կողմից եղել է առաջարկ թիվ երկրորդ քաղաքական գործիչը լինել և շարունակել պայքարը ընդդիմության ղեկավարի դերում մինչև 2017-18թթ.: 

«Ես բացառում եմ, որ առաջադրվեմ նախագահական ընտրություններին,- ես արդեն ընտրվել եմ ՀՀ ժողովրդի կողմից, հինգ տարի պիտի ծառայեմ, ես հինգ տարի հետո ուրիշին եմ փոխանցելու, ես չեմ լինելու,- նշեց Ր. Հովհաննիսյանը,- լիքը փող է բաժանվել, բոլորս գիտենք, դա գաղտնիք չէ, մեկս մյուսին հիմարի տեղ չդնենք: Դա տեղի է ունեցել, բայց, ի հեճուկս դրան, ժողովուրդը հաղթել է: Փողը բաժանվել է, բայց ժողովուրդը հաղթել է»:

Իսկ իր կողմից Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկել է համազգային ճգնաժամը հաղթահարելու բաց առաջարկներ անել, որը լսելու կողմնակից է ինքը: 

Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձավ նաև իր հասցեին հնչեցված շահարկումներին. «Նեզավիսիմայա գազետա»-ն և ռուսական այլ լրատվամիջոցներ եթեր են տվել որոշ կադրեր, որտեղ Ր. Հովհաննիսյանը վարժ չի խոսել ռուսերեն, կամ շատ վարժ է խոսում անգլերեն, բայց, ըստ Հովհաննիսյանի, դրանից ոչ մի քաղաքացի իր հայրենասիրությունը կասկածի տակ թող չդնի, քանի որ ազգային ողբերգության բերմամբ ծնվել է ԱՄՆ-ում, բայց ստացել է հայեցի կրթություն, և իր համար գերակա է ազգային պետական շահը. «Վարժ անգլերենի և ոչ վարժ ռուսերենի պահով ոչ ոք չի կարող կասկածի տակ դնել իմ հայրենասիրությունը,- ասաց Ր. Հովհաննիսյանը,- ես իրեն պատասխան կտամ»: 

Հովհաննիսյանի խոսքով` Վլադիմիր Վլադիմիրովիչը, մսյո Ռոլանդը կամ այլ ԱՄՆ ներկայացուցիչ կարող են թուղթ ուղարկած լինել երրորդ նախագահին, դա իրենց իրավունքն է: Սակայն ով ժողովրդի կամքը, Սահմանադրական իրավունքը ծաղրելով, հեգնելով շամպայն է խմել, խարզապես սխալ է արել, քանզի չի հարգում Հայաստանի շահն ու որոշումները և զղջալու է, որովհետև բոլոր դիտորդներից, բոլոր օտար քաղաքացիներից առաջնայինը Հայաստանի քաղաքացին, ՀՀ Սահմանադրությունն է:

Ավելին, Ր. Հովհաննիսյանը նշեց, որ եթե նույնիսկ Վաշինգտոնն էլ հեգնի ՀՀ քաղաքացու և Հայաստանի շահը, չնայած որ ինքը ծնվել, այնտեղ կրթություն է ստացել, պատասխան կտա նաև նրանց: Իսկ Մինսկի խմբի համանախագահները պետք է ինքնաբացարկ հայտնեն, և նույնն էլ խորհուրդ տվեց անել Ս. Սարգսյանին: 

Անդրադառնալով ԿԸՀ-ի հրապարակած վերջնական տվյալներին` Ր. Հովհաննիսյան ասաց, որ ԿԸՀ-ն իր անդամներով պետք է ենթարկվի ամենխիստ պատասխանատվության` իր ակնհայտ հակաիրավական, հակաժողովրդական պահվածքի համար: 

Րաֆֆի Հովհաննիսյանը, որպես համազգային և համաժողովրդական շարժման մի մասնիկ, անելու է ամեն ինչ, որպեսզի ժողովուրդը հետ չկանգնի: 

Լրագրողներից մեկի հարցին, թե հստակ քայլեր չլինելու դեպքում արդյոք ժողովրդի հիասթափություն չի լինի, և մարդիկ այլևս չեն գնա Ազատության հրապարակ, Ր. Հովհաննիսյանը պատասխանեց. «Սա այլևս իմ պայքարը չէ, սա այլևս իմ թիմի պայքարը չէ, սա Հայաստանի քաղաքացու պայքարն է մեր ապագայի, մեր իրավունքի համար, և ժողովուրդը պետք է պայքարի և չհոգնի, այդ պայքարը տանելու ենք միասին, ստեղծագործաբար»: Իսկ հիմնական պահանջն արդեն իրացրել են, և «ժամանակն է, որ Բաղրամյան 26-ը հասկանա դա»:

Մինչ ՍԴ դիմելուն մնացել է հինգ օր: Րաֆֆի Հովհաննիսյանը չբացառեց, որ կդիմեն ՍԴ և հնարավորություն կտան դատական համակարգի ներկայացուցիչներին վերջին անգամ Սահմանադրական իրավունքն իրացնել և պաշտպանել ՀՀ քաղաքացիներին, ՀՀ սահմանադրական իրավունքը; 

Լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչու ընտրատեղամասերում վերահաշվարկ չի պահանջում, նա պատասխանեց, որ Ընտրական օրենսգիրքը վերահաշվարկի պահանջը բավարարում է թեկնածուի  բնագիր ստորագրության առկայության դեպքում, և քանի որ հնարավոր չէր բոլոր ՀՀ բոլոր ընտրատեղամասերով շրջել, մի քանի տեղերում միայն հասցրել են վերահաշվարկ պահանջեցել: Այդ խնդիրը չէր առաջանա, եթե օրենսգիրքը թույլ տար էլեկտրոնային փոստով ուղարկել ստորագրությունը: 

Անդրադառնալով ուսանողների այսօրվա դասադուլի ակցիային` նա պատասխանեց, որ ուսանողները այդ նախաձեռնությունն սկսել են առանց իր հետ համաձայնեցնելու, բայց ինքը «զորավիգ նրանց ազատ որոշմանը»:

ԲՀԿ-ի այսօրվա հայտարարությունը Րաֆֆի Հովհաննիսյանը ասուլիսի ավարտին ողջունեց և ասաց, որ կարող էր ավելի կոնկրետ լինել:

Մարտի 1-ին, ժամը` 12:00-ին տեղի կունենա Ր. Հովհաննիսյանի մամուլի հերթական ասուլիսը, որից հետո կայցելեն Մյասնիկյանի արձան` 2008-ի մարտի 1-ի զոհերի հիշատակը հարգելու համար: Իսկ մինչ այդ կայցելեն մարզեր: 

Մեկնաբանություններ (1)

anna
Hargeli Rafffi, es Dzer hamaxohneric em. Uzum em, vor amen inch xaxax ancni, baic da mer erkri pes erkrnerum hnaravor che, miain hexapoxutiun, inchpes arecin tekux henc harevan Vrastanum. Duq chisht eq, vor shampain jamanakic shut en xmel, baic mi ban el ka . Kto ne risknet, tot ne pjet shampanskoe. indz tvum e, gorci petq e ancnel, havaqneov ajlevs ban chi poxvi.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter