HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանությունը՝ ընտրությունների հետ կապված ՄԻՊ գրասենյակից ստացված ահազանգերերի վերաբերյալ

2013 թ. փետրվարի 22-ին ստացվել է ՀՀ ոստիկանության պետին ուղղված` ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրությունը, որտեղ հայտնվում է, որ 2013 թ. փետրվարի 18-ին ՀՀ նախագահի ընտրությունների վերաբերյալ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են ստացվել ահազանգեր:

Գրության մեջ նշված 2-րդ, 4-րդ, 7-րդ և 8-րդ կետերում նշված հաղորդումները ուղարկվել են ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, իսկ 3-րդ կետում նշված հաղորդումը ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչություն` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ և 181-րդ հոդվածների կարգով ընթացքը որոշելու համար:

Գրության 1-ին, 5-րդ, 6-րդ, 9-րդ, 10-րդ կետերում նշված հանգամանքների կապակցությամբ ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներում արդեն իսկ նախապատրաստվել կամ նախապատրաստվում են նյութեր:

Ստորև ներկայացվում է նյութերի վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը:

- 1-ին կետ` 18.02.2013թ. ժամը 15:15-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից ոստիկանության Սիսիանի բաժին հաղորդվել է, որ իրենց է ահազանգել Ավագ Մեժլումյանը և հայտնել, որ թիվ 37/15 ընտրատարածքի դիմաց Սիսիանի քաղաքապետը ընտրակաշառք է բաժանում: Ահազանգի հիման վրա նախապատրաստվել են նյութեր, որոնց արդյունքում ահազանգը չի հիմնավորվել և նյութերը եզրակացությամբ թողնվել են անհետևանք: ՀՀ ոստիկանության շտաբի կողմից ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչությանը տրվել է ցուցում` 1-ին կետում նշված հանգամանքների վերաբերյալ նախապատրաստված նյութերի ընթացքը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ և 181-րդ հոդվածների կարգով որոշելու համար: 23.02.2013թ. որոշում է կայացվել նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` հանցագործության դեպքի բացակայութան պատճառաբանությամբ

- 5-րդ կետ` 15.02.2013թ. «Ժամանակ» օրաթերթի ինտերնետային կայքում հրապարակված «Փողերը միայն վստահելիներին, ՀՀԿ-ն փող է բաժանում» վերտառությամբ հոդվածը որում նշվել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբից հաղորդում են բաժանվող ընտրակաշառքի մասին, իսկ Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի բնակիչը հայտնել է, որ իրենց գյուղապետը հավաքում է քաղաքացիների անձնագրերը և բաժանում 10 000-ական դրամ Սարգսյանին ընտրելու համար ու նման բազմաթիվ լուրեր:

ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնում նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` հանցագործության դեպքի բացակայութան պատճառաբանությամբ:

- 6-րդ կետ` 21.02.2013թ. ժամը 12:45-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդվել է, որ iditord.org ինտերնետային կայքում զետեղված է հաղորդագրություն այն մասին, որ 08/13 ընտրատեղամասում Բաբաջանյան 18 շենք 13 բնակարանի բնակիչներ Աննա և Ժաննա Հովակիմյանների փոխարեն քվեարկել են:

Հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

- 9-րդ կետ` 18.02.2013թ. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդվել է, որ 095-96-92-79 հեռախոսահամարից զանգահարել է Արտակ Համբարձումյանը և հայտնել, որ թիվ 17/05 ընտրատեղամասում իր և դիտորդ Նարինե Իսմաելի նկատմամբ բռնություն է կիրառվել ու կատարվել է լցոնում քվեատուփի մեջ:

22.02.2013 թ. նախապատրաստված նյութերը քննչական ենթակայության կարգով ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

- 10-րդ կետ` 18.02.2013թ. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդվել է, որ դիտորդ Նարեկ Բաբայանը զանգահարել է և հայտնել, որ Արտաշատ քաղաքի թիվ 17/02 ընտրատեղամասում չհրկիզվող պահարանից դուրս առկա են մի քանի հարյուր հատ քվեաթերթիկներ:

ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժնում կատարվում է հետաքննություն:

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնում գրության 2-րդ, իսկ ոստիկանության Նոր Նորքի բաժնում` 4-րդ, 7-րդ և 8-րդ կետերում նշված հանգամանքների հիման վրա նախապատրաստվում են նյութեր:

Հայտնվում է նաև, որ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության կողմից ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրությամբ ստացված հաղորդումը /3-րդ կետ/ ուղարկվել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզի քննչական բաժին, որտեղ նախապատրաստվել են նյութեր և 23.02.2013թ. Տավուշի մարզի դատախազության միջոցով` քննչական ենթակայության կարգով ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն: 

Նույն օրը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանից ՀՀ ոստիկանության պետին ուղղված մեկ այլ գրությամբ ստացված ահազանգերը քննարկվել են ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում: 

Ստորև ներկայացվում է նյութերի վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը:

1.Ալեքսանդր Զաքեյանի և Գոհար Գևորգյանի ահազանգի վերաբերյալ

Ալեքսանդր Զաքեյանը և Գոհար Գևորգյանը հայտնել են, որ թեև հաշվառված են բնակչության պետական ռեգիստրում, սակայն իրենց տվյալները ընդգրկված չեն եղել ընտրացուցակներում:

Տեղեկատվությունը հերքվել է:

Բնակչության պետական ռեգիստի տվյալների համաձայն` Ալեքսանդր Հրաչյայի Զաքեյանը /ծնված 27.04.1979թ./ և վերջինիս մայրը` Գոհար Հայկազի Գևորգյանը /ծնված 08.01.1959թ./ 26.07.2012թ-ին հանվել են Երևան քաղաքի Արհեստավորների 1 փողոց տուն 47 հասցեի հաշվառումից` բնակարանի սեփականատիրոջ դիմումի հիման վրա: Հետևաբար` վերջիններիս անհատական տվյալները իրավաչափորեն ընդգրկված չեն եղել ընտրողների ռեգիստրում:

2. Արևիկ Պետրոսյանի ահազանգի վերաբերյալ

Քաղաքացին հայտնել է, որ սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակարանում հաշվառված են իրեն անծանոթ այլ անձինք:

Ա.Պետրոսյանի հետ կայացած հեռախոսազրույցից պարզվել է, որ խոսքը վերաբերում է Երևան քաղաքի Հանրապետության փողոց տուն 38 հասցեում հաշվառված Սևագ Գարաբետի Դավիդյանին:

Տեղեկատվությունը հաստատվել է:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ տեխնիկական վրիպման պատճառով Երևան քաղաքի Հանրապետության 38 շենքի բն. 209 հասցեում հաշվառելու փոխարեն, Սևագ Գարաբետի Դավիդյանը /ծնված 13.09.1975թ./ հաշվառվել է Հանրապետության փողոց տուն 38 հասցեում: Անճշտությունը շտկվել է 21.02.2013թ-ին: 

3. Մարիամ Չիլինգարյանի ահազանգի վերաբերյալ

Երևան քաղաքի Տերյան 62 բն. 22 հասցեի բնակիչ Մարիամ Չիլինգարյանը հայտնել, որ իր հարևանը` Տերյան 62 բն. 23 հասցեում հաշվառված Հրաչյա Աղամանուկյանը մահացել է 1997թ-ին, սակայն վերջինիս տվյալները ընդգրկված են ընտրացուցակում:

Տեղեկատվությունը հերքվել է:

ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից հասցեում իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ըստ հարևանների հայտարարության` Հրաչյա Ժորժի Աղամանուկյանը /ծնված 29.06.1941թ./ գտնվում է ՀՀ սահմաններից դուրս և վերջինիս մահվան վերաբերյալ տեղեկություններ չկան, իսկ ահազանգ ներկայացրած Տերյան 62 շենքի 22 բնակարանի բնակիչն ընդհանրապես հրաժարվել է ահազանգի կապակցությամբ որևէ տեղեկատվություն տրամադրելուց: 

4. Վարդան Բադալյանի ահազանգի վերաբերյալ

Քաղաքացին հայտնել է, որ իր ընտանիքի անդամների տվյալները ընտրացուցակում առկա չեն, չնայած նրան, որ հաշվառված են բնակչության պետական ռեգիստրում:

Տեղեկատվությունը հերքվել է:

Ներկայացված հեռախոսահամարով կապ է հաստատվել Վարդան Գրիգորի Բադալյանի հետ: Վերջինս տեղեկացրել է, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ զանգահարել է ոչ թե ընտրացուցակում իր տվյալների բացակայության, այլ անհատական տվյալների որոնման կապակցությամբ պարզաբանում ստանալու համար: Վարդան Գրիգորի Բադալյանը /ծնված 21.12.1984թ./ հաշվառված է Երևան քաղաքի Գյուլբենկյան փ. 43 շենքի 146 բն. հասցեում և վերջինիս տվյալներն առկա են 5/32 ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում: Նշված հասցեում բացի Վ.Բադալյանից այլ անձ հաշվառված չէ: 

5. Արտյոմ Բադալյանի /այլ ոչ թե` Խադալյանի/ ահազանգի վերաբերյալ

Քաղաքացին հայտնել է, որ իրենց անունները ընտրացուցակում չեն ընդգրկվել, չնայած նրան, որ հաշվառված են բնակչության պետական ռեգիստրում:

Տեղեկատվությունը հերքվել է:

Ստուգմամբ պարզվել է, որ Արտյոմ Ռոբերտի Բադալյանը /ծնված 03.04.1994թ./ ընտանիքի անդամների հետ միասին, իրենց դիմումների հիման վրա հանվել են Կապան քաղաքի Հ.Ավետիսյան 12 բն. 30 հասցեի ընտրողների հիմնական ցուցակից և ընդգրկվել Երևան քաղաքի Միքայելյան փողոց 21 հասցեի ընտրողների լրացուցիչ ցուցակում /8/25 ընտրական տեղամաս/: 

6. Հարություն Աբրահամյանի ահազանգի վերաբերյալ

Քաղաքացին հայտնել է, որ թեև հաշվառված է բնակչության պետական ռեգիստրում, սակայն իր տվյալները առկա չեն եղել ընտրացուցակում:

Տեղեկատվությունը հերքվել է:

Բնակչության պետական ռեգիստի տվյալների համաձայն` Հարություն Սաշայի Աբրահամյանը /ծնված 11.11.1963 թ./ 13.04.2012թ. հանվել է Երևան քաղաքի Շիրակի փողոց, 6/2 բն. 6 հասցեի հաշվառումից` բնակարանի սեփականատիրոջ դիմումի հիման վրա: Հետևաբար` վերջինիս անհատական տվյալները իրավաչափորեն ընդգրկված չեն եղել ընտրողների ռեգիստրում: 

7. Արմենուհի Անտոնյանի ահազանգի վերաբերյալ

Քաղաքացին հայտնել է, որ իր ընտանիքի անդամների տվյալները ընտրացուցակում առկա չեն, չնայած նրան, որ հաշվառված են բնակչության պետական ռեգիստրում:

Տեղեկատվությունը հաստատվել է:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ըստ բնակչության պետական ռեգիստրի տվյալների` Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Մարկվարտի փողոցի տուն 92/7 հասցեն նախկինում սպասարկվել է Շենգավիթի, Չարբախի և Մալաթիայի անձնագրային ծառայությունների կողմից և հիշյալ հասցեի հաշվառումներն էլ համապատասխանաբար իրականացվել են նշված անձնագրային ծառայությունների կողմից: Մարկվարտի փողոցի տուն 92/7 հասցեում հաշվառված բոլոր քաղաքացիների տվյալները ընտրացուցակներում ընդգրկելու համար նույն հասցեն պետք է ընդգրկվեր և Չարբախի և Մալաթիայի անձնագրային ծառայությունների հասցեների նկարագրում, ինչը տեխնիկական վրիպման հետևանքով չի կատարվել: Արդյունքում` Մարկվարտի փողոցի տուն 92/7 հասցեում հաշվառված Ռոբերտ Իվանի Չիլինգարյանի /ծնված 20.05.1948թ/, Լուսինե Ռոբերտի Չիլինգարյանի /ծնված 02.09.1976թ/ և Աստղիկ Արտավազդի Սայադյանի /ծնված 27.06.1954թ./ անհատական տվյալները չեն ընդգրկվել ընտրողների ռեգիստրում: 

8. Ռոզա Հովսեփյանի ահազանգի վերաբերյալ

Քաղաքացին հայտնել է, որ իր ընտանիքի անդամների տվյալները ընտրացուցակում առկա չեն, չնայած նրան, որ հաշվառված են բնակչության պետական ռեգիստրում:

Տեղեկատվությունը հերքվել է:

Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա Շահումյան 16 փողոց տուն 11/1 հասցեի բնակիչ Ռոզա Արամի Հովսեփյանի հետ կայացած հեռախոսազրույցից պարզվել է, որ նշված հասցեն նախկինում ընդգրկված է եղել 7/24 ընտրական տեղամասում, և պարզելով, որ իր ընտանիքի անդամների անունները բացակայում են 7/24 ընտրական տեղամասի ընտրողների ցուցակից, կարծել է` իրենց տվյալները ընդհանրապես ընդգրկված չեն ընտրողների ռեգիստրում: Անձնագրային ծառայությունից պարզելով, որ Շահումյան 16 փողոց տուն 11/1 հասցեն ընդգրկված է 7/25 ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում, այցելել են նշված տեղամաս և ընտանիքի բոլոր անդամներով իրացրել իրենց ընտրական իրավունքը: 

9. Շուշանիկ Ավետիսյանի ահազանգի վերաբերյալ

Քաղաքացին հայտնել է, որ թեև հաշվառված է բնակչության պետական ռեգիստրում, սակայն իր տվյալները առկա չեն եղել ընտրացուցակում:

Տեղեկատվությունը հերքվել է:

Բնակչության պետական ռեգիստի տվյալների համաձայն Շուշանիկ Նոդարիի Ավետիսյանը /ծնված 13.02.1976 թ./ 15.06.2010 թ. հանվել է Երևան քաղաքի Դավթաշեն 2-րդ թաղամաս, 8 բն. 13 հասցեի հաշվառումից` բնակարանի սեփականատիրոջ դիմումի հիման վրա: Հետևաբար` վերջինիս անհատական տվյալները իրավաչափորեն ընդգրկված չեն եղել ընտրողների ռեգիստրում:

10. Գոհար Ղազարյանի ահազանգի վերաբերյալ

Քաղաքացին հայտնել է, որ 17.01.2013 թ. բնակչության պետական ռեգիստում հաշվառվելու վերաբերյալ դիմում է ներկայացրել լիազոր մարմնին, սակայն իր տվյալները ընդգրկված չեն եղել ընտրողների ռեգիստրում:

Տեղեկատվությունը հերքվել է:

Բնակչության պետական ռեգիստրի տվյալների համաձայն` Գոհար Ահարոնի Ղազարյանը /ծնված 01.06.1964թ./ 16.01.2013 թ.-ից հաշվառված է Երևան քաղաքի Նալբանդյան 25Ա բն. 3 հասցեում: Վերջինիս անհատական տվյալները ընդգրկված են եղել 10/24 ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում:

11. Լյովա Հարությունյանի ահազանգի վերաբերյալ

Քաղաքացին հայտնել է, որ իր տան հասցեում հաշվառված են իրեն անծանոթ այլ անձինք:

Տեղեկատվությունը հերքվել է:

Լյովա Վահանի Հարությունյանի հետ կայացած հեռախոսազրույցից պարզվել է, որ Երևան քաղաքի Ռ.Մելիքյան փողոց տուն 11 հասցեի սեփականատեր է հանդիսանում վերջինիս եղբայրը` Դանիել Վահանի Ասլանյանը, իսկ նշված հասցեում հաշվառված անձինք իր ազգականներն են և նախկին կինը` Սուսաննա Մոսկովի Կարապետյանը: Լ.Հարությունյանը հավաստիացրել է, որ իրեն անծանոթ որևէ անձ նշված հասցեում հաշվառված չէ:

12. Հովհաննես Թամազյանի ահազանգի վերաբերյալ

Քաղաքացին հայտնել է, որ ընտրացուցակներից չեն հանվել հաշվառում չունեցող անձանց տվյալները:

Տեղեկատվությունը հերքվել է:

Հ. Թամազյանի հետ կայացած հեռախոսազրույցից պարզվել է, որ խոսքը վերաբերում է Երևան քաղաքի Արտաշիսյան փողոց 55/13 բն. 31 հասցեում հաշվառված Աննա Սուրենի Մկրտչյանին /ծնված 08.04.1988 թ./: Վերջինս հայտնել է, որ Ա.Մկրտչյանին հաշվառումից հանելու խնդրանքով գրավոր դիմել է Շենգավիթի անձնագրային ծառայություն:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ 08.02.2013 թ. Շենգավիթի անձնագրային ծառայություն է դիմել Արտաշիսյան փողոց 55/13 բն. 31 հասցեի համասեփականատեր Հ. Թամազյանը` նույն հասցեում հաշվառված Աննա Մկրտչյանին հաշվառումից հանելու խնդրանքով:

Ղեկավարվելով ՀՀ կառավարության 2005 թ. հուլիսի 14-ի «ՀՀ-ում բնակչության պետական ռեգիստրի համակարգ ներդնելու մասին» թիվ 1231-Ն որոշման պահանջներով, նույն օրը Շենգավիթի անձնագրային ծառայությունը գրավոր հարցում է կատարել անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանում` նշված հասցեի նկատմամբ Ա.Մկրտչյանի կողմից սեփականության կամ օգտագործման իրավունքի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով, որի պատասխանը մինչ օրս չի ստացվել: Հետևաբար` Աննա Մկրտչյանի տվյալները իրավաչափորեն ընդգրկված են եղել ՀՀ ընտրողների ռեգիստրում: 

13. Դոնարա Դավթյանի ահազանգի վերաբերյալ

Քաղաքացին հայտնել է, որ թեև հաշվառված է բնակչության պետական ռեգիստրում, սակայն իր տվյալները առկա չեն եղել ընտրացուցակում:

Տեղեկատվությունը հերքվել է:

Բնակչության պետական ռեգիստի տվյալների համաձայն` Դոնարա Միլիտոնի Դավթյանը /ծնված 01.04.1934թ./ 14.02.2012թ-ին հանվել է Երևան քաղաքի Աբովյան 62 բն. 11 հասցեի հաշվառումից` բնակարանի սեփականատիրոջ դիմումի հիման վրա: Հետևաբար` վերջինիս անհատական տվյալները իրավաչափորեն ընդգրկված չեն եղել ընտրողների ռեգիստրում: 

14. Գայանե Սահակյանի ահազանգերի վերաբերյալ

Քաղաքացին հայտնել է, որ ընտրացուցակում ընդգրկված են եղել նաև մահացած մոր անհատական տվյալները:

Ոստիկանության ծառայողների կողմից հասցեում իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի Խաղաղ Դոնի փողոցի 1 բն. 212 հասցեում հաշվառված Վերա Մնացականի Խաչատրյանը /ծնված 04.04.1950 թ./, մահացել է Ռուսաստանի Դաշնությունում և վերջինիս մահվան վերաբերյալ տեղեկատվությունը ռեգիստրը վարող լիազոր մարմինը սահմանված կարգով չի ստացել:

Ընդ որում՝ հարկ է նշել, որ մահվան փաստի վերաբերյալ ռեգիստրը վարող մարմնին օրենսդրությամբ սահմանված կարգով չտրամադրված տեղեկատվության առկայությունը ընտրողների ցուցակում, ՀՀ ընտրական օրենսգրքի իմաստով անճշտություն չի համարվում:

15. Ցողիկ Բուդոյանի /ցուցակում թիվ 14/ և «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» հասարակական կազմակերպության նախագահ Անահիտ Գևորգյանի /ցուցակում թիվ 16/ ահազանգերի վերաբերյալ

Ահազանգերով տեղեկացվել է, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Մարտունի քաղաքների հասցեների փոփոխության պատճառով ընտրացուցակներում առկա են եղել անճշտություններ:

ՀՀ ընտրական օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասով հստակ սահմանված է ընտրացուցակներում առկա անճշտությունների շտկման կարգն ու ժամկետները, համաձայն որի` անճշտությունների վերաբերյալ հաղորդումները լիազոր մարմին կարող էին ներկայացվել մինչև 2013 թ. փետրվարի 11-ը: ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի հասցեների անճշտությունների վերաբերյալ տեղեկատվություն չի ներկայացվել:

Դեռևս 2013թ-ի հունվարի 17-ին ՀՀ ոստիկանությունն անդրադարձել է Մարտունի քաղաքի հասցեների վերաբերյալ 17.01.2013թ. www.aravot.am համացանցային կայքում «Հասցեները փոխվել են, բայց ընտրացուցակները մնացել են նույնը, նախընտրական առաջին խախտումները» հրապարակմանը և պատշաճ հիմնավորմամբ հերքել հասցեների անճշտության վերաբերյալ տարածված տեղեկատվությունը, ինչը հրապարակվել է www.polise.am կայքում: 

Բացի այդ` հրապարակման կապակցությամբ Մարտունու աննագրային ծառայության ղեկավարը հեռախոսազրույց է ունեցել «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» հասարակական կազմակերպության նախագահ Անահիտ Գևորգյանի հետ և վերջինիս խնդրել ներկայացնել հասցեների անճշտությունները հիմնավորող համապատասխան հիմքեր, ինչը, սակայն, վերջինիս կողմից չի կատարվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter