HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օմբուդսմենի պատասխանը ոստիկանության արձագանքին՝ ընտրահանցանքների վերաբերյալ

Երեկ ոստիկանությունը հրապարակայնորեն արձագանքել է օմբուդսմենի կողմից ներկայացված ընտրախախտումների և ընտրահանցանքների մասին հաղորդմանը և հայտնել, որ պաշտպանի կողմից ներկայացված 10 ընտրահանցանքներից 8-ը դեռևս քննվում են ոստիկանության կողմից, իսկ երկուսի քննությունն արդեն ավարտված է հանցագործության դեպքի բացակայության պատճառով:

Ամենևին չպնդելով, որ մեզ ահազանգած քաղաքացիները բոլոր դեպքերում տիրապետում և ներկայացնում են բացարձակ ճշմարտությունը՝ այդուհանդերձ, կարևոր է, որ նրանց կողմից տրված տեղեկատվության հերքման դեպքում բոլորիս ներկայացվեն կատարված աշխատանքի մանրամասներ և համոզիչ փաստարկներ:

Մասնավորապես, Սիսիան քաղաքում և Վերին Գետաշեն գյուղում ընտրակաշառք բաժանելու այս երկու գործերով անհրաժեշտ է ներկայացնել, թե ումից և ինչ բովանդակությամբ բացատրություն է վերցվել, և եղե՞լ են արդյոք իրարամերժ բացատրություններ: Եթե եղել է թեկուզ մեկ իրարամերժ բացատրություն, ապա անհրաժեշտ է քրեական գործ հարուցել, որը հնարավորություն կտա կատարել այլ քննչական և քրեադատավարական գործողություններ (առերեսումներ, ճանաչման ներկայացնել, փորձաքննություններ, այլուրեքությունների պարզում և այլն): Այսինքն՝ անհրաժեշտ է, որ ցանկացած ողջամիտ մարդ հավատա, որ ոստիկանությունը հանցագործությունը բացահայտելու համար արել է ամեն հնարավորը:

Հուսով ենք՝ ընտրահանցանքների մասին այս և բոլոր մյուս հաղորդումների պարագայում ոստիկանությունը հավուր պատշաճի կընդունի և կիրագործի մեր հորդորը, քանի որ հակառակ դեպքում կստվերվի ոչ միայն ոստիկանության կատարած աշխատանքը, այլև ընտրությունների ողջ պատկերը:

Կարեն Անդրեասյանը այս կապակցությամբ հատկապես ընդգծել է. «Մեր հասարակությունը հաճախ առավել կարևորում է քաղաքական գնահատականներն ու գործընթացները և անտեսում իրավականը: Ցանկացած հետընտրական գործընթացում ամենևին չթերագնահատելով քաղաքական բաղադրիչները՝ այնուամենայնիվ, անհրաժեշտ է նվազագույնը դրանց զուգակցել իրավական գործընթացները: Հետևաբար, ծայրահեղ անհրաժեշտ է հասարակության ուշադրությունը սևեռել նաև առանձին ընտրախախտումների և ընտրահանցանքների վրա:

Ինդուկցիայի մեթոդով (մասնավորից դեպի ընդհանուրը) կարելի է ձևավորել և հիմնավորել առանձին քաղաքական գնահատականներ: Այս ընտրություններում առանց այն էլ շատ չեն ընտրահանցանքների վերաբերյալ փաստական տվյալներ պարունակող ահազանգերը, հետևաբար չի կարելի անտեսել և ոչ մի դեպք: Չի կարելի թույլ տալ, որ իրավապահ մարմինները թեկուզև թափանցիկ ու հրատապ, բայց այնուամենայնիվ ընդհանուր ու միատեսակ բացատրություններով ավարտեն այդ գործերի քննությունը»։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter