HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաց նամակ. «Գործազուրկ եմ ռեկտոր Խաչատրյանի՝ ԿԳՆ-ի կողմից անտեսվող օրինախախտումների պատճառով»

Բաց նամակ նախագահ Սերժ Սարգսյանին

Հարգելի նախագահ,

Ձեզ դիմում է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի նախկին դասախոս Լուսինե Աշուղյանը: Բաց նամակիս պատճառը Հայաստանի ճակատագրի հանդեպ իմ տածած մտահոգությունն և սրտացավությունն է, որ կարծում եմ՝ այսօր պարուրել է մեր երկրի յուրաքանչյուր հայրենասեր մարդու: Այո, ծանր է, անասելի ծանր հայ ժողովրդի վիճակն այսօր, վիճակ, որից հասարակ հայ մարդն այլևս ոչ մի այլ ելք չի գտնում՝ բացի իր հող հայրենին լքելուց և պանդխտության դառը ճանապարհը բռնելուց:

Այս ծանր ու օրհասական պահին խիստ մեծ է Ձեր և Ձեր կուսակցության պատասխանատվությունը մեր երկրի առջև, չէ՞ որ հայ ժողովուրդը մեծ հավատով և վստահությամբ էր լցված Ձեր հանդեպ, Ձեր ղեկավարած կուսակցության հանդեպ: Դրա վառ և ակնառու ապացույցը խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի տարած փայլուն հաղթանակն էր: Էլ ի՞նչ ապացույց էր հարկավոր Ձեզ Ձեր կուսակցության հանդեպ հայ ժողովրդի հավատն ու վստահությունն արտահայտելու համար:

Ընդամենը ինը ամիս է անցել այդ ընտրություններից... Ի՞նչը դարձավ մեր ժողովրդի հուսալքության ու հիասթափության պատճառը, ինչո՞ւ նա կորցրեց իր անսահման հավատն ու վստահությունը Հայաստանի հանրապետական կուսակցության հանդեպ:

Թույլ տվեք բարձրաձայնել, որ դրա պատճառը մեր երկրի շատ բնագավառներում տիրող անօրինականությունն ու բարձիթողիությունն է: Ցավալիորեն պիտի արձանագրել, որ շատ պետական պաշտոնյաներ, ավելի ճիշտ կլինի ասել՝ վայ չինովնիկներ, ովքեր հանդիսանում են ՀՀԿ անդամներ, իրենց վարքագծով և օրենքի ու հասարակ քաղաքացու իրավունքների ոտնահարումներով ամեն ինչ արեցին հայ ժողովրդի մեջ Ձեր և Ձեր կուսակցության նկատմամբ տածած խոր հավատը ոչնչացնելու համար:

Դժբախտաբար, նրանք իրենց գործելաոճով և անձնական օրինակով օր օրի ավելի ու ավելի էին նսեմացնում Հայաստանի հանրապետական կուսակցության անունը: Ցավոք, պիտի նշել նաև, որ նրանց ոչ միայն ոչ ոք չէր կանգնեցնում, այլև կանաչ լույս էր վառված նրանց ճանապարհին, որովհետև վայելում էին պետական բարձրաստիճան որոշ այրերի աջակցությունը:

Այսպես, Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում ռեկտոր Գուրգեն Խաչատրյանի կողմից տեղի են ունենում բազմաթիվ օրենսդրական խախտումներ, որոնց վերաբերյալ բազմիցս դիմել եմ ինչպես ՀՀ ԿԳ նախարարություն, այնպես էլ վերադաս այլ մարմինների: Սակայն նախարարությունը կամ բոլորովին ուշադրություն չէր դարձնում իմ ներկայացրած փաստարկներին, կամ տալիս էր անհեթեթ պատասխան՝ իբր բուհն աշխատում է օրենքի համապատասխան:

Ստացվում էր այնպես, որ ես ստախոս և զրպարտիչ էի, որ փորձում էի արատավորել ռեկտոր Խաչատրյանի անբիծ անունը: Պատահական չէ, որ վերջինս այնքան է ոգևորվում ԿԳ նախարարության հովանավորությունից և աջակցությունից, որ դատական գործ է հարուցում իմ դեմ՝ իբր իրեն զրպարտելու համար:

Ի «պատիվ» Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Ն. Ավետիսյանի, Ս. Բաղդասարյանի, Ա. Մկոյանի՝ պիտի նշեմ, որ նրանք ամեն ինչ արեցին ռեկտորին օգնելու և ինձ մեղավոր ճանաչելու համար, սակայն հանդիպելով իմ աննկուն կամքին և իրավունքներս պաշտպանելու համար մղած համառ պայքարին՝ ստիպված ինքնաբացարկ էին հայտնում: Ինչևէ, հարգարժան դատավորների «շնորհիվ» ես հասկացա, որ մեր երկրում բոլոր մարդիկ չէ, որ հավասար են, բոլորը չէ, որ իրավունք ունեն իրավունք, պատիվ և արժանապատվություն ունենալու:

Իմ անձի հանդեպ դատարանում բազմաթիվ օրենսդրական խախտումների հանդիպելով՝ ստիպված դիմեցի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին՝ կարծում եմ, մեր երկրի միակ մաքուր օջախին, ուր կարող է դիմել հասարակ մարդն իր իրավունքների պաշտպանության համար և աջակցություն ստանալ: ՄԻՊ-ի հանձնարարականով ՀՀ աշխատանքի պետական տեսչության հանձնաժողովը ժամանում է ՎՊՄԻ և մեկ ամիս ըստ ամենայնի ստուգումներ անցկացնում բուհում:

Արձանագրվում է խայտառակ պատկեր՝ աշխատողների իրավունքների բազմաթիվ օրենսդրական խախտումներ, մարդկանց հավելյալ աշխատեցնելու և չվճարելու դեպքեր, մարդկանց իրավահավասարության և այլևայլ իրավունքների ոտնահարումներ: Աշխատանքի պետական տեսչության կողմից կազմվում է ռեկտոր Գուրգեն Խաչատրյանին օրինախախտումների դիմաց վարչական տույժի ենթարկելու վերաբերյալ որոշում, որն ուղարկվում է նաև ԿԳ նախարարություն:

Նորից եմ դիմում ԿԳ նախարարություն՝ խնդրելով տեղեկացնել, թե նախարարությունը ինչ պատասխանատվության է ենթարկել օրինախախտ ռեկտորին արձանագրված օրինախախտումների դիմաց, միաժամանակ հավելում եմ նաև այլ օրինախախտումներ, որոնք վրիպել էին աշխատանքի պետական տեսչության ուշադրությունից:

Այս դեպքում նախարարության ուղարկած պատասխանը կարծես ծաղրանք լիներ: Կրթության նախարարությունից պատասխան գրությամբ ինձ հայտնում են, որ «Բուհը հիմնականում գործել է ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում»:

Հարգելի նախագահ, ամբողջ աշխարհն է մտածում հաշմանդամների մասին, փորձում հնարավորինս բարելավել նրանց վիճակը, մինչդեռ ռեկտոր Խաչատրյանի օրինախախտումների պատճառով ես և խնամքիս տակ գտնվող երկու հաշմանդամները (առաջին կարգի և մանկուց հաշմանդամ) մատնվել ենք կյանքի քմահաճույքին, զրկվել կյանքի նվազագույն միջոցներից:

Ինչպե՞ս կարող եմ պահել ընտանիքս հաշմանդամներիս պետության կողմից տրված ողորմելի 18200 դրամ կենսաթոշակով, ինչպե՞ս կարող եմ կազմակերպել հիվանդներիս բուժումը, ինչպե՞ս ապահովեմ նրանց համար կյանքի նվազագույն պայմաններ, ինչպե՞ս պահպանեմ ապագայի նկատմամբ հավատս...

Ես ունեմ բարձրագույն կրթություն, վերջերս պաշտպանել եմ ատենախոսությունս և չնայած բոլոր տվյալներն ունեմ աշխատելու և ընտանիքս պահելու համար, սակայն գործազուրկ եմ, գործազուրկ ռեկտոր Խաչատրյանի՝ ԿԳ նախարարության կողմից անտեսվող օրինախախտումների պատճառով, մինչդեռ պ. ռեկտորը, հավանաբար բուհը համարելով իր անձնական սեփականությունը, պատվի հարց է համարում բուհի դռներն իմ առջև փակելը, անգամ բուհի տարածք ինձ ներս չթողնելը, քանի որ համոզված է՝ ինքն անպատժելի է, որովհետև «վերևից» հովանավորություն ունի:

Հարգելի նախագահ, բազմիցս եմ Ձեզնից լսել այն միտքը, որ յուրաքանչյուր օրինազանց, անկախ իր կուսակցական պատկանելությունից, անպայմանորեն կպատժվի: Ինչպե՞ս հավատալ արդարությանը, երբ ռեկտոր Խաչատրյանը, չնայած իր օրենսդրական խախտումներին, առ այսօր անպատժելիորեն շարունակում է պաշտոնավարել, խախտել աշխատողների իրավունքները, երբ նրա խախտումների պատճառով նոր դատական գործեր են հարուցվում, սակայն անգամ դրանից հետո ԿԳ նախարարությունից անդրդվելիորեն պատասխանում են, որ բուհն աշխատում է օրենքին համապատասխան:

Մեծարգո նախագահ, երբ Ձեր օգտին քարոզչություն էին անում ԿԳ նախարարության աշխատակիցների և ռեկտոր Խաչատրյանի նման օրինազանց ՀՀԿ անդամները, բնական է, որ նրանց քարոզչությունը հակառակ ազդեցություն էր թողնելու ժողովրդի մեջ: Ստացվում է, որ նախագահական ընտրություններին շատ բարձրաստիճան պաշտոնյաներ, Ձեր թիմում լինելով հանդերձ, իրենց վարքագծով և բարոյական նկարագրով իրականում անուղղակիորեն Ձեր դեմ են աշխատել:

Լուսինե Աշուղյան
26.02.2013թ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter