HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Դեսպան Մանուկյան. «Ժողովուրդն է ծնում և ուղղորդում լիդերներին»

«Հետքի» հարցերին պատասխանում է Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը:

Հայաստանի ընտրությունների վերաբերյալ ի՞նչ կարծիքներ են հնչել Վրաստանում եւ ի՞նչ գնահատականներ են եղել:

Ընդհանուր առմամբ բավական գրագետ և կոռեկտ մեկնաբանություններ են եղել Վրաստանի լրատվամիջոցներում թե նախընտրական գործընթացների, և թե բուն ընտրության արդյունքների վերաբերյալ: Չէի ասի, որ գերակտիվ քննարկումներ էին, բայց մամուլում և փորձագետների մակարդակով հետաքրքիր վերլուծություններ եղել են: Հատկապես քննարկման առարկա է եղել հայ-վրացական միջպետական հարաբերությունների հեռանկարը գործող նախագահի վերընտրվելու դեպքում: Վերլուծաբանների գերիշխող կարծիքը եղել է այն, որ ներկայիս քաղաքական կուրսի շարունակումը լավագույն երաշխիքը կլինի երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացման համար:

Հիշարժան են մի քանի վերլուծականներ և հրապարակումներ՝ կապված ոչ անհայտ թեկնածուի կոլորիտային մի քանի հայտարարությունների հետ, որոնք առնչվում էին մեր հարևան երկրին, սակայն այդ հրապարակումների հեղինակներն իրենք էին նշում, որ այդ հայտարարությունների հեղինակը չի արտահայտում քիչ թե շատ հեղինակություն կամ ազդեցություն ունեցող որևէ քաղաքական ուժի կամ հասարակական միավորի կարծիք և չունի նման գաղափարների համակիր ընտրազանգված:

Իսկ Վրաստանի քաղաքական ազդեցիկ դեմքերի մակարդակով ինչպիսի՞ վերաբերմունք կար Հայաստանի ընտրություններին: Ի՞նչ կարծիք ունեին Վրաստանի հայերը:

Այդ հարցին պատասխանը Վրաստանի նախագահի և վարչապետի ջերմ շնորհավորանքներն էին Սերժ Սարգսյանին` վերընտրվելու կապակցությամբ: Եթե ուշադրություն եք դարձրել, դրանք տեղի ունեցան գրեթե միաժամանակ և ըստ էության առաջին շնորհավորանքներից էին: Դրանով իսկ թե Բիձինա Իվանիշվիլին` որպես Վրաստանի վարչապետ և իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի առաջնորդ, և թե Միխեիլ Սահակաշվիլին` որպես նախագահ և «Միացիալ ազգային շարժում» ընդդիմադիր քաղաքական ուժի լիդեր, իրենց վերաբերմունքն արտահայտեցին նախագահի պաշտոնում վերընտրված հանրապետական կուսակցության առաջնորդի նկատմամբ: Սակայն, պետք է ընկալել նաև, որ սա որոշակի վերաբերմունքի արտահայտություն է նաև բարեկամ երկրի հանդեպ և ապացույցն այն բանի, որ մեր երկկողմ հարաբերությունները ամրապնդման և խորացման  դինամիկա ունեն՝ անկախ ներքաղաքական տեղաշարժերից:

Ինչ վերաբերվում է հայ համայնքի արձագանքներին, ապա դրանք առանձնակի ակտիվությամբ չեն առանձնանում ոչ նախընտրական, ոչ հետընտրական փուլում: Կարծում եմ, համայնքի առջև այս պահին, ելնելով Վրաստանի ներքաղաքական զարգացումներից, կանգնած են ոչ պակաս լրջության խնդիրներ՝ ինքնակազմակերպման, համայնքային խնդիրների վերաիմաստավորման և վրաց հասարակության մեջարդյունավետ ինտեգրման տեսանկյունից:

 Դիտորդները, այդ թվում՝ միջազգային, հակասական կարծիքներ հայտնեցին ընտրությունների վերաբերյալ: Դուք ի՞նչ կարծիք ունեք:

Գտնում եմ, որ մեր երկիրը քայլ առաջ կատարեց ընտրական գործընթացում, և դա անխուսափելիորեն դրական է ազդելու  ժողովրդավարական բարեփոխումների ընթացքի վրա:

Եթե վերանանք հուզական գնահատականներից և փորձենք ընտրությունները և հետընտրական գործընթացները վերլուծել սոսկ արդյունքների, հետևանքների տեսանկյունից, ապա կարելի է արձանագրել մի քանի փաստեր.

Արդյոք այս ընտրություններն առաջընթա՞ց էին նախորդների համեմատ: Այո, առաջընթաց էին: Հատկապես ընտրախախտումների և կեղծիքների մինիմալիզացիայի տեսակետից այս ընտրությոնները լուրջ տեղաշարժ գրանցեցին: Նույնիսկ դիտորդների կարծիքներում է արձանագրվել այն, որ խորհրդարանական ընտրությունների համեմատ առաջընթացն ակնհայտ է.

Արդյոք այս ընտրություններն այլընտրանքայի՞ն էին: Միանշանակ այո, և դա ապացուցվում է նույնիսկ սոսկ արդյունքների թվային վերլուծությամբ: Հետընտրական զարգացումներն իրենց հերթին սրա վերաբերյալ որևէ կասկած փարատեցին:

Արդյոք այս ընտրությունները կարևորվեցի՞ն հասարակության կողմից, և կա՞ր արդյոք քաղաքացիական ակտիվություն: Այո, միարժեքորեն կար: Մասնակցության տոկոսն ապացուցում է ընտրազանգվածի էական ակտիվությունը:

Մեծ հաշվով, այս պահին հետընտրական գործընթացները ևս լիովին առողջ կարելի է գնահատել: Նախ, ցանկացած համապետական ընտրության կարևոր քաղաքական հետևանքը` իշխանության ձևավորումից զատ, ընդդիմադիր դաշտի վերադասավորումն ու բյուրեղացումն է: Քաղաքագիտական տեսանկյունից բացարձակապես նոնսենս կարելի է համարել այն պնդումը, համաձայն որի՝ այլընտրանքային թեկնածուի ձայները ոչ թե ընդդիմության կամ ընդդիմադիր թեկնածուին տրված ձայներն են, այլ իշխանությունից դժգոհ կամ իշխանությանը դեմ տրված ձայներն են: Եվ վերջապես, մի կարևոր արդյունք ևս. ընտրությունների արդյունքները խոսում են այն մասին, որ Հայաստանի հասարակությունը էական առաջընթաց է արձանագրել դեպի ժողովրդավարություն, և որպես հետևանք` ժողովուրդն է թելադրում խաղի կանոնները ու ժողովուրդն է ծնում և ուղղորդում լիդերներին, այլ ոչ` լիդերները ժողովրդին:

Ծանոթ եք Երեւանում ընթացող բողոքի ակցիաներին, ընդհուպ դասադուլների տեսքով: Արդյոք այս վիճակը չի՞ հանգեցնի քաղաքական ճգնաժամի եւ սա ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ միջազգային հարաբերությունների վրա:

Ընտրական և հետընտրական գործընթացները երկրի ներքաղաքական խնդիրներ են և միջազգային հարաբերությունների հետ ուղղակի կապ չունեն: Իհարկե, ընտրությունների կազմակերպման և անցկացման մակարդակը որոշակի ազդեցություն կարող է թողնել երկրի հեղինակության վրա և որպես հետևանք դյուրացնել կամ բարդացնել միջազգային հարթակներում և երկկողմ հարաբերություններում առանձին խնդիրների լուծումը: Սակայն այս առումով կարծես միջազգային դիտորդական առաքելությունների և առանձին երկրների լիդերների արձագանքները մտահոգության տեղիք չեն տալիս:

Իսկ իրավիճակին հեռակա հետևում եմ, արտառոց երևույթներ չեմ տեսնում և կարծում եմ՝ պրոցեսները կմնան օրենքի և ողջամտության սահմաններում: Ասեմ Ձեզ, որ մեր հարևան Վրաստանում, հատկապես վերջին ժամանակահատվածում, քաղաքական ակտիվությունը շատ ավելի ցայտուն է

Հասարակության մի հատվածի կարծիքով ընտրությունից հետո արտագաղթի նոր սկիզբ  է սկսվելու:

Այս խնդիրը էականորեն կախված է լինելու նրանից, թե ինչ արդյունավետությամբ նոր կառավարությունը կիրագործի նախագահի նախընտրական ծրագիրը: Էական խնդիրը արդարության սկզբունքի կենսագործումն է, ինչը օրինականության և առաջընթացի նախապայմանն է: «Արդար պետության» հիմքերի ստեղծումը միանշանակ կարող է կանխել Ձեր հիշատակած ցավալի երևույթը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter