HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հոգեբան. «Դասադուլը որպես ուսանողական քաղաքական շարժում բնորոշել չի կարելի»

Հոգեբան Սամվել Խուդոյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ հետընտրական իրավիճակը հարաբերականորեն ավելի մեղմ է, քան 2008-ին. «Դա պայմանավորված է լիդերների դիրքորոշմամբ և տրամադրվածությամբ, այսինքն՝  նրանք չեն փորձում կտրուկ քայլերի դիմել և սրել իրավիճակը»: Նրա կարծիքով՝ դա ամենևին էլ չի նշանակում, որ ժողովրդի դժգոհությունը քիչ է. «Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը ցանկություն ունենա թեժացնել իրավիճակը, ապա դա նրան անպայման կհաջողվի: Ժողովրդի մոտ կա լարվածություն և սպասողական վիճակ: Այս դժգոհության ալիքը նոր չի ձևավորվել: Տարիներ շարունակ տեղի ունեցող անարդարություները և սխալ ներքին քաղաքականությունը ծնեցին այս բողոքի ալիքը»:

Ըստ հոգեբանի՝  ժողովրդին իր մեջքին ունենալով՝  Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հսկայական ուժ ունի. «Նրա վարած քաղաքականությունը շատ ճիշտ է: Շատերի նման չնստեց Ազատության հրապարակում և արդարություն գոռաց, այլ գնաց մարզեր՝ ցույց տալով, որ նաև նրանց նախագահն է: Նա պետք է փորձի փոփոխությունների հասնել սահմանադրական ճանապարհով: Լինելով իրավաբան՝ երբեք օրենքի սահմաններից դուրս ոչինչ չի անի: Եթե առաջ քաշված հարցերը լուծում չստանան, ապա  կրքերը կբորբոքվեն, և վիճակը չի հանդարտվի մինչև մյուս ընտրություններ»:

Անդրադառնալով դասադուլներին՝ Խուդոյանը նշեց, որ դրանք կազմակերպված ուսանողական բողոքի տպավորություն չեն թողնում. «Մեր ուսանողությունը մի հետաքրքիր դիրքորոշում ունի. սիրում է դասից փախչել: Այս դեպքում դա ավելի մեծ մոտիվ էր, քան քաղաքացիական բողոքը: Նման բողոք նրանք շատ հանգիստ կարող էին անել նաև դասերից հետո: Դասադուլը, եթե ոչ բոլորի, ապա մի մասի համար պարզապես խաղ է և հետաքրքրություն: Դա որպես ուսանողական քաղաքական շարժում բնորոշել չի կարելի»: 

Արև Ավագյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter