Հրապարակախոս. «Ստեղծված իրավիճակում դասադուլն ինձ համար անհասկանալի միջոցառում է»
«Այն, ինչ այսօր կատարվում է, անսպասելի չէր ոչ մեկիս համար: Հայաստանում այս 22 տարիների ընթացքում երբեք անկախ և ազատ ընտրություններ չեն եղել: Մեզ մոտ չկա ձևավորված այն ժոողովրդավարական համակարգը, որը կարող է ձևավորել ազատ ընտրություններ, և մենք դա գիտեինք ընտրություններից առաջ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հասարակական գործիչ, հրապարակախոս Կարինե Հակոբյանը:
Ըստ նրան՝ այս ամենը դրական էր նաև, քանի որ մենք հասկացանք՝ Հայաստանում կա առողջ հասարակություն. «Մեր երկրում կա աղքատության շատ բարձր ցուցանիշ: Եթե դրանից հետո ժողովուրդը, գնալով ընտրության, իր ձայնը տար իշխանությանը, ապա դա արդեն կնշանակեր, որ խնդիրը մեր մեջ է: Իշխանությունը պետք է ճիշտ վերլուծի իրավիճակը և ճիշտ հետևություններ անի»:
Նրա խոսքով՝ Րաֆֆի Հովհաննիսյանի սիրո և բարևի քարոզարշավը շատ ճիշտ է, քանի որ մենք ունենք նաև ներքին շփման խնդիր. «Մենք պետք է կարողանանք փոխել և՛ մեր համակարգը, և՛ մեր մտածելակերպը: Այս տեսանկյունից շատ ճիշտ է նրա որդեգրած քաղաքականությունը: Մենք մտածում ենք, որ նախագահի պաշտոնը այն պաշտոնը չէ, որից կարելի է հրաժարվել: Քանի դեռ մեք ունենք մի քաղաքական համակարգ, որտեղ իշխանությունը ունի անսահման հնարավորություններ և արտոնություններ, իսկ ընդդիմությունը դուրս է մղված լուսանցք, այս պայքարը շարունակվելու է: Մենք այն պետք է օգտագործենք համակարգային փոփոխությունների համար»:
Հակոբյանն անդրադարձավ նաև դասադուլներին. «Ես ինքս դեմ եմ դրանց: Դասադուլ անել չի կարելի: Ինչ կապ ունի այս իրավիճակն ուսման հետ: Ստեղծված իրավիճակում դասադուլն ինձ համար անհասկանալի միջոցառում է: Ուսանողությունը իր բողոքը կարող է անել նաև դասերից հետո: Մենք մեր երկրում ունենք կրթության հանդեպ վերաբերմունքի խնդիր: Ուսումը այս պարագայում չպետք է տուժի»:
Արև Ավագյան
Մեկնաբանել