HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Դասադուլ, ուսխորհուրդ, դասապրոցես...

Արդեն երրորդ օրն է, ինչ բազմաթիվ ուսանողներ, որոնց չեն գոհացնում 2013 թ. ՀՀ նախագահի ընտրությունների արդյունքները, շարունակում են դասադուլ անել և պայքարի իրենց ձևին մասնակից դարձնել նաև մնացած ուսանողներին: Այդ նպատակով նրանք այսօր առավոտյան ժամը 9-ից շրջում են պետական բուհերով և վանկարկում իրենց պահանջները: Նրանց են միացել նաև Գյումրիի և Հայաստանի այլ քաղաքների բազմաթիվ ուսանողներ:

Համալսարանների մուտքերի մոտ, ինչպես և նախորդ օրերին, նրանց են «դիմավորում»  ուսխորհուրդի անդամները և անձամբ տվյալ բուհի ուսխորհրդի նախագահը:

Առանց բացառության, բոլոր բուհերում ուսխորհուրդը ոչ միայն դեմ է դասադուլին, այլ նաև կոչեր է հնչեցնում դասադուլավորների դեմ՝ չցանկանալով անգամ լսել նրանց բարձրաձայնած խնդիրների մասին:

Դասադուլին դեմ արտահայտվողները, որոնց մեծ մասը, որպես կանոն, ուսանողական խորհրդի անդամներ են, իրենց դիրքորոշումը ձևակերպում են հետևյալ կերպ` թե բուհերը քաղաքականացված չեն, և պետք չէ քաղաքական լոզունգներ հնչեցնել բուհերի բակերում ու խանգարել դասապրոցեսը:

Դասադուլավորները և նրանց միացած քաղաքացիներն ամեն անգամ կրկնում են, որ իրենց պայքարը քաղաքական չէ, այլ քաղաքացիական խաղաղ անհնազանդության տեսակ է և պարբերաբար վկայակոչում են ազատ խոսքի իրավունքի մասին ՀՀ օրենքներն ու Սահմանադրությունը:

Դասադուլավորների համոզմամբ բուհերի ղեկավարությունը և ուսխորհուրդները ամեն կերպ խոչընդոտում են ուսանողներին միանալ ցուցարարներին` փակելով մասնաշենքերի դռները, սպառնալով հեռացումով և այլ պատժամիջոցներով: Ուսխորհուրդների ներկայացուցիչները, ովքեր անդադար կրկնում են, որ բուհերը քաղաքականացված կառույցներ չեն, չեն ժխտում, որ իրենցից շատերը հանդիսանում են ընտրությունների արդյունքում վերընտրված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կուսակցության` ՀՀԿ-ի անդամներ:

Երբ դասադուլավորները մոտենում են հերթական բուհին և վանկարկում.  «Դասադուլ», «Միացեք», «Դուք բանտարկյալ չեք» և այդ բնույթի այլ կոչեր, նրանց «դիմավորողները» բուհի մուտքը պատնեշած ոստիկանների ուսերի հետևից վանկարկում են. «Հեռացեք մեր բուհի մոտից, մի խանգարեք դասապրոցեսը, ովքեր որ միացել են ձեզ, արդեն միացել են, մի խանգարեք մեզ կրթություն ստանալ և այդպիսով օգտակար լինել մեր երկրին»:

Այդ պահին, երբ ուսխորհուրդի նախագահը, ով, ինչպես ինքն է ասում, ներկայացնում է ուսանողների շահերը, բարձրաձայն բոլոր ուսանողների անունից հայտարարում է, որ դեմ է դասադուլին, և երբ բուհի մուտքը շրջապատած է լինում ոստիկանների կուռ շարքով և տարբեր լրատվամիջոցներով, գրեթե ոչ մի բուհից ուսանող դուրս չի գալիս և չի միանում դասադուլավորներին, նույնիսկ այնպիսի բուհերում, որոնք, ըստ երևույթին, պետք է որ ավելի ըմբոստ և անհնազանդ լինեին՝ Թատերականում, Կոնսվերվատորիայում, Գեղարվեստի ակադեմիայում և մշակույթի հետ առնչություն ունեցող այլ համալսարաններում:

Ուսխորհուրդի ներկայացուցիչները, սակայն, հավաստիացնում են, որ բուհերի դռները բաց են, և ցանկացած ուսանող կարող է ազատ ելումուտ անել: Ազատ ելումուտ անել, երբ բուհը շրջապատված է ոստիկաններով և կողմնակի աչքերով, ովքեր ֆիքսում են, թե ով դուրս եկավ, ներս մտավ, ով միացավ դասադուլավորներին և ով, փաստորեն, չհնազանդվեց ուսխորհրդի նախագահի կոչին:

Իսկ դասադուլավորները չեն ընկճվում: Իրենց առաքելությունն այդ պահի դրությամբ կատարած համարելով՝ քայլերն ուղղում են դեպի Ազատության հրապարակ, որտեղ հայ մեծերի արձանների շուրջը խմբվելով, որպես երիտասարդ, միգուցե դեռ անփորձ, բայց արդեն իսկ անվախ ու հավակնոտ  քաղաքացիներ, իրենց մտքերն են հնչեցնում, բաձրաձայնում իրենց մտորումների մասին: Ոմանք նույնիսկ քննության են պատրաստվում հենց Ազատության հրապարակում՝ չցանկանալով կտրվել այդքան շահարկվող երևույթից՝ դասապրոցեսից:

Մեկնաբանություններ (1)

Ընթերցող
Խեղճ ժողովուրդ, ինչ օրի հասար, ուսանողդ էլ է ըմբոստանում ուսման դեմ, էս ինչ նախագահ եղար դու մեր գլխին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter