HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ԱԺ-ում թեժ քննարկումներ են. սեղանին «Այլընտրանքային ծառայության մասին» օրինագիծն է

Ազգային ժողովում քննարկվում է «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին կառավարության ներկայացրած օրինագիծը:

Ըստ նախագծին` այլընտրանքային զինվորական ծառայության կարող է անցնել ՀՀ այն քաղաքացին, որի կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակասում են միայն զենք կրելը, պահելը, պահպանելը կամ օգտագործելը: Իսկ այլընտրանքային աշխատանքային ծառայության կարող է անցնել ՀՀ այն քաղաքացին, որի կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակասում է ընդհանրապես զինվորական ծառայություն անցնելը:

Գործող օրենքով` այլընտրանքային զինվորական ծառայության ժամկետը սահմանվում է 36 ամիս, իսկ այլընտրանքային աշխատանքային ծառայության ժամկետը` 42 ամիս: Կառավարությունն առաջարկում է կրճատել ժամկետները եւ այլընտրանքային զինվորական ծառայության ժամկետ սահմանել 30 ամիս, իսկ այլընտրանքային աշխատանքայինը` 36:

Նախագծով սահմանվում է, որ այլընտրանքային աշխատանքային ծառայության վայրը որպես կանոն պետք է լինի այլընտրանքային ծառայողի հաշվառման վայրից /հաշվառման վայր չունենալու դեպքում` փաստացի բնակության վայրից/ ոչ ավել, քան 30 կմ հեռավորության վրա: Հակառակ դեպքում այլընտրանքային աշխատանքային ծառայողին վճարվում է փոխհատուցում, որի  չափը եւ վճարման կարգը սահմանում է կառավարությունը:

Նախագիծն ընդունվելու դեպքում այլընտրանքային աշխատանքային ծառայողին տրվելու է ամսական դրամական բավարարում` մինչեւ 30 հազար դրամի չափով:

Կառավարության կարծիքով` գործող օրենքի էական թերություններից է , որ այլընտրանքային ծառայողների նկատմամբ սահմանվում է զինվորական վերահսկողություն, ինչը հակասում է այլընտրանքային ծառայության համար դիմող բազմաթիվ անձանց կրոնական համոզմունքներին: Ընդ որում, զինվորական վերահսկողություն է սահմանվում ոչ միայն այլընտրանքային զինվորական ծառայության, այլ նաեւ այլընտրանքային աշխատանքային ծառայության դեպքում: Դրանով պարտադիր զինվորական ծառայության այլընտրանքի հնարավորությունից զրկվում են այն անձինք, որոնց կրոնական համոզմունքները հակասում են ոչ միայն զենք կրելուն, պահելուն կամ գործածելուն, այլ ընդհանրապես զինվորական ենթակայության ներքո ծառայություն անցնելուն:

Պատգամավորներն իրենց ելույթներում բուռն քննարկում էին նախագիծը: ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ նախագիծը պետք չէ ընդունել Եվրախորհրդի ճնշման արդյունքում, եւ պետք է խորհրդարանական լսումներ կազմակերպել: Ըստ Ն. Զոհրաբյանի` եվրոպական երկրներում էլ խնդիրներ կան, եւ նրանք առաջին հերթին թող իրենց խնդիրները լուծեն, հետո միայն Հայաստանին ինչ-որ բան պարտադրեն:

Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ, օրինակներ բերելով իր փաստաբանական գործունեությունից, նշեց, որ պետք չէ բանակը համալրել` միայն գլխաքանակը հաշվի առնելով: Նա պատմեց, որ ԱՄՆ-ում ապրած եւ հայերենին վատ տիրապետող մի երիտասարդի հենց «Զվարթնոց» օդանավակայանից տարել են բանակ, ընդ որում` առաջին գիծ: Տղան, որ ԱՄՆ-ի դատարանի կողմից զրկվել էր զենք կրելու իրավունքից, դիրքերում զենք է կրել եւ սպանել իր 5 ծառայակից ընկերներին, իսկ վերջում ինքնասպան է եղել:

Է. Մարուքյանն ասաց, որ նման կերպ գլխաքանակ ապահովելու դեպքում զենք չկրելու համոզմունք ունեցողը բանակում խնդիր է առաջացնելու բոլորիս համար:

Պատգամավորը նշեց, որ պետք է հարգվի նաեւ այն քաղաքացիների իրավունքները, ովքեր իրենց կրոնական համոզմունքներից ելնելով հրաժարվում են զենք կրել: Ըստ պատգամավորի` նման անձանց թիվը մեծ չէ եւ նախագիծն ընդունվելու դեպքում չի կարող ազգային անվտանգության սպառնալիք ստեղծել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter