HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

«Բարևի» հեղափոխությու՞ն, թե՞ կռիվ խորհրդարանի համար

Մինչ Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում քվեարկություն է անցկացնում ընտրությունների արդյունքները ՍԴ-ում վիճարկելու համար, նրա կուսակից, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանն ԱԺ-ում ՀՅԴ-ական պատգամավորների և ԱԺ նախագահի հետ քննարկում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու օրակարգով ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու հարցը:

Երբ Հակոբյանին լրագրողները հարցնում են` արդյոք սա փոխզիջման գնալու տարբերակ չէ՞ և չի՞ խանգարի փողոցում սկսված համաժողովրդական շարժմանը, նա պատասխանում է, թե դրանք իրար հետ ոչ մի կապ չունեն: Բայց այն, որ Ռուբեն Հակոբյանը չի ուզում տեսնել այդ կապը, դեռ չի նշանակում, որ այն գոյություն չունի: 

Նախ՝ պարզ է, որ եթե չլինեին Ազատության հրապարակի դեպքերը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը խորհրդարանի արտահերթ ընտրության հարցը 5-ական պատգամավոր ունեցող խմբակցությունների անդամների հետ, դեմքի այսպիսի լուրջ արտահայտությամբ քննարկելու կարիք չէր ունենա:

Երկրորդ` եթե այս տարբերակն առաջ չի քաշվում իբրև սկսված «փողոցային» շարժման հանգուցալուծման միջոց, ապա այդ դեպքում իբրև ի՞նչ է շրջանառության մեջ դրվում. գուցե ընդդիմությունը և քաղաքական մեծամասնությունն այնքան պարապ են մնացել, որ որոշել են ԱԺ արտահերթ ընտրությունների հարցը գնդակ դարձնելով վոլեյբո՞լ խաղալ: Այնպես որ պարզ է`ի դեմս ԱԺ-ի նախագահի հետ սկսած երկխոսության` Ազատության հրապարակում ծավալվող իրադարձություններին զուգահեռ, տեղի է ունենում իշխանությունների հետ հրապարակային բանակցությունների վարում:

Ինքնին դրա մեջ ոչ մի վտանգավոր բան չկա և զարմանալի է, թե ինչու է Րաֆֆի Հովհաննիսյանի «զինակիցը» խուսափում այդ փաստը խոստովանելուց: Ի վերջո, սա հանրային ճնշման ներքո հրապարակային բանակցությունների քաղաքակիրթ մոդել է, որ բոլոր դեպքերում շատ ավելի նախընտրելի է, քան երկու կողմից էլ, կամա թե ակամա, բախումներ հրահրելը: Սակայն հարցն այն է, թե ինչի շուրջ են ընթանում այդ բանակցությունները, և որքանով է դրանց օրակարգը համահունչ հրապարակի զանգվածի ակնկալիքներին:

Իսկ ընդդիմության առաջարկած օրակարգը շատ պարզ է. ընտրական օրենսգիրքը ենթարկել լրջագույն փոփոխությունների` հաշվի առնելով նախկինում «կացնային» պնդաճակատությամբ մերժվող` ընդդիմության բոլոր պահանջները, անցկացնել Սահմանադրական հանրաքվե` խորհրդարանական կառավարման և ԱԺ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու համար, որից հետո լուծարել գործող խորհրդարանը և անցկացնել ԱԺ արտահերթ ընտրություններ: 

Սակայն նման օրակարգի առաջադրումը խնդրահարույց է երեք պատճառով: Նախ` պարզ չէ, թե ինչու է մասնավորապես ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու տարբերակն առաջ մղվում պառլամենտի մակարդակով, եթե օրեր առաջ Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանի հետ դեմ առ դեմ հանդիպման ժամանակ այն առաջարկել էր որպես փոխզիջումային լուծում և մերժում ստացել:

Անլուրջ է մտածել, թե այն, ինչ մերժել է նախագահը, ընդունելու է Հովիկ Աբրահամյանը: Այս հարցի քննարկումների մեջ իշխանության ներքաշվելը պարզապես ժամանակ ձգելու հնարավորություն է. այդ գաղափարն այնքան կծամծմվի, մինչև հրապարակում կուտակված էներգիայի մարմանը զուգահեռ մի օր ուղղակի դեն կշպրտվի` ընդդիմությանը թողնելով հին, կոտրած տաշտակի առջև: Իսկ դա լրիվ հավանական է, եթե նկատի ունենանք, որ ընդդիմությունն այդ գաղափարը ներկայացնում է փաթեթային տարբերակով` ընտրական օրենսգրքի և սահմանադրական հանրաքվեի հետ միասին, ինչը բովանդակային լինելով հանդերձ՝ չափազանց երկար ու հոգնեցուցիչ ընթացք է ենթադրում:

Կարո՞ղ է, արդյոք, «Ժառանգությունը» այդքան ժամանակ հանրությանը պահել Ազատության հրապարակում և դա օգտագործել որպես ճնշման միջոց: Եթե այո, ապա սա կարող է էականորեն փոխել իրադրությունը Հայաստանում: Բայց առջևում Երևանի ավագանու ընտրություններն են, որոնք ինտրիգների, դրանով իսկ` ուշադրությունը շեղելու ու լիցքաթափելու նոր հորիզոններ են բացում: 

Մյուս կողմից՝ իշխանության համար այս տարբերակը կարող է քննարկելի դառնալ միայն տակտիկական շահերից ելնելով: Այդ ընտրություններով ընդդիմությունը կարող է մեծամասնություն ձևավորելու և ՀՀԿ-ական «դարաշրջանն» ավարտելու հույս ունենալ միայն համախմբվելու և դաշինք կազմելու միջոցով: Ցանկացած այլ պարագայում տեղի է ունենալու ընդդիմության ձայների փոշիացում կամ մանրացում, ինչից օգտվելու է բացառապես իշխանությունը: Բայց այս հեռանկարը հաշվի է առնում նաև իշխանությունը, որի համար խորհրդարանում այսօր ստեղծված դասավորությունը կարծես թե խիստ ձեռնտու է:

Մեծությամբ երկրորդ խմբակցությունը կազմած ԲՀԿ-ի այլընտրանք լինելը հիմա բուֆերի նշանակություն ունի ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի համար ամբողջ քաղաքական դաշտը վերահսկելու առումով: Մինչդեռ ավելի քան պարզ է, որ առկա իրավիճակում նոր ընտրությունների անցկացումը տեղի է ունենալու հենց այդ բուֆերի հաշվին: Այսինքն՝ համաձայնել նոր ընտրություններին, նշանակելու է համաձայնել ԲՀԿ-ի՝ իբրև քաղաքական գործոնի գրեթե վերջնական փոշիացմանը: Հարցն այն է, թե որքանո՞վ է նոր ձևավորվող ընդդիմության միջոցով ԲՀԿ-ի քաղաքականապես չեզոքացումը մտնում իշխանության այսօրվա պլանների մեջ:

Երկրորդ` ԱԺ-ի լուծարումն իրականում այնքան էլ հեշտ չէ, որքան սովոր են պատկերացնել բոլորը: Սահմանադրությունն ամրագրում է, որ նախագահը կարող է այն ցրել միայն, երբ խորհրդարանն անգործունակ է: Մինչդեռ թե՛ ընտրական օրենսգրքում փոփոխությունների կատարումը, թե՛ խորհրդարանական կառավարման անցնելու սահմանադրական հանրաքվե անցկացնելու որոշման ընդունումը նշանակելու են, որ այն ոչ միայն գործունակ է, այլև խիստ արդյունավետ:  Եվ ուղղակի անհնար է պատկերացնել, թե ինչից է կառչելու նախագահը` հիմնավորելու համար, որ առկա է ԱԺ-ն ցրելու սահմանադրական 3 հիմքերից գոնե մեկը: 

Թեև մյուս կողմից, զուտ տեսականորեն, չի կարելի բացառել նաև այսպես կոչված կազմակերպված «մանդատաթողության» տարբերակը, երբ ԱԺ մեծամասնությունը նախագահի կուլիսային հրահանգի հիման վրա մեկ օրվա մեջ անհատական հրաժարականների միջոցով ստեղծի իրավիճակ, երբ խորհրդարանում հնարավոր չլինի ապահովել քվորում, ինչը ավտոմատ կերպով այն կդարձնի անգործունակ:

Սակայն դա արդեն ուղղակի կնշանակի թաղել պառլամենտարիզմը և իմաստազրկել ԱԺ-ն` որպես իշխանության առանձին թև ու պետական առանցքային ինստիտուտ: Այնպես որ, նման առաջարկություն անելուց առաջ նախ պետք է բացատրել, թե ինչպես է հնարավոր օրինականության ու սահմանադրականության հաստատման կոչերին զուգահեռ անել առաջարկություններ, որոնք կարող են հակասել սահմանադրական կարգին: 

Եվ վերջապես երրորդ` արդյո՞ք քաղաքացիական գիտակցության զարթոնքի նախաշեմին կանգնած և իր ուժերին այսքան վստահ հասարակությանը հիմա հենց խորհրդարանական արտահերթ ընտրություններ են անհրաժեշտ, և արդյո՞ք դրանք կլուծեն այն հարցերը, որոնց պատճառով կրկին փողոց դուրս գալու անհրաժեշտություն է առաջացել: Ենթադրենք իշխանությունը գնաց զիջման և համաձայնեց այդ տարբերակին:

Ի՞նչ է տեղի ունենալու հետո: Ինքնին իշխանության հետ համաձայնեցված ձևով շեշտադրումը նախագահի ընտրություններից ԱԺ ընտրությունների վրա տեղափոխելը նշանակելու է վավերացնել և լեգիտիմացնել Սերժ Սարգսյանի ընտրությունը: Որովհետև այդ շրջադարձից հետո ստացվելու է, որ ոչ լեգիտիմը ոչ թե նրա փետրվարյան ընտրությունն էր, այլ խորհրդարանը, որը չի արտացոլում առկա քաղաքական իրական հարաբերակցությունը: 

Չի բացառվում, որ իշխանությունն առաջարկի նաև փոխզիջումային լուծում. խորհրդարանական կառավարման չանցնելու և մեծամասնական ընտրակարգը չհանելու պայմանով գնալ խորհրդարանական ընտրությունների: Պատրա՞ստ է արդյոք դրան Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ի վերջո, պարզ է, որ այդ դեպքում առավելագույնը հնարավոր է ստանալ ընդամենը վրացական տարբերակը` իշխանության ներքին ճգնաժամով և դրա անկանխատեսելի հետևանքներով: Իսկ նվազագույնը` պարզապես տեղի է ունենալու իշխանություն-ընդդիմություն հերթական գործարքը միմիայն բանակցող կողմերի «մասնավոր» շահերի համատեքստում: Ընդդիմության պարագայում դա լինելու է ԱԺ-ում իր տեղերը ԲՀԿ-ի, գուցե որոշ չափով նաև ՀՀԿ-ի հաշվին մեծացնելը: 

Իսկ ո՞րն է լինելու այս ամենում հանրության շահը... 

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Իսկ միգուցե հոդվածի հեղինակը մի պահ դադարեցնի իր «խոշորացուցված վերլուծությունները» և ԻՆՔԸ ասի,թե ո՞րն է այդ դեպքում ԻՐ լուծումը: Ր.Հովհաննիսյանը մարտի 1-ի ասուլիսում այս հացին պատասխանել է:Ընդհանրապես,պայքարում/պատերազմում կռվում-հարձակվում են տարբեր ուղղություններով ու օգտագործում են կոդավորված տերմիններ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter