HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

«Վերաբնակեցումը հայրենիքը վերագտնելու գործընթաց է»

Հարցազրույց «Մենք» գյուղացիական փոխօգնության միություն հ/կ նախագահ Տիգրան Կյուրեղյանի հետ

Տիգրան Կյուրեղյանը 1996 թվականին Երեւանից մեկնել է ԼՂՀ` ազատագրված տարածքներ, ապրել է Քարվաճառում, իրականացրել գյուղերի վերաբնակեցման ծրագրեր: 2000 թվականից ընտանիքով ապրում է Բերձորում եւ Քաշաթաղի շրջանում իրականացնում է զարգացման տարբեր ծրագրեր:

Տ. Կյուրեղյանը եղել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր ( 1990-1995), այնուհետեւ` ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր: Տ. Կյուրեղյանը մշակել է ազատագրված տարածքների վերաբնակեցման ծրագրեր: 2003-ին հիմնադրել է «Մենք» գյուղացիական փոխօգնության միություն հասարակական կազմակերպությունը: 

- Ազատագրված տարածքների վերաբնակեցմամբ Դուք զբաղվում եք այնտեղ հաստատվելու առաջին օրվանից: Ստեղծել եք «Մենք» գյուղացիական փոխօգնության միություն կազմակերպությունը: Ի՞նչ նպատակներ ունի «Մենքը»: 

- Գաղափարը հետեւյալն էր` որոշակի ներդրումներ անել որոշակի սկզբունքով: Դեռեւս 1998 թվականից գոճիներ էինք բաժանում մի պայմանով, որ ոչ թե մեզ վերադարձնեն, այլ հետագայում ընտանիքը, ում հատկացրել ենք, նույն քանակով գոճի տա իր հարեւանին, որպեսզի ստեղծվեն ինչ-որ շղթաներ: Սա գործեց ժամանակին` 1998-2000 թ., մոտ 80 հատ բաժանեցինք: Ու այն ժամանակ քանի որ գրավոր պայմանագրեր չէինք կնքում, մի երկու-երեք փոխանցումից հետո շղթան ընդհատվում էր: Բայց դա ահագին նպաստեց այդ տարածքում բնակիչների մեջ խոզերի տարածման գործին: Տնական խոզաբուծությունը Քաշաթաղի շրջանի հյուսիսային գյուղերում եւ Քարվաճառի Զուարի համայնքում սկսվեց հենց մեր բաժանած գոճիներից: Ու այդ գործընթացի անունը դրեցինք էստաֆետ: Մենք անընդհատ մտածում էինք այդ աշխատանքը համակարգված անել եւ տարածվել: 

Երկար ժամանակ չէինք կարողանում սկսել նոր գործ, որովհետեւ սկզբնական ներդրումը չկար, բայց գյուղացիներին համախմբելու, միավորելու միտքը կար:
2002 թ., երբ հանդիպեցինք Նշան Փիրումյանին` «Հայ կրթական հիմնարկություն»-ից եւ ներկայացրինք գաղափարը, նրան դուր եկավ: Ու նա, ըստ էության, կատարեց առաջին ներդրումը: Կարելի է ասել` Նշան Փիրումյանը դարձավ «Մենք» միության կնքահայրը: 2002-ին այդ ներդրումով գնեցինք 20 կով: Փիրումյանը ներդրեց 5,5 հազար դոլար, եւ ծրագրերը սկսեցին գործել: Հետո ծրագրին միացավ Արմինե Գունդակչյանը, այնուհետեւ ամուսինը` Վարուժան Գունդակչյանը: «Հայ կրթական հիմնարկության» մյուս անդամների մոտ տարածվեց գաղափարը եւ, ընդհանուր հաշվով, 7 մլն դրամ ներդրեցին: Այժմ «Հայ կրթական հիմնարկության» կողմից այդքան գումար ունենք ներդրած: Ալեք Բաղդասարյանը, Աիդա Եղիազարյանցը, Շանթ Պետրոսյանը:

Գործին միացավ նաեւ Ալեք Ենիգոմշույանը, «Երկիր» միությունը, «Թուֆենկյան» հիմնադրամի հետ մի ծրագիր արեցինք:

Էստաֆետը «Մենք» միության առաջին ծրագիրն է եւ գործում է Քաշաթաղում 2002-ից: 

«Մենքն» ունի նաեւ «Ոսկե ցլիկ» ծրագիրը: Ծրագրով Միության անդամների համար ձեռք են բերվում ցլիկներ եւ հորթեր: Դրանք պահելու համար միությունը վճարում է ամսական 2000 դրամ, ձմռան ամիսներին` լրացուցիչ եւս 2000 դրամ: Մասնակիցները ցլիկներն իրացնելուց հետո ստանում են առաջացած շահույթի 25 տոկոսը:

«Քարի մեղր» ծրագրով մասնակիցներին տալիս ենք մեղվաընտանիքներ: Յուրաքանչյուր մեղվաընտանիքից մեղվաբույծը տարեկան պարտավոր է Միությանը տալ 5 կգ մեղր կամ էլ դրա արժեքը: Այս ծրագիրը հաջողությամբ գործում է 2004 թվականից, եւ այն համարվում է Միության ծախսերը կատարելու հիմնական աղբյուրը: 

«Մենքի» տարբեր ծրագրերով ստեղծվում է մի մեխանիզմ, որով այդ տնտեսությունները մեկը մյուսին ձեւավորում են: Բոլորը մասնակցում են մյուսի զարգացմանը: Որեւէ մեկը կազմակերպությանը հետ չի տալիս իրեն հանձնված անասունները, դրանք փոխանցվում են այլ ընտանիքների, եւ այդպես ընդլայնվում է ծրագրերի մեջ ընդգրկված գյուղացիների թիվը: Նրանք բոլորը դառնում են գործընթացի մասնակից, հիմա կոնկրետ երկու ընտանիք «Մենքի» ծրագրերի շնորհիվ եկան այս շրջան: Այսինքն` մեր խոստումներով եկան` խոստացանք անասուններ տալ: Նրանցից մեկը` Ատոմը, երեխա ունեցավ, ու մենք 200 հազար տվեցինք, բացի դրանից` կով ստացավ, մի ամսից գոճի կտանք: Կտեսնենք` որքան խոտ է կուտակել, էլի կով կտանք: Ու էս ձեւով փորձում ենք ստեղծել մի մեխանիզմ, որն ինքնաբավ է, ինքն իրեն բազմանում ու դառնում է շարունակական: Եւ կարծես թե ստացվել է: 

Ես համոզված եմ, որ նույնիսկ ներդրումների ընդհանուր ծավալը չավելացնելու պայմաններում Հայաստանի ազատագրված տարածքներում մենք երկու տարի հետո արդեն կունենանք ինքնաբավ ու դինամիկ զարգացող հասարակական կառույց, որը կշարունակի իր գոյությունը անկախ որեւէ արտաքին ֆինանսավորումից:

Լրիվ ինքնաբավության հասնելու համար միությունը պետք է ունենա առնվազն երկու հարյուր գլուխ կով եւ երինջ, ինչպես նաեւ չորսհարյուր հատ մեղվաընտանիք:

- Քանի՞ մարդ է ներգրավված Ձեր ծրագրերում:

- Էստաֆետ ծրագրում ներգրավված է 30 մարդ, իսկ դա նշանակում է 30 ընտանիք: Իսկ «Քարե մեղր» ծրագրով` 7 մարդ, «Ոսկե ցլիկով» 4 հազար 250 դոլարի ներդրում էր արել «Թուֆենկյան» հիմնադրամը: 
Մենք արդեն տեղում ստեղծել ենք ինքնաբավ կառույց: Իսկ եթե ներդրումներ լինեն, ավելի կընդլայնվենք: Արդեն ունենք փորձ, գիտենք, թե ինչ դժվարություններ են սպասվում եւ ինչպես պետք է հաղթահարենք դրանք: 

- Իսկ ինչպե՞ս եք որոշում, թե ում պետք է կով կամ ցլիկ տալ: 

- Պատասխանատվությունն ինձ վրա է, ըստ էության` որոշումները կայացնում եմ ես: Երբեմն առաջնորդվում եմ ներդրողների ցանկություններով: Օրինակ` «Երկիր» միությունը 1000 դոլարանոց փաթեթային ծրագրեր առաջարկեց եւ իրականացրեց: Ամեն ընտանիքում այդքան ներդրում արվեց: Իրենց ներկայացացուցիչը եկավ, ընտանիքներին հանդիպեց, նկարեց ու գնաց: Իրենք կազմեցին ընտանիքների ցանկն ու հետո ընտրություն կատարեցին: Ու այդպես ընտրվեց 18 ընտանիք, այսինքն` 18 հազար դոլարի ներդրում: Կովերի, խոզերի եւ մեղուների ծրագիր էր դա: Երեք կով, մեկ կամ երկու խոզ ենք տվել ամեն ընտանիքին: Այսինքն` տնտեսությանն անհրաժեշտ անասունների նվազագույն քանակն է սա, որն այդ ընտանիքին աշխատանքով կապահովի, կկերակրի, ու նաեւ` կզարգանա դանդաղ: Չնայած տնտեսություններ կան, որ ավելի շատ անասուններ ունեն: Մարատի մոտ, որը 11 երեխա ունի, ութ կով ունենք, Ռադիկի մոտ վեց կով կա եւ այլն: 

«Մենքն» ավելին կարող է անել, եթե մեր ներդրման ծավալը մեծանա: Այսօր 40-50 մլն դրամի ներդրման տեղ ունենք: Այսինքն` այդ դաշտը կա:

Հիմա նոր` «Ապագա» անունով ծրագիր կա հյուսիսային 30 գյուղերում: Առաջին երեխան ունեցողին Միությունը խրախուսում է 200 հազար դրամով, երկրորդ երեխային` 250 հազար դրամով: Երրորդ եւ ավելի երեխաներին տալիս ենք 100 հազար դրամ, որովհետեւ երրորդից սկսած` պետությունը սկսում է ինքն օժանդակել` որպես բազմազավակ ընտանիք: Արդեն 600 հազար դրամ հատկացրել ենք այդ ծրագրով: 

Ծրագիրը շրջանում աշխուժություն է բերել, մյուս գյուղերից ասում են` մենք ինչու՞ չենք մտնում այդ ծրագրի մեջ: Պետությունից ոչ մի բան չենք ստացել, իհարկե, պետական բոլոր մարմինների կողմից նորմալ վերաբերմունք կա մեր կազմակերպության նկատմամբ: «Էստաֆետի» նման ծրագրեր շրջանում իրականացնում են «Մոնթե Մելքոնյան» հիմնադրամը Քարեգահ գյուղում, «Գուրգեն Մելիքյան» հիմնադրամը, Հայ Հեղափոխական Դաշնակցությունը` «Ճառագայթ» հիմնադրամի միջոցով: Այս բոլոր ծրագրերը սկսեցին մեզնից հետո եւ իմ դրդմամբ: Ես էի իրենց առաջարկում, որ նման ծրագրեր անեն, եւ կարծում եմ` բոլորն էլ այդ ծրագրերից գոհ են, եւ արդյունքները տեսանելի են: 

Մտածում եմ տեղում առաջացնել մի ուժ, որն ինքն իրենով սկսի բնակեցում անել: Այսինքն` տեղում ստեղծել այնպիսի մեխանիզմ, որն ինքն իրեն կարող է բազմապատկվել, վերարտադրվել եւ բազմանալ: Գյուղերում արդեն ամեն տարի երկու-երեք տնտեսություն է ստեղծվում: Հենց հիմա Աշոտ Սիմոնյանի աղջկա նոր ընտանիքին հատկացնում ենք երեք կով: Այդ կովերը վերցնում ենք մի կայացած տնտեսությունից, ու նրանք արդեն բավարար քանակի կովեր ունեն եւ ինքնուրույն կարող են զարգանալ: Ստացվում է, որ այստեղի ժողովուրդը դարձել է բնակեցման ակտիվ մասնակից: 

- Իսկ ու՞մ սեփականությունն են տնտեսություններին հանձնված կովերը:

- Դրանք «Մենք» հասարակական կազմակերպության սեփականությունն են, որոնք պայմանագրերով տվել ենք պահելու: Ամբողջ կաթն իրենցն է: Երկու տարվա մեջ մի հորթն իրենցն է: Այդպես ունենք 90 կով: 19 ներդրող ունենք, որոնցից մեկը «Երկիր» միությունն է: 

- Իսկ ինչպե՞ս եք հաշվետվություն տալիս ներդրողներին: 

- Ինտերնետում ենք դնում: Տարին մեկ անգամ հաշվետվությունները թարմացնում ենք, բալանս ենք տպում (Տես կայքը` http://menqaa.narod.ru/):

- Քաշաթաղի բնակեցման ի՞նչ ճանապարհներ եք տեսնում` որպես այնտեղ երկար տարիներ բնակվող եւ այդ խնդիրներով զբաղվող մարդ:
 

- Վերջին երեք տարիներին նախկին վարչակազմի ղեկավարի կողմից հանցավոր գործունեություն տարվեց: Չեմ կարծում, որ մեր երկրի ղեկավարները չէին տեսնում, թե այստեղ ինչ է կատարվում, եւ ես մտածում եմ, որ դրա տակ հանցագործություն էր թաքնված: Եթե բնակեցնելու ցանկություն լինի, կանեն, ուղղակի պիտի բնակեցնելու այդ ցանկությունը լինի, ոչ թե ցանկություն լինի շինարարություն անելու: Շինարարություն անելն ու բնակեցնելը տարբեր բաներ են: Ու ոչ մի կապ, ըստ էության, չունեն իրար հետ: Այսինքն` եթե դու ինչ-որ տեղ տուն ես կառուցում ու ասում` այստեղ պետք է բերենք մարդ ապրեցնենք, այդ մարդը դառնում է այդ տան կահույքի մի մասը, որովհետեւ ինքը չի մասնակցում այդ պրոցեսին, ինքն ուղղակի դառնում է գործիք: Այս դեպքում բնակեցում ասածը հաստատ չի ստացվի: Այսինքն` շատ կարեւոր է այդ տարածքում բնակեցվող մարդկանց մասնակից դարձնել այդ գործընթացին: Երբեք պարտադիր չէ արհեստական ավաններ սարքել, ինչպես, ասենք, Վարդուտը, Քնարավանը, Առաջամուղը, պետք է մարդկանց իրենց ցանկություններից ելնելով բնակեցնել: Եթե մարդ ուզում է գյուղատնտեսությամբ զբաղվել, պարզ է, որ ամենալավ հողերը պիտի տաս, ոչ թե ամենալավ հողերը տաս ինչ-որ օլիգարխի, որպեսզի նա մշակի, այդ վերաբնակին էլ տանես մի անապատ տեղ: 

- Այսինքն` այժմ դրսից մարդ բերելու անհրաժեշտություն չկա՞: 

- Չէ, պիտի բերեն, բայց այդ մարդիկ չպիտի լինեն այնպիսիք, որ ասեն` մենք եկել ենք, դե հիմա մեզ կերակրեք: Պետք է բերել ակտիվ գյուղացիների, ոչ թե ապասոցիալական տարրերի: Այս տարածքը հատուկ վերաբերմունքի կարիք ունի, այսինքն` ընտրված մարդիկ պետք է լինեն: 
Շատ կարեւոր է հասարակության ստեղծումը, առաջին հերթին` մարդկանց հետ կազմակերպչական աշխատանքը, էդ փողը երբեմն այդքան կարեւոր չէ: Հիմա ներդրումները կարող են շատանալ, բայց դա կարող է նշանակել, որ այնտեղ ընդամենը մի քանի փող ունեցողներ կհայտնվեն: Այդ փողը ոչ թե տանելու են արդեն տասը տարի այնտեղ ապրող ընտանիքի վրա ծախսեն, այլ ինչ-որ տեղ տներ են կառուցելու, այստեղից ինչ-որ մարդկանց են տանելու, որն էլ մի օր հնարավոր է շինանյութը վաճառի ու հեռանա: Նման դեպքեր շատ են եղել: 

Այստեղ նորմալ մարդկանց պետք է բերեն, ուսուցիչներին շատ բարձր պիտի վարձատրեն: Կյանքի որակը պիտի ավելի բաձր լինի, քան Երեւանում, տնտեսությունն ավելի արագ պիտի աճի, քան Հայաստանում, հարկերն ընդհանրապես պիտի հանեն: Ի՞նչ են հավաքում, չնչին տոկոս է, չէ՞, կազմում դա: Այդ հարկերը հավաքելն անիմաստ է: 

Այս տարածքում չպետք է լինի անհոսանք գյուղ, սա առաջնահերթ խնդիր է: Ստացվել է այնպես, որ ԼեւոՆ Տեր-Պետրոսյանի օրոք Քաշաթաղում ավելի շատ մարդ էր ապրում, քան հիմա: Ինչպե՞ս կարող է այդպես լինել, եթե այս իշխանություններն ասում են, որ իրենք ազգային են: Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն իր հացազրույցներից մեկում ասում է. «Պետք է վերաբնակեցնենք ու պահենք այդ հողերը»: Նրա օրոք է սկսվել վերաբնակեցումը: Ճի՞շտ է եղել, թե սխալ վերաբնակեցման գործընթացը, դա մի կողմ թողնենք, բայց փաստն այն է, որ այդպես է եղել, ու Բագրատյանն այսօր խոսելու տեղ ունի, իսկ այս իշխանությունը դա էլ չունի: 

Սա որսի, ձկնորսության տարածք չի, կան մարդիկ, որոնց համար այս տարածքն այդ նշանակությունն ունի եւ ուղղաթիռով գալիս են այստեղ որսի: Ուղղաթիռով գալիս են, վայրի խոզ են խփում, այսինքն` սա նրանց համար որսատեղ է, բայց նրանց համար Հայաստանն էլ հայրենիք չէ: Նրանք մի հայրենիք ունեն` փողը:

Վերաբնակեցումը հայրենիքը վերագտնելու գործընթաց է: Վերաբնակեցումը փող չէ, նախ մարդիկ են: Այսօր այստեղի բնակիչները վերագտնում են իրենց հայրենիքը, ամեն մի ձոր, սար այսօր նոր անուն է ստանում, ապրողներն են դնում էդ անունը, ասենք` Գրիշի ձոր, Վազգենի աղբյուր, ու այսպես ամեն հատված մարսվում է, վերագտնվում է` որպես հայրենիքի մի հատված:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter