HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Գալաջյանը մեղադրում է նախկին թիմակիցներին

Սեպտեմբերի 15-ին` ժամը 19-ի սահմաններում, երկու անհայտ անձանց կողմից ծեծի է ենթարկվել «Իսկական իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանը: Սա արդեն երկրորդ հարձակումն է Գալաջյանի վրա:

Առաջինը տեղի էր ունեցել անցյալ տարվա սեպտեմբերի 6-ին, երբ տնից դուրս գալիս երկու անծանոթներ հարձակվել էին լրագրողի վրա եւ ոտքով-ձեռքով հարվածներ տեղացել վերջինիս մեջքին ու գլխին: Առաջին միջադեպի մասնակիցները չեն հայտնաբերվել: Այս անգամ էլ հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քր.օր.-ի 113 հոդվածի` դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու հատկանիշներով:

ՍԻՄ-ը` ՍԻՄ-ի դեմ

«Սահմանադրական իրավունք միություն» (ՍԻՄ) կուսակցությունում խմորումները սկսվեցին դեռ անցյալ տարվա վերջին: ՍԻՄ-ի ղեկավարներ Հրանտ Խաչատրյանի եւ Հայկ Բաբուխանյանի անհամաձայնության արդյունքում կուսակցությունը պառակտվեց, հրաժարական տվեց կուսակցության նախագահ Հրանտ Խաչատրյանը: ՍԻՄ-ի նոր համագումարում նախագահ ընտրվեց Հայկ Բաբուխանյանը: Սառեցվեցին Խաչատրյանի մի քանի համախոհների (այդ թվում` Սեդրակ եւ Կարեն Վարդանյանների) անդամությունները, որոնք հետագայում դատարանում չկարողացան վերահաստատվել իրենց դիրքերում: Այնուհետեւ դատարան մտավ Հրանտ Խաչատրյանը, որը պահանջեց չեղյալ ճանաչել ՍԻՄ-ի համագումարում կայացված որոշումները: Նրա հայցը բավարարվեց: Խաչատրյանը կրկին դարձավ ՍԻՄ-ի նախագահ: Այս անգամ արդեն Բաբուխանյանի թիմակիցների անդամությունները սառեցվեցին: Երկարատեւ քաշքշուկներից հետո Բաբուխանյանն իր թիմով դուրս եկավ ՍԻՄ-ի շենքից: Վերջիններս, ի հակադրություն կուսակցության պաշտոնաթերթ «Իրավունքի», հիմնադրեցին նոր թերթ` «Իսկական իրավունք»` Հ. Գալաջյանի խմբագրությամբ: Առ այսօր խաչատրյանականներն ու բաբուխանյանականները շարունակ քննադատում ու մեղադրում են միմյանց: 

«Այս մի տարվա իրադարձությունները մեկ տրամաբանական շղթայի մեջ են տեղավորվում»

«Այդ օրը ժամը 10-10:30-ի սահմաններում մեր տուն զանգահարեց «Ազգ» թերթից ինչ-որ Մանուկ: Նա ցանկություն հայտնեց հանդիպել հետս: Խմբագրության տեղը բացատրեցի: Ժամը 17-ի սահմաններում զանգեց բջջայինիս վրա, մանրամասն բացատրեցի խմբագրության տեղը: Հետո ժամը 18:45 զանգեց, ասաց, որ ցերեկը եկել է, բայց խմբագրության տեղը չի գտել, նորից բացատրեցի, պայմանավորվեցինք ժամը 19-ին հանդիպել Ֆուտբոլի ֆեդերացիայի դիմաց: Հետո որոշեցի միանգամից իջնել Ֆուտբոլի ֆեդերացիայի մոտ` նրան դիմավորելու ու նաեւ ծխախոտ գնելու: Ժամը 19-ից մի քանի րոպե շուտ սկսեցի իջնել: 3-4-րդ հարկերի արանքում դիմացս մի բարձրահասակ երիտասարդ դուրս եկավ, ժպտաց, բարեւեց, ես ուզում էի բարեւին պատասխանել, երբ միանգամից ուժգին հարված ստացա: Կարծես թե շատ ուժեղ դաղեց գլուխս, ու ծանր մուրճով քարին հարվածելու ձայն լսվեց: Ես անմիջապես նետվեցի նրա վրա, փաթաթվեցի, տապալեցի գետնին, փորձեցի մահակը խլել: Այդ ժամանակ զգացի, որ մահակը մետաղյա է. սառն էր: Բավականին վայրենի գործիք էր` մոտ 30-40 սմ երկարությամբ ու 4-5 սմ տրամագծով: Չգիտեմ` խողովակաձեւ էր, թե հոծ,- պատմում է Հ. Գալաջյանն ու շարունակում:- Ինձ համարյա հաջողվել էր խլել մահակը, երբ հայտնվեց երկրորդը` ավելի կարճահասակ, նույն ձեւի մահակով: Բազմաթիվ հարվածներ հասցրեց գլխիս, ուրիշ տեղերիս, ձեռքերս թուլացան, ու ես առաջինին բաց թողեցի: Վերջում երկուսով մի քանի քացի տվեցին ու արագ քայլերով, գրեթե վազելով հեռացան: Չնայած աչքերիս առաջ մթնած էր` կարողացա, պատերից բռնվելով, բարձրանալ 6-րդ հարկ` խմբագրություն: Այդ ընթացքում փորձում էի բջջայինով զանգել, բայց չէր ստացվում, հավանաբար արյուն էր մեջը լցվել: Հասա խմբագրություն, զանգեցի Հայկ Բաբուխանյանին, ինչից հետո ներքեւից պահակները եկան, շտապօգնություն կանչեցին: Բաբուխանյանը եկավ, ոստիկանություն զանգեց: Հիվանդանոցում պարզվեց, որ 6 վերք կա գլխիս վրա: Մոտ 2 ժամ վիրաբույժը կարում էր գլուխս: Արյան կորուստը բավականին շատ էր, երեւի մի լիտր կլիներ»:

«Իսկական իրավունքի» գլխավոր խմբագիրը, ինչպես եւ առաջին միջադեպի ժամանակ, մեղավոր է համարում նախկին կուսակցական ընկերներին` Հրանտ Խաչատրյանի թիմին. «Այս մի տարվա իրադարձությունները մեկ տրամաբանական շղթայի մեջ են տեղավորվում. մեկ տարի առաջ հարձակում, հետո զրպարտության արշավ, վարկաբեկելու փորձ, հանրությանը նույնիսկ փորձում էին համոզել, որ ես ինքս եմ ինձ ծեծել, իսկ այս տարվա փետրվարի 8-ին խմբագրության վրա հարձակվածները պատասխանատվության չենթարկվեցին: Հիմա ում մտքով որ անցնի դժգոհ մնալ որեւէ թերթից, աչքի առաջ ունի փետրվարի 8-ի անպատիժ նախադեպը»:

Գալաջյանն իր խոսքերը հիմնավորում է մի շարք հանգամանքներով: Մասնավորապես նշում է, որ ՍԻՄ-ական, այսօր էլ Խաչատրյանի թիմի անդամ Կարեն Վարդանյանը ժամանակին «խոստովանել էր, որ կուսակցությունում առանցքային դիրքերը զբաղեցրել են «Իրավունքի» աշխատակիցները, ու դա որակել էր որպես հեղաշրջում: Սա ապացուցում է, որ այս ամենը եղել է թերթի դեմ»: Ըստ Գալաջյանի` դրա տրամաբանական շարունակությունն էր այն, որ ինքը եւ իր գործընկեր, թերթի տնօրեն Գեղամ Գրիգորյանը «առանց որեւէ հրամանի, վերջնահաշվարկի, նորմալ ընթացակարգի ազատվեցինք աշխատանքից»: 

Գալաջյանն ու Գրիգորյանն այժմ դատարանում փորձում են հաստատվել իրենց նախկին պաշտոններում: 

«Ես անպայման վերադառնալու եմ «Իրավունք» թերթի խմբագրի պաշտոնին, ինչը կատաստրոֆա կլինի նրանց համար»,- ասում է Հովհաննես Գալաջյանը` նշելով, որ այդ «կատաստրոֆան» թերթի ներկայիս աշխատակազմի հեռացումն է լինելու:

Գալաջյանը կարծում է, որ եթե իշխանությունների կողմից գործի բացահայտման հրաման լինի, ապա այն կբացահայտվի: «Ցավոք սրտի, մենք ապրում ենք ոչ թե իրավական, այլ այնպիսի երկրում, ուր կյանքը ջունգլիների օրենքներով է կազմակերպված: Իրավապահ մարմինները շարժվում են այն դեպքում, երբ տեղից շարժվում են այլ գործընթացներ»,- ասում է ընդդիմադիր գործիչը: Այս առումով նա որոշակի լավատեսություն ունի: Բանն այն է, որ, ըստ խմբագրի, նախագահական ընտրություններից առաջ իշխանություններին պետք չէ ավելորդ լարվածության մթնոլորտ (այդ մթնոլորտը կլիցքաթափի հանցագործության բացահայտումը): Եվ հենց այդ պատճառով էլ Գալաջյանը չի կարծում, որ սա մի երրորդ ուժի (ասել է թե` իշխանությունների) ձեռքի գործն է: 

«Այստեղ պետք չէ երրորդ կողմ մոգոնել, սա երկրորդ կողմն է կազմակերպել»,- ասում է Գալաջյանը` հիշելով, որ իր դեմ առաջին հարձակումից հետո այն ժամանակվա պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն էլ մեղադրում էր երկրորդ կողմին: 

Սակայն հարկ է հիշել, որ հենց առաջին միջադեպից հետո մեծ աղմուկ բարձրացավ այն պատճառով, որ Գալաջյանը կասկածում էր նաեւ նախարար Սարգսյանին: Անցյալ տարվա սեպտեմբերին նա «Առավոտ» օրաթերթին ասել է. «Անշուշտ, անհեթեթություն են այն լուրերը, թե ինձ ծեծել են ներկուսակցական խմորումների արդյունքում: Այդ ամենը տարածվում է Սերժ Սարգսյանի ճամբարակիցների կողմից» (20.09.2006, «Առավոտ»): Բայց հիմա Գալաջյանը համոզված է, որ իր ծեծի պատվիրատուները երկու դեպքում էլ եղել են նախկին կուսակիցները: 

Գալաջյանը լուրջ չի վերաբերվում Հրանտ Խաչատրյանի այն հայտարարությանը, որ իրենք էլ առանձին հետաքննություն են անցկացնում կատարվածի շուրջ: «Դրանց էդ անցկացնելիքը հերթական աբսուրդն է լինելու»,- ասում է լրագրողը:

Վերջինս յուրովի է մեկնաբանում հակառակորդ Կարեն Վարդանյանի` «168 ժամ» թերթին փոխանցած կարծիքը: Վարդանյանն ասել էր, որ այս աղմուկը Հայկ Բաբուխանյանի պրովոկացիան է: «Առաջին անգամ, երբ Հ. Գալաջյանին ծեծի ենթարկեցին, տեղի ունեցավ Հայկ Բաբուխանյանի կազմակերպած ՍԻՄ հեղաշրջումը: Հայկ Բաբուխանյանն ուզում էր տուժածի կերպար ձեւավորել: Իսկ երկրորդ, այսինքն` այս դեպքը եղավ այն ժամանակ, երբ նորից Հայկ Բաբուխանյանին տուժածի կերպար է հարկավոր ձեւավորել, որովհետեւ նրա նկատմամբ մի քանի քրեական գործեր կան: Կան փաստաթղթերի կեղծման բազմաթիվ փաստեր, եւ դատախազությունը հիմա դրանք է ուսումնասիրում»,- ասել է Վարդանյանը:

Գալաջյանն էլ հիշատակում է միայն Բաբուխանյանի դեմ հարուցված «տրյապկայի» գործը. «Ծիծաղելի է Բաբուխանյանի դեմ հարուցված գործը: Դա հայտնի «տրյապկայի» գործն է. մարդուն (Հրանտ Խաչատրյանին), որը հրաժարական էր տվել, իսկ հետո հետ կանգնել դրանից, վերադարձել քաղաքականություն, դատավորների, ոստիկանների ուսերին հետ եկել, Բաբուխանյանն անվանել էր «տրյապկա, անթասիբ, կնիկ դեպուտատ»: Այդ փուչ քրեական գործը ամբողջ հանրության ծիծաղն է հարուցում»: 

Լրագրողը «տականքային եւ վիժվածքային մտածելակերպ ունեցող» է համարում բոլոր նրանց, ովքեր ենթադրում են, թե 35 տարվա իր ընկեր Հայկ Բաբուխանյանը կարող էր ինչ-որ գործողություն կատարել իր նկատմամբ: 

Իսկ թե ինչու են հարձակվել հենց իր վրա, Հովհաննես Գալաջյանն ասում է. «Ի վերջո, ես «Իրավունք» թերթի հիմնադիր-խմբագիրն եմ, իմ անունը մշտապես երեւացել է, կարելի է ասել, որ ինչ-որ տեղ ես թերթի սիմվոլն եմ»:

Հ.Գ. Ոստիկանության Կենտրոնի քննչական բաժանմունքում Հովհաննես Գալաջյանի նկարագրությամբ կազմվել է նրա վրա հարձակված երիտասարդներից մեկի մոտավոր դիմապատկերը, որը հարձակման ժամանակ եղել է կեպիով: Հայտարարվել է հետախուզում:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter