HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

«Որեւէ առնչություն չունեմ «Մաքս Վուդ» ընկերության հետ»

ԱԺ պատգամավոր Հարություն Փամբուկյանը նամակ է ուղարկել «Հետքի» խմբագրություն, որտեղ գրված է. «Ս.թ. հունիսի 7-ին «Ուրբաթ» ակումբում Ձեր եւ Հայ Հեղափոխական Դաշնակցության «Դրօշակ» պաշտոնաթերթի խմբագիր Կարեն Խանլարյանի կողմից հրավիրված մամուլի ասուլիսում անդրադառնալով Քաշաթաղի խնդիրներին` Դուք արել եք նաեւ մի հայտարարություն, որն ուղղակիորեն վերաբերում է ինձ: Մասնավորապես, Ձեր կողմից նշվել է, որ... «Հարություն Փամբուկյանի «Մաքս Վուդ» ընկերության մեքենաները Քաշաթաղի ընկուզենիներն են արմատախիլ անում, մշակում-ուղարկում Իսպանիա, որ հայ օլիգարխների «Մերսեդես» մակնիշի մեքենաների փայտային մասերը ղարաբաղյան լինեն»:

Նախ ասեմ, որ Ձեր կողմից հրապարակված այդ «փաստերը», մեղմ ասած, իրականության ձեւախեղումներ են: Արդեն գրեթե չորս տարի` 2003 թվականի հուլիսից, ես ո՛չ իրավաբանական, ո՛չ ֆիզիկական, ո՛չ գործարար, ո՛չ ուղղակի, ո՛չ անուղղակի որեւէ առնչություն չունեմ «Մաքս Վուդ» ընկերության հետ, ինչը հայտարարություն անելուց առաջ հետաքննող լրագրողի բարեխղճությունը պահանջում էր ուղղակի ստուգել, ուստի «Հարություն Փամբուկյանի «Մաքս Վուդ» ընկերության մեքենաները...» 2007 թվականի հունիսին չէին կարող լինել Քաշաթաղում: 

Երկրորդը` ժամանակին, երբ շատերը ձեռնպահ էին մնում Լեռնային Ղարաբաղի հետ բիզնես համագործակցությունից, այո՛, «Մաքս Վուդ» ընկերությունը, իմ ու իմ ընկերների անմիջական ջանքերով ու մասնակցությամբ, աննախադեպ գործարար համաձայնություններ էր ձեռք բերել եվրոպական մի շարք հայտնի ընկերությունների հետ, այդ թվում «Բերետտա» եւ «Բրաունինգ» աշխարհահռչակ ընկերությունների հետ, որպեսզի ընկուզենիների արմատներից մշակվեն ու առաքվեն որսորդական հրացանների պատրաստման համար նախատեսված դետալներ, եւ ոչ թե «գոր հայ օլիգարխների «Մերսեդես» մակնիշի մեքենաների փայտային մասերը ղարաբաղյան լինեն»: 

Ցանկանում եմ առանձնահատուկ նշել, որ որպես հումք ծառայել են արդեն կտրված (շեշտում եմ` արդեն կտրված) ընկուզենիների արմատները, իսկ «Մաքս Վուդ» ընկերության գործունեությունն արժանացել է ԼՂՀ թե՛ բնակչության, ու թե՛ վարչապետի ու նախագահի գովասանքին: 

Նկատի առնելով, որ հիշյալ մամուլի ասուլիսում ինձ առնչվող Ձեր արած անհիմն հայտարարությունը հրապարակվել է նաեւ ս.թ. հունիսի 8-ին «Առավոտ» օրաթերթում` «Փամբուկյանն ավերում է անտառը» «սենսացիոն ու հնչեղ» վերտառությամբ, եւ որ այն կարող է վնասել իմ համբավն ու իմ հեղինակությունը, Ձեզ կոչ եմ անում մեկ անգամ եւս լինել տեղում, հանգամանորեն, մանրակրկիտ եւ բարեխղճորեն ուսումնասիրել խնդիրը, փաստաթղթերն ու հնարավոր ամեն ինչ եւ հանդես գալ նույն հնչեղության հերքմամբ` մասնավորապես տպագրելով այն «Առավոտ» օրաթերթում, եւ հնչեցնել այն Ձեր կողմից որեւէ առիթով առաջիկայում հրավիրվելիք մամուլի ասուլիսում»:

«Մաքս Վուդը» շարունակում է հատել կանաչ ընկուզենիները

«Մաքս Վուդ» ընկերությունը գրանցված է ԼՂՀ-ում, չնայած տարիներ առաջ այն ծառահատում էր իրականացնում Հայաստանի Տավուշի մարզում: Ընկերության հիմնադիրներն են Հրանտ Հարությունյանը եւ իսպանացի Էնրիկե Վիվեր Կամինը: 

Իսկ Հ. Փամբուկյանի` մեզ ուղարկված գրության մեջ նշված է, որ ինքը 2003-ից այլեւս կապ չունի ընկերության հետ: Թե մինչ այդ ինչպիսի կապ է ունեցել ընկերության հետ պրն Փամբուկյանը, հնարավոր չէ փաստաթղթերից պարզել: Բայց որ սերտ կապեր են եղել, երեւում է մեզ ներկայացված գրությունից: 

Փամբուկյանը նշում է, որ «Մաքս Վուդ»-ն օգտագործել է «բացառապես հատված ընկուզենիներ»: Ի՞նչ է սա նշանակում, այդպես էլ չկարողացանք հասկանալ: Միայն կարելի է ենթադրել, որ Ղարաբաղում ամեն քայլափոխի հատված ընկուզենիներ են եւ սպասում են «Մաքս Վուդ»-ի մեքենաներին: 

Մենք չգիտենք, թե Ղարաբաղի վարչապետն ու նախագահն ինչու են գովասանքի արժանացրել «Մաքս Վուդ»-ին, սակայն գիտենք, որ ժողովուրդը ընկուզենիների հատման համար շնորհակալություն չի հայտնել, այլ ընդհակառակը` բողոքում էր այդ բարբարոս գործունեությունից: Ժամանակին «Հետքն» անդրադարձել է այդ խնդրին, ներկայացրել է փաստեր: Ավելին, ընկուզենիների զանգվածային հատումների հարցը քննարկվել է ԼՂՀ Ազգային ժողովում, ստեղծվել էր հանձնաժողով, որն ուսումնասիրել եւ բացասական եզրակացություն էր ներկայացրել Ազգային ժողովին եւ կառավարությանը: 

Դեռ ավելին, ընկերությունը Քաշաթաղի շրջանում խաբել է համայնքապետերին, չոր ծառերի փոխարեն հատել կանաչ ընկուզենիներ եւ առանց համայնքների բյուջեներին վճարում կատարելու հեռացել այդ համայնքներից: Այսօր էլ «Մաքս Վուդ»-ը Քաշաթաղում շարունակում է հատել ընկուզենիներն ու այլ ծառատեսակներ:

Բերենք ընդամենը երկու օրինակ. «Մաքս-Վուդ»-ն անցած տարի պայմանագիր կնքեց, որ 50 չոր ծառ կտրի մեր համայնքի տարածքից,- այս տարվա մայիսին պատմեց Գողթանիկի գյուղապետ Սերգեյ Պողոսյանը,- էդքան չոր ծառ, բնականաբար, մեր համայնքի տարածքում չկար, նրանք կանաչ ծառեր էլ կտրեցին»: Թե հատված ընկուզենիներից քանի՞սն էր կանաչ, գյուղապետը չասաց: Փոխարենը գյուղացիներից մեկը, ում անունը չենք նշում, ասաց, որ կտրված ծառերի 90 տոկոսը կանաչ էր: 


Ինչպե՞ս է «Մաքս Վուդ»-ը կտրում տվյալ համայնքի տարածքում գտնվող ծառերը: «Վարչակազմի ղեկավար Համլետ Խաչատրյանի ասելով արեցինք: Ինձ հետ պայմանավորվեցին, որ այդ ծառերի համար համայնքի բյուջե փող պիտի փոխանցեն: Մենք էլ որոշեցինք դրանով գյուղի խմելու ջրի հարցը լուծել: Գնացի բանկում գյուղապետերանի անվամբ հաշիվ բացեցի, որ փողը փոխանցեն: Հետո ասացին` պետք չի հաշվին փոխանցել, էնպես կանենք, խմելու ջուր կքաշենք: Խաբեցին, չարեցին»,- ասաց Գողթանիկի գյուղապետը:


«Մաքս Վուդ»-ը նույնչափ ծառեր է կտրել նաեւ Գանձա գյուղում: Դրանց հիմնական մասը կանաչ է եղել: Գանձայի գյուղապետին խոստացել էին վերանորոգել դպրոցի շենքը, սակայն խոստումը չեն կատարել:

Այս տարվա մայիսի վերջին Դրախտիկ գյուղի ճանապարհին տեսանք տասնյակ հատված կանաչ ընկուզենիներ, դրանք դեռ չէին հասցրել տանել «մաքսվուդցիները»: «Մենք էդ ընկույզն, իհարկե, հավաքում ենք ու վաճառում, դրանից էլ են զրկում մեզ, ո՛չ ծառերն են խղճում, ո՛չ էլ՝ մեզ»,- ասում է դրախտիկցի Լիլիթը:

Ահա այդ ընկուզենիները, իսկ իրավապահ մարմինները, «Արցախանտառի» աշխատակիցները կարող են այցելել ու տեսնել, թե ինչպես են կառավարության հետ պայմանավորվելով կտրում «չոր ընկուզենիները»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter