Կիրակի, 23 սեպտեմբերի

Դատավորին պատժում են գործադիր իշխանության դրդումով



Դատավորին ներկայացված մեղադրանքի առաջին հրապարակային քննությունը Հայաստանում

Արդարադատության խորհուրդը (ԱԽ) սեպտեմբերի 26-ին քննում էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատավոր Պարգեւ Օհանյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը: Նիստում հրապարակվեցին այն գործերը, որոնցում, Դատական դեպարտամենտի ուսումնասիրության արդյունքում, հայտնաբերվել են նյութական ու դատավարական իրավունքի խախտումներ, եւ դրանց հիմքով հարուցվել է կարգապահական վարույթ:

Դրանցում խոսք չկար Հայաստան սուրճ ներկրող կազմակերպության` «Ռոյալ- Արմենիայի» մասին, սակայն բոլորի համար ակնհայտ էր, որ դատավորին պատժում են այդ գործով արդարացման դատավճիռ կայացնելու համար (տես նաեւ` «Դասական տեռոր «Ռոյալ-Արմենիայի» նկատմամբ»): Միաժամանակ, ոչ ոք չի պնդում, որ Պ. Օհանյանն արդարացման դատավճիռը կայացրել է` գործի փաստական նյութերի վրա հիմնվելով, եւ այն արդար դատավճիռ է: 

«Դատավորն իր կարծիքի համար չպետք է պատժվի, որպեսզի մյուսներն էլ դրանից չվախենան: Բացի վերադաս դատական ատյաններից, ոչ ոք իրավունք չունի ստուգելու դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը: Մենք ունենք եւս երկու ատյան, որտեղ կարող է գործը քննվել, եւ այն քննող դատավորները չպետք է վախենան իրենց վերաբերմունքն արտահայտելուց»,- սեպտեմբերի 24-ին այդ առիթով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց փաստաբան Հայկ Ալումյանը: Ներկայումս այդ գործը քննվում է վերաքննիչ դատարանում, եւ ճիշտ կլիներ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ ունենալուց հետո անդրադառնալ Պ. Օհանյանի կայացրած դատական ակտի օրինականությանը:

Կարծում ենք, որ հենց այդ նկատառումով ԱԽ-ի` Պ. Օհանյանի քննած գործերի ուսումնասիրության մեջ ներառված չէր «Ռոյալ-Արմենիայի» գործը: Դատավոր Օհանյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել էր սեպտեմբերի 4-ին, որի համար առիթ էր հանդիսացել Դատական դեպարտամենտի աշխատակիցների կազմած դատական պրակտիկայի ամփոփման տեղեկանքը: Նրանք ԱԽ-ի կարգապահական հանձնաժողովին ներկայացրել են 20 գործ, հիմնականում` քրեական, որոնցով Պ. Օհանյանը ոչ օրինական դատական ակտեր է կայացրել: 

ԱԽ-ի նիստը նշանակալից էր այն առումով, որ առաջին անգամ դատավորի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը քննվում էր հրապարակայնորեն: Դռնբաց քննություն իրականացնելը դատավոր Պարգեւ Օհանյանի խնդրանքն էր: Հայաստանում առաջին անգամ դատավորը ԱԽ-ից պահանջեց իրեն ներկայացված մեղադրանքի հրապարակային քննություն կատարել, եւ ԱԽ-ն ընդառաջեց նրա խնդրանքին, քանի որ այն սահմանված է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 85թ. նոյեմբերի 29-ի եւ դեկտեմբերի 13-ի 40/146 բանաձեւnւմ. «Իր պարտականությունները կատարելու ընթացքում դատավորի հասցեով ստացված մեղադրանքը կամ գանգատը, համաձայն համապատասխան ընթացակարգի, պետք է անհապաղ ու անաչառ քննարկվի: Դատավորն ունի պատասխանի եւ արդարացի քննության իրավունք: Դժգոհությունների քննարկումը, եթե դատավորն այլ խնդրանքով հանդես չի եկել սկզբնական փուլում, պետք է անցկացվի գաղտնի»: 

ԱԽ-ի դատաքննությունը նման էր Հայաստանի դատարաններում իրականացվող մյուս բոլոր դատավարություններին, որոնց հիմնական մասով դատավորը նիստերի դահլիճ է մտնում արդեն որոշումը կայացրած: Կարգապահական վարույթը հարուցելու օրից դատավոր Պարգեւ Օհանյանը զգուշացված էր, որ դրանով ավարտվելու է նրա դատավորական կարիերան: Այդ էր պատճառը, որ նա, այլեւս կորցնելու բան չունենալով, ԱԽ-ից պահանջեց իր դեմ ներկայացված մեղադրանքները քննել դռնբաց դատական նիստում, մանավանդ որ վարույթը հարուցվել էր օրենքի խախտումով:

Սա, իհարկե, առաջին կարգապահական վարույթը չէ Պ. Օհանյանի կյանքում, երկու տարի առաջ ՀՀ գլխավոր դատախազությունն էր նրան պատասխանատվության ենթարկելու միջնորդություն ներկայացրել Հյուսիսային պողոտայի տարածքի հետ կապված մի շարք վճիռներ կայացնելու համար, որին այն ժամանակ ԱԽ-ն չընդառաջեց: Դատախազությունը պարզել էր, որ իրացման տարածքում տարիներ առաջ բնակարան ստացած մարդիկ թաղապետարանի միջոցով վերագրանցվել էին, նաեւ սեփականատեր էին դարձել: Այդ հարցում առանցքային էր եղել Կենտրոն թաղապետարանի դերը եւ նույն համայնքի դատարանի օժանդակությունը: Դա նշանակում է, որ առաջին համաձայնությունը թաղապետարանը տվել էր, սակայն այն օրինականացնելու պարտավորությունը թողնված էր դատարանին: «Ընդդեմ Կենտրոն թաղապետարանի» հայցերը ոչ այլ ինչ էին, քան կեղծիքը դատարանի վճռով վավերացնելու միջոց: 

Փաստաբանների մի խումբ, որ Պ. Օհանյանի կայացրած դատական ակտերից հաճախակի էր դժգոհել, այս անգամ հանդես եկավ ի պաշտպանություն դատավորի: Կարգապահական վարույթ հարուցելու այս որոշումն, ըստ նրանց, խարխլում է երկրի արդարադատության հիմքերը, քանի որ այն հարուցվել էր գործադիր իշխանության ակնհայտ միջամտության արդյունքում: «Ուժի մեջ մտած դատական ակտի մասին այլ պաշտոնյա իրավունք չունի ասելու «օրինական չէ»: Մինչդեռ այս դեպքում դատարանի աշխատակիցները վերլուծել եւ որոշում են կայացրել, որ դրանք օրինական չեն»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց փաստաբան Հայկ Ալումյանը: 

«Սա շատ ավելի մտահոգող երեւույթ է, քան Պ. Օհանյանին պաշտպանելը: Սա հանցագործություն է, եւ ոմանք ամեն ինչ անում են, որ արդարադատությունն ընդամենը գործիք լինի»,- գործընկերոջը լրացրեց փաստաբան Արթուր Գրիգորյանը: 

ԱԽ-ի նիստում հրապարակվեցին 10 քրեական եւ 4 քաղաքացիական գործերով Պ. Օհանյանի կայացրած դատական ակտերը, որոնցում կարգապահական հանձնաժողովի ներկայացրած դատական սխալները խոսում են մի բանի մասին` դատավորն անտարբեր է գտնվել մարդկային ճակատագրերի հանդեպ: Ուսումնասիրված գործերից մեկին մենք անդրադարձել ենք «Հետքի» նախորդ համարներում (տես` Զայրացած դատավորը): Սակայն դատարանում Պ. Օհանյանի ներկայացուցիչ Հ. Ալումյանի համար այս անգամ էականը դատավորի նկատմամբ վարույթ հարուցելու հիմքերն էին, որոնք, նրա հիմնավորմամբ, անօրինական են եղել: 

Փաստաբանը վերլուծել էր, որ ԱԽ-ի 2007 թ. սեպտեմբերի 4-ի վարույթ հարուցելու որոշման համար առիթ է հանդիսացել Դատական դեպարտամենտի աշխատակիցների կազմած դատական պրակտիկայի ամփոփման տեղեկանքը: Ըստ այդ տեղեկանքի` նրանք պետք է դատական պրակտիկայի ամփոփում կատարեին ՀՀ Դատարանների նախագահների խորհրդի (ԴՆԽ-ի) 2007 թ. փետրվարի 28-ի որոշման հիման վրա: Հիշյալ որոշումով Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքներում պետք է վերանայվեին 2006թ. ավարտված քաղաքացիական եւ քրեական գործերը: Ուսումնասիրման ու ամփոփման աշխատանքները պետք է սկսվեին մարտի 27-ին եւ ավարտվեին ապրիլի 19-ին: Հայկ Ալումյանը նշեց, որ Դեպարտամենտի աշխատակիցներն, իրոք, նշված ժամանակահատվածում ուսումնասիրություն կատարել են Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում եւ դատարանի քննած գործերում եւ, ըստ իրենց կազմած տեղեկանքի, խախտումներ չեն հայտնաբերել, համենայնդեպս այն ժամանակ կարգապահական վարույթ չի հարուցվել: 

Դրանից հետո Պ. Օհանյանը համարձակվել է արդարացման դատավճիռ կայացնել «Ռոյալ-Արմենիայի» գործով, որից հետո դեպարտամենտը, առանց հիմքերի, կրկին սկսել է ստուգել ու ամփոփել նրա քննած գործերը եւ արդեն խախտումներ է հայտնաբերել: Այս անգամ նրանք ուսումնասիրել են ոչ միայն 2006 թ. ավարտված գործերը, ինչպես նախատեսված էր, այլեւ անդրադարձել են 2007 թ. ավարտված գործերին: Մասնավորապես, եզրակացության մեջ նշված 20 գործերից 8-ն ավարտվել են 2007 թ.: Փաստաբանը նշեց, որ 20 դեպքերից 7-ով վարույթ հարուցելու վաղեմության ժամկետներն անցել են` մեկ տարին լրացել էր, եւ դրանցով նրանք չէին կարող կարգապահական վարույթ հարուցել: Փաստաբանը միջնորդեց այդ մասով վարույթը կարճել: Այնուհետեւ նշեց, որ մի շարք այլ գործերով դեպարտամենտի աշխատակիցներն անդրադարձել են չբեկանված դատական ակտերին, որը կարող էր անել միայն վերադաս դատական ատյանը: Փաստաբանը նշեց, որ 20 գործերից 16-ով ԱԽ-ն կասկածի տակ է դրել օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի օրինականությունն ու հիմնավորվածությունը: «Եթե դրանցում տեղ գտած խախտումներն անգամ ապացուցվել են, միեւնույն է, կարգապահական վարույթ հարուցելու հիմք չեն կարող հանդիսանալ»,- պնդեց Պարգեւ Օհանյանը: 

Հայկ Ալումյանը միջնորդեց նաեւ նշված գործերն ամբողջությամբ հետազոտել այս դատաքննության ընթացքում` խախտումների իսկության մեջ հավաստիանալու համար, ինչպես նաեւ դատարանում հարցաքննել ուսումնասիությունն իրականացրած Դեպարտամենտի աշխատակիցներին, քանի որ կարգապահական հանձնաժողովի անդամները չկարողացան պատասխանել իր այն հարցին, թե ովքեր եւ երբ են կատարել ուսումնասիրությունը, եւ ինչ ժամանակաշրջան է այն ընդգրկել: Փաստաբանի ներկայացրած միջնորդությունները մերժվեցին, եւ ԱԽ-ն հայտարարեց, որ Պ. Օհանյանի վերաբերյալ իր որոշումը կհրապարակի հոկտեմբերի 12-ին: Պ. Օհանյանը դատարանին հայտնեց, որ ինքը փորձել է արդարադատություն իրականացնել, բայց «եթե խորհուրդը գտնի, որ արժանի չեմ իրենց, ինքս էլ կհասկանամ, որ այդպես է»:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ