HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Բեկում» կենտրոնը ողջունում է միջանկյալ զեկույցը

«Բեկում» ժողովրդավարության աջակցության կենտրոն հասարակական կազմակերպությունը ողջունում է այսօր ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության կողմից լրացուցիչ միջանկյալ զեկույցի հրապարակումը, որտեղ կասկածի տակ է դրվել փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների ընտրական գործընթացի ազնվությունը:

Գիտակցելով, որ դիտորդական առաքելությունը կաշկանդված է եղել իր նախորդ՝ փետրվարի 19-ին հրապարակված, անաչառության տեսանկյունից խիստ վիճահարույց զեկույցով, որը հասարակության շրջանում արդարացի դժգոհությունների տեղիք էր տվել, այնուամենայնիվ ողջունելի ենք համարում առաքելության ներկայացուցիչների մոտ փոքր-ինչ ավելի կոշտ շեշտադրումներով լրացուցիչ զեկույցի հրապարակման անհրաժեշտության գիտակցման ձևավորումը, իսկ այս նոր զեկույցը համարում ենք մեկ փոքրիկ քայլ առաջ՝ դեպի օբյեկտիվություն:  

Այնուամենայնիվ, «Բեկում»-ի անդամները վերահաստատում են փետրվարի 19-ին «Մարիոթ» հյուրանոցում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ներկայացուցիչների ասուլիսի ժամանակ հասարակական կազմակերպության հնչեցրած գնահատականը, այն է՝ «փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրություննեը նախորդ նախագահական ընտրությունների համեմատ եղել են մեկ քայլ առաջ, երեք քայլ` հետ, երկու քայլ` աջ, կես քայլ ձախ, այն է` չեն համապատասխանել ՀՀ Սահմանադրության, Ընտրական օրենսգրքի պահանջներին, ինչպես նաև միջազգային չափանիշներին»:

Հասարակական կազմակերպության անդամները հույս են հայտնում, որ միջազգային դիտորդական առաքելության՝ ապագայում հրապարակվելիք վերջնական զեկույցում ընտրական գործընթացի վերաբերյալ գնահատականներն էլ ավելի մոտ կլինեն իրականությանն ու կարտացոլեն իրականում տեղի ունեցած բացասական երևույթները, իսկ գումարային գնահատականը կլինի կոշտ՝ որևէ իրավախախտում խստորեն դատապարտելու և չհանդուրժելու կարևորագույն սկզբունքին համապատասխան:

«Բեկում»-ի անդամները միաժամանակ իրենց ոգևորությունն են հայտնում առ այն, որ «Մարիոթ» հյուրանոցում հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ տեղի ունեցած ակցիան լայն արձագանք գտավ քաղաքացիների շրջանում, որոնք միջազգային դիտորդական առաքելության, ինչպես նաև օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ տեղի ունեցող բողոքի միջոցառումների միջոցով ապահովում են ակցիաների շարունակականությունը՝ այդպիսով ՀՀ քաղաքացիների անհամաձայնությունը հայտնելով հնչեցված գնահատականների հետ:  

«Բեկում» ժողովրդավարության աջակցության կենտրոն ՀԿ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter