HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Մենք այնքան ենք սիրում մեր բանակը, որ չէինք կարող մարտի բռնվել նրա հետ. Նիկոլ Փաշինյան

Այսօրվա հանրահավաքում ելույթ ունեցավ նաեւ ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը: Նա անդրադարձավ 5 տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններին եւ ասաց, որ Մարտի 1-ին Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը «տանկերով օկուպացրին» Երեւանը, իսկ ՀՀ ազատասեր քաղաքացուն կանգնեցնելու համար ստիպված գործի դրեցին տարածաշրջանի ամենամարտունակ բանակը:

«Բայց բանակը չէ, որ կանգնեցրեց ՀՀ քաղաքացուն: 2008 թ. մարտի 1-ին քաղաքացուն կանգնեցրեց սերը: Մենք այնքան ենք սիրում մեր մայրաքաղաքը, որ չէինք կարող պատերազմել նրա փողոցներում: Մենք այնքան ենք սիրում մեր բանակը, որ չէինք կարող մարտի բռնվել նրա հետ: Մենք այնքան ենք սիրում մեր ոստիկանությանը, որ չէին կարող հարձակվել նրա վրա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա՝ ընդամենը հետընտրական 10 օրը բավական էր հիմնավորելու համար, որ Սերժ Սարգսյանն «իր նախորդի տխրադեմ շարունակությունն է», ինչի ամենաաղաղակող ապացույցը 3 օր առաջ ԵՊՀ-ում տեղի ունեցածն է:

«Համացանցում հայտնված նյութից բացահայտվում է, որ ԵՊՀ-ի հանրապետական ռեկտորի հանրապետական օգնականը քաղաքացիական պայքարի ելած ուսանողների եւ երիտասարդների դեմ մարտի է կանչում, ինչպես ինքն է ասում՝ ախալքալաքցիների զորքին: Սա ամոթալի եւ աղետալի փաստ է»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, թե բավարար չէ, որ ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահները խաղացել են ԼՂՀ հերոսական ժողովրդի պայծառ անվան հետ, հիմա էլ Ջավախքի հերոսական ժողովրդին են ուզում անթույլատրելի լույսի ներքո ներկայացնել քաղաքական ու անձնական շահերի համար:

Ն. Փաշինյանը շեշտեց՝ «հայ ժողովուրդը միասնական է, եւ վերջ», եւ ինքը, որ ծնվել ու դպրոցն ավարտել է Իջեւանում, իջեւանցի է նույքան, որքան երեւանցի, ղարաբաղցի, գորիսեցի եւ ախալքալաքցի:

«Եվ ես ասում եմ որպես ախալքալաքցի, որպես ջավախցի՝ մեզ չեք կարող վարձկան դարձնել մեր իսկ եղբայրների դեմ՝ մեր կռվի վրա ձեր ձեռքերը տաքացնելով»,- ասաց Փաշինյանը՝ ավելացնելով, որ Ազատության հրապարակի ժողովրդի պայքարը բռնության, ապօրինության դեմ է եւ որ ժողովուրդի պայքարը նաեւ միասնության համար է:

Փաշինյանը խոսեց նաեւ այն հարցի մասին, թե ինչպես եւ ում հետ է պատրաստվում կառավարել երկիրը Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Վերջինիս ջանքերը, իմ համեստ կարծիքով, պետք է ուղղված լինեն բացառապես ժողովրդին վստահություն ներշնչող կառավարական թիմի, նոր իշխանության ձեւավորմանը, եւ այն Ազատության հրապարակի հաստատմանը ներկայացնելուն»,- նշեց բանախոսը եւ շեշտեց, որ ինքն անձամբ ոչ մի պայմանով չի հավակնում եւ չի լինելու նոր իշխանության կազմում, «որպեսզի որեւէ մեկն առիթ անգամ չունենա Ազատության հրապարակի ոգեղեն եւ մաքրամաքուր պայքարը ներկայացնել որպես աթոռակռիվ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter