HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հետմիտինգային միջոցառում Ազատության հրապարակում՝ Քաղաքացիական հրապարակ-ֆորում

Րաֆֆի Հովհաննիսյանի ուրբաթօրյա հանրահավաքից  և Ռուբեն Հախվերդյանի համերգից հետո Ազատության հրապարակում կայացավ Քաղացիական Հրապարակ-Ֆորում միջոցառումը, որի մասնակիցները քննարկեցին խորհրդարանական համակարգին անցնելու առավելություններն ու թերությունները: Ներկայացնում ենք միջոցառման համառոտագիրը:

Արա Նեդոլյան՝ խորհրդարանական կառավարման դրական կողմերից է այն, որ քաղաքացիների ձայները այդ դեպքում չեն կորում և դառնում են իրենց նախընտրած քաղաքական ուժի խորհրդարանական ֆրակցիա, մինչդեռ նախագահական համակարգում կա հաղթող որը ստանում է ամեն ինչ ու պարտվող/ իր ընտրազանգվածով, իր մոտեցումներով/, ով չի ստանում ոչինչ: Հաղթանակած նախագահին Սահմանադրությունը չի պարտավորեցնում որևէ կերպ հաշվի նստել այլ քաղաքական ուժերի ու հասարակության հետ, նա անվերահսկելի է: Մինչդեռ խորհրդարանական համակարգը, հիմնված չլինելով «ամեն ինչ կամ ոչինչ» սկզբունքի վրա, պարտավորեցնում է քաղաքական ուժերին դիմել բանական հաղորդակցմանը, ունակ լինել համագործակցելու, պայմանագրեր ու դաշինքներ ստեղծելու: Այսպիսով, բանական հաղորդակցությունը գալիս է փոխարինելու ուժային հարաբերություններին: Իբրև խորհրդարանական համակարգի հնարավոր սպառնալիք կարելի է առանձնացնել այն, որ պարլամենտը անհնարին է առանց պարլամենտարիզմի մշակույթի, և հնարավոր է որ տարբեր քաղաքական ուժերը պարզապես չկարողանան բանական համագործակցել, օրինակ, ի վիճակի չլինեն ձևավորել գործունյա կառավարություն, ինչը հղի է քաոսով: Սակայն, մյուս կողմից, առանց այդ սկզբնական փորձությունով անցնելու ու դա հաղթահարելու՝ չի էլ կարող ձևավորվել պարլամենտարիզմի մշակույթ, ամեն բան շարունակելու է հիմնված լինել ուժային հարաբերությունների վրա:

Սամվել Գաբրիելյան՝ իսկ ես կտրականապես դեմ եմ կուսակցությունների իշխանությանը, դեմ եմ նաև համամասնական սկզբունքով ընտրություններին, տեսեք թե ինչ են ներկայացնում իրենցից բոլոր մեր կուսակցությունները, դրանք առաջնորդին սպասարկող խմբեր են ընդհամենը:

Դավիթ Ստեփանյան՝ իրականում եթե լինի կայացած ժողովրդավարական համակարգ՝ մեծամասնականը իսկապես որ շատ ավելի հորիզոնական ձև է, քան համամասնականը, քաղաքացին գիտի կոնկրետ թե ում է իր ձայնը տալիս, և կայացած երկրներում մեծամասնականը շատ ավելի քաղաքակիրթ մեթոդ է: Հիմա խնդիրը, կարծում եմ, ոչ թե համամասնականի անցնելն է, երկուսն էլ թող լինեն, այլ խնդիրը նախագահի ինստիտուտի լուծարելն է, քանի որ միայն մեկ անգամ մեր պատմությունում, 91-ին, մենք ունեցանք նախագահ որը բոլորի համար լեգիտիմ էր, դրանից հետո բոլորի կողմից ընդունելի 

Նազարեթ Կարոյան՝ իրականում մեր համակարգը ոչ թե նախագահական է, այլ նախագահական-խորհրդարանական, հենց դա է ստիպում նախագահներին արտադրել նաև մեծամասնություն խորհրդարանում, ստեղծել «իշխող կուսակցություններ», որոնց նմանությամբ էլ կառուցվում են մնացած բոլորը: խորհրդարանական համակարգը մեզ թույլ կտա անցում կատարել մարդ-կուսակցություններից վստահելի կուսակցություններին: Այստեղ շատ տեղին է նաև Պարույր Հայրիկյանի առաջարկած համակարգը, ըստ որի խորհրդարանական ընտրություններում հաղթած թեկնածուն պարտավորվում է նաև ներկայացնել նաև պարտվողի օգտին քվեարկած ընտրողներին, իրենց հետ համաձայնության գալով այդ ներկայացնելու ձևաչափի վերաբերյալ, այդ դեպքում միայն՝ ոչ մի մարդու ձայնը չի կորում, իսկ պատգամավորի իրավասությունները կախված են լինում կոնկրետ քվերակողներից:

Վարդգես Գասպարի՝բայց չէ որ բոլոր հայաստանյան կուսակցությունները իրականում նախագահական համակարգի արդյունք են, ցույց տվեք ինձ մի կուսակցություն, որը պարբերաբար հաշվետու ժողովներ է անցկացնում, նյութական ու քաղաքական  հաշվետվությունը քննարկվում է կուսակցության անդամների կողմից, գաղափարախոսության, քաղաքական ռազմավարության ու մարտավարության հարցերը քննարկվում են այդ ժողովում, համատեղ որոշվում:

Արա Նեդոլյան՝ դա էլ հենց նախագահական համակարգի արդյունք է, այժմ Ձեր նշված գործող կանոնադրությունը պարզապես պետք չէ, որովհետև բոլոր կուսակցությունները, փաստորեն, աճեցնում են նախագահացու, խարիզմատիկ, միայնակ հերոս, դա է իրենց նպատակը: Այ երբ նպատակը կլինի խորդարանում աշխատելը՝ այդ դեպքում կսկսեն գնահատվել միտքը, գաղափարը, հաղորդակցությունը:

Դավիթ Սանասարյան՝ ես կողմ եմ խորհրդարանական կառավարմանը, ու դեմ եմ մեծամասնական ընտրություններին, մենք տեսնում ենք որ այդ ընտրություններով խորհրդարան են անցնում հիմնականում ոչ-քաղաքական, ոչ-խորհրդարանական, իշխանական դրածոները: Կարծում եմ, որ կառավարումը պետք է լինի 100  տոկոսով խորհրդարանական, իսկ ընտրությունները 100 տոկոսով համամասնական: Իսկ որ կուսակցական ցուցակների տեղերը պայմանավորված լինեն ոչ թե առաջնորդի, այլ նաև ընտրողի կամքով, կարծում եմ պետք է անցկացնել ռեյտինգային քվեարկություն, այսինքն՝ ընտրողին առաջարկվում է միանգամից ամբողջ կուսակցական ցուցակը, իսկ արդեն նա է որոշում, ում է նա ավելի գերադասում, ում՝ պակաս: Դա դուրս կբերի կուսակցություններին լճացումից:

Դավիթ Ստեփանյան՝ խոհրդարանական մոդելին անցնելը դա հենց հիմայի, քաղաքական այս պահի հարց է, անենք վերջապես այնպես, որ ինչ-որ մեկ փրկիչ չլինի:

Նազարեթ Կարոյան՝  խնդիրը ի վերջո քաղաքական է, կկարողանան թե ոչ քաղաքական ուժերը ստեղծել մի նոր իրավիճակ, նոր խնդիրներով ու հնարավորություններով, և դուրս գալ այս եղածից, որը անընդհատ վերարտադրվելու է: Կա մի շատ սուտ ու սխալ հակափաստարկ խորհրդարանական կառավարման դեմ, որ իբր մենք պատերազմող երկիր ենք, ու մեզ պետք է մոբիլիզացված, գերկենտրոնացված համակարգ, հետևաբար նախագահ, բայց դա իրականում փաստարկ չէ, եթե մենք հիշենք 1988-92 թվականները, կտեսնենք, որ իրականում պատերազմի, պետության անլախացման ու ստեղծման փուլում փայլուն գործում էր հենց ապակենտրոնացված համակարգը, մարդկանց ինքնակազմակերպման շնորհիվ, ավելին, կասեմ, որ մեր հաղթանակի հիմքերը դրեց հենց այդ համակարգը:

Վարդգես Գասպարի՝ իսկ ի՞նչ կասեք, եթե այդ ձեր խորհրդարանական համակարգում պայմանական մի ԲՀԿ բռնի ու վերցնի ձայների 100 տոկոսը: Որն է այդ դեպքում տարբերությունը նախագահականի հետ:

Դավիթ Ստեփանյան՝ եթե դու ունես խորհրդարանական համակարգ, դու կունենաս նաև այլ ԲՀԿ, որը նման բանի ընդունակ չի լինի

Վարդգես Գասպարի՝ ընդունակ չի լինի ինչի՞ հաշվին, մի գուցե հենց քաղաքացիական հասարակության շնորհիվ, բա եկեք դրա մասին խոսենք:

Քաղաքացի՝ տղերք ջան ձեր ցավը տանեմ, պտի հասնեմ Հոկտեմբերյան, հատուկ եկել եմ ձեր էս միտինգին, դե մի բան արեք տուն հասնեմ – ոմանք կոպեկներ են տալիս,

Վարդգես Գասպարի՝ ես սկզբունքորեն բարեգոչծություն չեմ անում, որովհետև իմ աշխատողները եթե դա տեսնեն՝ կասեն ախր մեր աշխատավարձները բարձրացրու, ոչ թե բարեգործությունով քեզ մեծարի:

Քաղաքացի՝ տղեք ջան, ես ի նկատի ունեի տաքսիով հասնեմ Հոկտեմբերյան: Հավաքվածները զարմացած սուլոցներ են հնչեցնում, քաղաքացին մտափոխ է լինում ու նորից համաձայն է ավտոբուսի, բայց արդեն տպավորությունը փչացրել է, էլ չեն տալիս:

Մոտենում է մի այլ քաղաքացի, ոգելից խմիչքների ազդեցության տակ, անհոդաբաշխ ինչ-որ բան է խնդրում:

Հնչում է առաջարկ՝ ժողովուրդ, էսօր չավարտե՞նք Ֆորումը, ոնց որ թե չարժի հրապարակում վերջինը մնալ: Մյուս անգամը՝ մյուս հանրահավաքից  հետո, փեետրվարի հինգին, Վարդգես Գասպարին առաջարկում է թեմա՝   ստվերային, ավելի ճիշտ՝ այլընտրանքային կառավարության ձևավորման գաղափարը, ներկաները համաձայնում են:

Հիշեցնենք, որ Քաղաքացիական Հրապարակ-Ֆորումի սկզբունքն է՝ թեմաները չեն քարոզվում, նրանք քննարկվում են: Մինչ հանդիպում Ազատության հրապարակում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter