HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հատված անտիպ «Հալոցք» գրքից. Լեռ Կամսար

Հայը անհարմար ազգ է, անգամ եթե հզոր  ծնվի՝ նախարարությունների ու կուսակցությունների բաժանված ինքն իրեն պիտի կոտորի: Դա նրա մասնագիտությունն է դարձել դարերով։
                                                                          Լեռ Կամսար

Հինգշաբթի 18.- Կար ժամանակ, երբ հայ ազգի ղեկավարները, մեծ պետությունների դռներն ընկած, անկախություն էին մուրում ու չէին ստանում։ Իսկ հիմա, որ ՄԱԿ-ը կտուրը բարձրացած բղավում է՝ հե՜յ, աշխարհի բոլոր մանր ազգեր, եկեք ձեզ անկախություն տամ, հայ ազգը չի երևում... Ասիայի ու Աֆրիկայի մոտ երեսուն վայրենի ցեղեր եկան իրենց անկախությունն առան գնացին, իսկ հայությունը չկա ու չկա։

Ամեն անգամ, երբ ՄԱԿ-ը հայի անունը կարդում է, կողքի նստողները ասում են՝ «բացակա»: Այդ անտերի անկախությունն էլ այնպիսի բան չէ, որ տա մեկին, ասի՝ տար Հայաստանին տուր. ամեն ազգ իր ոտքով պիտի գա ստանալու։ Թեև դիվանագիտության մեջ պատահել են դեպքեր, երբ մի պետություն շատ փոքր լինելով, պատ բռնելով է քայլել, ու մի մեծ պետություն գրկած՝ ՄԱԿ է բերել իր անկախությունը ստանալու։

Այսպես արեց Ռուսաստանն Ալբանիային։

Խե՜ղճ հայ ազգ... ՄԱԿ-ը երևի չի իմանում՝ այս հիսուն տարում ինչե՜ր անցան նրա գլխով։ Դա մի խուրջին էր, ձգված Բարդողյան լեռնաշղթայի ուսովը։ Մեկ թայը կախված էր Թուրքիա, մյուսը՝  Ռուսաստան։

1915 թվին Թուրքիան խուրջինի իր մասը դատարկեց իսպառ, իսկ ռուսական մասի Հայաստանն էլ 1921 թվին ընկնելով բոլշևիկյան իշխանության տակ՝ իբրև ազգ պրոթեզ դարձավ։ Թխկացնում ես՝ հայ ազգի ձեն չի տալիս։

Ասա տեսնենք, սիրելի ՄԱԿ, մի փայտե ոտ ունեցող ազգ կարո՞ղ է  ներկայանալ քո տված անկախությունը ստանալու։ Կամ ստանա՝ ի՞նչ անի, երբ սեփական տուն չունի։ Տաճկաստանում անկախություն պահանջելու համար կոտորվեց, հիմա էլ անկախություն պահանջի ու կոտորվի բոլշևիկների՞ց։

Կոտորվել թուրքերից փառք է, իսկ  կոտորվել հայերի՞ց, դա սոսկալի է։ Ամբողջ ընտանիքով գաղթել Շահ Աբասի ձեռքով դեպի տաք Իսպահան՝ երանություն է, իսկ կին-երեխաներով աքսորվել Սիբիրի սառնամանիքը հայ  բոլշևիկի ձեռքով՝ ահռելի է։ ՄԱԿ ջան, մեր անկախության վրա գրիր «ցպահանջ» ու պահիր. աշխարհ է, ո՜վ գիտի, գուցե մի օր կազատվենք բոլշևիկյան լծից։ Այն ժամանակ կգանք ու կստանանք մեծ շնորհակալությամբ։  Ցտեսություն։

ՄԱԿ-ին ճամփու դնելուց հետո, եկեք ազգովին նստենք և մեր մեջ խոսենք։ Մեր ազգը ա՞զգ է, որ դրա համար անկախություն պահանջենք։ Ե՞րբ ենք մենք մի ազգ եղել։ Նախկինում բաժանված ենք եղել չորս նախարարության, ներկայումս՝ չորս կուսակցության։

Չորս չորս էլ՝ հավասար է ութի։ Անկախությունը որքա՞ն  մեծ լինելու է, որ ամբողջ ութ պետության բավարարի։ «Պետություն» եմ ասում, որովհետև այս մասերը հաճախ պատերազմի են ելել իրար դեմ ու դիակներ փռել։

Վարդանանց պատերազմին Վասակ  Սյունին պարսկական փղեր հանեց Հայաստանի դեմ, 1921 թվականին հայ բոլշևիկը ռուսական բանակ կանչեց երկիր, հայությունը բնաջնջելու։

Օտար պետությունները երբ պատերազմում են իրար հետ, վերջ ի վերջո հաշտության պայմանագիր են կնքում։ Բայց հայ ցեղի այս բաժան մասերը մի րոպե զինադադար անգամ չեն կնքում։ Պատերազմող պետությունները քսանմեկ տարեկան երիտասարդներ են բանակ կանչում, իսկ սա հայկական պետությունները զորակոչում են ի ծնե։

Այն ատելությամբ, որով ատում են Հայաստանի այս կուսակցությունները իրար, եթե թշնամու դեմ դուրս գային, նրանց դեմ ոչ թուրք, ոչ պարսիկ, ոչ բոլշևիկ կդիմանային։ Հիշո՞ւմ եք, երբ առաջին համաշխարհային պատերազմի ավարտին դաշնակները և ռամկավարները գնացին Փարիզ անկախություն ուզելու՝ ռամկավարները կախվեցին, բայց չապրեցին դաշնակների «անկախում»: Ինձ որ լսեք՝ կհրաժարվեք այս մեկ ութերորդ անկախությունից...

Առածն ասում է՝ «Պահք ուտեմ  ժաժի՞կ ուտեմ»։

1960թ. (անտիպ)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter