HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Արփինե Գալֆայան. «Պետք է թոթափել այն մտայնությունը, որ ընտրություններով ենք փոխելու իրավիճակը»

«Հետքի» հարցերին պատասխանում է ՄԻԺԻ (Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ) նախագահ Արփինե Գալֆայանը: Նա համոզված է, որ սոցիալական ու քաղաքացիական տարբեր խմբեր պետք է հրապարակավ և հենց հրապարակում խոսեն ու պայքարեն իրենց խնդիրների մասին` ստեղծելով քաղաքական օրակարգ:

Ինչպե՞ս եք գնահատում հասարակության քաղաքացիական ակտիվությունը 2008 և 2013 թթ. նախագահական ընտրություններից հետո:

Հայաստանում կա այդ ֆենոմենը. 5 տարին մեկ են զանգվածային «արթնացումներ» տեղի ունենում: Փոփոխությունների հույսը մարդիկ կապում են ընտրությունների և քաղաքական առաջնորդների հետ, ինչը նաև հնարավորություն է տալիս մանիպուլացվելու:

Եթե համեմատենք 2008թ.-ի հետընտրական իրավիճակի հետ, ապա կա «ընդդիմադիր» քաղաքական առաջնորդների տարբերություն: 2008-ին առաջնորդն ավելի կուռքային էր. նրան կախարդված լսում ու հավատում էին, սակայն դա գիտակից քաղաքական վստահություն չէր: Սպասում էին նրա ամեն մի խոսքին և հիմնականում անվերապահորեն ընդունում նրա որոշումները: Նման մոտեցումների արդյունքում ամրապնդվեցին «ով մեզ հետ չէ, մեր դեմ է» մտայնությունը և ամբոխավարությունը:

Այն քննադատության տեղ չէր թողնում, բացառող էր և քայքայիչ թե՛ ընդդիմադիր ուժի, թե՛ ավելի լայն հանրության համար: Հիմա շատերը հարցականի տակ են դնում Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքն ու որոշումները, արդեն անձանց վրա չեն հիմնում իրենց գործունեությունը, այլ ակնկալում են քաղաքական առողջ մտքեր, ծրագրեր, քաղաքական դաշտից պահաջում են որոշում չկայացնել առանց հանրության ու ժողովրդի իրական մասնակցության:

Քաղաքացիական դաշտում վերապահություն կա քաղաքական ուժերի ու գործիչների նկատմամբ և ավելի շատ ձգտում կա ստեղծելու ինքնուրույն, գիտակից գործընթացներ: Դաշտն ավելի քննադատական է:

Կարծում եմ` 2008-ն իր իմպուլսը տվեց, որպեսզի թե քաղաքական, թե քաղաքացիական դաշտում որոշակիորեն կոտրվի վախի մթնոլորտը, բարձրացվեն հարցեր ու պահանջվեն լուծումներ, որոնց մասին նախկինում չէին խոսում: Այս 5 տարիների ընթացքում ձևավորվեցին բազմաթիվ քաղաքաքացիական նախաձեռնություններ ու գործոններ, մեծ ակտիվություն գրանցվեց:

Ինձ համար այժմյան գործընթացները կարող են արժևորվել, եթե դրանք քաղաքական ու քաղաքացիական մշակույթի ու գործընթացների իմաստով բերեն նոր որակի արմատական փոփոխությունների: Օրինակ՝ քաղաքացիները, սոցիալական տարբեր խմբերը սկսեն ինքնակազմակերպվել, Ազատության հրապարակը, համալսարանները, տարբեր այլ վայրեր վերածեն ազատ խոսքի, ազատ մտքի, քննադատական, ստեղծագործական ազատ տարածքների:

Ինչպե՞ս եք պատկերացնում այդ ինքնակազմակերպումը, որովհետև մի կողմից կան առանձին հասարակական ակտիվ խմբեր, բայց մյուս կողմից դա դեռևս համատարած չէ:

Ճիշտ է, մեզ մոտ ազատության և քաղաքացիական մասնակցության մշակույթը շատ թույլ են դեռ, բայց զարգացման միտում կա: Գոյություն ունեցող ակտիվ խմբերը, քաղաքացիները պետք է կարողանան իրենց խնդիրները ձևակերպել ու պահանջներ դնել քաղաքական դաշտի առջև: Այսօր այդ հարցերը պետք է քննարկվեն Ազատության հրապարակում և դրվեն հանրային օրակարգում` իրական ժողովրդավարական մոդելներ մշակելով ու իրականացնելով: Հարցեր կան, որ շատերին են անհանգստացնում, և դրանց մասին պետք է խոսել հրապարակավ, խոսել հենց հրապարակում. օրակարգեր ձևակերպել ու լուծումներ մշակել:

Դուք նշեցիք մշակույթի բացակայության մասին, բայց արդյոք հասարակության որոշ շրջանակներում առկա հիասթափությունը ևս ազդեցություն չի՞ ունենում: 

Կարծում եմ` հիասթափությունն այնտեղից է գալիս, որ մարդիկ իրենց սուբյեկտ չեն համարում, պատասխանատվություն չեն վերցնում իրենց ճակատագրի համար, այլ ամբոխային տրամաբանությամբ հիանում են անձերով, հավատում են անձերին (ընդ որում, հենց նույներին, ովքեր տարիներ շարունակ չեն հաջողել վիճակը բարելավել և մեծ պատասխանատվություն են կրում ներկա դրության համար):

Եթե գնում ես ինչ-որ մեկի հետևից ու ճանապարհին տեսնում ես, որ իրականում նա չի տանում այն տեղը, որ խոստացել է, կհիասթափվես: Բայց եթե ինքդ ես ճանապարհը հարթողը, եթե ճանապարհն անցնում ես այլոց հետ գիտակից համաձայնության գալով, փոխադարձ վստահությամբ, ապա հիասթափության մասին խոսք չի կարող լինել: Հնարավոր է մի բան չստացվի, բայց գիտես, որ դեպի նպատակն ես գնում`ինչ-որ անգամներ հաջողություն կունենաս, ինչ-որ անգամներ կվրիպես:

Եթե ամեն մարդ ապրի այնպես, կարծես ինքն այս «ֆիլմի սցենարիստը, ռեժիսորն ու գլխավոր դերակատարն» է, այլ ոչ թե երկրորդական անկարևոր մի պերսոնաժ, հիասթափություններն ավելի քիչ կլինեն և փոփոխություններ տեղի կունենան` իրականությունը բարելավելով:

Այնուամենայնիվ, մարդիկ, ովքեր ընտրությունից ընտրություն հիասթափվում են, կրկին սպասում են, որ կհայտնվի այդ ինչ-որ մեկը, ով կբարելավի իրենց վիճակը:

1992թ.-ից հետո մենք բավականաչափ ժամանակ ենք ունեցել համոզվելու, որ ընտրափրկիչների մեխանիզմը չի աշխատում: Քանի դեռ Հայաստանը իրական ժողովրդավարական պետություն չէ, ընտրությունների մեխանիզմն այստեղ չի էլ կարող աշխատել: Ուրեմն պետք է թոթափել այն մտայնությունը, որ ընտրություններով ենք փոխելու իրավիճակը: Նախ փոխվում է գիտակցությունը, մշակույթը, հանրությունը սկսում է ինքնակարգավորման, համակեցության ապրող մեխանիզմներ գործի դնել: Հետո ընտրություններն ամրագրում են այդ փոփոխությունը: Փոքր ու մեծ բջիջներով ամեն օր ու ամեն տեղ մարդիկ պետք է մասնակցեն նոր որակի քաղաքականության մշակմանն ու կենսագործմանը:

Իսկ ինչպե՞ս եք պատկերացնում ինքնակազմակերպումը մարզերում, որտեղ հասարակությունը շատ ավելի պասիվ է:

Այդ խնդիրը կա: Առավել ևս, որ մարզերն ավելի փակ են, հանրույթը փոքր է, շատերն իրար ճանաչում են: Բողոքելն ավելի դժվար է, որովհետև սկսում են ազդել շատ անձնական գործոններ: Մարզերում հանդիպել ենք երիտասարդների, ովքեր մտածում են, որ իրենց մոտ ոչինչ հնարավոր չէ փոխել: Հետո քննարկման ընթացքում, ուրիշների պատմությունները լսելով, սկսում էին հիշել, որ իրականում իրենք էլ ինչ-որ բաներ հաջողեցրել են: Ուղղակի նրանք չեն ֆիքսել, որ այդ փոփոխությունն իրենց շնորհիվ է տեղի ունեցել: Իրականում նման դեպքերի բացահայտումը կարող է վստահություն տալ սեփական ուժերի նկատմամբ, վերականգնել հավատը` իրավիճակը փոխելու համար:

Նաև շատ կարևոր է, որ կապեր ստեղծվեն Երևանի ու մարզերի միջև, ու նաև տարբեր մարզերի միջև: Առավել ևս, որ դրան նպաստում են տեխնոլոգիաները: Այդպիսով տարբեր տեղերում պայքարող խմբերը կիմանան, որ իրենք միայնակ չեն, կկարողանան աջակցել միմյանց, ավելի ազդեցիկ կդառնան:

Ինչպե՞ս պետք է գործի քաղաքացիական հասարակություն և քաղաքականություն կապն այն դեպքում, երբ քաղաքացիական հասարակություն ներկայացուցիչները կարող են մտնել քաղաքական դաշտ:

Այո, ակտիվիստներ կան, որոնք ձգտում են նաև ֆորմալ քաղաքական դաշտ մտնելու, բայց դա լիովին նորմալ եմ համարում, դա անհատական որոշում է: Մեկն իր դերը տեսնում է փողոցում ակցիաներ կազմակերպելու մեջ, մյուսը` քաղաքական կուսակցության մեջ ներգրավվելու և այլն:

Չեմ ուզում տարբերություն դնել քաղաքական և քաղաքացիական դաշտերի մեջ, որովհետև երբ կա ազատ ու գիտակից քաղաքացիականություն, քաղաքականությունը նոր որակ է ստանում և իրականում կերտվում է ամեն տեղ: Քաղաքացիական հասարակությունը ոչ թե առանձին մարմին, ինստիտուտ եմ դիտարկում, այլ ավելի շատ մշակութային ֆենոմեն, որը հենց կարելի է կոչել քաղաքացիականություն: 

Բայց եթե ֆորմալ իմաստով տարանջատելու լինենք այս երկուսը, ապա կարելի է ասել, որ Հայաստանում քաղաքական ու քաղաքացիական դաշտերի համագործակցությունը չի կայանում, որովհետև իրականում երկուսն էլ կայացած չեն, մասնավորապես կուսակցական քաղաքական դաշտը: Կուսակցությունները չեն կատարում քաղաքականություններ մշակելու իրենց գործառույթները: Միաժամանակ նրանք կտրված են հասարակությունից:

Բացի այդ, կուսակցությունները հիմնականում վերամբարձ մոտեցում ունեն քաղաքացիական բջիջների նկատմամբ: Կա վերևից ներքև մոտեցումը, որ քաղաքացիական նախաձեռնությունները պիտի սև գործը անեն`խնդիրները ձևակերպեն, հանրությանն ակտիվացնեն, հետո խնդիրները տան կուսակցություններին, որ վերջինները, իբր, խորհրդարանում դրանք լուծեն, որոշումները կկայացնեն:

Կազմակերպված հանրությունը որպես հավասար, ինքնուրույն գործորդ չի դիտվում: Իսկ քաղաքացիականության հասկացությունը և դրա առնչությունը իրական ժողովրդավարական քաղաքականության հետ դեռևս չի ընկալվում: Կուսակցությունները դարձել են ավելի շատ նեղ խմբակային շահեր հետապնդող ինստիտուտներ, որոնք իշխանական աթոռների են ձգտում, սակայն հանրային շահի համար չեն աշխատում և գիտակից զանգվածային աշխատանք չեն տանում: Դրա համար էլ կարծես ժամանակավրեպ կառույցներ են դարձել. հեղափոխվելու կարիք ունեն:

Դեռևս նոր ձևավորվող քաղաքացիական հասարակությունն այս պահին ինչպե՞ս կարող է օգտագործել իրավիճակը, որ կարողանա իր ակտիվությունը դրսևորել նաև ընտրություններից և հետընտրական զարգացումներից դուրս:

Կա բավականին մեծ մոբիլիզացիա, կա ինչ-որ բան ստեղծելու, փոխելու ձգտում: Մեծ նվաճում կլինի, եթե այս գործընթացում տարբեր սոցիալական ու քաղաքացիական խմբեր դուրս գան փողոց ոչ միայն զուտ դժգոհությունն արտահայտելով` լիցքաթափելու համար, այլև դրական ոգով բողոք ու պահանջադիրություն արտահայտելու, նոր դրական բան ստեղծելու, փողոցները իրենցով լցնելու,ապրեցնելու համար:

Դրա համար պետք է, որ կարողանանք անհատապես  ու միասին պատկերացնել այն իրականությունը, որն ուզում ենք, որ լինի, և սկսենք հետևողական ու ստեղծագործական աշխատանք տանել այդ իրականությունը կյանքի կոչելու համար: Փողոցում, հրապարակներում, պուրակներում մարդիկ ստեղծեն ու իրականացնեն իրական ազատ ու գիտակից մասնակցային քաղաքականություն. խնդիրներ քննարկեն, դասախոսություններ կազմակերպեն, մշակութային միջամտություններ անեն, որոշումներ կայացնելու նոր, մասնակցային, արդար ձևաչափեր փորձարկեն:

Պետք է միասին մտածենք, թե ինչպիսի հանրույթներ, ինստիտուտներ կամ պետություն ենք ուզում, ձևակերպենք: Պատկերացնենք դա, ձգտենք ու ներշնչվենք դրանով և իրականացնենք: Ու իմանանք, որ եթե մենք դա հիմա չանենք, ոչ ոք մեզ համար ու մեր փոխարեն չի անելու:

Լուս.՝ Արփինե Գալֆայանի ֆեյսբուքի էջից

Մեկնաբանություններ (1)

aram
Would it be possible to translate this interview into English and Russian so the diaspora realizes that there is a generation of young Armenians who are inspiring and hopeful

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter