HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հովհաննես Սահակյան. «Րաֆֆի Հովհաննիսյանը ուղղակի պարապ է մնացել, դրա համար էլ միտինգ է անում»

Գրեթե միշտ հետընտրական շրջանում լինում են դժգոհություններ, հանրահավաքներ, և դա շատ վտանգավոր է Հայաստանի համար: Այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, այսպիսի կարծիք հայտնեց ՀՀԿ ներկայացուցիչ Հովհաննես Սահակյանը՝ հավելելով, որ քաղաքականության մեջ քաղաքակրթությունն այն է, որ պարտվող կողմը արժանապատիվ կերպով ընդունի պարտությունը, նաև ձեռքսեղմումով շնորհավորի հաղթողին, քանի որ ընտրությունները եղել են օրինական և թափանցիկ:

«15.700 հանձնաժողովի անդամներ են վերահսկել ընտրական գործընթացը, ինչպես նաև բազմաթիվ փորձագետներ, միջազգային դիտորդներ: Կարծես թե որևէ արտառոց դեպք չի եղել: Սա նշանակում է, որ ընտրությունները վերջնական տեսքով օրինակելի են և թափանցիկ»,- ասաց ՀՀԿ ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ հետընտրական շրջանում միայն ապատեղեկատվություն է տարածվում, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի գրած դիմում-բողոքներն ուղղակի փաստացի հիմք չունեն, քանի որ չեն եղել ոչ լցոնումներ կամ գողացված արկղ, ոչ էլ առևանգում և ծեծ ու ջարդ:

Մամուլի ասուլիսի մյուս բանախոսը՝ իրավապաշտպան Վարդան Հարությունյանը, ասաց, որ իշխանությունները չեն կարողանում իրականացնել պատշաճ ընտրություններ կազմակերպելու և անցկացնելու իրենց գործառույթը:

«Միշտ էլ ընտրություններից հետո լինում են մարդիկ, ովքեր փորձում են վիճարկել ընտրությունների ադյունքները, լինում են նախագահի թեկնածուներ, ովքեր հայտարարում են, որ իրենք են նախագահը: Պատասխանատվությունը իշխանությունների վրա է, որ չեն կարողանում այնպիսի ընտրություն ապահովել, որ նման հայտարարություններ չլինեն»,- ասաց Վարդան Հարությունյանը:

Անդրադառնալով միջազգային դիտորդների զեկույցներին՝ Վարդան Հարությունը նշեց, որ և 2008-ին, և այսօր նրանք իրենց զեկույցներում թվարկում են հնարավոր բոլոր ընտրախախտումները, իսկ վերջում մեկ նախադասությամբ արձանագրում, որ «այս ընտրությունները եղել են մեկ քայլ առաջ»: Իրավապաշտպանը չի հասկանում, թե ինչու ենք հպարտանում այդ նախադասությամբ:

Իր հերթին Հովհաննես Սահակյանը, անդրադառնալով Ազատության հրապարակում «Ժառանգության» կազմակերպած ցույցերին, ասաց. «Րաֆֆի Հովհաննիսյանը ուղղակի պարապ է մնացել, դրա համար էլ միտինգ է անում, քանի որ քաղաքական այլ զբաղմունք չունի»:

Ելենա Թորոսյան

Մեկնաբանություններ (2)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Դե,իհարկե, բազմահազար մարդիկ Ազատության հրապարակում ու մարզերում «պարապ» են ու «բան չեն հասկանում»: Մենակ դուք` «նժդեհականներդ», եք «ամեն ինչ հասկանում»:
Նարեկ
Էէ ինչ անենք պարոն մեծապատիվ ..., հո չենք կարող ձեր նման ջանասիրությամբ և տքնաջան աշխատանքով, քանդել այս երկիրը, մենք փորձում ենք պարապ մի բան անենք չկործանվենք

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter