HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռիչարդ Կիրակոսյան. «Ռոբերտ Քոչարյանը քաղաքական ուրվական է, իսկ ԲՀԿ-ն՝ քաղաքական դիակ»

«Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական ուրվական է, իսկ ԲՀԿ-ն՝ քաղաքական դիակ: Վերջինիս ուժերը թուլացել են, իսկ Ռոբերտ Քոչարյանը ավելի քիչ է ակտիվ քաղաքական կյանքում»,- այսօրվա ասուլիսում ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը՝ վերլուծելով հետընտրական զարգացումները:

Նրա խոսքով՝ պարզ չէ՝ ընդդիմությունն ունի՞ կոնկրետ ռազմավարական ծրագիր, թե՞ ոչ: Երկրում կա խորը դժգոհություն, քանի որ յուրաքանչյուր 3 հայից մեկն ապրում է աղքատության մեջ, իսկ հարուստներն ավելի են հարստանում:

Բանախոսը նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը այն քաղաքական գործիչն էր, որ նոր քաղաքական մարտավարություն առաջ բերեց. լքելով Երևանը՝ գնաց մարզեր: Սա նաև արժանահիշատակ է նրանով, որ մարզերը անտեսված էին քաղաքական առումով:

Ռիչարդ Կիրակոսյանի խոսքով՝ ինչպես 2008 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը, այնպես էլ այժմ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես է գալիս որպես փոփոխության միջնորդ:

«Իմ կարծիքով իշխանություններն իրենք են իրենց վատ իրավիճակի մեջ դնում՝ հեռուստատեսությամբ շարելով այսպես կոչված գործիչներին՝ Արտաշես Գեղամյան, Խոսրով Հարությունյան կամ Սերժ Սարգսյանի համար երգող Շուշան Պետրոսյան: Արդյոք նրա՞նք են այն դեմքերը, որոնք պետք է օգտագործվեն իշխանության կողմից իրենց ներկայացնելու համար»,- ասաց վերլուծաբանը:

Նա վստահ է, որ բարեփոխումներ և փոփոխություններ տեսնելու հասարակության պահանջները զորեղ են: Փետրվարի 18-ի ընտրությունները, Ռիչարդ Կիրակոսյանի համոզմամբ, կորսված հնարավորություն էին Հայաստանի համար և պետք է լինեին ավելի ազատ և արդար:

Նրա խոսքով՝ նախընտրական շրջանում նկատվում էր մրցակցության պակաս, որն էլ ընտրության օրը դարձավ նշանակալից: Փետրվարի 18-ին հաջորդած յուրաքանչյուր օրվա ընթացքում նորանոր կեղծումների և խախտումների ապացույցներ էին ի հայտ գալիս:

Սոնա Սահակյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter