HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԿ-ների հայտարարությունը ընտրությունների խախտումների բացահայտման ձախողումների մասին

2013թ. փետրվարի 18-ին Հայաստանում տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որոնք ուղեկցվեցին կոպիտ ընտրախախտումներով, որոնց մասին բարձրաձայնել են բազմաթիվ կազմակերպություններ և անհատներ: Այս կապակցությամբ «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ն և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնն իրենց մտահոգությունն են հայտնում ՀՀ իրավապահ մարմինների՝ քրեական գործերը բացահայտելու դժկամության և հանցագործությունների քողարկմանը միտված անօրինական գործողությունների առնչությամբ:

2013թ. փետրվարի 18-ին «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ն դիտորդական առաքելություն է իրականացրել թիվ 17 ընտրատարածքի շուրջ 14 տեղամասերում, որոնք տեղակայված են եղել Արտաշատ քաղաքում և հարակից մի շարք գյուղերում: «Իրավունքի Եվրոպա միավորման» դիտորդական թիմն այդ տեղամասերում աշխատել է կազմակերպության կողմից հրավիրված լրագրողների հետ միասին:

Դիտորդական առաքելության ընթացքում «Իրավունքի Եվրոպա միավորման» թիմը հայտնաբերել է մի շարք ընտրախախտումներ, մասնավորապես՝ քվեատուփի լցոնման, կրկնակի քվեարկության, վարչական ռեսուրսի չարաշահման, դիտորդների և լրագրողների ահաբեկման և ճնշման դեպքեր: Քվեարկության օրը և դրանից հետո «Իրավունքի Եվրոպա միավորման» դիտորդական թիմը մի շարք հաղորդումներ է ներկայացրել ոստիկանություն: Արտաշատի ոստիկանությունը և Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործեր են հարուցել «Իրավունքի Եվրոպա միավորման» դիմումներից մի քանիսի հիման վրա:

Այդ գործերի շարքից է Արտաշատի 17/5 տեղամասում քվեատուփի լցոնման փաստով հարուցված քրեական գործը: Սույն գործով վկաներ են հանդիսանում դիտորդ Նարինե Էսմաելին և լրագրող Արտակ Համբարձումյանը: Նարինեն ծագումով հայ Ամերիկայի քաղաքացի է: Նա Հայաստան է եկել «Դեպի Հայք» ծրագրի միջոցով և ներկայումս պրակտիկա է անցնում «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնում: Դիտորդի և լրագրողի վկայությամբ լցոնումը տեղի է ունեցել, երբ 25-30 տղամարդ ներխուժել են տեղամաս, պահել դիտորդի և լրագրողի ձեռոքերը, որի ընթացքում հանձնաժողովի քարտուղարը բացել է քվեատուփը մի երիտասարդի համար, որն էլ լցոնել է շուրջ 400-500 քվեաթերթիկ:

Այս գործով վարույթն իրականացնում է ՀՔԾ-ի քննիչ Գորիկ Հովակիմյանը: Նրա հրավերով Նարինե Էսմաելին ներկայացել է ցուցմունք տալու իր ներկաայցուցիչ, «Իրավունքի Եվրոպա միավորման» անդամ, փաստաբան Տիգրան Եգորյանը: Քննչական գործողության ընթացքում քննիչի կողմից պարբերաբար ճնշում է գործադրվել վկայի նկատմամբ, փոփոխել վերջինիս ցուցմունքը՝ փորձելով թույլ չտալ վկային ներկայացնելու 17/5 տեղամասում ընտրության օրը տեղի ունեցածի ճիշտ պատկերը:

Քանի որ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի համաձայն՝ փաստաբանն իրավունք ունի ձեռք բերելու իր վստահորդի շահերից բխող ապացույցներ՝ օգտագործելով նաև տեխնիկական միջոցներ և անհրաժեշտ էր ձեռք բերել ապացույցներ ապօրինի քննչական գործողությունների վերաբերյալ, Տիգրան Եգորյանը ձայնագրել է հիշյալ քննչական գործողությունները:

2013թ.-ի մարտի 1-ին Նարինե Էսմաելիի և հանձնաժողովի քարտուղարի միջև առերես հարցաքննության ժամանակ, քննիչ Հովակիմյանը քննչական գործողությունը ձայնագրելու անհրաժեշտության և օրինականության շուրջ վիճաբանություն է սկսել Տիգրան Եգորյանի հետ: Նարինեի ներկայացուցիչը հիմնավորել է իր իրավունքը՝ հղում կատարելով ՀՀ օրենսդրությանը, մինչդեռ քննիչը չի կարողացել ապացուցել նման իրավունքի բացակայությունը:

Շուրջ 40 րոպե վիճաբանելուց հետո, քննիչը դուրս է եկել սենյակից և այնուհետև ներս եկել Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանի հետ, ով արգելել է ներկայացուցչին ձայնագրություն կատարել շատ կոպիտ ձևով՝ կարգադրելով քննիչներից մեկին (սենյակում ներկա են եղել 5 քննիչ), որ նետի ձայնագրիչը զուգարանը: Այնուհետև, չսպասելով անգամ իր կարգադրության կատարմանը, խլել է ձայնագրիչը Տիգրան Եգորյանի ձեռքից և նետել այն պահարանի մեջ: Ավելի ուշ քննիչներից մեկն այն գաղտնի վերցրել է և ջնջել ձայնագրությունը: Այնուամենայնիվ, այդ ձայնագրությունների մի մասը «Իրավունքի Եվրոպա միավորման» տրամադրության տակ է:

Այս գործի քննութան ընթացքը ցույց է տալիս ՀՔԾ-ի դժկամությունը բացահայտելու ընտրախախտումը և պատժելու հանցագործության իրական մեղավորներին: Փոխարենը՝ այս մարմնի ներկայացուցիչները ներգրավված են անօրինական գործընթացների մեջ, ինչը խոչընդոտներ է առաջացնում արդյունավետ քննություն անցկացնելու համար, ինչպես նաև ճնշում գործադրում վկայի վրա և պաշտպանություն ցույց տալիս հնարավոր կասկածյալին:

Իրավունքի Եվրոպա միավորումը և Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը դատապարտում են ՀՔԾ-ի քննիչների, մասնավորապես՝ ՀՔԾ-ի պետ Անդրանիկ Միրզոյանի անօրինական գործողությունները:

Մենք կոչ ենք անում Հայաստանում Ամերիկայի դեսպանատանը միջամտելու և հավաստիացում պահանջելու ՀՀ կառավարությունից իր քաղաքացի Նարինե Էսմաելիի անվտանգության համար:

Մենք նաև կոչ ենք անում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին՝ հատուկ ուշադրություն դարձնել Հայաստանի իրավապահ մարմինների՝ ընտրախախտումները քննելուն և բացահայտելուն ուղղված գործողությունների վրա:

Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանությանը ապահովել, որ բոլոր ընտրախախտումները քննության առնվեն թափանցիկ, արդյունավետ և օրինական ճանապարհով և որ հայ հասարակությունը պարբերաբար իրազեկվի դրանց զարգացումների մասին:

Իրավունքի Եվրոպա միավորում
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Մեկնաբանություններ (1)

Robert Davidian
We need an ARMY of recorders - everyone recording everything - all within Armenian law! These barbaric soviet-minded criminal idiots, including the Head of the Service, Andranik Mirzoyan, will be dragged into the 21st century or go to jail!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter