HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Ռուստամյան. իշխանության հասնելու՝ շարժման առաջին հանգրվանը Երևանի ավագանու ընտրություններն են

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի ելույթը Ազատության հրապարակում այսօր անցկացված հանրահավաքում

Սիրելի հայրենակիցներ

Այսօր հրատապ անհրաժեշտություն է առաջացել՝ գնահատելու, թե որոնք են ներկա փուլում շարժման դիմագրաված գլխավոր մարտահրավերները:

- Պետք է արձանագրել, որ իշխանությունները չեն պատրաստվում բավարարել հետընտրական իրավիճակի լիցքաթափմանն ուղղված՝ Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջները:

- Մի անգամ ևս փաստվեց, որ իշխանությունները հոժարակամ կերպով երբեք չեն գնալու անհրաժեշտ զիջումների: Առավել ևս չեն զիջելու իշխանությունը:

- Դրան կարող է պարտադրել միայն քաղաքական զորեղ գործոնի վերածվող համաժողովրդական շարժումը:

Շարժման մաս կազմող քաղաքական, հասարակական ուժերի և շահագրգիռ բոլոր կողմերի խնդիրն է հստակ ձևակերպված նպատակի և սկզբունքների շուրջ կազմակերպել և կոնկրետ քայլերի ու գործողությունների միջոցով ընդլայնել ու հզորացնել սկիզբ առած այս շարժումը: Ուստի, օրվա հրամայականը շարժման ճշգրիտ հունավորումն ու կազմակերպումն է:

Առ այդ՝ ինչ վերաբերում է շարժման վերջնական նպատակին, ապա այն շատ հստակ է և անփոփոխ՝ հասնել ժողովրդի լիակատար իշխանության հաստատմանը երկրում բոլոր մակարդակներով: Դրան տանող ամենավստահելի ճանապարհն է շարժումն ուղղորդել հանգրվանային հաջողություններ արձանագրող տևական պայքարի հունով: Այսինքն՝ եթե տվյալ պահին չի հաջողվում իշխանությունը վերցնել ամբողջությամբ և միանգամից, դա մեզ չպետք է հիասթափեցնի, այլ մղի մեզ դրան հասնել աստիճանաբար՝ հանգրվան առ հանգրվան:

Ըստ այդմ, իշխանության միահեծան և մոնոպոլ դրվածքը սասանելու, շարժման ռեսուրսը մեծացնելու ցանկացած առիթ և հնարավորություն պետք է լիարժեք օգտագործել՝ հասնելու կոնկրետ շոշափելի արդյունքի: Իսկ դա չի կարող պակաս ձեռքբերում համարվել: Հենց այդպիսի հանգրվանային հաջողություններն են քայլ առ քայլ մոտեցնելու շարժմանը իր հետապնդած նպատակին:

Սա պայքար է լայն ճակատով՝ սկսած ամեն շենքից, թաղամասից, բնակավայրից, քաղաքից մինչև հանրապետության ամենաբարձր մակարդակները: Եվ այս պայքարի մեջ է, որ մեզանից յուրաքանչյուրն իր տեղն ու դերը կտեսնի, ամեն մեկն իր անելիքը կունենա: Այս պայքարն է, որ կհանգեցնի այնպիսի իշխանափոխության, որ ամբողջական կլինի, որ չի ավարտվի սոսկ մարդափոխությամբ, ինչը մենք բազմիցս տեսել ենք, որն իսկապես կհաստատի ժողովրդի իշխանությունը և կերաշխավորի երկրում արմատական փոփոխությունների իրականացումը:

Այդպիսի առաջնահերթ քայլերի գործադրման ծրագիր Դաշնակցությունը առաջարկել է, և մենք համոզված ենք, որ անհրաժեշտ է մեր ողջ ներուժը ներդնել դրա իրականացումը հաջողելու համար: Սակայն ժողովրդի այսպիսի տևական և աննահանջ պայքարը ապահովելու համար անհրաժեշտ է նախ և առաջ ձևավորել շարժման ողնաշարը՝ նրա կազմակերպական կառույցը՝ սկսած կենտրոնական ղեկավարումից մինչև շարժման մարզային ու համայնքային ստորաբաժանումների կազմավորումը:

Այսօր իշխանության հասնելու՝ շարժման առաջին հանգրվանը մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններն են: Հայաստանի նման երկրում Երևանի քաղաքային իշխանությունը ձեռք բերելը շարժման համար վստահաբար կունենա վճռական նշանակություն իշխանության միահեծան այս վիճակը փոխելու և իշխանություններին շատ ավելի լուրջ զիջումներ պարտադրելու ճանապարհին:

Սիրելի հայրենակիցներ,

Այսպես ձևավորված և կազմակերպված շարժումն է, որ, գործելով «հանդարտ ուժի» տրամաբանությամբ, հետզհետե թափ է հավաքելու, դառնալու է անկասելի և անպայմանորեն հասնելու է իր նպատակին, և մենք բոլորս ապրելու ենք մեր երազած Հայաստանում:

Լուս.՝ Սոնա Սիմոնյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter