HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Նրանք պատրաստ չեն զոհողությունների

Նախագահական ընտրություններից հետո սկսված համահասարակական շարժմանն առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը միանալ չի ցանկանում: Չնայած նա հայտարարեց, որ իրականում ընտրություններում հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը, սակայն հավելեց, որ չի միանա այնքան ժամանակ, քանի դեռ չի տեսնում շարժման ղեկավարների կոնկրետ գործողությունները:

Տեր-Պետրոսյանը հրաշալի հասկանում է Րաֆֆի Հովհաննիսյանի նկատմամբ իր առավելությունները. հռետորական ձիրք, հզոր խարիզմա, զանգվածի առաջնորդման ունակություն, բայց ամենակարևորը` ցանկացած պարագայում ծրագրավորված և հետևողական գործողություններ: Տեր-Պետրոսյանը ծրագրավորված էր գործում անգամ այն ժամանակ, երբ Կոնգրեսին տանում էր դեպի մարգինալացում և անփառունակ ու դժգույն վախճանի: Նա պարզ տեսնում է, որ Հովհաննիսյանի սկսած շարժումը նման է օվկիանոսի կենտրոնում փոթորիկի բերանն ընկած մի նավակի, որի նավապետը չգիտի` ինչպես փրկվել հսկա ալիքների երախից ու ափ ելնել: Բայց տեսնելով հանդերձ` նրան օգնել չի ցանկանում:

Օգնությունն, իհարկե, միակողմանի չի լինում: Հովհաննիսյանն այս ընթացքում ոչ մի բանով ցույց չի տվել, որ կոնկրետ Տեր-Պետրոսյանի օգնության, խորհրդատվության կարիքն զգում է: Նա բանակցեց նախագահական ընտրությունները բոյկոտած բոլոր ազդեցիկ ուժերի ղեկավարների հետ, բացի այլևս նախկին ՀԱԿ-ի ղեկավար Տեր-Պետրոսյանից, այսինքն այն մարդուց, ումից, թերևս ամենաշատ բանն ուներ սովորելու և ստանալու: Որովհետև ի տարբերություն մյուսների, վերջինս գործնականորեն է ապացուցել` ինչպես կարելի է զանգվածին հանել փողոց, հրապարակներ և այնտեղ պահել ուղիղ 4 տարի, ինչպես կարելի է չափ տալ ու կառավարել զանգվածի գիտակցությունն ու վարքագիծը: Հովհաննիսյանը թերևս կարծում է, որ եթե փորձի կոնտակտի մեջ մտնել Տեր-Պետրոսյանի հետ, ինչպես, ասենք Գագիկ Ծառուկյանի դեպքում էր, անուղղակիորեն խոստովանելու է, որ չգիտի` «ինչ անելու, ինչպես անելու և ումով անելու» հարցերի պատասխանը, այսինքն՝ չգիտի նավակը ափ հանելու ճանապարհն ու միջոցները: Մյուս կողմից՝ Հովհաննիսյանը հիմա փորձում է գրավել այն դաշտը, որն իր ետևից թողեց նախկին ՀԱԿ-ը և անձամբ Լևոն Տեր-Պետրոսյանը: Ի սկզբանե առաջին նախագահի հետ նրա «կռիվը» հենց այս կարգավիճակը նվաճելուն էր ուղղված: Դիրքային այդ պայքարում հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը, և նա հիմա ուզում է վայելել այն, ինչ ձեռք է բերել հանգամանքների բերումով:

Բայց մյուս կողմից՝ Տեր-Պետրոսյանն ինքը շարժմանը միանալու ցանկություն չունի: Առաջինը նա հայտարարեց, որ դրան կմիանա միայն գործողություններ տեսնելուց հետո` պարզ հասկացնելով, որ այս շարժումն առայժմ ղեկավարվում է ընդամենը էմոցիոնալ անհրաժեշտ ֆոնի ապահովման շնորհիվ, որն էֆեկտիվ կարող է լինել միմիայն իրականության ռացիոնալ գնահատման և սառը քաղաքական հաշվարկների ու ենթատեքստային ծրագրերի վրա:

Բայց շարժումից նրա այս ինքնաօտարման հիմնական պատճառը դա չէ: Նա կարծես Րաֆֆուն փորձում է ասել. պատվիրել ես այդ քաշը, հիմա բարի եղիր բարձրացրու` ըստ էության սկսված այս շարժումն անցկացնելով հենց Հովհաննիսյանի անձի պրիզմայով: Եվ որպեսզի ապացուցի իր հետ Րաֆֆի Հովհաննիսյանի և ՀԱԿ-ի հետ «Ժառանգության» անհամեմատելիությունը, նա լուռ ու սառասրտորեն հետևում է, այս շարժման` արդեն ուրվագծվող դանդաղ մահվանը:

Մինչդեռ հիմա իրականությունը բոլորովին այլ է: 2008-ին շարժումը հիրավի Տեր-Պետրոսյանինն էր, որպես լիդերի. նա էր առաջ տանում համաժողովրդական շարժումը և դրա սիրտն ու հոգին էր: Դա անձնակենտրոն շարժում էր, որը ամրապնդվում ու դրսևորվում էր «Լևոն` նախագահ» վանկարկումների միջոցով: 2013-ին` Րաֆֆի Հովհաննիսյանն է, որպես լիդեր, շարժմանը. դրա համար էլ հիմա ոչ թե «Րաֆֆի` նախագահ» են վանկարկում, այլ` «Հայաստան»:

Արևմտյան քաղաքական մշակույթի և աշխարհըմբռնման կրողը լինելու հանգամանքը Րաֆֆի Հովհաննիսյանին բավականաչափ խորաթափանցություն տվեցին շարժումը հրապարակային մակարդակով իր անձից դուրս դնելու համար: Բայց միայն հրապարակային մակարդակով: Որովհետև ակնհայտ է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի պոտենցիալն օգտագործելուց հրաժարվելը, այլ քաղաքական ուժերի ֆոնին նրա գործոնի միտումնավոր անտեսումն ավելի շատ խոսում է ամբիցիաներին, անձնական վերաբերմունքին տուրք տալու մասին, որը ցանկացած դեպքում բավարարվում է շարժման արդյունավետության հաշվին: Մինչդեռ քաղաքացիականությունը հիմա միակ զոհասեղանն է, որին իմաստ ունի դնել առաջին հերթին հենց մասնավոր շահը, ամբիցաներն ու հետաքրքրությունները. քաղաքացիականության գաղափարի համատեքստում դրանք անհամատեղելի կատեգորիաներ են:  

Նույնը վերաբերում է նաև Տեր-Պետրոսյանին, ով դեռ 2008-ին առաջարկում էր իրեն ընդունել որպես «ավազակապետական ռեժիմը» տապալելու գործիքի, իսկ 2011-ին պնդում էր, թե պատրաստ է միանալ այն ուժին, որը կկարողանա գրավել իրենց տեղը և առաջնորդել իշխանափոխության հանաժողովրդական գործընթացը: Հիմա այդ ուժը՝ լավ թե վատ, կա, բայց չկա դրանում Տեր-Պետրոսյանի մասը: Վերջինս պարզապես չի կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ արդեն իր հերթն է միանալու մի շարժման, որտեղ Րաֆֆի Հովհաննիսյանի, «Ժառանգության», որևէ այլ քաղաքական ուժի գործոնը երկրորդական է և որտեղ քաղաքական ուժերից ու գործիչներից ընդամենը մեկ բան է պահանջվում. ճիշտ հունավորել ու նպատակային դարձնել ինքնաբուխ այս շարժումը: Չկա այն ըմբռնումը, որ դրան միանալով ոչ թե որևէ այլ մեկին, այլ իր իրավունքների հարգման պահանջով հրապարակ դուրս եկած հասարակությանն է ծառայություն մատուցվելու:

Մեկնաբանություններ (1)

Թլկատինցի
Լեւոնը երբէք «ժողովրդավար» առաջնորդ չի եղել եւ չի էլ կարող լենել: 2008-ի շարժում լոկ կռքապաշտութիւն էր ԼՏՊ-ի հանդէպ: Հեղինակը չարաչար սխալւում է թէ ԼՏՊ չորս տարի ժողավրդին պահել է փողոցում...երբեք: Իսկ եթէ մի քանիսին պահել է, միայն որպէս կոյր եւ անգիտակից հետեւորդներ: Անկասկած, Րաֆֆին իր թերութիւնները ունի: Նոյնքան փառասէր է ինչպէս ԼՏՊ բայց կարծում եմ որ ինքը գիտակցում է թէ չի կարելի շահագործել ժողոբրդի վստահութիւնը ինչպէս ԼՏՊ է արել: Ի վերջոյ, Րաֆֆին անկարող է պայքարը իր ցանգացած աւարտին հասցնելու առանց հասարակութեան հոծ եւ գիտակից մասնակցութեամբ, ԼՏՊ միանայ շարժմանը թէ ոչ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter