HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Նարինե Մկրտչյանը հնարավոր է դիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան

«Հետքի» հարցերին պատասխանում է Մամուլի ազգային ակումբի նախագահ, ՀՀ նախագահական ընտրություններին չգրանցված թեկնածու Նարինե Մկրտչյանը: Մարտի 5-ին ՍԴ-ն մերժեց նրա դիմումը, որով նա բողոքարակում էր ՀՀ ԿԸՀ-ի որոշումը: Ըստ այդ որոշման՝ նրան չէին գրանցել որպես ՀՀ նախագահի թեկնածու, քանի որ չէր վճարել 8 մլն ընտրագրավը:  

ՍԴ-ը մերժեց ձեր դիմումը, ըստ այդմ` որո՞նք են լինելու Ձեր հետագա քայլերը, ինչպե՞ս եք շարունակելու ձեր պայքարը:

Իմ պայքարը ոչ սկվսել է ՍԴ-ով, ոչ էլ դրանով է ավարտվելու: ՍԴ դիմելու նպատակը ընտրագրավի անօրինականության խնդիրն իրավական դաշտում լուծելն էր. այդքանով  է պայքարը ՍԴ-ով  պայմանավորված:  Այժմ մտածում ենք դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Հիմա քննարկում ենք դրա հիմքերն ու հնարավորությունները, քանի որ խնդիրը ոչ միայն դիմելն է, այլև վարույթ ընդունելը և հաղթանակ ապահովելը: Բնականաբար, զուգահեռ պետք է տանել նաև քաղաքական պայքար:

Այսօր տարբեր ընդդիմադիր ուժեր և անձինք փորձում են համախմբվել Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ: Ի՞նչ է ձեր դիրքորոշումը: Հնարավո՞ր է դուք էլ միանաք:

Այս պահին Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ համախմբվելը պայմանավորված է ընտրությունների արդյունքներով, այսինքն` ընտրություններում նրա հաղթանակով: Բնականաբար, այս պահին նա է դարձել ընդդիմադիր զանգվածի, քաղաքական բողոքի արտահայտման առանցքը:

Սակայն ես որոշ վերապահումներ ունեմ` կապված Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական վարքագծի հետ: Այս պայքարում ես չեմ տեսնում նրա ոչ քաղաքական, ոչ էլ, առավել ևս, հեղափոխական վարքագիծը, իսկ իրավիճակը հեղափոխական է: Նրա քայլերը համահունչ չեն հասարակության պահանջներին: Լինելով հասարակական ընդվզման ջատագով և համարելով, որ այս պահին դա է միակ ճանապարհը, քանի որ իշխանությունը այլ ճանապարհ չի թողել, այնուամենայնիվ, չեմ կարծում, թե հիմա կմիանամ Րաֆֆի Հովհաննիսյանին: 

Իսկ ի՞նչ պետք է արվի, որ այս պահին ընդդիմությունն ու հասարակությունն իրար համապատասխանեն և համահունչ լինեն:

Քաղաքական առաջնորդները պետք է հասկանան հասարակության պահանջները: Հասարակությունը փոփոխություններ է ուզում, այն էլ` լայնածավալ, արմատական և խորքային: Առաջին քայլն ամբողջական իշխանափոխությունն է: Մինչդեռ այս պահին, ՀՀ նախագահի ընտրության իրական արդյունքների հաստատման, հետընտրական զարգացումները թողած, խոսում են Երևանի ավագանու ընտրությունների մասին: Դա մեծ նահանջ է և հենց իշխանության ցանկությունն է` ուշադրությունը շեղել նախագահի ընտրություններից և տեղափոխել Երևանի ավագանու ընտրությունների վրա: 

Քաղաքական գործիչների առանձնահատկությունը դա պետք է լինի. ոչ միայն ընդառաջ գնալ հասարակության պահանջներին, այլև առաջնորդել հասարակությանը: Նրանք պարտավոր են ունենալ գործողությունների ծրագիր, ինչը չեմ տեսնում, պարտավոր են առնվազն մի քանի քայլ առաջ տեսնել: Հակառակ դեպքում հասարակությունը ինքը պետք է որոշի  փոփոխությունների իրականացման ուղղությունը: 

Ովքե՞ր են Ձեր պոտենցիալ համախոհները, և ո՞րը կլիներ Ձեր պոտենցիալ ընտրազանգվածը, եթե ներկայացված լինեիք ընտրություններում:

Եթե ես ընտրություններին մասնակցելու հնարավորություն ունենայի և չունենայի այդ չարաբաստիկ ընտրագրավի խնդիրը, ապա ընտրարշավի կեսից հստակ կլիներ իմ ընտրազանգվածը, թեպետ ինձ համար պարզ էր, որ այդ ընտրազանգվածի հիմքը կլիներ մտավորականությունը:  Մտավորականությունը դեռ իր խոսքը չի ասել: Ավելին, թերևս, չեմ կարող ասել, քանի որ զրկվել եմ այդ ընտրազանգվածն ամբողջությամբ գնահատելու  հնարավորությունից:

Եթե ես ընտրապայքարին մասնակցելու հնարավորություն ունենայի`  իրավիճակը միանգամայն այլ կլիներ: Ես  վճռական եմ, տեսնում էի  փոփոխությունների  ճանապարհը և ծանոթ էի հասարակության սպասումներին:  Կարծում եմ` այժմ իրավիճակը շատ բարդ է ՀՀ իշխանությունների համար, և նախագահի նոր ընտրությունները բնավ բացառված չեն: 

Բայց պաշտոնապես ընտրությունները լինելու են 5 տարի անց միայն: Մինչ այդ ինչպիսին է լինելու Ձեր գործունեությունը, որպեսզի ավելի լայն շրջանակներում ևս Ձեզ ճանաչեն:

Դա Սերժ Սարգսյանի  երազանքն է, որ 5 տարի անց տեղի ունենան ՀՀ նախագահի ընտրությունները: Ես չեմ պատրաստվում աջակցել նրա երազանքի իրականացմանը: Ընդհակառակը` ամեն ինչ պետք է անեմ, որ նրա երազանքը իրականություն չդառնա:

Ինչ վերաբերում է պայքարի մեթոդներին, ապա դրանք բազում են և բազմազան: Այնպես չէ, որ ես նոր մարդ եմ քաղաքականության ոլորտում. ավելի քան 20 տարի քաղաքական լրագրության մեջ եմ և լավ գիտեմ քաղաքական դաշտը: Նոր մարդ եմ քաղաքական գաղափարների և արժեքների տեսանկյունից, ինչը դրական է քաղաքական-հասարակական գործընթացներում: Այսօր քաղաքական դաշտը նոր մարդկանց, նոր և բարձր արժեքների և սկզբունքների կարիք ունի:

Կարծում եմ` առաջիկայում հնարավորություն կունենաք տեսնել իմ քաղաքական քայլերը և  գործողությունները: Գրեթե համոզված եմ, որ Հայաստանում նախագահի նոր ընտրություններն անխուսափելի են: Իմ քայլերն էլ համահունչ կլինեն տվյալ քաղաքական գործընթացներին:

Այնուամենայնիվ, խնդիր չունե՞ք ավելի ճանաչելի դառնալ հասարակության կողմից, որովհետև քաղաքական դաշտում ունեք լրագրողական փորձ, բայց նոր եք որպես քաղաքական գործիչ:

Ընդամենը պետք է բաց պահել հեռուստաեթերը, թույլ տալ, որ եթերում լինի բազմակարծություն: Չնայած այսօր` youtube-ի դարաշրջանում, դա էլ այնքան կարևոր չէ. լսարանի հետ շփվելու բազում այլ միջոցներ կան: 

Ի՞նչ քայլեր պետք է ձեռնրակվեն, որպեսզի ձեր նշած վաղաժամկետ ընտրությունները տեղի ունենան:

Նախ, ամենակարևորն արդեն կա` հասարակությունը պատրաստ է փոփոխությունների: Ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ հասարակությունը մերժում է Սերժ Սարգսյանի քաղաքական ուղեգիծը և չի ուզում նրան տեսնել նախագահի պաշտոնում: Եթե նա չի արդարացրել ժողովրդի հույսերը, պետք է հեռանա: Դրա մեջ ողբերգություն չկա: 

Երկրորդ` Հայաստանը կանգնած է բարդ իրավիճակի առջև. ապշել կարելի է, երբ տեսնում ես, թե մեր պետական կառույցներն ինչ թշվառ վիճակում են: Դրանք բացարձակ բարձիթողի վիճակում են և չեն պաշտպանում հասարակության շահերը:  Ավելին` գործում են ընդդեմ հասարակության: Վերջին ամենաթարմ օրինակը, որ կարող եմ բերել, Սահմանադրական դատարանն է:  Այն չի գիտակցում իր դերը, կոչումն ու նշանակությունը պետության և հասարակության կյանքում:

Երրորդ` արտագաղթի սոսկալի չափեր, որոնք ավելի են մեծանալու, եթե փոփոխություններ տեղի չունեն:

 Չորրորդ` կոռուպցիան, որը կարծես դարձել է քաղաքական համակարգի մաշկը: Այս խնդիրները բազում են և չեն կարող մնալ անհետևանք, եթե չլուծվեն: Պետք է կասեցնել այս գործընթացները, որովհետև սա մեր երկիրն է, որը մենք սիրում ենք:

Կա՞ն քաղաքական ուժեր, անձինք, որոնց հետ պատրաստվում եք համագործակցել:

Կան մարդիկ (անուններ չտամ), որոնց հետ պատրաստվում եմ առաջիկայում հանդիպել` քննարկելու այն խնդիրները, քայլերը, որոնք հնարավոր է երկիրը տանեն հեղափոխության ճանապարհով: Դրանք այն մարդիկ են, ովքեր մտածում են այնպես, կամ գրեթե այնպես, ինչպես ես: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter