HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Կա՞ թմրամիջոցների վաճառքի «սև շուկա» Հայաստանում

Ծանր թմրամիջոցներ գործածողների թիվն աճում է

Մեկ տարվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է թմրամիջոցների օգտագործման մոտ 70 % աճ: 2010 թ. Հայաստանում հաշվառված է եղել թմրամիջոցներից կախվածություն ունեցող 2751 մարդ, 2009-ին` 1717: 2010 թ. բուժում է ստացել թմրամիջոցներից կախվածություն ունեցող 359 մարդ, 2009-ին` 257: 2002թ. բուժում է ստացել թմրամիջոցներից կախվածություն ունեցող 22 մարդ: Այս մասին այսօրվա մամուլի ասուլիսում ասաց Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարման ծրագրի հայաստանյան ղեկավար, 2001-2010 թթ. Հարավային Կովկասում թմրամիջոցների հակազդման ծրագրի ղեկավար Գրիգոր Մալենցյանը:

Թմրամոլների մեջ կան ծանր` խնդրահարույց թմրամիջոցներից կախվածություն ունեցողներ: Այս թմրամիջոցներն օգտագործվում են ներերակային ճանապարհով: Մյուս տեսակի թմրամիջոցները ընդունվում են ինհալացիոն ձևով, կամ դեղահաբերի տեսքով են, կարող են պատրաստվել կենցաղային պայմաններում:

Հայաստանում ներերակային թմրամիջոց գործածող անձանց թիվը պետք է որ կազմի 3610 մարդ` ըստ Հարավային Կովկասում թմրամիջոցների հակազդման ծրագրով 350 մարդու շրջանում 2009 թ. իրականացված ուսումնասիրության: Այս ցուցանիշը կարող է տատանվել 4000-5000-ի` ըստ տարբեր առողջապահական կառույցների և այլ կազմակերպությունների տվյալների:

Ինչ վերաբերում է կենցաղային պայմաններում պատրաստվող թմրամիջոցներին, ըստ տարբեր ՀԿ-ների տվյալների, Հայաստանում կա 104 հազար մարդ, որոնք երբևէ փորձել են թմրամիջոց: Այս մարդիկ կախվածություն չունեն: Մինչդեռ ծանր թմրամիջոցներ օգտագործելիս մարդիկ կախվածության մեջ են ընկնում 2-3 ներարկումից հետո և համարվում շարունակաբար հիվանդ:

2001-2002 թթ. Հայաստանում թմրամոլների 70-80 %-ը կազմում էին ոչ ծանր թմրամիջոց օգտագործողները` հաշիշամոլները, իսկ ծանր` ներերակային թմրամիջոցներ օգտագործողները կազմում էին ընդհանուր թվի 20-30 %-ը: Այժմ պատկերը փոխվել է. ներերակային թմրամիջոց գործածողները 40-50% են, հաշիշամոլների թիվը նվազել է:

2001-2002 թթ. Հայաստանում անչափահասների շրջանում թմրամիջոցներ գործածելու դեպքեր գրեթե չկային` գոնե ոստիկանության պաշտոնական տվյալներով: Հիմա նման դեպքեր արձանագրվում են:

Հայաստանում թմրամոլների հիմնական տարիքային խմբում 30-35 տարեկաններն են: Գրիգոր Մալենցյանը թմրամոլության երիտասարդացում է նկատում:

Թմրամոլը հիվանդ է, ոչ թե հանցագործ

«Այնպիսի հասարակություն չկա աշխարհում, որը զերծ լինի թմրամիջոցներից, բայց պետք է լինի բալանսավորված մոտեցում. այսինքն` պետք է օգտագործվի ոչ թե պատժիչ քաղաքականություն այն մարդկանց նկատմամբ, որոնք թմրամիջոց են գործածել երբևիցե կան գործածում են, այլ խնամքով, շարունակական հոգածությամբ, բուժում տրամադրելով, այդ մարդկանց նկատմամբ մարդկային վերաբերմունք տածելով` փորձել նրանց օգնության ձեռք մեկնել»,- ասում է Գրիգոր Մալենցյանը:

2008 թ. Քրեական օրենսգրքում կատարված փոփոխություններով թմրամիջոցների գործածումն ապաքրեականացվեց, և թմրամիջոց գործածող մարդը սկսեց դիտարկվել ոչ թե որպես հանցագործ, այլ որպես հիվանդ: Այդ ժամանակվանից հետո նկատվեց բուժհաստատություն դիմող մարդկանց աճ:

Գրիգոր Մալենցյանի հավաստիացմամբ` այժմ ոստիկանությունը չի հետապնդում թմրամիջոց օգտագործողներին: 2001-2002 թթ. եթե ոստիկանը տեսնում էր փողոցում մեկին ծխելիս և թմրամիջոցի հոտ զգում, ոլորում էր այդ մարդու թևերը և տանում նարկոկլինիկա: Նրանից նմուշառում էին կատարում և արձանագրում, որ «այս մարդը կախվածություն ունի»: Մինչդեռ այդ մարդը կարող էր իր կյանքում ընդամենը մեկ անգամ սխալմամբ թմրամիջոց օգտագործած լինել և կախվածություն չունենալ, այսինքն` թմրամոլ չլինել: Մինչև 2005 թ.-ը ևս հասնում էին տեղեկություններ, որ ոստիկանությունն իր մեքենայով մարդուն տանում է նարկոլոգիական կլինիկա` արյան մեջ թմրամիջոցների պարունակությունը պարզելու համար:

«Դրանից հետո, երբ օրենքում փոփոխություններ եղան, ոստիկանությունը բերման ենթարկելու պրակտիկան հիմնականում հանեց, այլ ուղղակի հաշվառման նպատակով, այդ մարդկանց օգնելու համար, առաջարկում էր բուժում, և դա էր հիմնական պատճառը, որ ոստիկանությունը այսօր կարող է տանել նարկոլոգիական կլինիկա»,- ասում է Գրիգոր Մալենցյանը:

Թմրամիջոց գործածող անձի նկատմամբ կիրառվում է վարչական տույժ` 100-200 հազար դրամ:

Հայաստանում նարկոկլինիկաների բաժանմունքներ կան Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Սևանում: 2009 թ. ստացիոնար բուժում է ստացել 1317 մարդ, որոնք նորկոլոգիական (ոչ միայն թմրամիջոցից, այլևս ալկոհոլից) կախվածություն են ունեցել:

Բանախոսի հավաստիացմամբ` ՀՀ-ում թմրամիջոցներից կախվածության բուժումը անվճար է, եթե մարդը ներկայացնում է ՀՀ քաղաքացու անձնագիր:

Նորմալ կյանք է վերադառնում թմրամոլների միայն 5-10 %-ը

Գրիգոր Մալենցյանի խոսքերով` եթե թմրամիջոց օգտագործողն այլ հիվանդություններ չունի, ապա կարող է շատ երկար ապրել: Օրինակ` կոաքսիլ թմրամիջոցից մահանում են, քանի որ կոաքսիլի օգտագործումը փտախտ է առաջացնում: Սակայն մարդիկ կան, ովքեր ներարկվում են իրենց անհատական ստերիլ ներակրիչով, և նրանց առողջությունը նույնիսկ 25-30 տարի շարունակաբար թմրամիջոց օգտագործելուց հետո չի քայքայվում:

«Առողջությունը սկսում է քայքայվել այն ժամանակ, երբ դու ներերակային թմրամիջոցներ գործածելիս ոչ չափը գիտես, ոչ էլ քո գնած թմրամիջոցի որակը»,- ասում բանախոսը:

Թմրամիջոցներից կախվածությունը քրոնիկ հիդանդություն է, ընդ որում կախվածությունը ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեբանական է. հիվանդը սիրահարված է ներարկիչին: Այդ պատճառով նրա հետ պետք է շարունակաբար աշխատեն նաև հոգեբաններ, հոգեբույժներ:

Բուժման ընթացքում արվում է արյան ապաթունավորում: 24 ժամվա ընթացքում հիվանդի արյունը, հուսվածքները մաքրում են դրանց մեջ եղած թույներից: Բայց երբ մարդը դուրս է գալիս փողոց` ունենալով շատ լավ ինքնագացողություն, սկսում է մտածել, թե ինչպես անցկացնի իր օրը և նորից սկսում է թմրամիջոցներ օգտագործել, քանի որ հոգեբանորեն դեռ կախվածության մեջ է:

Բուժումից հետո հիվանդների միայն 5-10 %-ն է վերադառնում նորմալ կյանք, այն էլ այն դեպքում, եթ հասարակությունը ընդունում է նրանց: Գերակշիռ դեպքերում հասարակությունը չի օգնում բուժվել փորձող թմրամոլին, բուժում ստացած մարդուն ևս որակում է որպես թմրամոլ: Որևէ գործատու աշխատանք չի տալիս այն մարդուն, ով խոստովանում է, որ թմրամոլ է եղել և այժմ փորձում է շտկվել:

Իսկ Եվրոպայում, Գրիգոր Մալենցյանի հավաստիացմամբ, թմրամիջոցներից ազատվել փորձող մարդիկ ստեղծում են իրենց կառույցը, համայնքը, որը սկզբում մեկուսի է, բայց աստիճանաբար ինտեգրվում է հասարակությանը: Պետությունն այդ մարդկանց գումար է տալիս` մեկնարկային բիզնես սկսելու, ընտանիքին պահելու համար:

Թմրամիջոցների գները Հայաստանում

Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարման ծրագրի հայաստանյան ղեկավարի խոսքերով` Հայաստանում թմրամիջոցների գները նույնն են, ինչ համաշխարհային շուկայում: 1 գրամ հերոինն արժե 150-180 դոլար, 1 գրամ կոկաինը` 300 դոլար, 1 հաբի գինը 5-20 դոլար է: Մետամֆետամինը կամ ամֆետամինն արժե 40-100 դոլար:

Իսկ տեղական արտադրության հաշիշի ու մարիխուանայի մեջ պարունակվող տետրոհիդրոկանաբինոլ կոչվող նյութն այնքան քիչ է, որ այդ թմրամիջոցները գրեթե արժեք չունեն: Բանախոսի խոսքերով` Հայաստանում արտադրվող հաշիշն ու մարիխուանան իրավապահ մարմինների համար առաջացնում են լրացուցիչ խնդիրներ, սակայն ապօրինի շրջանառության տեսանկյունից շատ վտանգավոր չեն:

Գրիգոր Մալենցյանի տեղեկացմամբ` Հայաստանում եղել է մի քանի լաբորատորիա, որտեղ փորձ էր արվել արտադրել մետամֆետամին տեսակի թմրամիջոց: Այդ լաբորատորիաները փակվել են, իսկ համապատասխան մարդիկ պատասխանատվության կանչվել:

Բանախոսը հավաստիացնում է, որ Հայաստանում թմրամիջոցների վաճառքի «սև շուկա» և կոնկրետ վայրեր չկան:

«Կան ռիսկային երկրներ, որտեղ հնարավոր է, որ ոստիկանությունը սերտաճած լինի քրեական խմբավորումների հետ: Մեր երկրում այդպիսի բան չկա ու չի եղել` սերտաճած համագործակցություն, կամ«տանիք կանգնեն», որ թմրամիջոցների ապօրինի շրջանառություն տեղի ունենա, ու դրանից եկած հասույթները ինչ-որ ձևով օգտագործվեն մարդկանց մի խմբի համար»,- ասում է Գրիգոր Մալենցյանը:

Հայաստանում օրինական թմրամիջոցներ ներկրելը թույլատրվում է հատուկ արտոնագրերով: Դրանք տարբեր դեղեր են, որոնք պարունակում են թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր և անհրաժեշտ են վիրահատությունների ժամանակ: Ուստի բնական է, որ թմրամիջոցները Հայաստան պետք է ներմուծվեն որոշակի քվոտաներով, որոնք սահմանում է կառավարությունը:

Հայաստանի տարածքում հայտնվող ցանկացած այլ թմրամիջոց, պրեկուրսոր, որևէ դեղ կամ այլ նյութ, որը պարունակում է թմրամիջոց, հանգեցնում է քրական պատասխանատվություն:

2008 թ. Աֆղանստանում արտադրվել է 8400 տոննա հերոին

Հայաստանում տարեցտարի առգրավվող թմրամիջոցների ցուցանիշը քիչ է փոխվում: Որոշակի աճ կա, ինչը համաշխարհային միտում է, քանի որ որոշակի երկրներում, օրինակ` Աֆղանստանում, Մյանմարում, թմրամիջոցները սկսում են գերարտադրվել:

2008 թ. Աֆղանստանում արտադրվել է 8400 տոննա հերոին: Հետևաբար առաջանում է «արտադրանքն» իրացնելու խնդիր: Գրիգոր Մալենցյանի խոսքերով` իրացնողները փնտրում են բոլոր հնարավոր ճանապարհները: Հնարավոր է, որ նրանք անեն ստուգիչ առաքումներ. 2-3 անգամ 100-200-ական գրամ թմրամիջոց առաքեն մի սահմանով, և եթե հաջողեն, հաջորդ անգամ ավելի մեծ խմբաքանակներ ներմուծեն տվյալ երկիր:

2009 և 2010 թթ. ոստիկանությունն արձանագրել է դեպքեր, երբ Իրանի քաղաքացիները Հայաստանի օդանավակայանով` որպես տարանցիկ ճանապարհ, փորձել են Թայլանդ տեղափոխել մետամֆետամին և ամֆետամին տեսակի թմրամիջոցներ:

66 մլն բնակչություն ունեցող հարևան Իրանում կա 2 մլն 200 հազար ներերակային թմրամիջոց օգտագործող, որից 680 հազարը ստանում է փոխարինող բուժում: Հարևան երկրում այդքան մեծ թվով թմրամոլները շարունակաբար թմրամիջոցի կարիք ունեն:

«Մեր հարևանությամբ կա մի երկիր, որտեղ մեր բնակչության չափ մարդ կա, որոնք ամեն օր և օրվա մեջ մի քանի անգամ թմրամիջոց են օգտագործում: Ու մենք ուզում ենք, որ այդ սահմանով մեր տուն, մեր հարազատ օջախ որևիցե բան չմտնի: Դա գրեթե անհնարին է»,- ասում է Գրիգոր Մալենցյանը:

Միաժամանակ նա նշում է, որ Հայաստանի օպերատիվ ծառայությունները լավ են աշխատում, ինչի մասին վկայում են սահմանի վրա թմրամիջոցների առգրավման դեպքերը:

Եվրոպական երկրներում առգրավված թմրամիջոցների մասին տարեկան հաշվետվություններում նշվում է, թե որոնք են եղել թմրամիջոցի ծագման և տարանցման երկրները մինչև թմրամիջոցի` Եվրոպա հասնելը: «Եվ Հայաստանը գրեթե չի նշվում այդ հաշվետվությունների մեջ: Հետևաբար, տարանցիկ շարժ չկա»,- ասում է Գրիգոր Մալենցյանը:

Սրան նպաստում է նաև այն, որ Թուրքիայի հետ սահմանը փակ է, և այդ երկրով Հայաստան թմրամիջոցներ չեն մտնում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter