HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական գաթա» փառատոն Ջավախքում

Մարտի 6-ին Մեծ պահքի Միջինքի օրը Վիրահայոց թեմի Ջավախքի առաջնորդական փոխանորդության նախաձեռնությամբ Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում առաջին անգամ նշվեց «Հայկական Գաթա» փառատոնը:

Փառատոնն ազդարարվեց տերունական աղոթքով, որից հետո  Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ, hոգեշնորհ՝ Տեր Բաբգէն աբեղա Սալբիյանը խոսեց Մեծ պահքի և Միջինքի մասին: Հայր Սուրբը իր խոսքում վստահություն հայտնեց, որ բոլոր հայ ընտանիքներում թխվում են գաթաներ, սակայն շատերը նույնիսկ չգիտեն, թե ինչ է նշանակում գաթա, որտեղից է գալիս այն: Միաժամանակ ավելացրեց. «Առաջին անգամ է Ջավախքում անցկացվում  «Հայկական գաթա» փառատոնը, որը բարի սկիզբ է ապագայի համար: Մենք պետք է դիմենք միջազգային կազմակերպություններին, որ շատ ու շատ այլ կերակրատեսակների հետ միասին գաթան անցկացնեն ՅՈւՆԵՍԿՕ-ի գրքի մեջ՝ որպես հայկական ուտեստ»:

Այնուհետև Շուշանիկ Սալայանը հավաքվածներին ներկայացրեց միջինքի գաթայի հայկական ավանդույթները: Ըստ ավանդության՝ այդ օրը նշանված աղջիկ կամ տղա ունեցող ընտանիքներում ձեթով բաղարջ էր թխվում, մեջը հուլունք կամ դրամ էր դրվում և ուղարկվում փոխադարձաբար փեսացուին կամ հարսնացուին, իսկ կտրելիս հավասար բաժին հանում  տան բոլոր անդամներին: Ում բաժնի միջից այն դուրս գար, այդ տարվա ընթացքում նրա հաջողությունն ապահովված էր:

Փառատոնին  ներկայացվեցին երկու տասնյակից ավել գաթաներ, որոնք ջերմությամբ և խանդավառությամբ պատրաստվել էին երաժշտական, կիրակնօրյա դպրոցների և «Ապագայի տուն» ուսումնական կենտրոնի անդամ կանանց կողմից: Միջոցառումն ուղեկցվում էր Սուրբ Խաչ եկեղեցու երգչախմբի հոգեպարար շարականներով, Ախալքալաքի մշակույթի տան սաների հայրենասիրական երգերով:

Փառատոնի վերջում հանդիսապետությամբ՝ Հայր Սուրբի և հոգևոր դասի, օրհնվեցին գաթաները, որից հետո «Վաչիան» երգի-պարի համույթի սաները, ազգային տարազներ հագած, մատուցեցին օրհնված գաթաները ներկաներին: Այն երջանիկները, ովքեր իրենց բաժին գաթայում գտան ավանդական մետաղադրամը, առաջնորդական փոխանորդից ստացան Աստվածաշունչ մատյաններ, որոնք նվիրաբերվել էին Տեր և Տիկին Նազար և Արտեմիս Նազարյանների կողմից:

Փառատոնն ավարտվեց, սակայն այն մի նոր սկիզբ ու մշակույթ ազդարարեց Ջավախքում:

Ջավախքի առաջնորդական փոխանորդության մամլո դիվան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter