HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Գյումրին չի ծախվում, ծախու չի Գյումրին, Գյումրին արդեն հաղթել է»

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպում- հանրահավաքը Գյումրիում այսօր նույնքան մարդաշատ էր, որքան նախորդ անգամ: «Բարեւ Գյումրի, բարեւ Շիրակ աշխարհ, բարեւ Հայաստան,-այսպես դիմեց հավաքվածներին Րաֆֆի Հովհաննիսյանը,-Գյումրին չի ծախվում, ծախու չի Գյումրին, Գյումրին արդեն հաղթել է: Սիրելի հայրենակիցներ, մենք եկել ենք այստեղ, որովհետեւ սա իմ հայրաքաղաքն է, սա իմ մայրաքաղաքն է, եւ չկասկածեք: Իմ կյանքի գնով, Արմենուհին ինձ ասում է՝ մի ասա կյանքի գնով, Րաֆֆի…իմ կյանքի գնով, Գյումրին իմ հայրաքաղաքն է: Հայաստանի Հանրապետությունն ընտրել է ոչ թե Րաֆֆիին, ինքն ընտրել է մեր ապագային, մեր երեխուն, մեր սահմանադրությունը եւ Գյումրին ասել է՝  ռադ արեք, եթե դուք արհամարում ենք մեր երեխուն, մեր սահմանադրությունը: Կեցցե մեր հաղթանակը»:

«Ժառանգություն» կուսակցության ղեկավարը, վեր պարզելով իր նախընտրական վնասված պաստառը, հորդորեց բոլորին, առանց վատ զգալու պատերից պոկել դրանք, եթե կուզեն տուն տանեն կամ նետեն աղբարկղը, որովհետեւ ընտրությունը ավարտվել է, եւ ոչ մի նախընտրական պաստառ չպետք է լինի փակցված պատերին:

«Որովհետեւ մեր ժողովուրդն արդեն հաղթել է, հաղթել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին,-հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը,-ապրիլի 9-ից հետո, ձեզ հետ միասին իշխանություն ենք կազմելու մեր երկրում: Սերժ Սարգսյանը մինչեւ ապրիլի 9-ը ինքնաբացարկ է հայտնելու, հրաժարական է տալու: Ոչ մի «զադնի» չկա: Ուրեմն այսպես, թող մեկ առ մեկ գրանցեն ձեր հայացքներն այսօր, ոստիկաններին ողջունեք, իրենք իրենց պարտականության մեջ են, Սերժ Սարգսյանը եւ նրա կողմնակիցները այս տեսագրությունները նայելու են: Արժանապատիվ ձեր հայացքները թող տեսնեն, թող Գյումրին տեսնեն, որ Գյումրին ասում է. «Ես այլեւս աղետի գոտի չեմ ուզում լինել, ես ողորմության, փշրանքի, ինչ- որ մեկի խոստման թիրախ չեմ ուզում լինել: Ուզում եմ լինել նորմալ քաղաքացի, ապրել հայրաքաղաքում»:

Րաֆֆի Հովհաննիսյանը խոստացավ գյումրեցիներին ոչ միայն կանխել արտագաղթը, այլեւ օտար ափերից Գյումրի վերադարձնել ընդմիշտ հեռացածներին, ինչպես նաեւ վերացնել «արտագնա աշխատանք» հասկացությունը: «Դրա ռուսերենը ոնց էր»,-դիմելով կողքին կանգնածներին՝ հարցրեց Րաֆֆի Հովհաննիսյանը: «Խոպան»,- հուշեցին կողքից: «Խոպանից տուն պիտի բերեմ մեր ժողվրդին, էդ խոպանը վերջանալու է, Գյումրին դառնալու է մեր հայրաքաղաքը: Դուք գիտեք, որ ես այսօր կարող էի չգալ Գյումրի, դուք էլ կարող եք չգալ հրապարակ»,-հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության ղեկավարը, որին ի պատասխան հավաքվածները շտապեցին հավաստիացնել, թե «մենք գուկանք Երեւան իշխանափոխության»: «Հիմա,-շարունակեց Րաֆֆի Հովհաննիսյանը,-մեր հաղթանակը, մեր շարժումը ուժեղ է նրանով, որ ոչ միայն ունենք քանակ, այլ ունենք որակ: Հարգելի Սերժ Սարգսյան, մենք հրապարակում ենք, մենք թատրոնում ենք, մենք համալսարանում ենք, մենք սրճարանում ենք, տանն ենք, անգործության մեջ ենք, ամբողջ հայ ժողովուրդը, Արցախը, սփյուռքը ասում է ոչ թե «ոչ» ձեզ, այլ ասում է «այո» մեր Հայաստանին: Մենք մեր հայրենիքը հետ ենք բերել, շնորհավորում եմ մեր հաղթանակը»:

Թատերական հրապարակում հավաքվածները Րաֆֆի Հովհաննիսյանի կոչով, քայլերթով իջան մինչեւ ս.Աստվածածին Յոթվերք եկեղեցի, որտեղ մոմ վառեցին: Գյումրեցիները խոստացան նույն համախմբվածությամբ նրա կողքին լինել նաեւ Երեւանի Ազատության հրապարակում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter