HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Լեգեոներների հաջողությունները հուսադրող են, սակայն հարցեր դեռ կան

Անցած շաբաթ արտերկրում հանդես եկող հայ ֆուտբոլիստների ելույթները մեծ ոգեւորություն առաջացրին երկրպագուների շրջանում: Մարտի 26-ին Երեւանում կայանալիք Հայաստան-Չեխիա պատասխանատու խաղից առաջ մեր լեգեոներներից հատկապես հարձակողական խմբի ֆուտբոլիստները հաջող հանդիպումներ անցկացրին իրենց թիմերում:

Մոսկվայի «Սպարտակի» նորեկ Յուրա Մովսիսյանն իր հեթ-տրիկով՝ Գրոզնու «Թերեքի» դարպասն ուղարկած 3 գոլով, ցնցեց բոլորին: Օրվա ընթացքում նրա անունը չէր իջնում ոչ միայն ռուսական ու հայկական մարզական եթերից, այլեւ շարունակում է դեռեւս քննարկվել համացանցում: Հայ հարձակվողը կրկին ստանձնեց ռուսական պրեմիեր լիգայի գլխավոր ռմբարկուի դերը: Այժմ նրա հաշվին կա 12 գնդակ, որոնցից 9-ը խփել է «Կրասնոդարի» կազմում խաղալիս:

Մովսիսյանի հաջողությունը ուրախացնող է, քանի որ անցյալ տարեվերջին նա վնասվածք էր ստացել ու երկար ժամանակ ապաքինվում էր: Լյուքսեմբուրգի հետ վերջին ընկերական խաղում ակնհայտորեն զգացվեց հավաքականի հարձակման առաջատարի պակասը: Իսկ Չեխիան, մեղմ ասած, Լյուքսեմբուրգ չէ, ու ավելի քան հասկանալի է դառնում Մովսիսյանի լավ մարզավիճակի առկայությունը երեւանյան ստուգատեսից առաջ:   

Ռուսաստանում հանդես եկող ֆուտբոլիստներից աչքի ընկավ նաեւ Արաս Օզբիլիզը, որը «Կուբանի» կազմում դարձավ գոլի ու գոլային փոխանցման հեղինակ: Իսկ Արասի գոլը խփվեց Մարկոսի փոխանցումից հետո: «Կուբանը» 2-0 հաշվով հաղթեց Նիժնի Նովգորոդի «Վոլգային», որի կազմում 90 րոպե անցկացրեց Արթուր Սարկիսովը:

Եթե Ռուսաստանում խաղացող տղաները ուրախանալու առիթ տվեց վերսկսված առաջնության հենց սկզբնական տուրում, ապա մի փոքր մտահոգիչ է Ուկրաինայի մեր լեգեոներների վիճակը: Դորտմունդի «Բորուսիայի» եւ ներքին առաջնության 2 խաղերում դեռեւս չի երեւում այն Հենրիխ Մխիթարյանը, որին սովոր էինք տեսնել անցյալ աշնանը: Հենոն իր գործողություններով չի տարբերվում «Շախտյորի» ցուցադրածից. ոչ վառ, ոչ էլ դժգույն խաղ: Չնայած նախապատրաստական փուլում հայ կիսապաշտպանը աչքի էր ընկել ընկերական մրցաշարերում, առայժմ «Վոլինի» ու «Վորսկլայի» հետ խաղերում նրան չի հաջողվում ավելացնել գոլերի հաշիվը, որոնք 18-ն են: Մխիթարյանը շատ մոտ է ուկրաինական առաջնության մեկ մրցաշրջանի արդյունավետության ռեկորդը (22 գոլ) գերազանցելուն:

Դոնեցկի մեկ այլ թիմի՝ «Մետալուրգի» կիսապաշտպաններից Կառլեն Մկրտչյանը, չնայած որակազրկման պատճառով բաց է թողնելու չեխերի հետ խաղը ու, բնականաբար, այս անգամ չի հրավիրվել հավաքական, շարունակում է կայուն խաղ ցուցադրել իր ակումբում: Փոխարենը Գեւորգ Ղազարյանն է անկայուն վիճակում: Այս վերջին անգամը նա մնացել էր պահեստայիների նստարանին, ինչը բոլորովին չի բխում ազգային ընտրանու շահերից:

Չեխերի հետ խաղից առաջ մտահոգությունների տեղիք է տալիս հատկապես հավաքականի պաշտպանական օղակը: Կենտրոնական պաշտպան Ռոբերտ Արզումանյանն իր նոր թիմի կազմում՝ ղազախական «Ակտոբեում», խաղացել է 90 րոպե: Եթե Ռոբերտը երկար դեգերումներից հետո հաստատվի ակումբի հիմնական կազմում ու կայուն ելույթներ ունենա, հնարավորություն կունենա ոչ միայն լավ մարզավիճակով ներկայանալ հավաքական, այլեւ տեղափոխվել ավելի բարձրակարգ առաջնություն ու թիմ: Հրայր Մկոյանը չեխական «Դինամոյում» հիմնավորվելու լավ հնարավորություն ունի, չնայած որ նա էլ որակազրկման պատճառով բաց է թողնելու Բիլեկի սաների դեմ հանդիպումը: Գրեթե կասկած չկա, որ մարտի 26-ին դաշտում կտեսնենք Վալերի Ալեքսանյանին, ով Արզումանյանի հետ միասին այս գծի հնաբնակներից է:

Մեր եզրային պաշտպաններ Կամո Հովհաննիսյանը, Արտակ Եդիգարյանն ու Հովհաննես Համբարձումյանը «հայաստանյան գրանցում» ունեն եւ մասնակցել են իրենց թիմերում ՀՀ վերսկսված առաջնությանը: Լեւոն Հայրապետյանն առայժմ ապաքինվում է եւ, բացի դա, նա նախնական հրավեր չի ստացել Վարդան Մինասյանից գալիք խաղին մասնակցելու համար, այսինքն՝ ձախ եզրում Հայրապետյանի փոխարեն թերեւս կխաղա ուրիշը: Ամենայն հավականությամբ, դա կլինի Կամո Հովհաննիսյանը: Հետաքրքիր է կենտրոնական ու աջ պաշտպանների ընտրությունը: Արտյոմ Խաչատուրովը չի մասնակցել «Շերիֆի» վերջին խաղին, բայց, անկախ դրանից, հարց է, թե արդյոք Մինասյանը Արզումանյանի համար որպես զույգ կընտրի նորեկին, որի խաղը Լյուքսեմբուրգի հետ մրցավեճում որոշ հարցեր առաջացրեց, չնայած ընդհանուր առմամբ նրա ելույթը վատը չէր:

Երեւանյան խաղից առաջ հավաքականի լեգեոներներն ու տեղացի ֆուտբոլիստները դեռ հանդիպումներ կանցկացնեն, ու կախված նաեւ նրանց ելույթներից ու մարզավիճակից՝ մարտի 18-ին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը կկատարի կազմի վերջնական ընտրությունը: Մրցակցության առկայությունը թիմում, երբ ոչ ոք նախապես ապահովագրված չի լինի հավաքականում անսասան տեղ ունենալուց, միայն օգուտ կտա ընտրանուն, ու ֆուտբոլիստները վերջնականապես կգիտակցեն, որ թիմում կարող են տեղ ունենալ միայն նրանք, ովքեր գտնվում են լավ մարզավիճակում եւ ակումբում խաղում են մշտապես:       

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter