HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ 2013 թ. փետրվարի 22-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երեւան քաղաքի Մաշտոցի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ` այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ:

2013 թ. փետրվարի 18-ին «www.iditord.org» ինտերնետային կայքում հրապարակվել էր ահազանգ, ըստ որի` Երեւանի թիվ 06/16 ընտրատեղամասում դիտորդը նկատել է Կ. Նավասարդյանի անվան դիմաց Նարեկ Մարտիրոսյանի ստորագրելը:

Նյութերի նախապատրաստման շրջանակներում բացատրություն էր տվել Կ. Նավասարդյանի հայրը, ով հայտնել էր, որ որդին գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում եւ չի մասնակցել ՀՀ նախագահի ընտրություններին։ Մինչդեռ ընտրատեղամասի ընտրացուցակի զննության ժամանակ պարզվել էր, որ Կ. Նավասարդյանի անվան դիմաց լրացված են անձնագրային տվյալներ, եւ կա ստորագրություն։ Նարեկ Մարտիրոսյան անուն-ազգանունով ընտրող նշված տեղամասի ցուցակներում չի եղել։

Նախաքննության ընթացքում ուսումնասիրվել են Կ. Նավասարդյանի անվան դիմաց լրացված անձնագրային տվյալները: Ըստ նախաքննության տվյալների` դրանք համապատասխանել են Մարգարիտա Նավասարդյանի անձնագրային տվյալներին, ով հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է եւ ցուցմունք տվել, որ որպես ընտրող` ընդգրկված է եղել թիվ 06/08 ընտրատեղամասում, որտեղ էլ կատարել է քվեարկությունը: Նա պնդել է, որ քվեարկությանը մասնակցել է մեկ անգամ, իր անձնագիրը որեւէ մեկին չի տվել եւ դժվարացել է ասել, թե ինչպես են իր անձնագրային տվյալները հայտնվել 06/16 ընտրատեղամասի ընտրացուցակում՝ Կարապետ Նավասարդյանի անվան դիմաց: Միաժամանակ պարզվել է, որ ընտրացուցակում կատարված ստորագրությունը չի պատկանում Մ. Նավասարդյանին:

Հանձնարարություններ էին տրվել ոստիկանության ստորաբաժանմանը՝ ապահովել քրեական գործով քննության լրիվությունը, օբյեկտիվությունն ու բազմակողմանիությունը:

Կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ իսկապես Նարեկ Մարտիրոսյանն է ստորագրել գրանցամատյանում եւ փորձել քվեարկել այլ անձի փոխարեն, ինչը կանխվել է դիտորդի միջամտության արդյունքում:

Պարզվել է նաեւ, որ Նարեկ Մարտիրոսյանի եւ Մարգարիտա Նավասարդյանի անձնագրային տվյալները նույնն են, առկա է ընդամենը մեկ թվի տարբերություն /2-9/:

Ն. Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով: Նա իրեն լիովին մեղավոր է ճանաչել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter