HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Երևանի ընտրատեղամասերի թեքահարթակների 2%-ն է կիրառելի եղել անվասայլակով ընտրողների համար

Երևանում հետազոտված 467 ընտրատեղամասի 24%-ն ունի թեքահարթակ, սակայն այդ թեքահարթակների ընդամենը 2%-ն է կիրառելի անվասայլակներով ընտրողների համար: Այս մասին նշվում է 2013թ. նախագահական ընտրությունների ընթացքում «Ունիսոն» ՀԿ-ի իրականացրած մոնիտորինգի և դիտորդության վերաբերյալ հաշվետվության մեջ:

«Ունիսոնը» 2003թ.-ից իրականացնում է հաշմանդամություն ունեցող ընտրողների համար ընտրատեղամասերի ֆիզիկական մատչելիության մոնիտորինգ: 2013թ. հետազոտությունը իրականացվել է Երևանում 2 հիմնական փուլով` նախքան քվեարկությունը և քվեարկության օրը:

Նախքան քվեարկությունը

Նախքան քվեարկությունն «Ունիսոնի» դիտորդները գնահատել են ընտրատեղամասի փողոցում կամ բակում գտնվող խոչընդոտները (մայթեզրեր, աստիճաններ, ճանապարհի անհարթություններ), ընտրատեղամասի մուտքի մոտ առկա խնդիրները` (առանց թեքահարթակի աստիճաններ կամ դժվարամատչելի թեքահարթակներ, մուտքի նեղ դռներ), ընտրատեղամասի ներսում առկա իրավիճակը (որ հարկում է տեղամասը, կա՞ն աստիճաններ, թեքահարթակներ):

Հաշվետվության մեջ բոլոր դիտարկված տեղամասերը պայմանականորեն բաժանվում են 4 կարգի` մատչելի, հիմնականում մատչելի, դժվարամատչելի և անմատչելի:

Նախքան քվեարկությունը դիտարկվել է մայրաքաղաքի ընտրատեղամասերի գրեթե 100%-ը (470-ից 467-ը): Հետազոտված ընտրատեղամասերից 381-ը (82%) գտնվում է առաջին հարկում, սակայն այդ տեղամասերի 22%-ում առկա են զանազան խոչընդոտներ, ինչպիսիք են աստիճանները կամ բարձր շեմը: Առաջին հարկում խոչընդոտներ ունեցող ընտրատեղամասերի 6%-ն ունի թեքահարթակ:

Պարզվել է, որ Երևանի ընտրա­տեղամասերից 31-ը (6%) լիովին մատչելի է անվասայլակներով ընտրողների համար: Եվս 44 (9%) ընտրատեղամաս գնահատվել է որպես հիմնականում մատչելի, այսինքն` անվասայլակ­ներով ընտրողների մուտքը հնարավոր է աննշան օգնությամբ:

Քվեարկության օրը

Քվեարկության օրը` փետրվարի 18-ին, «Ունիսոնը» դիտարկել է, թե որքանով են քվեախցիկները հարմար անվասայլակներով ընտրողների համար, ընտրատեղամասերում կա՞ն թույլ տեսնող անձանց համար նախատեսված ոսպնյակներ և կույր ընտրողների համար նախատեսված կաղապարներ, ի հայտ է բերել ընտրատատեղամասերի ֆիզիկական մատչելիության հետ կապված այլ խնդիրներ:

Քվեարկության օրը դի­տարկվել է Երևանի ընտրատեղամասերի 70%-ը: Դիտարկված գրեթե բոլոր 291 ընտրատեղամասում եղել են տեսողության խնդիրներ ունեցող ընտրողների համար նախատեսված ոսպնյակները, որոնք բավականին բարձր կիրառելիություն են ունեցել։ Առկա էին նաև կույր ընտրողների համար նախատեսված կաղապարները, որոնցից, սակայն, օգտվել են եզակի քաղաքացիներ:

Ընդամենը 37 ընտրատեղամասում անվասայլակներով մարդկանց համար քվեախուցը անհասանե­լի էր նեղ տարածության պատճառով, ևս 120 ընտրատեղամասում քվեախցին մոտենալ թեև հնարավոր էր, սակայն դժվարությամբ (կողքով):

Որոշ ընտրատեղամասերում տեղադրվել են շարժական թեքահարթակներ, սակայն դրանցից միայն երկուսն է իսկապես կիրառելի եղել անվասայլակներով ընտրողների համար: Մնացած դեպքերում շարժական թեքահարթակները սահմանված չափանիշերից կարճ էին, հետևաբար ունեին մեծ թեքություն, որը անհարմար էր (որոշ դեպ­քերում անգամ վտանգավոր) անվասայլակով տեղաշարժվելու համար:

Նախ­ընտրական քարոզարշավի դիտարկումները ցույց են տվել լսողության խնդիրներ ունեցող ընտրողների կարիքների անտեսում. նախագահի թեքնածուների հեռուստաքարոզար­շավը չի զուգորդվել սուրդոթարգմանությամբ, ինչը խախտում է չլսող ընտրողների տեղեկատվություն ստանալու իրավունքը:

2003 թվականի համեմատ կա առաջընթաց, որը բավարար չէ

10 տարի առաջ` 2003թ., համապետական ընտրությունների ընթացքում ուսումնասիրված 419 տեղամասերից միայն 10 (2%) է գնահատվել որպես ֆիզիկապես լիովին մատչելի: 2013թ. մոնիտորինգի արդյունքները 4%-անոց աճ են արձանագրել: Հաշվետվության մեջ նշվում է, որ արձանագրված առաջընթացը և բարեփոխումների տեմպերը բավարար չեն հաշմանդամություն ունեցող քաղաքացիների ընտրական իրավունքի լիակատար իրացման համար:

Հաշվետվության մեջ «Ունիսոնն» արել է հաշմանդամություն ունեցող ընտրողների համար ընտրությունների մատչելիության ապահովմանն ուղղված հանձնարարականներ ու առաջարկներ:

Հայաստանը 2010թ. վավերացրել է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան, որի 29-րդ հոդվածի համաձայն` անդամ պետու­թյունները պարտավոր են ապահովել, որ ընտրությունների ընթացակարգերը, շենքերը և նյութերը մատչելի, հասկանալի ու օգտագործելի լինեն հաշմանդամություն ունեցող ընտրողների համար։

Լուսանկարը՝ Սոնա Սիմոնյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter