HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բարև հանուն Սկզբի

Երբ սովորում էի Բժշկական ինստիտուտում, դասախոսություններից մեկի ժամանակ մեզ բացատրեցին՝ ինչ է ցավը: Դասախոսը կենդանի գորտ ցույց տվեց: Ապա ասաց, որ պետք է այն մեխենք տախտակին: Ես արագ հրաժարվեցի: Ուսանողներից մեկն, այնուամենայնիվ, կարողացավ դա անել: Հետո դասախոսը սովորականի պես /կարծես դա իր ամենօրյա գործողություն էր/ շեղբով բացեց գորտի մաշկը, հոսանք միացրեց: Սկզբում կենդանին ցնցվում էր, ցավ զգում, հետո դադարեց ցնցվել, այսինքն՝ ցավ զգալ: Նա ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ կատարեց ՝ այլևս ցավ չզգալու և մահանալու միջև:

Ես հասկացա՝ ցավն իրականում այն է, երբ արդեն ցավ չես զգում: Բանտում չարածս հանցանքի համար մահապատժի, ապա ցմահ բանտարկության այս 17 տարիներին ինձ հետ էլ նույնն է կատարվել. ես դադարել եմ ցավ զգալ, բայց դրանից անտարբեր չեմ դարձել:

Ընտրություն` ցավ չզգալու և մահանալու միջև

Մեր ժողովուրդը, կարծում եմ, արդեն ցավ չի զգում՝ վերջին 21 տարիներին իշխանությունների գործադրած ջանքերի «շնորհիվ»: Ինքնապահպանման բնազդն ուժեղ է մեր գեներում: Բայց ցավ չզգալ, ամենևին չի նշանակում անտարբեր լինել:

Դրանում ես համոզվեցի փետրվարի 18-ին, երբ հոգսերի տակ կռացած ժողովուրդը բարձրացրեց մեջքը: Դատապարտյալները մեր երկրում ընտրելու իրավունք չունեն, ճի՛շտ է, բայց իմ՝ 17 տարի բանտում գտնվող քաղաքացու անունը ընտրացուցակներում էր 17 տարի շարունակ՝ մինչև, որ վերջին խորհրդարանական ընտրությունների նախաշեմին մամուլում չհայտնվեց իմ հոդվածը:

Այդ հրապարակումից հետո միայն իմ անունը դուրս բերվեց ընտրացուցակներից: Ու անկախ նրանից, որ դատապարտյալները մեր երկրում ընտրելու իրավունք չունեն, այդուհանդերձ, որպես քաղաքացի, ես հետևել ու հետևում եմ բոլոր պրոցեսներին: Հարազատներս միշտ ինձ մամուլից քաղվածքներ են ուղարկում: Կարդում եմ, վերլուծում, հասկանում, որ այն բանտը, որտեղ ես եմ, իրականում բանտ է բանտի մեջ: «Հայաստան» քրեակատարողական հիմնարկում կանոնները նույնն են, ինչ որ այստեղ՝ փոքր կլոր բանտում: Դատապարտյալները՝ փոքր բանտում, իսկ «ազատ» քաղաքացիները պայմանական ազատության մեջ /մեր տարբերությունը միայն զբոսանքի տարածքի մեջ է. ձերը քիչ ավելի մեծ է/ անհրաժեշտություն են համակարգի համար՝ կոռուպցիան ծաղկեցնելու նպատակով:

Արտագաղթն էլ ոչ այլ ինչ է, եթե ոչ փախուստ «Հայաստան» քրեակատարողական հիմնարկից: Իսկ արտագաղթի հիմնական պատճառը, թերևս, խախտված ու չվերականգնված իրավունքներն են, այսինքն՝ ոչ թե արդարության, այլ արդարադատության դեֆիցիտը: Ես կբերեմ այն օրինակը, որն իմ աչքի առաջ է: Ցմահ ազատազրկումը այնքան հեշտությամբ է տրվում մեր վայ-դատարանների կողմից:

Պատկերացնո՞ւմ եք 104 ցմահականներից 15-ը զինվորներ են: Այս թվակազմում չկա միջին ու բարձր սպայական կազմից և ոչ մեկը: Երբ խաղաղ պայմաններում գրեթե ամեն ամիս զինվոր է սպանվում, պետությունը իր ֆունկցիաներից միայն պատժողականն է ընկալում, այսինքն՝ հետևանքի վերացումը, իսկ կանխարգելումը՝ երբեք: Հետևանքն այն է, որ «Նուբարաշենի» բանտի ցմահականների հարկաբաժնում 18-20 տարեկան շատ զինվորներ կան՝ առանց սեփական ընտանիք կազմելու հեռանկարի ու հույսի:

Իսկ անմեղ ու սխալ դատվածների, քավության նոխազների մասին շատ եմ գրել: Չէ՛, ժողովո՛ւրդ, մտքի, տեսակի հեղափոխություն է պետք՝ հանուն ինքնորոշված քաղաքացի կրթելու: Այնինչ ազգովի աղոթելու, ազգովի հացադուլ անելու, ազգովի ընդվզելու միասնական կամքը դեռ պիտի կռենք:

Ես դիմում եմ Րաֆֆի Հովհաննիսյանին

Բարև, հարգելի Րաֆֆի: Գիտեմ, որ հիմա հացադուլի մեջ եք, ու չեք կարող այցելել ինձ բանտում, բայց ես շատ կուզեի հանդիպել Ձեզ ու զրուցել, նվիրել իմ հեղինակած գիրքը՝ «Ես զրուցում եմ քեզ հետ, մարդ» վերնագրով: Ուզում եմ Ձեզ պատմել հանուն արդարության իմ պայքարի մասին: Ես պայքարում եմ չհանձնվելով, չընկճվելով, սովորելով, նոր ընկեր- ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ձեռք բերելով, ստեղծագործելով: Հիմա պարապում եմ պարտաճանաչ ուսանողի պես, որպեսզի հայ-ռուսական սլավոնական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քննությունները կարողանամ լավ հանձնել:

Զուգահեռաբար ավարտեցի երկրորդ գրքիս կազմման աշխատանքները: Այս ընթացքում զբաղվում էի նաև թարգմանչական աշխատանքով: Փառք ու պատիվ այն մարդկանց, ովքեր օգնում են ինձ դրսում: Երկրորդ գիրքս վերնագրել եմ «Սա կինո չէ»: Այստեղ պատմում եմ քաղաքացիական պայքարի, ինքնորոշված քաղաքացի տեսակի, արդարադատության վաակումի մասին:

Հարգելի Րաֆֆի, համամիտ եմ դերասան Վարդան Պետրոսյանի հետ, երբ նա իր վերջին հացազրույցում խոսել էր Ազատության հրապարակում կանգնած խեղճ, բայց արժանապատիվ տատիկ-պապիկների մասին, որոնց որդիները դրսում են գումար աշխատում: Այդ դեմքերը ես էլ տեսա հեռուստացույցով: Ցավում եմ, որ ֆիզիկապես Ազատության հրապարակում չեմ՝ քաղաքացիների կողքին: Այս պայքարի մեջ ինձ ոգևորել է այն, որ տեսնում ու զգում եմ քաղաքացիական շարժում և ոչ թե կրկին քաղաքական գործչի կուռքացում:

Ոչինչ չի փոխվել

Մեծ ու փոքր բանտերում ոչինչ չի փոխվել: Դրանում համոզվեցի՝ կարդալով իմ շատ սիրելի Վարդան Պետրոսյանի օժանդակությամբ հրատարակված 23 տարի սովետական բանտում անցկացրած մի մարդու՝ Հենրիկ Շաթիրյանի «Խարան» վիպակը, որտեղ հեղինակը պատմում է սովետական բանտի մասին: Հետո իմ նոր-հին ընկեր հայագետ, կինոգետ Արծվի Բախչինյանի առաջարկով /նրա հետ նամակագրական կապի մեջ եմ/ «Խարանը» թարգմանեցի ռուսերեն: Իմացա, որ Շաթիրյանը մահվանից առաջ ասել է՝ եթե երբևէ իմ գիրքը թարգմանվի, թող որ այն կատարի մեկն, ով անցել է այս դժոխքի միջով: Այդ մեկը ես եմ, ով շարունակում է դժոխքում պայքարել հանուն կյանքի: Գիտեմ, որ այժմ Ողջերի աշխարհում ձեռագրերս հավաքվում են համակարգչի վրա, որպեսզի մոտ ապագայում տպագրվի: «Խարանը» պատմում է նախորդ դարի 60-ականների բանտի մասին, բայց այդ բանտը աննշան սրբագրումներով ներկայիս Հայաստանի անկախ հանրապետության բանտի կրկնօրինակն է: Նույնիսկ բանտային լեքսիկոնը չի փոխվել:

Համոզվեք ինքներդ. մինչ օրս էլ ճաշը բերելիս՝ բանտում չեն օգտագործում ճաշ բառը, ասում են՝ «աբեդ», իսկ ճաշ բերողներին՝ «աբսլուգ»՝ ռուսերեն ծառայել բառից գոյացած անհասկանալի ձևափոխված մի բան: Զբոսանք տանելիս ասում են՝ «պրագուլկա»: Իսկ բառապաշարի մեջ այնքան բովանդակություն կա...

ՀՀ քաղաքացին վիրավորված է Սերժ Սարգսյանից

Անարդար դատավճռի հետևանքով 20 տարեկանից բանտում գտնվելուս 17 տարիներին իմ ընտանիքը, ես տասնյակ դիմումներ ենք ուղարկել Բաղրամյան 26, դիմել նաև բաց նամակներով, սակայն ձայն բարբառո անապատի. լավագույն դեպքում դրանք ուղղվում են տարբեր օղակների, օրինակ՝ դատախազություն: Անցյալ տարի էլ 33 պատկառելի մտավորականներ՝ ակադեմիկոսներ, նախագահի մրցանակակիրներ, ՀՀ ժողովրդական ու վաստակավոր արտիստներ, գրողներ դիմել էին նախագահ Սարգսյանին, որպեսզի անդրադարձ կատարվի իմ բախտակից ընկեր, ղարաբաղյան պատերազմի մասնակից, հետախույզ Սաղոմոն Քոչարյանի /ում հետ և երկու անգամ փախուստ եմ կատարել բանտերից 2004 և 2009 թթ-ին/ և իմ ճակատագրերին:

Սակայն գեթ մեկ ֆորմալ թուղթ չի ստացվել նախագահական ապարատից: Փոխարենը օրեր առաջ բացահայտեցի, որ նույն Բաղրամյան 26-ը շատ օպերատիվ է աշխատում, երբ նամակ է ստանում, ասենք, հանրահայտ ռոք-աստղ Սերժ Թանկյանից: Ինչպիսի քաղքենի մոտեցում...և դեռ պարոն Սարգսյանը իր ելույթներում նշում է, որ յուրաքանչյուր քաղաքացու նախագահն է: Ես, որպես ՀՀ քաղաքացի, վիրավորված եմ և պահանջում եմ իմ ու իմ ընտանիքի բոլոր դիմումների ու նամակների պատասխանները: Ամփոփում Խեղճ ու կրակ ժողովուրդ ասելով՝ հավանաբար նկատի ունենք՝ որտեղ խեղճ, այնտեղ էլ՝ կրակ:

Խեղճությունը հաղթահարել ենք, անցել կրակին: Իշխանությունը միշտ ուզում է կրակը մարել ու նորից ժողովրդին խեղճության մեջ պահել: Ստացվում է, որ մեր ժողովուրդը բանտված է «ազատ» ու «անկախ» գաղութում: Բայց ես, 100 կողպեքով ու քառաշերտ ճաղերով հասարակությունից մեկուսացված լինելով, տեսնում ու զգում եմ, որ սրտացավ տասը մարդ-քաղաքացին իսկ կարող է փոփոխություն բերել մեր երկրում: Ուրեմն՝ պայքար մինչև ՍԿԻԶԲ, չէ՞ որ ազնիվ պայքարը հենց ՍԿԶԲԻ համար է:

Մհեր Ենոքյան

Սլավոնական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանող, ցմահ բանտարկյալ՝ «Նուբարաշենի» կլոր գերեզմանոցից

Հ.Գ. Ողջ աշխարհում կալանավայրերը գրեթե միշտ անմասն չեն մնում հեղափոխական շարժումներից: Շատ անգամ հենց այնտեղից էլ սկվում է ամեն ինչ: Մեզ մոտ «Բաստիլի գրավման» տարբերակը չի աշխատում: Ինչո՞ւ…պատասխանը թողնում եմ ընթերցողին:

Մեկնաբանություններ (4)

Սոֆիա
Հուզված եմ, խոսք չեմ գտնում: Այնքան կուզեի Ձեզ օգնած լինեի
Վեհարի Առաքելյան
Երբ բանտարկված էին Սարգիս Հացպանյանի նման ազատամարտիկներ, հայրենասերներ, չէի զարմանում, այլ համոզված էի, որ միայն ժողովրդին թշնամի իշխանությունը նման ստորության կդիմի: Եթե ինչ որ մեկը Ժիրայր Սեֆիլյանին, Հացպանյանին, Րաֆֆիին ՀՀ քաղաքացիության իրավունքը մերժեր կամ մերժողներին արդարացներ, ապա այդ անձը ըստ անկախ Հայաստանի օրենքների պետք է համարվեր հայրենիքի դավաճան: Սակայն եկ ու տես այդ դավաճանները այնքան են կեղծիքով պղտորել մեր երկիրը, որ ոմանց թվում է թե մեծամասնությունը կույր է: Ժամանակն է բոլոր զեղծարարներին պաշտոններից վայր նետել և նրանց փոխարեն վերջապես ազնիվ հայրենասերներին ընտրել կամ նշանակել: Եթե ոչ այսօր, ապա վաղն Սերժ Թանկյանին էլ քաղաքացիություն տալը կմերժեն և կշարունակեն բոլորիս Հայաստանից վտարել:
MRH
Սիրելի Մհեր Շնորհակալություն այս գրառման համար: Երբևէ չեմ եղել ՔԿՀ-ում: Բայց ինչ որ դրվագներց իմ համար կերտել եմ այն միջավայրն ու բարքերը, որոնք տիրում են կամ կարող են տիրել այդտեղ: Ու այս պահն մի բան միայն կցանկանամ ասել քեզ. Դու շատ ավելի ազատ ես քան շատ շատերը, որոնք ապրում են այստեղ՝ ՔԿՀ-ի դռներից դուրս: Մարդու ազատությունն ուղիղ համեմատական է այն ազդեցության հետ, որ նա կարող է ունենալ հանրության վրա, լինել օգտակար ու թանկ: Այս ցուցիչով էլ հենց առաջնորդվում եմ քո ազատության չափը սահմանելիս: Իմ այս խոսքերը կարող են թվալ ցինիկ, բայց հավատա, լինելով այդքան հեռու և այդքան մոտ, կարողացել ես գրավել շատերի սրտերն ու հոգիները: Ու ամենակարևորն այն է, որ քո մեջ առկա է մարքության ու բարության շատ մեծ չափաբաժին: Չգիտեմ թե դա ինչի արդյունք է: Դա նույնիսկ անհավանակ է (հաշվի առնելով այն, որ կյանքիտ գրէթե կեսը այդտեղ ես), բայց փաստ: Հվատա, որ քեզ շատ շատերն են սիրում, ու որ շատ ավելի կարևոր է, դրանց ճնշող մեծամասնությունը սկսել են սիրել քեզ այն ժամանակ, երբ դու արդեն վաղուց ճաղերի ետևում ես եղել: Հարգանքով՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի
abc
Iskakan mardaspaner@ azatutyan mej en. Husanq vor mi or amen inch ir tex@ k@nkni.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter