
Հարցաքննվում են «Նաիրիտի» աշխատակիցները
«Նաիրիտ գործարանի» աշխատակիցներին հրավիրում են ՀՀ գլխավոր դատախազություն և հարցաքննում: Այսօր գլխավոր դատախազությունից հետաքրքրվեցինք, թե արդյոք քրեական գործ հարուցվե՞լ է, թե՞ ոչ: Հիշեցնենք, որ «Հետքը» սկսել էր հետաքննություն իրականացնել և հրապարակել հոդվածների շարք, որտեղ ներկայացվել է գործարանի սեփականատեր ընկերության և դրա հետ կապված այլ օֆշորային ընկերությունների գործարքները և վարկային միջոցների փոշիացման պատմություններ:
Գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը «Հետքի» հարցմանն այսօր պատասխանեց, որ քրեական գործ չի հարուցվել: Մեր հարցին, թե եթե գործ չի հարուցվել, ուրեմն ինչու են «Նաիրիտի» աշխատակիցները հրավիրվում դատախազություն և հարցաքննվում, Սոնա Տռուզյանն ասաց, որ աշխատակիցներից բացատրություններ են վերցվում:
Նշենք, որ «Նաիրիտի» նախկին տնօրեններն արդեն մի քանի անգամ հարցաքննվել են: Մասնավորապես` «Նաիրտի գործարան» ՓԲԸ-ի 2009-2011թթ. տնօրեն, Միջպետական բանկի հայաստանյան ներկայացուցիչ Վահան Մելքոնյանը, ինչպես նաև 2005-2007թթ. տնօրեն Կարեն Իսրայելյանը: Վերջինս «Հետքին» պատմեց, որ իրեն հարցաքննել են որպես վկա «Նումարդ թրեյդինգի» գործով: «Ես որպես վկա ցուցմունք եմ գրել»,- ասաց Կարեն Իսրայելյանը:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել