HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սարդարապատը» կոչ է անում ուժերը չվատնել Երևանի ընտրությունների վրա

«Սարդարապատ» շարժումն այսօր հանդես է եկել հայտարարությունում, որը ներկայացնում ենք ստորև:

Հայաստանի Հանրապետությունում 1995 թ. ի վեր ընտրությունները վերածվել են աշխարհաքաղաքական ուժերի նորգաղութային շահերը սպասարկող ապազգային պետական կառավարման համակարգի և նրա միջուկը կազմող հանցավոր վարչախումբի վերարտադրության միջոցառումների:

Նույնիսկ նախագահական «ընտրություններում», որոնց ժամանակ օրինաչափորեն արձանագրվում է ժողովրդի մոբիլիզացիայի և պայքարի ուժգնության շատ ավելի բարձր մակարդակ, հնարավոր չէ հաղթահարել ընտրակեղծիքի մեխանիզմը:

Միևնույն ժամանակ հարկ է փաստել, 2013 թ. նախագահական «ընտրությունների» ընթացքում ձևավորվել է աննախադեպ մի երևույթ: Այս անգամ բարձրացած ընդվզման ալիքը հետևանք չէ միայն կեղեքման դեմ հերթական պոռթկման: Ժողովուրդն իրեն բնորոշ ներքին իմաստնությամբ գիտակցում է, որ այսպես շարունակվելու դեպքում «ընտրությունների» հաջորդ հնգամյա փուլի համար երկիրը կարող է դիմադրության բավարար ռեսուրս չունենալ, ուստի իր ընդվզման մեջ նաև գոյատևման պայքարի ազդակ է ուղարկում առողջ քաղաքական ներուժի ակտիվին:

Հայ ժողովրդի այս ընդվզման որակը հուշում է, որ դրա ճիշտ ուղղորդման և կազմակերպման դեպքում ոչ միայն հնարավոր է մեր երկիրը հանել քաղաքական փակուղուց ու վերականգնել նրա ինքնիշխանությունը, այլև հասնել համազգային զարթոնքի և կառուցել նոր որակի հայկական պետություն:

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը փաստում է, որ մենք ըստ իրավիճակի տրամաբանության պարտավոր ենք կատարել քաղաքական փակուղուց դուրս գալու առաջին կազմակերպական քայլը, որպիսին կարող է լինել միայն պետական կառավարման համակարգին զուգահեռաբար գործող այլընտրանքային համակարգի ձևավորման գործընթացի մեկնարկը: Այդ նպատակով անհրաժեշտ է առավելագույնս օգտվել ժողովրդական ընդվզմամբ առաջացած ներկայիս մոբիլիզացիայի աննախադեպ հնարավորությունից և ուժերը չվատնել կանխորոշված ելքով հերթական, այս անգամ արդեն՝ Երևանի ավագանու «ընտրությունների» վրա:

Ժամանակն է ինքնակազմակերպվելու և միահամուռ ջանքերով ձեռնամուխ լինելու այլընտրանքային եղանակով դատական, օրենսդիր ու գործադիր մարմինների ձևավորման միջոցով մեր ինքնիշխանության վերականգնման և նոր որակի հայկական պետության ստեղծման համազգային նպատակի իրագործմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter