HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Սկսվում է շախմատային թագի համար պայքարը

Այսօր Լոնդոնում տեղի կունենա շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի պաշտոնական բացումը: Իսկ հավակնորդների մրցավեճերը կկայանան մարտի 15-ից մինչեւ ապրիլի 1-ը: Մրցաշարին մասնակցելու իրավունք է ստացել 8 միջազգային գրոսմայստեր՝ Լեւոն Արոնյանը (Հայաստան), Բորիս Գելֆանդը (Իսրայել), Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա), Պյոտր Սվիդլերը (Ռուսաստան), Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան), Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան), Մագնուս Կառլսենը (Նորվեգիա): 

Հաղթողը նոյեմբերին իրավունք կունենա շախմատային թագը վիճարկել ներկայիս չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ: 

Լոնդոնյան մրցաշարը տեղի կունենա երկու փուլով, այսինքն՝ մասնակիցները իրար կհանդիպեն երկուական անգամ: Հիշեցնենք, որ հավակնորդների վերջին մրցաշարը, որում հաղթեց Բորիս Գելֆանդը, կայացել էր օլիմպիական կամ, շախմատային լեզվով ասած, նոկաուտ սկզբունքով, ասել է թե՝ զույգերում պարտվողը լքում է պայքարը, իսկ հաղթողն անցնում է հաջորդ փուլ: Իսրայելցի Գելֆանդը, չլինելով թիվ մեկ հավակնորդ, այն ժամանակ դուրս եկավ Անանդի դեմ, սակայն 2012-ին համառ պայքարում հնդիկ գրոսմայստերը պահպանեց իր կոչումը:  

Անանդը աշխարհի 15-րդ չեմպիոնն է, իսկ հավակնորդներից Կրամնիկը՝ 14-րդը: Ընդ որում՝ Անանդը 2007-ին աշխարհի չեմպիոն դարձավ առանց Կրամնիկին անհատապես հաղթելու: Հնդիկ շախմատիստը թագը նվաճեց երկու փուլով անցած մրցաշարում, որին մասնակցում էր 8 գրոսմայստեր, այդ թվում՝ Կրամնիկը: Սակայն քանի որ աշխարհի չեմպիոնն իր կոչումը ձեռք էր բերում հավակնորդի հետ մրցավեճում, շախմատային աշխարհի մի մասը նախապատվությունը տալիս էր Կրամնիկին, որը իր թագը որեւէ հավակնորդի այդպես էլ չէր զիջել: 2008-ին ռուս շախմատիստը հնարավորութուն ստացավ ձեռնոց նետել նորընծա չեմպիոնին, սակայն Անանդը մնաց բարձունքում: 

Կրամնիկից հետո Անանդից թագը փորձեցին նվաճել նաեւ բուլղար Վեսելին Տոպալովը եւ, ինչպես վերը նշվեց, Բորիս Գելֆանդը. երկու դեպքում էլ Անանդը չզիջեց իր տիտղոսը: 

Ներկայացնենք շախմատի աշխարհի բոլոր չեմպիոններին.

1. Վիլհելմ Ստեյնից (ԱՄՆ)- 1886-1894
2. Էմանուել Լասկեր (Գերմանիա)- 1894-1921
3. Խոսե Ռաուլ Կապաբլանկա (Կուբա)- 1921-1927
4. Ալեքսանդր Ալյոխին (Ֆրանսիա)- 1927-1935, 1937-1946
5. Մաքս Էյվե (Հոլանդիա)- 1935-1937
6. Միխայիլ Բոտվիննիկ (ԽՍՀՄ)- 1948-1957, 1958-1960, 1961-1963
7. Վասիլի Սմիսլով (ԽՍՀՄ)- 1957-1958
8. Միխայիլ Տալ (ԽՍՀՄ)- 1960-1961
9. Տիգրան Պետրոսյան (ԽՍՀՄ)- 1963-1969
10. Բորիս Սպասսկի (ԽՍՀՄ)- 1969-1972
11. Ռոբերտ Ֆիշեր (ԱՄՆ)- 1972-1975
12. Անատոլի Կարպով (ԽՍՀՄ)- 1975-1985
13. Գարրի Կասպարով (ԽՍՀՄ, Ռուսաստան)- 1985-1993 

1993-ին շախմատային աշխարհը պառակտվեց: Գործող չեմպիոն Կասպարովը առանձնացավ համաշխարհային ֆեդերացիայից՝ ՖԻԴԵ-ից, ու հիմնեց Պրոֆեսիոնալ շախմատային ասոցիացիան՝ ՊՇԱ-ն: ՖԻԴԵ-ն Կասպարովին զրկեց կոչումից, ու կառույցի կողմից անցկացված նոր մրցավեճում կրկին չեմպիոն դարձավ Անատոլի Կարպովը: Այդուհանդերձ շախմատային աշխարհը ՖԻԴԵ-ի վարկածով հետագա չեմպիոններին ավելի բարձր չէր դասում, քան Կասպարովին, որի ՊՇԱ-ն շուտով դադարեց գոյություն ունենալ, սակայն Գարրին մնում էր ուժեղագույնը աշխարհում:

1993-2006 թթ. ՖԻԴԵ-ի վարկածով չեմպիոն դարձան հետեւյալ գրոսմայստերները.

Անատոլի Կարպով (Ռուսաստան)- 1993-1999
Ալեքսանդր Խալիֆման (Ռուսաստան)- 1999-2000
Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)- 2000-2002
Ռուսլան Պոնոմարյով (Ուկրաինա)- 2002-2004
Ռուստամ Կասիմջանով (Ուզբեկստան)- 2004-2005
Վեսելին Տոպալով (Բուլղարիա)- 2005-2006

Իսկ մինչ այդ՝ 2000-ին, Վլադիմիր Կրամնիկը կարողացավ գահից իջեցնել Գարրի Կասպարովին ու ճանաչվել աշխարհի 14-րդ չեմպիոն: 2006-ին երկու չեմպիոնները՝ Կրամնիկը եւ Տոպալովը, շախմատային աշխարհի միավորման մենամարտ անցկացրին, որտեղ հաղթեց Կրամնիկը: Իսկ հետո, ինչպես արդեն նշվեց, թագը նվաճեց Անանդը, որից Կրամնիկը չկարողացավ ռեւանշ վերցնել:

Լոնդոնյան մրցաշարում հավակնորդներից ֆավորիտ է համարվում համաշխարհային դասակարգման առաջատար Մագնուս Կառլսենը, որի հիմնական մրցակից նշվում է Լեւոն Արոնյանը: Ըստ որոշ փորձագետների՝ նրանցից մեկն էլ դառնալու է աշխարհի գալիք չեմպիոնը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter