HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Դասախոսի պայմանագիրը չեն երկարացրել. պատճառը ԵՊՀ ռեկտորի օգնականի պահվածքը քննադատե՞լն է

Արարատ Միրզոյանը պատմական գիտությունների թեկնածու է: ԵՊՀ-ում դասախոսել է միայն անցած կիսամյակ` ժամավճարային պայմանագրով, ինչը նշանակում է, որ նա հաստիքային աշխատող չի եղել եւ «հրավիրյալ դասախոսի» կարգավիճակ է ունեցել:

«Դասախոսել եմ հեռակա համակարգով սովորող մշակութաբաններին: Հունվարի 18-ին վերցրել եմ վերջին քննությունը: Մարտի կեսից նոր ժամեր պիտի ունենայի` հայ արվեստի պատմության ամբիոնն էր առաջարկել: Այս անգամ պիտի դասախոսեի, եթե չեմ սխալվում, առկա համակարգով սովորողներին, բայց դա կարևոր չէ: Ինչևէ, ռեկտորատը հրաժարվել է ստորագրել պայմանագիրս»,-«Հետքի» հետ զրույցում ասաց Արարատ Միրզոյանը:

Ըստ դասախոսին` ինքը պարզաբանում ստանալու համար չի դիմել ռեկտորատ:

Նշենք, որ Արարատ Միրզոյանն այն դասախոսներից էր, ով խստորեն դատապարտել է սույն թվականի փետրվարի 27-ին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դիմաց դասադուլի կոչով հանդես եկող ուսանողների նկատմամբ ԵՊՀ որոշ պաշտոնյաների, ուսխորհդի, արհմիության եւ այլ կառույցների ներկայացուցիչների պահվածքը:

«Համարում եմ, որ հայհոյանքները, վիրավորանքները, սպառնալիք պարունակող եւ վտանգավոր հետեւանքներով հղի «զորքը բեր առաջ, ախալքալաքցիներին բեր առաջ» արտահայտությունը, հեգնական` «ես էլ եմ ձեզ սիրում, հատկապես աղջիկներին»-ը եւ նման այլ արտահայտությունները, մեղմ ասած, պատիվ չեն բերում ԵՊՀ-ին եւ վտանգում են Մայր բուհի հեղինակությունը»,-ասել էր Ա. Միրզոյանը:

Նա նաեւ պահանջել էր ԿԳ նախարարից եւ ԵՊՀ ռեկտորից պաշտոնապես միջադեպը պարզաբանելու եւ իրենց պաշտոնը չարաշահած եւ լիազորությունները գերազանցած անձանց պատժելու:

Հիշեցնենք, որ «զորքը բեր առաջ, ախալքալաքցիներին բեր առաջ» եւ «ես էլ եմ ձեզ սիրում, հատկապես աղջիկներին» արտահայտությունների հեղինակը ԵՊՀ ռեկտորի օգնական Գեւորգ Մելքոնյանն էր, ում պահվածքը բուռն քննադատվեց համացանցում:

Չի բացառվում, որ Արարատ Միրզոյանի պայմանագիրը չեն երկարացրել հենց ռեկտորի օգնականի պահվածքը քննադատելու համար:

Լուսանկարը՝ Ա. Միրզոյանի ֆեյսբուք էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter