HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ի՞նչ կտա Մարտի 1-ի նոր հանձնաժողովը. ԱԺ-ում ժամանակավոր հանձնաժողով է ստեղծվում

Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում միաձայն ընդունվել է 2008թ. մարտի 1-ի դեպքերն ուսումնաասիրելու նպատակով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը, որի նախաձեռնության հեղինակը ՀԱԿ խմբակցությունն է` պատգամավոր Գագիկ Ջահանգիրյանի գլխավորությամբ:

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ ինքը կողմ է քվեարկել ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմանը եւ դրա վերաբերյալ դրական կարծիք ունի:

Նրա ասելով` նախագծով այս պահին համաձայնություն է ձեռք բերվել, որ հանձնաժողովն ունենալու է 7 անդամ, որոնք լինելու են խմբակցություններում ընդգրկված պատգամավորները: Հանձնաժողովում 2 անդամ ունենալու է ՀՀԿ-ն, իսկ մյուս` ԲՀԿ, «Ժառանգություն», ՀՅԴ, ՀԱԿ եւ ՕԵԿ խմբակցությունները` 1-ական անդամ:

Ըստ Էդմոն Մարուքյանին` այս հանձնաժողովի գործունեության դաշտը շատ հստակ է: Ի տարբերություն նախկինում ստեղծված մարտիմեկյան հանձնաժողովի՝ այս հանձնաժողովը 2008թ. մարտի 1-2-ի դեպքերի կապակցությամբ ՀՀ ոստիկանության, հատուկ քննչական ծառայության, գլխավոր դատախազության ձեռնարկած միջոցառումների եւ գործողությունների հիմնավորվածության եւ օրինականության հարցերն է ուսումնասիրելու:

«Հստակ դրված է, թե ինչ խնդիրներ են լուծվելու, եւ դրական է իմ մոտեցումը, որովհետեւ զուտ իրավական քննարկման հարցեր են ուսումնասիրվելու: Մարտի 1-ի հարցը քաղաքական է, բայց հանձնաժողովի ստեղծման հիմքում դրված են զուտ իրավական խնդիրներ, եւ նախագծի հեղինակը հնարավորինս փորձել է այն զերծ պահել քաղաքական շահարկումներից: Համաձայնության արդյունքում հանձնաժողովի հիմնավորումների բաժնից դուրս են եկել քաղաքական որոշակի գնահատականներ, որոնք եղել են նախկին նախագծում»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

Պատգամավորի կարծիքով` այս հանձնաժողովը որեւէ ճնշման չի ենթարկվի, քանի որ դրա իմաստը չկա: Ըստ նրան, եթե քաղաքական մեծամասնությունը ցանկություն ունենար ազդելու հանձնաժողովի գործունեության վրա կամ ընդհանրապես հակված լիներ նման հանձնաժողով չունենալուն, ապա ի սկզբանե կարող էր համաձայնության չգալ, եւ հանձնաժողովը չէր ստեղծվի:

Անկախ պատգամավորները, այդ թվում Էդմոն Մարուքյանը, նախնական քննարկումներով հնարավորություն չեն ունենա մասնակցելու հանձնաժողովի աշխատանքներին: Պատգամավորը հարց է բարձրացրել, որ ժամանակավոր հանձնաժողովներում անկախ պատգամավորներն աշխատելու հնարավորություն եւս ունենան: ՀՀԿ-ից Դավիթ Հարությունյանը խոստացել է խմբակցությունում հարցը քննարկել եւ պատասխանել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter