HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այլըտրանքային կառավարություն/կառավարում թեմայով հետմիտինգային քննարկում Ազատության հրապարակում

Մարտի 15-ին, Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքից հետո, Ազատության հրապարակում անցավ քաղաքացիական Հրապարակ-ֆորում շարքի երկրորդ քննարկումը, որը նվիրված էր այլընտրանքային կառավարություն/կառավարում թեմային: Ներկայացնում ենք քննարկման ամփոփագիրը:

Վարդգես Գասպարի

Այլընրանքային կառավարության մասին երկու ըւնդհանուր մոտեցում կա, մեկը նա է, որ այսպես ասած, զուգահեռ կառավարություն է կազմվում, որը ներկայացնում է առաջարկներ, որոնք կարող են լինել առավել արդյունավետ, և գործող իշխանությունը դրանք վերցնում է ու իրականացնում: Այդպիսին էր, օրինակ Հ.Բագրատյանի 100 քայլը, որ հրապարակվեց ու ասվեց իշխանություններին՝ խնդրեմ, ուզում եք սա վերցրեք ու իրականացրեք: Մեկ այլ մոտեցում կա, երբ այլընտրանքային կառավարություն կոչվածը փորձում է աստիճանաբար վերցնել ու իրականացնել իշխանությունը, և գործող իշխանությանը զրկել իր լծակներից: Ես այդ մոդելն եմ առաջարկում, սա կիրառվել է մի քանի երկներում և ունեցել է հաջողություն: Օրինակ՝ եթե մենք ունենանք այսօր այլընտրանքային կառավարություն, նա պետք է ներկայացնի այնպիսի առաջարկներ, որոնք որքան էլ լինեն փոքր, բայց պետք է լինեն իրագործելի, իրական: Օրինակ՝ եթե մենք ունենանք այստեղ ֆինանսների նախարարություն, նրա առաջարկը չպետք է լինի հարկերը կամ լույսի վարձը չվճարելը, այլ պետք է լինի՝ վճարել դրանք մաքսիմալ ուշ թույլատրելի ժամկետում: Եթե մենք, մեկ միլիոն վճարողներ, կատարենք վճարումները ոչ թե ամսի մեկին, օրինակ, այլ 15-ին, ու եթե ամեն մեկս միջինը վճարում է 5 հազար դրամ, ուրեմն գործող իշխանությունը 15 օրով զրկվում է իր շրջանառությունում 5 միլիարդ դրամ ունենալուց, ուրեմն, մեր այլընտրանքային նախարարությունը սկսում է ռեալ ազդել շրջանառվող միջոցների վրա: Եթե քաղաքացիները զանգվածաբար ընդառաջեն այլընտրանքային կառավարության նման քայլերին, կարելի կլինի դիմել ավելի ազդեցիկ միջոցների, օրինակ՝ առհասարակ հրաժարվել մուծել կոմունալ վճարները ու հարկերը, քանի որ եթե մեկ մարդ հրաժարվի՝ կգան իր լույսը կանջատեն, իսկ եթե հրաժարվի մեծամասնությունը՝ իշխանությունը արդեն ոչինչ չի կարողանա անել: Դա փոքր օրինակ է, որը ցույց է տալիս, թե ինչպես, ոչ մի օրենք չխախտելով, ոչ մի ընդհարումների չգնալով, քաղաքացիները կարող են, այլընտրանքային կառավարության միջոցով, իրենց կամքը սկսել պարտադրել իշխանությանը:

Արա Նեդոլյան

Այլըտրանքային կառավարումը մեզ համար նոր գաղափար է, և փորձենք ուղղակի պատկերացնել, թե դա ինչ կարող է լինել: Առաջին դեպքը այն սուտ հրապարակումն էր «168 ժամ»-ում՝ իբր թե այլընտրանքային կառավարության կազմը: Բայց անգամ այդ ձևով՝  դա բավականին հետաքրքիր էր, հաճելի էր դա տեսնել, և ես շատ հետաքրքված կլինեի, որ նման ցուցակ, արդեն ոչ սուտը, իսկականը, հրապարակվի: Երբ որ տեսնում ես, օրինակ, Ժիրայր Սեֆիլյանի պես մի մարդուն իբրև պաշտպանության նախարար, անմիջապես երևակայությունդ աշխատում է, սկսում ես պատկերացնել թե ինչպես Ժիրայրը վերջ կտար ներկայիս բանակի կոռումպացված հրամանատարությանը, շատ հավանական է նաև որ նա ընդունի պրոֆեսիոնալ բանակի սկզբունքը, ինքը, լինելով կամայական ջոկատի հրամանատար, պետք է որ ընկալի կամայական պրոֆեսիոնալ բանակի արժեքը: Երբ որ տեսնում ես Մարիամ Սուխուդյանին իբրև բնապահպանության նախարար՝ էլի պատկերացնում ես, ինչպես նա կսկսեր համակարգային ձևով պաշտպանել բնությունը, տանել համակարգային էկոլոգիական քաղաքականություն: Բայց այդ մոտեցումը, իհարկե, դեռ մեկ քայլ է, արդեն անհրաժեշտ է երկրորդը: Այս մոտեցումը մենք տեսել էինք, օրինակ, 90 թվականին, երբ որ նախարարների, վարչապետի պաշտոններին նշանակվում էին մարդիկ, որոնք, հասարակության համոզմամբ, «մի բան կանեն»: Եվ այդ մարդիկ սկսում էին ինչ-որ բաներ անել, բայց ինչպե՞ս: Նրանք գտնում էին փորձագետներին, ներսից եթե կային, կամ դրսից, համշխարհային բանկն է, ով է տրամադրում փորձագետներին, փակվում էին կաբինետներում ու ստեղծում ինչ-որ կոնցեպցիա, որը սկսում էին հետագայում իրականացնել: Սակայն, այս հինգ տարում մենք ունեցանք շատ ավելի հետաքրքիր փորձ, դա Կոնգրեսի հանձնաժողովների աշխատանքն էր, որոնք նույնպես նախագծվում էին իբրև այլընտրանքային կառավարման մարմիններ, բայց սահմանափակվեցին միայն հայեցակարգեր մշակելով: Եվ այդ հայեցակարգերը իսկապես շատ հետաքրքիր էին, լավ, կապակցված, ու թույլ էին տալիս պատկերացնել, թե նոր կառավարությունը իսկապես ինչ փոփոխություն է իրականացնելու երկրում: Այդ փորձը զարգացում չստացավ, ու այսօր կա նոր հնարավորություն անել այդ երկու բանը զուգահեռ. մի կողմից՝ նշանակել, քաղաքական բանակցությունների միջոցով, շատ կոնկրետ, անուններով, ստվերային կառավարություն, և երկրորդը՝ ստեղծել, վերստեղծել այդ հանձնաժողովները, որոնք թույլ կտան բոլորին մասնակցել այդ կոնցեպցիաների ձևավորմանը:

Անսթափ քաղաքացի՝ եթե հարցերը խմբագրենք ու կրաճատենք, հարցնում է՝

Ի՞նչ ձևով է կազմվելու այդ ստվերային կառավարությունը

Արա Նեդոլյան

Քաղաքականությունում գործում է մասնակցայնության օրենքը, նշանամում է՝ ով որ ցանկանում է մասնակցել այս գործընթացին, գալիս ու մասնակցում է, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը, իբրև լեգիտիմ նախագահ, քաղաքական բանակցությունների միջոցով կազմում ու նշանակում է ստվերային կառավարությունը, ինչպես դա արվում է շատ ու շատ երկրներում: Եվ էլի եմ ուզում կարևորել երկրորդը՝ հենց հրապարակում, բաց ռեժիմով գործող հանձնաժողովների ստեղծումը: Միգոցե, քաղաքացիական ֆորումը, որը հայտարարվել է մյուս շաբաթվա ընթացքում, կարելի է զուգահեռ դարձնել այդ ընթացքին: Իմաստը դա է, որ մենք պատկերացնենք, ինչ կոնցեպտուալ փոփոխություններ են տեղի ունենալու: Հա, հավատում ենք որ չեն գողանալու, բայց հավատալը քիչ է, ինչպես են զարգացնելու այդ ոլորտները, ինչ երաշխիքներ են ստեղծելու, որ այլևս երբեկ չեն գողանալու, որ եղած օլիգարխիկ համակարգը չի վերարտադրվելու, աշխատելու է այլ համակարգ: Այդ այլ համակարգերը կան, ի դեմս 100 քայլ ծրագրի, ի դեմս Կոնգրեսի մյուս ծրագրերի, բայց դրանք պետք է ադապտացվեն ռեալ աշխատող մարմնին, այլընտրանքային կառավարությանը:

Դավիթ Ստեփանյան

Ասեմ որ տեխնիկապես, ինչպես ես եմ հասկանում, վիճակը շատ հարմար է նման բան անելու համար, քանի որ կա մոբիլիզացիա, կա հրապարակ, կան մարդիկ և այդ մարդիկ մտածող են, գոնե կան այդպիսի նշաններ որ մարդիկ սկսում են մտածել թե ինչպիսի երկիր են ուզում տեսնել: Ինչով է իրավիճակը տարբեր՝ եթե նույն Կոնգրեսի հայեցակարգերը կաբինետային էին մշակվում, հիմա կա հրապարակ, ու եթե այդ հայեցակարգերը հրապարակային մշակվեին, ու բոլոր մարդիկ մասնակցեին, այդ բոլոր մարդկանց կողմից մշակված ծրագիրները կլինեին լեգիտիմ, հիմա այդ շանսը կա, ովքեր որ մասնակցեն, ինչ-որ մի մասնիկ ներդնեն այդ ծրագրերին, բնականաբար իրենք էլ շահագրգռված կլինեն այդ ծրագերի առարկայանալու համար: Այդ առումով իրավիճակը տեխնիկապես իրոք որ շատ հարմար է, ու հույս ունենանք, որ այդպես էլ կլինի, այսինքն չեն լինի ինչ-որ վերևից իջեցված որոշումներ, և հորիզոնական ձևով կձևավորվեն այդ ստվերային կառավարության մարմինները, և նույնն էլ ծրագրերը՝ ինչպես մարմինները ձևավորվեն հրապարակավ, ծրագրերն էլ մշակվեն հրապարակավ, և յուրաքանչյուրը ով որ մասնակցություն ունեցավ, պատրաստ լինի տեր կանգնել այդ ծրագրերի իրականացմանը:

Վարդգես Գասպարի

Ես ցանկանում եմ հենց այստեղ, ներկաներին կոչ անել վճարել իրենց կոմունալ վճարումները վերջին օրը, ֆեյսբուկում էլ եմ գրել առաջարկը, և ցանկանում եմ, որ մինչև մեր հաջորդ քննարկում, մարդիկ արձագանքեն, ինչպես են իրենք վերաբերվում այս առաջարկին, և ինչով կարող են այն լրացնել:

Դավիթ Ստեփանյան

Հարց եղավ, թե ինչպես ես պատկերացնում յուրաքանչյուրի մասնակցությունը, ասեմ, որ ձևեր կան: Իսլանդիայում, օրինակ, ամբողջ ժողովրդի մասնակցությամբ գրվեց նոր Սահմանադրություն, համացանցի միջոցով: Օրինակ` կարող են լինել էքսպերտներ, որոնք հավաքում են բոլորի կարծիքը, այն մշակում են ու պրոտոկոլի ձևով դնում են ինչ-որ տեղ, որտեղ դա նորից քննարկվում ու մշակվում է, կան մասնագետներ, որոնք ավելի կոմպետենտ կլինեն այդ հարցում, կստեղծեն ձևեր բոլորի մասնակցությունը ապահովելու:

Արա Նեդոլյան

Խոսենք նաև ոչ այնքան այլընտրանքային կառավարության մասին, որքան այլընտրանքային կառավարման՝ եղած կառավարման նկատմամբ ինչով է այլընտրանքային այն կառավարումը, որը ստեղծվում է հրապարակային ձևերով: Հիմնականում ինձ թվում է մի բանով՝ դա ապակենտրոնացված ու մասնակցային կառավարում պետք է լինի: Այսինքն այս ամենը, այս բոլոր ընդդիմադիր շարժումները ունեն մեկ նպատակ՝ իշխանավորել մարդուն, իշխանավորել քաղաքացուն, և իրականացնել ի վերջո Սահմանադրության երկրորդ հոդվածը, ըստ որի իշխանությունը պատկանում է ժողովրդին, դա նշանակում է, որ մարդը պետք է դառնա իշխող ու ինքնիշխան քաղաքական ոլորտում, տնտեսական ոլորտում և մշակութային ոլորտում: Պետք է լինի ոչ թե մի իշխող կենտրոն իր պատկերացումներով, որոնք ինքը պարտադրում է բոլորին, այլ պետք է լինի ապակենտրոն համակարգ, որտեղ իշխանությունը պատկանում է ամեն մեկին: Եվ կոլեգիալ կառավարման համակարգը դա առաջին քայլերից մեկն է այդ վիճակին հասնելու: Կոլեգիալ կառավարումը նշանակում է, որ կառավարում է իսկապես յուրաքանչյուրը, ով որ ուզում է գալ ու այդ գործին կպնել: Այդ հանձնաժողովներում իհարկե չեն մնալու 10000 կամ 1000 մարդ, այնտեղ մնալու են նրանք ով պատրաստ է, չլինելով վարձատրվող չինովնիկ, ձևավորել հասարակական պատվերը, ձևակերպել հասարակական պատկերացումները: Ինձ թվում է, այս բոլոր ընդդիմադիր շարժումների, լեգիտիմ շարժումների,  հանրապետական շարժումների, որ արդեն 5 տարի է հրապարակում են, նպատակը հենց դա է, եթե մենք իբրև հասարակություն ձևակերպում ենք, թե ինչու է պետք իշխանափոխություն ոչ միայն անձերի, այլ իշխանության համակարգերի, իշխանության ձևի ու բնույթի տեսակետից:       

Լուսանկարը` Անի Գևորգյանի

Մեկնաբանություններ (1)

Վեհարի
Հատկապես ոգևորող է Ժիրայր Սեֆիլյանին իբրև պաշտպանության նախարար, նշանակելու առաջարկը: Ժիրայրը հայրենասեր է, խելացի է և ազնիվ: Համոզված եմ, նրա ղեկավարած բանակում սպանությունները չեն կոծկվի, բարձրաստիճան սպաները և գեներալները պաշտպանության միջոցները, զինվորներներին հասանելիք սնունդը չեն կարողանա թալանել: Ցանկացած այլընտրանքային պաշտոնյան կարող է վեր հանել իր բնագավառին վերաբերող խնդիրների լուծման եղանակը և ապացուցել , որ իշխանությունը զավթած չինովնիկները թալանելու կամ որոշ դեպքերում նաև ժողովրդին դանդաղ ցեղասպանության ենթարկելու նպատակով են նման ձևով գործում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter