Մտորումներ Րաֆֆու հացադուլի և Հայ Առաքելական Ս. Եկեղեցու սպասավորների մասին
Մի սփյուռքահայի մտորումներից-2
Ինչո՞ւ հայաստանցիների մեծամասնությունը եւ հատկապես Հայաստանի հոգեւորականությունը ճիշտ չեն ընկալում կամ ընդհանրապես չեն ընկալում Րաֆֆու հացադուլը: Ի՞նչ նախադրյալներ ունի հայաստանցին, ընդհուպ մինչեւ հոգեւորականը, հասկանալու հացադուլի իմաստը եւ դրա ազդեցությունը հայաստանյան եւ առհասարակ հանրության հոգեւոր ու բարոյական մտածելակերպի վրա: Բացատրությունը ներկայացնեմ հասարակության ելակետային դիտարկման կամ ավելի ճիշտ կլինի ասել, սոցիալիզացիայի տեսանկյունից:
Ըստ Վաշինգտոնի Քարնեգի հիմնադրամի օրերս հրապարակած հետազոտության արդյունքների, որն իրականացրել են Ստալինի մահվան 60 ամյակի առիթով` (http://www.azatutyun.am/content/article/24918562.html), ՀՀ քաղաքացիների 55%-ը իր դահիճին եւ բռնաբարողին «իմաստուն ղեկավար» է համարում, իսկ 38%-ը համոզված է, որ իրենց երկիրը Ստալինի նման ղեկավարի կարիք ունի: Սա նշանակում է, որ այս հասարակության 55%-ը զուրկ է ազատ մտածելու հնարավորությունից, եւ հասարակության 38%-ի գիտակցությունից դուրս են գտնվում շատ տարրական մարդկային առաքինություններ՝ ազատություն, ինքնուրույնություն, բարություն, սեր, ներողամտություն, պատասխանատվություն, հանդուրժողականություն, հարգանք դեպի այլախոհը, հարգանք մարդու արժանապատվության հանդեպ եւ այլն: Այսպիսի հասարակության համար դժվար ընկալելի է այն, ինչ կատարվում է Ազատության հրապարակում:
Blognews.am կայքում մի քաղաքացի հետեւյալ գրառումն էր կատարել. ¦Րաֆֆին Գանդի չէ եւ հայերն էլ հնդիկ չեն§: Շատ ճիշտ եւ տեղին է նկատառումը: Գանդիի երկրում 70 տարի Ստալինյան տեռոր չի իշխել, Չարենցներ, Բակունցներ, հոգեւորականներ, հազարավոր այլ այլախոհներ, պարզ ու հասարակ մարդիկ պետականորեն չեն «լիկվիդացվել»: Այնտեղ կովը, առնետը, կապիկը, ինչպես եւ մարդը, համարվում է Աստծո արարած եւ այլ կերպ են ընկալվում կենդանի էակները: Հայը, սակայն դեռ ոչխար է մորթում փողոցում, իր հաճույքի համար արջ է որսում արգելոցում, ծառեր է կտրում ոչ թե իր տնտեսական կարիքները հոգալու, այլ լոկ իր «կայֆի» համար, «կարա՝ անում ա, ո՞նց թէ»: Գանդին եզակի մարդ էր, նա անհասանելի է թե՛ իր փիլիսոփայությամբ, թե՛ իր հոգեւոր ու բարոյական կեցվացքով, ուրեմն եկեք չփորձենք համեմատվել մի անձի հետ, որն անընկալելի է նաեւ մարդկության մեծամասնության համար:
Սովետական ռեժիմը, հանձինս Լենինի ու Ստալինի եւ նրանցից ոչ պակաս տմարդի ոճրագործ հաջորդների, այլանդակել է մարդուն այն աստիճան, որի համար մարդը, (Կտակարանում նշված «մերձավորը») դարձել է օբյեկտ, իր, անհոգի մի գոյ, որին կարելի է ճնշել, աքսորել, կախել, գնդակահարել, թունավորել հանուն ինչ-որ մի բանի (սոցիալիզմի, կոմունիզմի, պատվի, փողի, հավատքի եւ այլն): Ասենք՝ «Առագաստ» սրճարանի զուգարանում կամ «Հարսնաքար» ռաստորանում մարդուն ծեծամահ անել կամ «Մարիոթ» հյուրանոցում կնոջը ծեծել, կամ` այլախոհ հավատացյալին` «աղանդավորին» ապտակել, հրմշտել, հայհոյել ու այդպիսի հազարավոր դեպքեր:
Սովետն ուզում էր կերտել «նոր մարդուն» եւ նրան դա հաջողվեց՝ ստացվեց «սավյետսկի նառոդը», որն ուրվականի պես շրջում է մեր հասարակության մէջ: Հետաքրքրվողներին խորհուրդ կտայի ընթերցել Կոստան Զարյանի «Անցորդը ու իր ճամբան» վեպը, որտեղ հոյակապ է նկարագրված այդ «նոր մարդու» արարչական գործի սկիզբը: «Սավյետսկի նառոդը», հասարակության այդ 55 կամ 38%-ը նման է Պ. Սեւակի «թութակին», «միջակությանը», որը չի կարող ստեղծագործ լինել, քանզի ազատ չի: Չի կարող մշակույթ ստեղծել, քանզի մշակույթ ստեղծելու համար պիտի բաց լինեն աչքերդ, ականջներդ, հոգիդ, լուսավոր լինի միտքդ եւ որ ամենակարեւորն է՝ պիտի անսահման սիրել կարողանաս, սիրել բառի բուն իմաստով, քանզի «... չարը չունի խորություն եւ ոչ մի դեմոնական դիմենզիա, նա կարող է ամեն ինչ հեղեղել, ամբողջ աշխարհը մոլախոտի պես ծածկել: Բարին սակայն միշտ խորն է եւ արմատական: Եվ բարին գալիս է սիրուց, սերը եւ բարին անքակտելի են»:
Անազատ մարդը, սակայն ձգտում է լինել ստրուկ, հրաման կատարող, «հանձնարարակիր»: 20-րդ դարի գերմանացի քաղաքագետ, փիլիսոփա Հանա Արենդը իր «Չարի ճղճիմությունը» գրքում այդ մարդուն այսպես է նկարագրում. «Տոտալիտար աշխարհում մարդուց խլված է մարդկայնությունը, որը դե ֆակտո դառնում է անպատասխանատու»: Հայաստանյան հասարակությունում, հատկապես քաղաքական շրջանակներում, (կուսակցություններից մինչեւ քաղակական գործիչներ), բացակայում է պատասխանատվության զգացումը, որի հետեւանքներն էին 1988 թ. փլատակները, Սեւանա լճի աղետը, հանքարդյունաբերությունում կատարվող բնության կողոպուտը եւ ավերումը, պետբյուջեյի մսխումը եւ այլն: Ահա թե ինչու չի կարող նման մարդը ընկալել ազատ կամքով հացադուլ անողի մոտիվացիան, չէ՞ որ ինքը այդ բոլորի կարիքը չունի, նա ոչ մի բանի համար պատասխանատու չէ, ո՛չ Աստծու առջեւ, ո՛չ մերձավորի, ո՛չ պետության առջեւ:
Նրա պատասխանատվության սահմաններն իր ընտանիքի եւ դռան շեմից այն կողմ չեն անցնում: Միայն ազատ մարդը կարող է արարք անել, արարիչ լինել եւ ուրեմն գնալ հացադուլի՝ իր վրա վերցնելով իր եւ «մերձավորների» արարքի պատասխանատվությունը, բարոյապես ստիպել մեզ խորհելու մեր բաժին պատասխանատվության մասին: Չափելու, սահմանելու մեր պատասխանատվության ծավալն ու հետեւանքները: Ազատ մարդը, այսինքն հանրության եւ իր արվեստի նկատմամբ հարգանք տածող մարդը ու հատկապես արվեստագետը, չի պաշտպանի այն քաղաքացիներին, որոնք բացահայտ, հակասահմանադրական արարք կատարելով կաշառք են վերցնում ու քվեարկում, թեկուզ ընդիմադիր թեկնածուի օգտին՝ «Ձեր այո-ն լինի՝ այո, ձեր ոչը՝ լինի ոչ» ասված է Սուրբ Գրքում:
Ո՞ւր է ձեր պատասխանատվության սահմանը, խորհելու առիթ ունեք: Խորհելու առիթ, անհրաժեշտություն եւ պարտականություն ունեն բոլոր հայաստանցիները, գոնե այն 45 կամ 62%-ը, որոնք հիացած չեն Ստալինի հանճարով:
Պակաս չէին տարբեր մարդականց, Կաթողիկոսից մինչեւ մտավորական-դերասանների Րաֆֆուն ուղված հորդորները` թողնել հացադուլը: Ոմանք՝ խղճալով, ոմանք՝ սխալ հասկացված քրիստոնեական մարդասիրությունից դրդված, ոմանք էլ պատասխանատվությունից, հարցադրումներից ու էլի ուրիշ տհաճ ու խրթին հարցերից խուսափելով, «լավ» ու «բարի» խորհուրդներ են տալիս, հղում անելով Աստվածաշնչին, բժիշկների դատողություններին եւ այլն: Հայտարարելով, որ բարությունը, հացադուլը, արժանապատվությունը, խիղճն ու կարեկցանքը «քաղաքական կատեգորիա» չեն, թվացյալ հեշտությամբ թոթափում են իրենց ուսերից իրենց բաժին մեղքը ներկա բարդ վիճակի ստեղծման իրենց պատասխանատվությունը: Ահա այսպիսի մարդիկ են, որ պատրաստ չեն գոնէ մեկ վարկյան մտածել իրենց դերի եւ պատասխանատվության մասին այս հասարակության եւ հանրության նկատմամբ:
Ո՛չ, Րաֆֆին պիտի հացադուլ անի, ոչ թե մեռնելու, այլ ապրելու, արարելու համար եւ նրա համար, որ մեզ բոլորիս հարկադրի մտածել մեր արած-չարածների, թերացումների, քաջության, վախկոտության, պատասխանատվության, թույլ եւ ուժեղ կողմերը ճշտելու, մեր ուժերն ստեղծագործ աշխատանքի մղելու եւ հնարամիտ լինելու համար: Այսինքն՝ ապրելու ու մեր մտավոր եւ այլ կարողություններն արարելու նպատակին ծառայեցնելու համար, ոչ մահվան, այլ ստեղծագործ կյանքի համար:
Հ.Գ.
Տարիքիս բերումով ականատես եմ եղել մի քանի հեղափոխությունների եւ նմանատիպ դեպքերի: Բոլորն ավարտվել են արյունահեղությամբ (մարտի 1-ը մեզ դաս լինի), սարսափելի կորուստներով եւ, ի վերջո, քաոսային վիճակներով (Թունիսից մինչեւ Եգիպտոս, Սիրիայից մինչեւ ...): Ուրեմն կտրուկ ոչ հեղափոխություններին: Սակայն այստեղ հպարտությամբ պիտի նշեմ հայ կանանց, տղամարդկանց, երիտասարդների այս հնարամիտ, նախադեպը չունեցող հավաքական ու ԲԱՐԻ-արշավը, որին, ցավոք, չեմ կարողանում մասնակցել եւ իմ քավության ծոմը պահել, որպեսզի ես էլ մաքրվեմ իմ վախերից, կասկածներից եւ վհատությունից: Անկախ նրանից, թե ինչով կավարտվի այս ամենը (Աստված տա որ բարի արդյունքի հասնենք), սա կմնա մեր պատմության, նաեւ տարածաշրջանի պատմության եզակի իրադարձություններից մեկը: ԲԱՐԻՆ բոլորիս:
Գարուն Նահապետյան
Լուս.` Սոնա Սիմոնյանի
Տես նաև` Մի սփյուռքահայի մտորումներից-1
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել