HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

«Ինձ համար ֆանտաստիկ բացահայտում էր իմանալ, որ գերդաստանիս մեջ հայ նախնիներ կան»

Լիզ Չաթըրի երազանքը Հնդկաստանի հայ համայնքի բոլոր ծնունդները, ամուսնություններն ու մահերը արձանագրելն է

Լիզ Չաթըրի (Liz Chater)` վերջին 3 դարերի ընթացքում Հնդկաստանի հետ առնչություն ունեցած հայերի տվյալների բազայում ավելի քան 10.000 անձ եւ մոտ 3.000 ընտանիք կա: Լիզ Չաթըրը հետազոտում է ընտանիքների պատմությունները:

Նա մասնագիտացած է Հնդկաստանի եւ Հեռավոր Արեւելքի հայերի պատմության ուսումնասիրության մեջ: Լիզի խոսքով` իր կայքը (www.chater-genealogy.com), որը նվիրված է 1600-1950 թթ. Հնդկաստանում հայ ընտանիքների պատմությանը, լրացնում է պատմության այդ հատվածում եղած բացը:

Լիզ Չաթըրը ծնվել է Անգլիայում, որտեղ եւ ապրում է այժմ: Նրա հետաքրքրությունը իր ընտանիքի արմատները փնտրելն է` առանց որեւէ բան իմանալու դրա ծագման մասին: Լիզի խոսքերով` ինքը չի ուսանել ընտանիքների պատմության հետազոտող դառնալու համար, եւ պարզապես բարեհաջող պատահականությամբ է 2000 թ.-ից սկսել զբաղվել դրանով:

Նա բավականին շատ տեղեկատվություն ուներ իր մայրական կողմի մասին (ով ուելսացի է), բայց շատ քիչ բան գիտեր հայրական կողմի մասին: Լիզի հայրը, ով մահացել է 1983-ին, երբեք չի խոսել իր ընտանիքի` Կալկաթայում ապրած ժամանակի մասին: Լիզի մայրն ի վիճակի էր պատասխանել Լիզի` հոր ընտանիքին վերաբերող հարցերի մի մասին միայն:

«Ես շարունակում էի տեղեկություններ փնտրել, եւ իմ փնտրտուքներն ինձ տարան Լոնդոնի բրիտանական գրադարան, որտեղ հսկայածավալ տեղեկատվություն կա գաղութային Հնդկաստանի մասին, ինչպես նաեւ ծնունդների, ամուսնությունների եւ մահերի արձանագրություններ: Այնտեղ իմ առաջին այցելության ժամանակ բախտս բերեց. ես կարողացա տեղեկություններ հայթայթել հայրական կողմից ընտանիքիս շատ անդամների մասին, որոնցից շատերն ունեին, ինչպես ես էի կարծում, «տարօրինակ» անուններ, ինչպես Արաթուն (Arathoon), Առաքել (Arakiel) եւ Մարտիրոս (Martyrose): Ես որոշ հարցումներ ուղարկեցի էլ. փոստի տոհմաբանական ցուցակին, եւ Նադյա Ռայթ (Nadia Wright) անունով մի հայ հետազոտող, ով մասնագիտացած է Սինգապուրում եւ Մալայզիայում ապրող հայերի պատմության ուսումնասիրության մեջ, ինձ ասաց, որ անունները հայկական էին: Սա ինձ համար այնպիսի~ ֆանտաստիկ բացահայտում էր, եւ առաջին անգամն էր, որ իմացա, որ գերդաստանիս մեջ հայ նախնիներ կան»,- «Հետքին» գրում է Լիզ Չաթըրը:

Իր կայքում նա Չաթըր անվան ծագման մի քանի հնարավոր բացատրություն է բերում: Տարբերակներից մեկի համաձայն` ազգանունը կարող էր ծագել Աստվածատուրյան (Adsvazaturian) հայկական բառից:

2005 թ. Լիզի հետ կապվեց իր անհայտ ազգականներից մեկը, ով ուզում էր տեղեկություններ ստանալ իրենց ընտանիքի մասին:

«Ինչն ավելի կարեւոր է, նա ինձ հնարավորություն տվեց առաջին անգամ տեսնելու Չաթըր ընտանիքի Աստվածաշունչը, որը թվագրվում է 1831 թ.-ով եւ պարունակում իմ բոլոր նախնիների անունները: Դա մի աննկարագրելի պահ էր: Նախ, երբ մենք հանդիպեցինք, իրար մեջ տեսանք մեր ծնողների նմանությունը: Երկրորդ` ես կարողացա տեսնել այդ հին Աստվածաշունչը, որն իր կյանքում այնքա~ն մղոններ է անցել: Դրանից հետո մենք մշտապես կապի մեջ ենք եւ տարվա ընթացքում հավաքվում ենք ընտանեկան տարբեր առիթներով»,- իր կայքում գրում է Լիզը:

«Իմ հայկական ժառանգությունը բացահայտելուց հետո ես շատ ջանք թափեցի, որպեսզի ավելի շատ տեղեկատվություն գտնեմ հատկապես Հնդկաստանի հայերի մասին»,- «Հետքին» գրում է նա:

Լիզի խոսքերով` Հնդկաստանի շատ հայ ընտանիքներ իրար հետ ազգակցական կապեր ունեն: 19-րդ դարում եւ 20-րդ դարասկզբին անսովոր բան չէր, երբ հորեղբոր, քեռու, հորաքրոջ կամ մորաքրոջ երեխաներն ամուսնանում էին իրար հետ:

Ուստի, երբ Լիզը աշխատում է մի ընտանիքի պատմության վրա, հաճախ լուծում է մեկ այլ ընտանիքի խնդիր եւս: Նրա ուսումնասիրությունը մեծ մասամբ ընդգրկում է Հայոց ցեղասպանությանը նախորդող ժամանակաշրջանը` 17-րդ դարի եւ 20-րդ դարասկզբի միջեւ ընկած ժամանակահատվածը:

Քանի որ Լիզ Չաթըրը շատ տեղեկություններ է հավաքել, շատերը նրան խնդրում են իրենց հայ ընտանիքների հետ կապված հարցումներին պատասխանել: Իրենց հերթին այդ մարդիկ էլ սիրով Լիզին են ներկայացնում մանրամասներ սեփական ընտանիքների պատմությունից:

Հաճախ է պատահում, որ Լիզը նրանց ունեցած աղքատ տեղեկատվությունը վերածում է շատ ավելի մեծ պատկերի` ավելի մեծ ընտանիքի, քան նրանք կարծում էին, թե ունեն:

«Այն մարդը, ում թերեւս ամենից շատ եմ օգնել, միջազգայնորեն ճանաչված նկարիչ Դավիթ Արաթունն է (David Arathoon): Նա Տորոնտոյից է, բայց ծագումով Կալկաթայից է: Հնդկաստանում նրա հայ ընտանիքը տեղի հայկական եկեղեցու հետ կապ է ունեցել գրեթե այնքան ժամանակ, որքան եկեղեցին կանգուն է: Նրա տոհմածառը ոչ թե պարզապես ընդլայնվեց, այլ պայթեց այն նոր տեղեկատվությունից, որ ներկայացրել եմ»,- ասում է Լիզը:

Նա «Հայկական գերեզմանները Հնդկաստանում» լուսանկարչական նախագիծն է իրականացնում: Լիզի կայքում ներկայացված են Հնդկաստանում հայկական գերեզմանների նկարներ: Այս գերեզմաններից շատերը երկլեզվյա` հայերեն եւ անգլերեն, արձանագրություններ ունեն:

Հայկական գերեզմանների մի քանի հարյուր լուսանկար էլ, որոնց արձանագրությունները միայն հայերեն են, Լիզը դեռ չի կարողացել տեղադրել իր կայքում, քանի որ հայերենին չի տիրապետում:

Այսպիսով, նա ամբողջովին կախված է հայ ընտանիքների պատմությամբ զբաղվող այլ էնտուզիաստներից, ովքեր իրեն կօգնեն վերծանել արձանագրությունները: Նա Հնդկաստանի տարբեր վայրերում գտնվող գերեզմանների մոտ 3.000 լուսանկար ունի:

«Ինձ համար յուրաքանչյուր գերեզմանատուն եւ տապանաքարեր ունեցող եկեղեցու բակ գրադարան է, եւ յուրաքանչյուր գերեզմանոց գիրք է: Ես անհատների եւ նրանց ընտանիքների մասին այնքա~ն արժեքավոր տեղեկատվություն եմ կարողանում քաղել տարբեր տապանաքարերից: Այդ է պատճառը, որ ամբողջովին նվիրված եմ եւ չափազանց շատ եմ ցանկանում լուսանկարել հնդկահայկական գերեզմաններ, քանի դեռ դրանք այնքան չեն ենթարկվել եղանակային պայմաններին, որ այլեւս տեսանելի չեն: Երբ դա տեղի է ունենում, դու կամաց-կամաց կորցնում ես պատմությունը, եւ պետք չէ, որ շատ սերունդներ անցնեն, որ այդ գերեզմանների մասին այլեւս ոչ ոք չհիշի` այն տեսանկյունից, թե ովքեր են այնտեղ ամփոփված: Հնդկաստանի հայկական գերեզմանների մասին չափազանց լավ են հոգ տանում, սակայն մայր բնությանը կանգնեցնել հնարավոր չէ»,- ասում է Լիզ Չաթըրը:

Անդրադառնալով այն դժվարություններին, որոնց ամենից հաճախ հանդիպում է իր աշխատանքում` Լիզ Չաթըրն ասաց, որ իր համար ամենամեծ խոչընդոտը կարգին հետազոտություններ անելու համար անհրաժեշտ փողի բացակայությունն է:

Իր կայքում Լիզն այցելուներին խնդրում է նվիրատվություններ անել կայքը պահելու համար: Բայց, իր խոսքերով, հաջողություն կարելի է համարել, եթե տարվա մեջ 2 համեստ նվիրատվություն արվի: «Յուրաքանչյուր դեկտեմբերի վերջին, երբ պետք է երկարացնեմ պայմանագիրը, միշտ անհանգստանում եմ, որ չեմ կարողանա եւս մեկ տարով երկարացնել այն»,- գրում է նա:

Խոսելով իր մասնագիտական ծրագրերի մասին` Լիզն ասաց, որ երազում է իր սիրողական եւ զուտ էնտուզիազմի վրա հիմնված հետազոտությունները կարիերայի վերածել:

Ի վերջո, նա ցանկանում է, եկեղեցական արձանագրությունների հիման վրա, գրանցել Հնդկաստանի հայ համայնքի բոլոր ծնունդները, ամուսնություններն ու մահերը: Բայց քանի որ հին գրանցամատյանները գրված են միայն գրաբարով, անգամ եթե նա կարողանա պատճենել դրանք, հետո պետք է կարողանա գտնել որեւէ մեկի, ով կցանկանա թարգմանել արձանագրությունները:

Լիզ Չաթըրն ասաց, որ ընտանիքների պատմության ուսումնասիրությունն ամենից արագ տարածվող հոբբիներից է Անգլիայում:

«Թե ինչպես իմ ընտանիքը հայտնվեց Հնդկաստանում, դեռեւս գաղտնիք է ինձ համար»,- գրում է նա:

Ո՞վ է 20-րդ դարի ամենից թերագնահատված հնդկահայը

Լիզ Չաթըրը տեղեկացրեց, որ այժմ Հնդկաստանում իսկապես շատ փոքրաթիվ հայեր են ապրում: Կալկաթայի համայնքում 200-ից էլ քիչ հայ կա: Այլ վայրերից, որտեղ մի ժամանակ մեծ ու տնտեսապես ուժեղ համայնք կար, ինչպես, օրինակ, Չեննայում (Մադրաս), հայերն ամբողջովին անհետացել են:

Սուրաթի, Մումբայի (Բոմբեյ) գործունյա հայ վաճառականներից հեռավոր հիշողություններ են մնացել: Սակայն գաղութատիրության ժամանակ «Իսթ Ինդիա Քամփընին» հայերին աշխատանքի էր ընդունում հեղինակավոր ու կարեւոր պաշտոններում, քանի որ հայերը վստահելի ու նվիրված էին:

«Հայերն անգլիականացնում էին իրենց անունները: Ուստի, նրանք հեշտությամբ ինտեգրվեցին բրիտանական գաղութի ապրելակերպին: Այդպիսի օրինակ է սըր Քաչիկ Փոլ Չաթըրի (Catchick Paul Chater) հայրը: Ծագումով լինելով Աստվածատուր Պոգոս Աստվածատուր (Astwachatoor Pogos Astwachatoor)` նա աշխատում էր Բենգալի կառավարության համար եւ հայտնի էր որպես Չաթըր Փոլ Չաթըր (Chater Paul Chater): Որքանով ինձ հայտնի է, Հնդկաստանի հայերը միշտ էլ շատ են ջանացել ինտեգրվել իրենց շրջապատին: Տեղյակ եմ, որ Կալկաթայի հայկական վարժարանի ներկայիս հայ աշակերտները սովորում են բենգալերենի տեղական բարբառները, ինչպես նաեւ անգլերեն ու հայերեն»,- ասաց Լիզը:

Նրա խոսքերով` հայերի կորիզը Կալկաթայում է, եւ հենց համապատասխանաբար Հայկական վարժարանում եւ Դավիդյան օրիորդաց դպրոցում սովորող տղաներն ու աղջիկներն են, որ վառ են պահում կրակը օջախում: Սակայն թե որքա՞ն երկար սա կտեւի, որեւէ մեկին հայտնի չէ:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք իր հետազոտությունների ընթացքում տեղեկություններ գտե՞լ է այնպիսի տաղանդավոր ու նշանավոր հնդկահայի մասին, ով բացարձակապես հայտնի չէ Հայաստանում` Լիզ Չաթըրը պատասխանեց, որ սըր Քաչիկ Փոլ Չաթըրը (հայտնի` որպես Փոլ) 20-րդ դարի հավանաբար ամենից թերագնահատված հնդկահայն է:

Լիզը պատահաբար է գտել այս մարդուն Բրիտանական գրադարան իր այցելություններից մեկի ժամանակ, երբ հավաքում ու գրանցում էր գրադարանում եղած ցանկացած Չաթըր անուն:

«Սըր Քաչիկ Փոլ Չաթըրի անունն ինձ համար մեծագույն հայտնագործություն էր»,- նշեց Լիզը:

Քաչիկ Փոլ Չաթըրը ծնվել է Կալկաթայում 1846 թ.: Նրա ծնողները եկել էին Բաղդադի հայկական համայնքից: Փոլը, թեեւ մկրտվել էր Կալկաթայի Սբ. Նազարեթ հայկական եկեղեցում, չգնաց տեղի հայկական վարժարան, որը 1821 թ. հիմնադրված ու կայացած հայկական կրթօջախ էր, այլ 1855-ին ընդունվեց Կալկաթայի La Martiniere տղաների դպրոցը: 1864 թ. Փոլ Չաթըրը Հոնգկոնգ ժամանեց` իր հետ ունենալով ընդամենը մի փայտյա սնդուկ, որի մեջ իրերն էր դրել: Այդ փայտյա սնդուկը միշտ նրա տան կահույքի մի մասն էր եւ այն կյանքի հիշեցումն ու խորհրդանիշը, որը նա թողել էր Կալկաթայում:

Փոլն աշխատանք գտավ բանկում: Երկու տարվա ընթացքում նա բավականաչափ բան սովորեց` ինքնուրույն որպես բրոքեր աշխատելու համար: 1869-ին նա արդեն Հոնգկոնգի Կրիկետի ակումբի անդամ էր:

Էդինբուրգի դուքս, Նորին գերազանցություն Ալֆրեդի այցելությունից հետո սըր Փոլը թագավորական ընտանիքի մտերիմ ընկերն ու վստահելի անձը դարձավ: Նա պարբերաբար այցելում էր Բեքինգհեմյան պալատ ու թագավորական այլ նստավայրեր եւ իր արձակուրդն էր անցկացնում Քընոթի դքսի ու դքսուհու հետ Հարավային Ֆրանսիայում:

1870-ականներին Փոլը գնում էր հողակտորներ, կառուցապատում եւ վարձով էր տալիս այդ տարածքները: Նրան Կալկաթայից միացել էր իր կրտսեր եղբայր Ջոզեֆը (Joseph), եւ նրանք համատեղ ձեռնարկություններ ունեին:

Փոլը նաեւ ներուժ էր տեսնում ձիարշավի մեջ, եւ 1870-ականներին իր գործընկեր, բոմբեյցի Հորմուսջի Մոդիի (Hormusjee Mody) հետ ձիեր ձեռք բերեց:

Լիզի խոսքերով` փաստ է, որ Փոլը 60 տարվա ընթացքում` 1866-1926-ին, բաց չի թողել Հոնգկոնգում անցկացված եւ ոչ մի ձիարշավ: Նա 34 տարի շարունակ եղել է Հոնգկոնգի հեծյալների ակումբի նախագահ եւ մինչ այսօր համարվում է այդ ակումբը երբեւէ ամենից երկար նախագահած անձը:

1890 թ. Քաչիկ Փոլ Չաթըրը հող «խլեց» ծովից եւ 57 ակր հավելյալ տարածք կառուցեց` իրականացնելով ծովից «յուրացման» Պրայայի ծրագիրը: «Սա այն հողն է, որի վրա այսօր կանգնած է Հոնգկոնգը»,- նշում է Լիզը:

1902-ին Փոլին Լոնդոնում պատվեցին ասպետություն կոչումով Հոնգկոնգ կղզու բարգավաճման գործում ունեցած ներդրման համար: Նա կղզուն բերեց կայունություն, սոցիալական հեռանկարներ, աշխատանքով ապահովեց մարդկանց, շինարարություն ծավալեց: Նա մահացավ 79 տարեկանում:

«Նա «Մարմարե դահլիճ» կոչվող իր գեղեցիկ ու եզակի տունը, ինչպես նաեւ ճենապակուց արվեստի անգին հավաքածուն` հայտնի որպես «Չաթըրի հավաքածու», առատաձեռնորեն թողեց Հոնգկոնգի կառավարությանը` հավանաբար հուսալով, որ նրանք տունը թանգարանի կվերածեն: Նրանք դա չարեցին: Մի քանի եղբորորդիներին շատ շռայլ ժառանգություն թողնելուց հետո` սըր Փոլ Չաթըրը, իր կյանքի մեծ մասը լինելով «գաղտնի» հայ, իրեն պարտավորված զգաց իր մնացած կալվածքները որպես նվիրատվություն թողնել Սբ. Նազարեթ հայկական եկեղեցուն Կալկաթայում, որտեղ եւ սկսվել էր իր կյանքը»,- գրում է Լիզը:

Մեկնաբանություններ (2)

Shona hainsworth
My partners grandmother was called philomena chater baptised in Calcutta,my partner is really struggling to find any information about his family and desperately seeking information but always came to a dead end when it comes to his grandma,she came to the uk in 1954,she married a Eric Imbusch in Calcutta,we would be soo great full if there was any contacts you could refer us to or any information please x
hasmik petrossian
I was a student at DGS from 1954 through 1952 and would like to get in touch with any person who was in the school with me.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter