HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հովիկ Աբրահամյանը՝ Նիկոլ Փաշինյանին. «Դարձել եք միահեծան ղեկավար այս երկրում»

Այսօր Ազգային ժողովում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2012 թվականի մայիսի 6-ի ընտրությունների կազմակերպման և անցկացման, ընտրական օրենսգրքի խախտումների, առաջարկվող օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ» Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաղորդագրությունը, որը ներկայացնում էր ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Թեժ ընթացավ հատկապես Նիկոլ Փաշինյան և Տիգրան Մուկուչյան հարցուպատասխանը:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը մի շարք հարցերում մեղադրեց Տիգրան Մուկուչյանին, որ վերջինը, լինելով ԿԸՀ նախագահ, պատշաճ ուշադրություն չի դարձրել մամուլի հրապարակումներին, տպագրած դիմում-բողոքներին և անձամբ է կեղծել խորհրդարանական ընտրությունները, մեկ ամիս առաջ անցկացված նախագահական ընտրությունները և կեղծելու է նաև մայիսին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունները:

«Նկատի ունենալով իմ դաստիարակությունը, որ չեմ կարող իջնել այդ մակարդակին և նույն ոճով խոսել, երևի դա է ձեզ թույլ տալիս նման կերպ վարվել: Բայց ես գիտակցում եմ, որ գտնվում եմ ՀՀ խորհրդարանում և կփորձեմ առավելագույնս պարկեշտ պատասխանել այն հարցերին, որ ձեր կողմից բարձրացվեցին»,- ասաց Տիգրան Մուկուչյանը:

ԿԸՀ նախագահը նշեց, որ իրենք բազմիցս կոչ են արել խախտումների վերաբերյալ ներկայացնել ապացույցներ, փաստեր, սակայն չեն ներկայացվել: Տիգրան Մուկուչյանը նաև նշեց, որ ուշադրություն են դարձվել մամուլի հրապարակումներին և հրապարակված այլ տեղեկությունների ևս: Տիգրան Մուկուչյանի ասելով՝ Սահմանադրական դատարանն իր որոշումներով անդրադարձել է նաև պատգամավորի բարձրացրած խնդիրներին:

«Եթե ձեզ թվում է, որ շուտասելուկ բառակույտերով տպավորություն եք թողնում, դուք չարաչար սխալվում եք: Դաստիարակության մասին եք խոսում, բայց ձեր դաստիարակությունը հերիքում է, որ Ազգային ժողովի ամբիոնից մի ամբողջ ժողովրդին և հասարակությանը ստեք և սուտ փաստեր ներկայացնեք»,-պատասխանեց Նիկոլ Փաշինյանը և հավելեց. «Ասում եք՝ դիմումներ ներկայացրեք: Բա հաշվետվության մեջ ինչի՞ չեք գրել, որ մի բնակարանի վրա գրանցված է եղել ՀՀ քաղաքացի չհանդիսացող 100-ից ավելի մարդ: Իսկ Սահմանադրական դատարանը դեռ պետք է իր հարգանքը վաստակի»:

Պատգամավորը նշեց, որ իր ամեն խոսքը պատրաստ է ապացուցել, և ԿԸՀ-ի նախագահին հրավիրեց բանավեճի, որպեսզի ապացուցի իր ամեն բառի ճշտությունը և Տիգրան Մուկուչյանի ասածների կեղծ և ստահոդ լինելը:

Տիգրան Մուկուչյանն էլ պատասխանեց, թե առիթ եղել է ծանոթանալ պատգամավորի նշած և ներկայացված ապացույցներին, նենգափոխված փաստերին և այլն:

«Այս պարագայում ավելորդ հիմնավորումներ ներկայացնելը, որը կարծում եմ՝ ձեր մոտ կփոխի կարծրատիպ դարձած տեսակետը կամ կարծիքը, թերևս հակված չեմ այդպես կարծելուն: Ինչ վերաբերում է մեր հաղորդագրությանը՝ կապված խորհրդարանական ընտրության հետ, այո, ևս մեկ անգամ ԿԸՀ անունից նշում եմ, որ 2012թ. մայիսին տեղի ունեցած ԱԺ ընտրություններն իրականացվել են ընտրական օրենսգրքի պահանջների լիակատար պահանմամբ»,- եզրափակեց Տ. Մուկուչյանը:

Քանի որ խոսափողն անջատելուց հետո ևս Նիկոլ Փաշինյանը շարունակում էր Տիգրան Մուկուչյանին բանավեճի հրավիրել, խոսակցությանը միջամտեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

«Դարձել եք միահեծան ղեկավար այս երկրում: Ի՞նչ է պատահել: Էս ի՞նչ ես ուզում անես. չեմ հասկանում»,- Նիկոլ Փաշինյանին ասաց Հովիկ Աբրահամյանը:

Մեկնաբանություններ (3)

Ani
՞Միահեծան ղեկավար՞:)-մկները լավ էլ հումորով կենդանիներ են:
Սիլվա
Այսօր հեռախոսազրույցներով պարզեցի, որ մամուլի հրապարակումները, հանրայնացված տեղեկությունները որևէ կառույցի և պաշտոնյայի չեն հետաքրքրում՝ նախագահականից և Ազգային ժողովից մինչև նախարարություններ և վերադաս ատյաններ, մինչև դատական դեպարտամենտ։ Այս երկրում ոչինչ չի ուղղվի։ Հարկավոր է հեռանալ և թողնել նրանց իրենց ապօրինությունների հիմքի վրա ծերությունը վայելեն։
Gago
Mukuchyan and Abrahamyan probably don't know what proper upbringing is or what an autocratic ruler does. Bunch of brainless rodents.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter