HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Վահան Բաբայան. «Վարչապետի վերանշանակումը, իրոք, աղետալի է լինելու մեր հասարակության համար»

Վերջին օրերին դարձյալ սրվել է ՀՀԿ-ԲՀԿ երիտասարդ պատգամավորների  ու նրանց օգնականների հարաբերությունները: Տարբեր հայտարարություններով, հրապարակումներով «երկխոսությունը» երբեմն տեղափոխվում է վիրավորանքների դաշտ: Երկու կուսակցությունների միջեւ նման «բռնկումներ» սովորաբար լինում են ընտրություններից ընտրություն:

Նույն մթնոլորտն է նաեւ համացանցում: Օրինակ` ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը «Ֆեյսբուքում» գրել է. ««Բարգավաճ Հայաստանը» ոչ թե քաղաքական կուսակցություն է, այլ ինչ-որ պրոյեկտ, ժամանակ առ ժամանակ շրջանառության մեջ դրվող նախագիծ» եւ այլն: Այս գործին խառնվել են նույնիսկ վարչապետի օգնականները:

«Մեր հարցադրումները, որոնք վերաբերում են մեր պետության զարգացմանը եւ այսօր տիրող վիճակին, այդ թվում՝ ԱԺ ամբիոնից հնչեցրած հարցերն արտագաղթի վերաբերյալ չեն ստացել պատշաճ պատասխաններ եւ արձագանք, դրա փոխարեն վարչապետն ու կառավարությունը, իրենց օգնականների, մամուլի քարտուղարների եւ «Ֆեյսբուքի» կեղծ օգտատերերի միջոցով փորձում են անձնական վիրավորանքների հարթություն տեղափոխել մեր հարցերը»,- «Հետքի» հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը:

Նրա ասելով` իրենք չեն թողնի, որ այս վիճակը այդ ձեւով շարունակվի եւ արձագանքելու են իրենց հայտարարություններով, տեսակետներով եւ նորից բարձրաձայնելու են հնչեցված հարցերը:

«Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի նման արտահայտություններին, ասեմ, որ չի կարելի իջնել այդքան ցածր մակարդակի եւ մարդկանց վիրավորական բառերով փորձել ինչ-որ ձեւով հասկացնել, որ իրենք չեն ուզում պատասխանել բարձրացված հարցերին եւ այդ գործելաոճն են ընտրում, ինչն անընդունելի է մեզ համար»,- ավելացրեց Վահան Բաբայանը, նշելով, որ իրենք հարցադրումներում երբեք էթիկայի նորմեր չեն խախտել եւ վարչապետն էլ Սահմանադրությամբ պարտավոր է պատասխանել հարցերին:

Պատգամավորը նշեց, որ ԲՀԿ խմբակցության պատգամավորները կառավարության ծրագրի ընդունման ժամանակ դեմ են քվեարկել եւ արտահայտել են իրենց կարծիքները: Կարծիք արտահայտել են նաեւ բյուջեի քննարկման ժամանակ եւ այսօր էլ նույնն են անում, քանի որ «սարսափելի վիճակ է տիրում երկրի սոցիալ-տնտեսական ոլորտում»:

«Առջեւում նոր կառավարության ձեւավորման խնդիրն է, մենք հարց ենք բարձրացրել, որ վարչապետի վերանշանակումը իրոք աղետալի է լինելու մեր հասարակության համար»,- ավելացրեց Վահան Բաբայանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter