HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Ստեղծվում է Ցեղասպանության ժամանակ սպանված հայերի անձնական տվյալների էլեկտրոնային շտեմարան

Հայաստանի ազգային արխիվը ստեղծում է 1914-1922թթ. Ցեղասպանության ժամանակ սպանված հայերի էլեկտրոնային շտեմարան, որում նշվելու են տվյալ հայի անունը, ծննդյան վայրը և թվականը, զոհվելու վայրը և թվականը, նաև ոճրագործի անունը և այլ տեղեկություններ: Այս մասին ասաց Հայաստանի ազգային արխիվի տնօրեն, պատմաբան Ամատունի Վիրաբյանը Երևանում այսօր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի կազմակերպած «Հայոց ցեղասպանություն. մարտահրավերներ հարյուրամյակի նախաշեմին» միջազգային գիտաժողովի ժամանակ:

Ազգային արխիվում արդեն ստեղծվել է աշխատախումբ, որն արխիվային փաստաթղթերից, եղած գրականությունից, հուշերից լրացնում է անկետաներ՝ 1914-1922թթ. սպանված հայերի մասին: Էլեկտրոնային շտեմարանում կլինեն մարդիկ, որոնց անունը կարող է բացակայել: Օրինակ՝ կան որբեր, որոնց մասին անկետաներում նշվում է հոր անունը, իսկ մոր անունը բացակայում է, գրված է միայն մոր սպանվելու թվականը:

«Իհարկե, 1,5 միլիոն անուն չենք կարող հավաքել, որովհետև այս աշխատանքը արդեն փաստորեն շատ-շատ ենք մենք ուշացրել: Մենք, համենայնդեպս, հույս ունենք, որ միայն մեր ունեցած տվյալների համաձայն՝ կկարողանանք հավաքել, իմ հաշվարկներով, 150 հազար կոնկրետ, զոհված, ոչնչացված մարդու անուն»,- ասաց Ամատունի Վիրաբյանը:

Էլեկտրոնային շտեմարան ստեղծելու աշխատանքները նախատեսվում է ավարտել 2015թ.: Շտեմարանը տեղադրվելու է համացանցում մի քանի լեզվով և հասանելի է լինելու կայքի բոլոր այցելուներին:

Հայաստանի ազգային արխիվը շարունակելու է հրատարակել նաև հատորներ՝ Ցեղասպանությունից փրկվածների կրած նյութական վնասների մասին: 1918թ. վերջին ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ղեկավարությամբ ու ՀՀ կառավարության օժանդակությամբ Թիֆլիսում ստեղծվել էր հանձնախումբ, որը մոտ 29 հազար մարդուց տեղեկություն է հավաքել նրանց նյութական և մարդկային կորուստների մասին ու պատրաստել անկետաներ:

Անկետաների հիման վրա Հայաստանի ազգային արխիվը հրատարակել է երկու հատոր՝ այդ նյութական կորուստների վերաբերյալ Բաքվի և Ելիզավետպոլի նահանգներում, որտեղ երբ 1918թ. մտան թուրքական զորքերը, շարունակվեց նույն ցեղասպանությունը: Մյուս հատորներն ևս լույս կտեսնեն՝ ըստ տարածաշրջանների տարանջատման սկզբունքով:

Բացի դրանից՝ Հայաստանի ազգային արխիվը հրատարակում է հատորներ, որոնցում ներկայացված են ոչ թե պաշտոնական փաստաթղթեր, այլ Ցեղասպանությունը վերապրած հայերի վկայությունները՝ այդ մարդկանց կյանքի միկրոպատմությունները: Վկայությունները գրի են առնվել Ցեղասպանությունից ընդամենը 1 տարի հետո՝ 1916թ.-ին. մարդկանց հիշողությունը թարմ էր, նրանք վկայություններում նշում են անուններ, այդ թվում նաև ոճրագործների, պատմում են, թե ինչպես են տեղի ունեցել ջարդը, տեղահանությունը, ինչպես են իրենք փրկվել:

Ցեղասպանությունը վերապրած այն հայերը, ովքեր գրագետ են եղել, իրենց ձեռքով են գրել վկայությունները, հատկապես Խարբերդի, Էրզրումի տարածաշրջանի պատմողները: Իսկ, օրինակ, Վանից, Սասունից, Մուշից փրկված տարիքով կանայք, ովքեր գրել չեն իմացել, պատմել են, և ուրիշն է իրենց պատմությունը գրի առել:

«1916թ. Անդրակովկասում գաղթականների շրջանում և Արևմտյան Հայաստանում, հատկապես Էրզրումում, Երզնկայում՝ ռուսական զորքերի կողմից գրավված, գրի է առնվել այդպիսի 700 պատմություն: Մենք այսօր ունենք տարբեր թղթերի վրա տարբեր ձեռագրերով լավ, գրագետ հայերենով կամ բարբառով գրված 700 այսպիսի վկայություն: Այս 700-ից 615-ը մենք անցած տարի արդեն հրատարակել ենք՝ առանց որևիցե բառ փոփոխելու»,- ասաց Ամատունի Վիրաբյանը:

Հրատարակված 615 պատմությունն ամփոփվում է 3 հատորում: 1-ին հատորը ներկայացնում է Վանի նահանգը՝ իր գյուղերով, 2-րդ հատորը՝ Բիթլիսի նահանգը՝ իր գավառներով, գյուղախմբերով, 3-րդ հատորը՝ Էրզրումը, Խարբերդը, Դիարբեքիրը, Սեբաստիան, Տրապիզոնը և Պարսկահայքը:

«Մենք տվել ենք նաև Պարսկահայքը, որովհետև 1914թ. դեկտեմբերին երբ թուրքական զորքերը մտան Պարսկահայք, հայ մարդկանց ոչնչացնելու 1-ին փորձը, փաստորեն, տեղի ունեցավ այնտեղ 1914թ. նոյեմբերի-դեկտեմբեր ամիսներին»,- ասաց Ամատունի Վիրաբյանը:

Այս 3 հատորն այժմ սեղմվել է՝ դառնալով 1 հատոր, և «Վան» հասարակական կազմակերպության աջակցությամբ թարգմանվում է անգլերեն ու թուրքերեն:

Հայաստանի ազգային արխիվը նախատեսում է 2013 և 2014թթ. լույս ընծայել 4-րդ (կպատմի Կիլիկիայի մասին) և 5-րդ հատորները: Այս փաստաթղթերը ևս գրի են առնվել Ցեղասպանությունից անմիջապես հետո: Դրանց մի մասը պահպանվում է Հայաստանի ազգային արխիվում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter