HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ո՞վ է Սերժ Սարգսյանին hրում դեպի հեղաշրջման անդունդը - մաս I

Շաբաթների լռությունից հետո մարտի 18-ին Սերժ Սարգսյանը վերջապես անձամբ գնահատականներ տվեց ընտրական ու հետընտրական զարգացումներին: Ընտրյալ մի քանի լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին նրա տված պատասխաններից նաեւ ուրվագծվում է այն, թե ի՞նչ է պատրաստվում Սերժ Սարգսյանն անել կամ չանել հարուցված ճգնաժամը հանգուցալուծելու ուղղությամբ: 

Մինչեւ նրա այդ հարցազրույցը քաղաքական ինտրիգներից մեկն այն էր, թե արդյո՞ք Սերժ Սարգսյանը պատրաստվում է Ազատության հրապարակում կամ դրա մերձակայքում հանդիպել Րաֆֆի Հովհաննիսյանին եւ բանակցված լուծում տալ ճգնաժամին, որի առաջարկով հանդես էր եկել Հովհաննիսյանը: Որքան էլ Սերժ Սարգսյանի տարբեր լիազորված ու չլիազորված պատվիրակներ այցելել էին Հովհաննիսյանին, այդուհանդերձ, վերջինս հայտարարել էր, որ ինքը երկու զրուցակից ունի` Վեհափառն ու Սերժ Սարգսյանը` պատրաստ լինելով նրանց հանդիպելու ցանկացած հարմար պահի եւ լսելու  Սերժ Սարգսյանի առաջարկները: 

Այս հարցը առանցքային էր ու այդպիսին է մնում մինչ օրս, քանի որ ցանկանա, թե չցանկանա Սերժ Սարգսյանը, դիմակայության մյուս կողմի` ժողովրդի հսկայական հատվածի ներկայացուցիչը Րաֆֆի Հովհաննիսյանն է, առանց որի ինքը միգուցե կարող է փոքր-ինչ ամրացնել իր իշխանությունը, մաշեցնել տարբեր շարժումներ, բայց երբեք ճգնաժամ լուծել չի կարող: Չի կարող հենց իր մատնանշած պատճառով. «Կան բաներ, որ մարդը միայնակ չի կարող անել: Չի կարելի միայնակ ամուսնանալ: Անհնար է: Չի կարելի միայնակ երկխոսել, դա մենախոսություն է: Չի կարելի միայնակ բանակցել, ինքդ քեզ հետ հո չե՞ս բանակցելու: Պետք է գործընկեր ունենաս» 

Խաչից մինչեւ տատիկի ավետարան. Կեղծ խոստովանություն

Հարցազրույցի տարբեր մասերում Սերժ Սարգսյանը մատնանշում է Ազատության հրապարակ չգնալու տարբեր պատճառներ: Մասնավորապես.

  1. Իբրեւ թե ի պատասխան իր ներկայացրած գրավոր առաջարկների` Րաֆֆի Հովհաննիսյանը գրավոր առաջարկներ չի ներկայացրել: Հարկ է նշել, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ դեմ առ դեմ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանն արդեն լսել էր նրա առաջարկների շրջանակը` առավելագույն ու նվազագույն շեմերով. 1. Րաֆֆի Հովհաննիսյանի/ժողովրդի հաղթանակի ճանաչում, 2. եթե Սերժ Սարգսյանը կասկածում է մրցակցի հաղթանակին` երկուսի միջեւ ընտրությունների 2-րդ փուլի անցկացում, 3. իսկ եթե խուսափում է այդ երկուսն անելուց, ապա արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում: Լուծումների նման շրջանակ ներկայացնելուց հետո Հովհաննիսյանը բազմիցս հայտարարել էր, որ այլ առաջարկ չունի: Եւ իսկապես, ուրիշ ի՞նչ այլ առաջարկ կարող է արվել, որը լուծում կտա ժողովրդի լայն զանգվածների կողմից կասկածի տակ վերցված ընտրությունների արդյունքների հետ կապված վեճին, եթե ոչ համապետական որեւէ ընտրություն անցկացնելը: ՉԸՆՏՐՈւԹՅԱՄԲ ձեւավորված իշխանության լեգիտիմության պակասը վերացվում է վստահություն ներշնչող ընտրություններով: Սերժ Սարգսյանը հրաշալի գիտի այդ այբուբենային ճշմարտությունը, սակայն, նրա համար էականը ոչ թե առաջարկի բովանդակությունն է, այլ ձեւական կողմը. ինքը բանակցությունների երկրորդ ռաունդում միջնորդների միջոցով առաջարկ է ներկայացրել, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը` ոչ: Եւ դա ասվում է սոսկ հանրության առաջ արդարանալու համար:     
  2. Րաֆֆի Հովհաննիսյանն իր ուղարկած պաշտոնական առաջարկի վրա խաչ է քաշել` մերժելով դրանք, որը տեսնողը կամ լսողը, իր խոսքերով` «աթոռից կընկնի»: Թե այդ երբվանից է լատինական այբուբենի X տառը խաչ դարձել Սերժ Սարգսյանի համար, մութ է մնում: Իսկ եթե լուրջ, ապա Ղարաբաղյան խնդրի ու ներքաղաքական տարբեր բանակցություններում թրծված Սերժ Սարգսյանը հրաշալի գիտի, որ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկած լուծումները ոչ միայն բավարարում են իր եւ ընդվզող ժողովրդի շահերին, այլեւ, ինչպես նշվեց, 2-րդ եւ 3-րդ լուծումներով ընտրությունների արդյունքում ծագած ճգնաժամը լուծում են հենց համապետական ընտրությունների միջոցով: Մինչդեռ գրավոր առաջարկը, որը նա ներկայացրել է Րաֆֆի Հովհաննիսյանին ու մերժվել, չի բավարարում անգամ դիմացի կողմի շահային նվազագույն շեմը, նաեւ լուծում չի տալիս ճգնաժամին. սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով ձեւավորելը ոչ մի կերպ չի առնչվում կեղծված ընտրությունների լեգիտիմության ճգնաժամը վերացնելուն: Հետեւաբար, Սերժ Սարգսյանի հիշատակած առաջարկը կրել է բացառիկ ձեւական բնույթ, այն ձեւական է ներկայացվել` իմանալով, որ միանշանակ մերժվելու է; Սա բացահայտում է Սերժ Սարգսյանի եւս մեկ անազնվությունը եւ քաղաքական ճգնաժամը լուծելու նրա անշահագրգռությունը: Թե ինչո՞ւ է նա դա արել, բացատրությունները կարող են տարբեր լինել` համարձակ լուծումների գնալու անկարողությունից մինչեւ ժամանակ շահելը:         
  3. Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթները «ապականված են հայհոյանքներով, անձնական վիրավորանքներով», նա անգամ կասկածի տակ է առել իր տղամարդկությունը եւ անպատիվ խոսքեր հնչեցրել իր հասցեին: Թե ինչ աղբյուրի վրա է հենվում Սերժ Սարգսյանը, անհայտ է, քանի որ Րաֆֆի Հովհաննիսյանը սուր վիրավորանք չի հնչեցրել, բացի այն, որ տղամարդկության պահանջը հնչեցրել է ընտրությունների իրական արդյունքները ճանաչելու խիզախության ու քաջության իմաստով: Եւ ակնհայտորեն, Սերժ Սարգսյանը նեղվում է լուրջ հայհոյանքի բացակայությունից, քանի որ չի կարողանում անպատիվ կամ հայհոյախառն խոսքերով պատասխանել դիմացինին (ինչպես որ ազատ էր զգում 2008-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի հռետորաբանությանը պատասխանելիս): Րաֆֆի Հովհաննիսյանի պարագայում այդպիսի պատասխանը հանրության համար անհասկանալի կլինի (եթե քեզ չեն հայհոյում, ապա դու ինչո՞ւ ես հայհոյում): Հետեւաբար, Սերժ Սարգսյանը փորձում է նման անորոշ ու հիմնազուրկ ակնարկներով ալիբի ստեղծել իր հեգնախառն ու ցինիզմով համեմված տոնայնության համար: Եթե չասենք, որ դա եւս բացարձակ հիմնավորում չի կարող լինել Րաֆֆի Հովհաննիսյանի հետ ճգնաժամի բանակցված լուծում չփնտրելու համար. կարծես թե երկրի ու նրա ժողովրդավարական զարգացումների ապագան պետք է վեր լինեն ցանկացած կարգի անձնական վիրավորվածությունից, եթե անգամ այդպիսի դեպք եղել է:  
  4. Սերժ Սարգսյանը պատճառաբանում է, թե Ազատության հրապարակ Րաֆֆի Հովհաննիսյանին չի այցելում, քանի որ, իր տատիկի ասած, «աշխարհի վրա դառնացած ու սոված մարդու հետ գնաս ի՞նչ բանակցես»: Ճակատագրի ինչպիսի հեգնանք. 2011թ. մարտի 17-ին Ազատության հրապարակում հացադուլավոր Րաֆֆի Հովհաննիսյանին չմոտենալու ու չբարեւելու համար Լեւոն Տեր-Պետրոսյանն «արդարացում» բերեց  5-րդ դարի հայ նշանավոր եկեղեցական գործիչ Հովհան Մանդակունի կաթողիկոսի «Դասեր հայ եկեղեցական մատենագրությունից» աշխատությունը, իսկ 2013թ. մարտի 18-ին Ազատության հրապարակ չգնալու ու Րաֆֆի Հովհաննիսյանին հանդիպելու առաջարկը չընդունելու համար Սերժ Սարգսյանը արդարացում է բերում իր տատիկի պատվիրանները: Մի կողմ եմ թողնում, թե որքան է սույն միտքը հարվածում դրանք արտաբերողին, քանի որ այն ուղղակի նշանակում է, թե սոված կամ դառնացած մարդու հետ խոսելու թեմա եւ անհրաժեշտություն չկա: Եւ դա ասում է մեկը, ով հավակնում է նախագահ լինել կիսաքաղց, դառնացած մարդկանց հոծ զանգված ունեցող երկրում: Մի բան ակնհայտ է. Սերժ Սարգսյանը տատիկի պատվիրաններին հաղորդելով աստվածաշնչյան վեհություն, փորձում է թե անլրջացնել, թե հիմնավորել Ազատության հրապարակ գնալը:           

Ակնհայտ է, որ բերված հիմնավորումները բացարձակ համոզիչ չեն, քանի որ դրանք բացարձակ համաչափ չեն այն վտանգներին, որոնց առաջ կանգնած է Սերժ Սարգսյանը եւ երկիրը: Ավելին, դրանք ցուցանում են, որ Սերժ Սարգսյանը բացարձակ չունի ներքաղաքական ճգնաժամը լուծելու շահագրգռություն: Նրա իշխանատենչության մակարդակը, որ տասնամյակներ շարունակ տեսել է հասարակությունը, միարժեք վկայում է, որ իր իշխանությունը պահելու համար նա պատրաստ է շատ բաների գնալ, որին չեն կարող խանգարել ոչ տատիկը, ոչ պապիկը, ոչ գրավոր կամ բանավոր առաջարկի բացակայությունը, ոչ խաչերն ու իքսերը: Այսպիսի անհամոզիչ պատճառաբանություններով քաղաքական ճգնաժամի լուծմանը չգնալը միանգամայն այլ` ավելի համոզիչ բացատրություն պետք է ունենա: Արդ, ո՞րն է հիմնական պատճառը:  

Ի՞նչ է թաքցնում Սերժ Սարգսյանը. կանխավ տապալված խաղ 

Այդուհանդերձ, Սերժ Սարգսյանի պատասխաններից մեկում սպրդում է իրական պատճառը: Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլին նա նշում է. «Իմ խորին համոզմամբ, Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ հայտարարելով՝ գործընթացները դուրս դրեց քաղաքական պրոցեսից: Ես գնամ ի՞նչ խոսեմ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ»: Ահա եւ հարցազրույցի մեխերից մեկը: Հացադուլի պահից սկսած տեղի ունեցողը Սերժ Սարգսյանի համար քաղաքական պրոցես չէ: Ճշգրտում է պետք անել` Սերժ Սարգսյանի համար ամենեւին ցանկալի պրոցեսը չեն: Եւ դրա մասին խոստովանում է հենց ինքը, երբ էական աղավաղումներով պատմում է Րաֆֆի Հովհաննիսյանի հետ իր զրույցի վերջաբանը, երբ ինքն է հստակ շարադրել նախ իր համար անցանկալի, ապա` ցանկալի զարգացումները, 

«Ասացի` Րաֆֆի՛, ես տեսնում եմ ընդամենը երեք տարբերակ.

Տարբերակ համար մեկ` հիմա այստեղից դուրս ես գալիս, գնում ես հրապարակ եւ նորից կրկնում ես այն, ինչ դու այնտեղ ասել ես` որ դու ստացել ես ձայների 80 տոկոսը, իսկ Հանրապետության նախագահը հիմա իր լիազորությունները ինձ չի հանձնում: Շարունակում ես ձեւավորել դաշտային դատարաններ, ինչպիսին արդեն սկսել ես ձեւավորել, նշանակում ես նախարարներ եւ հայտարարում, որ այս երկրում դու պետք է հասնես իշխանության, այսինքն՝ պետք է հեղաշրջում իրականացնես: Այս պարագայում երկու բան կարող եմ խոստանալ. մեկ` ոստիկանությունը, բոլոր իրավապահ մարմինները, իշխանության բոլոր օղակները գործելու են օրենքի սահմաններում: Եվ երկրորդ` ոստիկանությունը, բոլոր իրավապահ մարմինները, իշխանության բոլոր օղակները 100 տոկոսով օգտագործելու են այն լիազորությունները, որ տրված է նրանց սահմանադրական կարգը պաշտպանելու, պահպանելու համար: Այդ դեպքում՝ պատասխանատվությունը լինելու է միայն քեզ վրա: Եթե պատրաստ ես այդպիսի պատասխանատվություն կրելու` խնդրեմ: 

Տարբերակ համար երկուդուրս ես գալիս այստեղից, գնում ես հրապարակ եւ այնտեղ հայտարարում ես, որ դու ստացել ես ոչ թե ձայների 37 տոկոսը, այլ՝ ավելին, բայց այնուհանդերձ, ելնելով Րաֆֆի Հովհաննիսյանի սիրուց առ Հայաստան, առ հայ ժողովուրդ, նրա հավատարմությունից ժողովրդավարության արժեքներին՝ Րաֆֆի Հովհաննիսյանը օրինականության սահմաններում ստիպելու է այս իշխանություններին, որպեսզի դադարեցնեն արտագաղթը, պայքարեն կոռուպցիայի դեմ, վերացնեն ատկատները, այսինքն այն բոլորը, ինչ դու հայտարարել ես քարոզարշավի ընթացքում: Այս պարագայում, ես` որպես Հանրապետության նախագահ, ի պաշտոնե էլ պարտավոր եմ աջակցել ընդդիմությանը, ես կաջակցեմ ձեզ: Ձեր ստացած 500.000-ից ավելի ձայները դարձրեք ձեր կապիտալը, ձեր սեփականությունը: «Ժառանգություն» կուսակցությունը դարձրեք 500 հազարանոց:

Ընդամենը երկու ամիս հետո Երեւանի ավագանու ընտրություններն են լինելու, մասնակցեք այդ ընտրություններին, նախ հաղթեք եւ սկսեք կառավարել հանրապետության 1/3-րդ բնակչությանը, ապա պատրաստվեք խորհրդարանական ընտրություններին, որոնք սարերի ետեւում չեն` ընդամենը 4 տարի հետո լինելու են խորհրդարանական ընտրությունները, կստանաք մեծամասնություն, կձեւավորեք կառավարություն եւ այսպիսով` իշխանությունը կանցնի «Ժառանգություն» կուսակցությանը: 

Տարբերակ համար երեք` այստեղից դուրս ես գալիս, գնում ես հրապարակ եւ ժողովրդին հայտարարում ես, որ Սերժ Սարգսյանն առաջարկել է ինձ՝ ներգրավվելու իշխանության մեջ եւ համատեղ ջանքերով լուծելու մեր երկրի առջեւ ծառացած խնդիրները: Ասաց` Դուք կոալիցիա՞ նկատի ունեք: Պատասխանեցի՝ ոչ: Ասացի` հիմա էլ եմ ազնիվ քեզ հետ եւ չեմ ուզում քննարկել որեւէ դետալ, մանրամասնություն, որովհետեւ երկու ժամ հետո հրապարակում խոսելու են, որ Րաֆֆին ծախվեց, պաշտոն էր ուզում եւ այլն: Այ, երբ այդ հայտարարությունը կանես, կգաս եւ մենք միասին կորոշենք ձեր ներգրավվածության հարցը: Բայց այս դեպքում պետք է մոռանաք ընդդիմադիր լինելու հանգամանքը»:

Մի կողմ թողնելով երկու առաջնորդների առանձնազրույցը պատշաճ եւ անաչառ վերապատմելու հանգամանքը (իրականում Սերժ Սարգսյանը մեծ մանիպուլյացիաներ է կատարել նաեւ այստեղ, եւ դրա մասին բարձրաձայնեց Րաֆֆի Հովհաննիսյանը), ակնհայտորեն, Սերժ Սարգսյանի համար ցանկալի են եղել 2-րդ եւ 3-րդ տարբերակները, որոնք լուծում են նրա իշխանության լեգիտիմության խնդիրը, բայց ոչ ընտրությունների կեղծման արդյունքում երկրում առաջացած քաղաքական ճգնաժամը:

Նրան թվում էր, թե Րաֆֆի Հովհաննիսյանի համար ինքը թողել է զարգացման 2-րդ եւ 3-րդ տարբերակները եւ խաղի կանոններ թելադրողն ինքն է, որոնց պայմաններում Րաֆֆի Հովհաննիսյանը չի գնա 1-ին տարբերակով: Սակայն դա միայն թվում էր…. Հովհաննիսյանը մերժեց գործարքի առաջարկն ու գնաց իր տարբերակով, որն ավելի շատ 4-րդ տարբերակ է. մի դիպաշար, որը Սերժ Սարգսյանի զինանոցում չկա, որի դեմ պայքարի գործիքակազմ` նույնպես, իսկ կանխատեսելիությունը մոտ է զրոյի:  

շարունակելի 

Ստեփան Սաֆարյան
քաղաքական վերլուծաբան    

Մեկնաբանություններ (7)

ընթեցող
փոքր ժամանակ ես շախմատ էի խաղում իմ եղբոր հետ: երբ տեսնում էի, որ պարտվում եմ, սկսում էի հարամություն անել: հետո խառնում էի խաղաքարերը ու բարձրաձայն գոռգոռում, որ իբր ես հաղթել եմ:
SONA
մինչև ուր եք գնալու- Ձեր ուզածը անտարբերությունն է : Բայց բոլոր չարիքները ծնվում էն հենց անտարբերությունից Մեր թշնամին մեր մեջ ապրող հրեշն է, որ դուրս է գալիս անպատժելիության գիտակցումից: օրենքը գրված է միայն թղթի վրա Ինչպես ժողովուրդն է ասում... Էս դավեն վաղը կարող է ձեր դուռը չոքել: ԱՄՈԹ, ԱՄՈԹ,ԱՄՈԹ Գոնե լռեք Սերժ Սարգսյան Մեկ անգամ ևս պետք է բարձրաձայնել, որ իրավական պետությունը չունի այլընտրանք: դուք էլ եք ՊԱՏԱՍԽԱՆ տալու Սերժ Սարգսյան
Դարդ-անելի
մենք միահամուռ պետք է պահանջենք երկրի նախագահից և նրա չինովնիկական թալանչիներից՝ այցելել ազատության հրապարակ և լսել Րաֆֆի Հովհաննիսյանին, ընդունել նրա առաջարկությունները, որոնք բխում են ժողովրդի շահերից, ուղղված են Հայաստանի ապահովվածությանը։ Ելի'ր, Հայաստան, որ վեր հառնես...
hasmik
Սերժ Սարգսյանի ինտելեկտը չի բավարարում հարցերի լուծումը խուժանական մակարդակից բարձրացնել, գավառական մակարդակով իշխելը 21-րդ դարում միայն բերում է այն իրավիճակին, որը ունենք
SIRUN
PARZ E MI BAN VOR LURJ POPOXUDYUNER 100% HNARAVOR E SERJI PATASXANIDZ EREVUM E ERB 2 -RD ANGAM NAMAKOV DIMEDZ RAFI HOVANISYANIN UXAKI KEXTOT XAXER SHARUNAKVUM EN AYS XEXJ JOXOVRDI HASHVIN JOXOVRDI HOGEBANAKAN HASHVIN , BAIDZ EDE RAFIN CHARDARADZNI JOXOVRDI PAHANJ SHAT AVELI VOXPERGAKAN E DARNALU MER APAGAN SERJI HET ,EV VOCH MIAYN AYS AYLANDAK REJIMIN HANDURJEL HNARAVOR CHE
ARMEN.A
ayo ede hnaravor chliner popoxutyunner anel aylapes SERJ@ nax chr asi miasin popoxutyunner anel, u heto erkrord SERJ LAV GITI VOR INQ CHI @NDRVEL
TATEV
INCH AMOT E PNDACHAKAT NAXAGAH ES ASTICHANI,JOXOVURD@ TKUM E ERESIN,INK@ HAYTARARUM E TE INK@ @NTRVAC NAXAGAH E,BA TLDIK MUKUCHYAN@ EDKAN EL ATELI MARD

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter