HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում ներկայացրեց վերջնական առաջարկը (լուսանկարներ)

Այսօր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը, Ազատության հրապարակում ելույթ ունենալով տասնյակ հազարավոր քաղաքացիների առջեւ, ներկայացրեց իր խոսքով «իշխանությունների վերջին հնարավորությունը» ժողովրդին ընդառաջ գնալու եւ համատեղ կերպով Նոր Հայաստան կերտելու գործում: 

Փաստաթուղթը բարձրաձայն հրապարակվելուց հետո ուղարկվեց նախագահական նստավայր: Այն առնչվում էր հետեւյալ երկու հնարավորություններին. 1) նոր նախագահական ընտրությունների շուտափույթ անցկացում կամ 2) ժողովրդի եւ դե ֆակտո իշխանությունների միջեւ իշխանությունը կիսելուն միտված համապարփակ համաձայնության հաստատում: 

«Եկել է փոփոխության ժամանակը»,- դիմելով հավաքվածներին ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ հավելելով. «Կամ իշխանությունները կփոխեն իրենց վերաբերմունքը ժողովրդի հանդեպ, կամ ժողովուրդը ոտքի կկանգնի՝ մեկընդմիշտ փոխելու իր իշխանություններին: Այսպես թե այնպես, ապրիլի 9-ին մենք կունենանք Նոր Հայաստան»: 

Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթի ժամանակ նրա թիկունքին կանգնած էին ծնողները՝ Ռիչարդը եւ Վարդիթերը, ինչեսեւ դուստրը՝ Շուշին: Հարթակում նրանց միացան հիմնական քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, քաղաքացիական ակտիվիստներ, մտավորականներ եւ ազատամարտիկներ: 

«Այսօր ես հրաման եմ տալիս իմ զինվորներին»,- հայտարարեց Արցախի ազատագրության համար հաղթական պայքար ծավալած Շատախ գումարտակի հրամանատար Սամվել Ասլանյանը:  «Ես դիմում եմ բոլոր նրանց, ովքեր երդվել են պաշտպանել հայ ժողովրդին, հիմա գալ այստեղ՝ Ազատության հրապարակ, եւ կանգնել պայքարի ելած եւ իր հաղթանակը տոնելու եկած հայ ժողովրդի կողքին», - կոչով հանդես եկավ Ասլանյանը: 

Օրվա առաջին կեսին Րաֆֆի Հովհաննիսյանն ընդունեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի կողմից պատվիրակված Տ. Եզնիկ արքեպիսկոպոսին եւ Տ. Արտակ արքեպիսկոպոսին, ինչպես նաեւ ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնին ու նրա տիկնոջը՝ Լիբբիին: 

Ստորեւ կարող եք ծանոթանալ Րաֆֆի Հովհաննիսյանի հրապարակած փաստաթղթին ամբողջությամբ. 

Ա) Նախագահական արտահերթ նոր ընտրությունների անցկացում

կամ 

Բ) Իշխանության կիսում ժողովրդի հետ 

  1. Արտահերթ խորհրդարանական ընտրություններ` այս տարվա ընթացքում: Մինչ այդ Ընտրական օրենսգրքում իրականացնել փոփոխություններ. վերացնել մեծամասնական ընտրակարգը՝ թողնելով բացառապես համամասնականը, թույլատրել ընտրած քաղաքացիների ցուցակների հրապարակումը, վերականգնել քաղաքական-կուսակցական սկզբունքը Կենտրոնական ընտրական եւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների ձեւավորման համար, դրսում ապրողների քվեարկության ապահովում կամ էլ ընտրացուցակներից նրանց հանում. 
  2. Առնվազն հինգ մարզպետների ազատում աշխատանքից եւ այդ պաշտոններում Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացրած մարդկանց նշանակում.
  3. Հիմնական ընտրակեղծարար քաղաքապետերի եւ գյուղապետերի ազատում աշխատանքից` օգտագործելով կառավարության լիազորությունները.
  4. Բոլոր ընտրակեղծարարների, այդ թվում մարզպետների, քաղաքապետների, կուսակցական պատասխանատուների, այլ պաշտոնյաների ենթարկում քրեական պատասխանատվության.
  5. Կառավարության եւ ծառայությունների թվից հետեւյալ ոլորտների ղեկավարներ նշանակել Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացված անձանց

ա/ ՀՀ դատախազություն

բ/ Հարկային եւ մաքսային պետական ծառայություն

գ/ Ազգային անվտանգության ծառայություն

դ/ Արտգործնախարարություն

ե/ Կրթության եւ գիտության նախարարություն

զ/ ԱԺ վերահսկիչ պալատ

է/ Արդարադատության խորհուրդ

ը/ Հակակոռուպցիոն հանձնաժողով 

Սույն պայմանագիրը անբաժանելի է, ենթակա է երկուստեք ստորագրման, իսկ դրանում ամրագրված դրույթներն անբեկանելի են մինչեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտը:

Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթը Ազատության հրապարակում. 22.03.13 

Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբ

 


Լուսանկարները՝ Սոնա Սիմոնյանի

Մեկնաբանություններ (1)

yndercox
Պետք է ազատվել գռեհիկ մարզպետներից, վայրահաչ մանկավարժներից, բարոյական օրենքից զուրկ ղեկավարներից: Մի թե Սերժ Սարգսյանը չգիտի, որ կան նաև այդպիսի արարածներ: Եթե չգիտի, ապա խնդրեմ` թող կարդա Չորրորդ ինքնիշխանություն թերթի 2009թվականի հոկտեմբերի 13-ի Բաց նամակ Սերժ Սարգսյանին հոդվածը: Թող լսի մանկավարժ կոչվածների ձայնը, խնդրեմ` youtube.com zaqaryan melsik youtube.com griqoryan aliq

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter