HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Հայկական թառը վերակենդանացնելու ճանապարհին. սպասվող ուղղությունը` Նյու Յորք

Մենք լավ, անբաժան ու որ ամենակարևորն է, հավատարիմ ընկերներ ենք արդեն 18 տարի:

Մի քանի սմ բարձրությամբ բեմ է, կիսամութ, երիտասարդները խմբավորված են այս ու այն ակյունում, և Միքայելն արագությամբ շարժում է մատներն ու ժպտում... Ժպտում են նաև աչքերը: Այնուհետև միևնույն կատարումը ևս մեկ անգամ են պահանջում՝ ավարտից հետո նորից նվագելու խնդրանքով:

Թառահար Միքայել Ոսկանյանին կարելի է լսել երևանյան մի քանի ակումբներում, որտեղ ոչ լայն լսարանի համար ներկայացվում է թառի և այլ երաժշտական գործիքների համադրությունը:

Միքայելի համար խիստ կարևոր է նաև թառի` որպես երաժշտական գործիքի համաշխարհային ճանաչումը: Լինելով մասնագիտությամբ նաև արվեստաբան` կարծես թե դա նրան հաջողվում է. 2012թ. Գաֆեսճյան արվեստի կենտրոնում կայացել է Միքայելի առաջին մենահամերգը (մինչ այդ Հայաստանում չի եղել համերգ, որի ժամանակ հնչում է միայն թառի երաժշտություն):

Ունեցել է բազմաթիվ համերգներ Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում, Եգիպտոսում, Շվեդիայում, Ֆինլանդիայում, համագործակցել հայաստանյան և արտասահմանյան երաժիշտների հետ: 100-ից ավելի երգի և 70 գործիքային ստեղծագործության հեղինակ է:

Ուզում եմ սկսել մի հարցից, որը, կարծում եմ, թե որպես թառահարի, թե որպես արվեստաբանի՝ քեզ հետաքրքրել է: Դեկտեմբերին ՅՈւՆԵՍԿՕ-ն որպես ոչ նյութական մշակութային ժառանգություն գրանցեց մեր էպոսը, իսկ դրան զուգահեռ միևնույն ցանկում թառը գրանցվեց որպես ադրբեջանական երաժշտական գործիք: Շատ լավ իմանալով թառի պատմությունը և այսքան տարի հավատարիմ լինելով գործիքին` ի՞նչ կասես սրա մասին:

Կբացատրեմ նրանով, որ այս պարագայում մեր հարևաններն ավելի արագ կողմնորոշվեցին, ու ՅՈՒՆԵՍԿՕ-ն էլ ընդունեց դա, իսկ մեր կողմից, այսպես ասած, ոչ միայն կանխելու համար միջոցներ չձեռնարկվեցին, այլ նաև չպայքարեցին դրանից հետո. տպավորություն էր, թե մենք համաձայն ենք:

Ինչևէ, մի բան կարելի է հստակ ասել. թառը ադրբեջանական երաժշտական գործիք չէ, բայց չեմ էլ պնդում, որ բնիկ հայկական է:

Բոլոր դարերում մենք անընդհատ կատարելագործել ու զարգացրել ենք թառի կատարողական արվեստը և, ցավոք, նաև սովորեցրել ենք մեր հարևաններին, իսկ իրենք, ի տարբերություն մեզ, սկսել են սեփականաշնորհել հեշտությամբ ստացածը:

Հիշո՞ւմ ես այն օրը, երբ ինքդ ընտրեցիր երաժշտական ազգային այս գործիքը: Ի՞նչն էր դրդել քեզ: Եվ արդյոք այսօր կա՞ համապատասխան մշակութային քարոզչություն, որը երաժշտասեր երիտասարդության ուշադրությունը սևեռում է ազգային երաժշտական գործիքի ուսումնասիրության և կիրառման վրա:

Շատ լավ եմ հիշում, երբ առանց որևէ մեկի դրդման՝ ընտրեցի թառը: Ես միանգամից սիրահարվել եմ գործիքի ձայնին, որից հետո փոխել եմ քամանչա նվագելու որոշումը և անցել թառին:

Իսկ երիտասարդության ուշադրությունը դեպի ազգայինը ուղղորդելու գաղտնիքը, կարծում եմ, թաքնված է մատուցման ու ներկայացման մեջ: Ես հենց դա էլ հասկացել եմ ու իմ երաժշտությամբ փորձում եմ գործիքը նախ ճանաչելի դարձնել, հետո էլ կրկին սիրված ու պահանջված:

Այսօր քեզ կարելի է տեսնել երևանյան մի քանի ակումբներում երաժիշտ ընկերներիդ հետ միասին: Համերգներից մեկին ներկա էի ու հաճելիորեն զարմացա գործիքների համադրությունից, այնուհետև երաժշտության մատուցման ձևից:

Ես պատանեկությունից շատ տարբեր ոճերի երաժշտություն էի լսում ու չէի սահմանափակվում միայն ժողովրդական արվեստով: Փորձում էի տարբեր էքսպերիմենտներ անել իմ գործիքով, բացահայտել նոր կատարողական ձևեր: Մասնակցում էի ջազմենների կազմակերպած ջեմսեյշններին ու իմպրովիզացիաներ էի անում, ստեղծագործում էի... Ու էդպես հասունացավ սեփական խումբ ստեղծելու գաղափարը:

2011թ. հավաքեցի երաժիշտ ընկերներիս, ստեղծեցինք բենդը` «Միքայել Ոսկանյան և ընկերներ», որտեղ ներկայացնում եմ ստեղծագործություններս: Նվագում ենք էթնիկ ջազ և ֆոլկ ֆյուժն ոճերում:

Այս տարի՝ VMA 2012 մրցանակաբաշխության ժամանակ, մեզ հանձնվեց «Տարվա լավագույն բենդ» մրցանակը:

Հետևելով ձեր նորաստեղծ խմբի գործունեությանը` նկատում  եմ, որ փորձեր են արվում ավելի շատ դրսում ներկայանալու: Ինչպե՞ս է դրսի հանդիսատեսը ընկալում թառի և դրան համակցված գործիքների կատարողականությունը: Ինչպիսի՞ հաջողությունների եք հասել:

Դրսում, իրոք, բավականին մեծ հետաքրքրություն կա խմբի երաժշտության ու երաժշտական ոճի հանդեպ, նաև ծանոթանում են գործիքին: Դա են վկայում մեզ ուղղված բազմաթիվ նամակները և հրավերները տարբեր մրցույթներից ու փառատոններից:

Այդ առաջարկներից մեկը Նյու Յորքից էր` «Made in New York Jazz Competition»-ին մասնակցելու համար: Ըստ երևույթին, լսել էին մեր կատարումները համացանցում և ֆեյսբուքյան պաշտոնական էջին առաջարկ-նամակ ուղարկել:

Արդեն դիմել ենք: Ընթանում է դեռևս մրցույթի օնլայն քվերակության փուլը: Այս պահին մենք երկրորդ հորիզոնականում ենք, և շատ քիչ ձայն է պակասում առաջին հորիզոնականում հայտնվելու համար:

Նկատել եմ նաև, որ զուգահեռաբար փորձեր ես անում թառը աշխարհին ներկայացնելու այլ միջոցներ գտնելու՝ բացի համերգներից:

Այո, այժմ նախապատրաստական աշխատանքներ են տարվում թառի մասին ֆիլմ նկարելու համար: Այս գործում ներգրավել ենք նաև ռուս լուսանկարիչի: Առայժմ փակագծերը չեմ ուզում բացել:

Այսինքն՝ համապատասխան որևէ մարմնից ֆինանսավորում արդեն ստացե՞լ եք ֆիլմի համար:

Ոչ, առայժմ մեր ուժերով...

Հ.Գ. «Made in New York Jazz Competition»-ի առցանց քվերակության փուլում «Միքայել Ոսկանյան և ընկերները» դեռևս երկրորդ հորիզոնականում է: Շատ քիչ ձայն է պակասում առաջին հորիզոնականում հայտվելու համար: Խմբի օգտին կարող եք քվեարկել այստեղ:

Լուսանկարները` Միքայել Ոսկանյանի անձնական արխիվից  (2-րդ լուսանկարը՝ Էլենա Ֆրոլովա-Տրուֆանովայի, 3-րդ լուսանկարը՝ Լուսին Արցախի)

Մեկնաբանություններ (1)

LARISA
ԵՍ ՀՊԱՐՏ ԵՄ ՎՈՐ ՄԵՆՔ ՈԻՆԵՆՔ ՆՄԱՆ ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑ ԵՎ ՀՈԻՅՍՈՎ ԵՄ ՎՈՐ ԻՐ ԱՅՍ ԱԶԳԱՆՎԵՐ ԳՈՐՑՈԻՄ ԿՀԱՍՆԻ ՄԵԾ ՀԱՋՈԽՈԻԹՅՈԻՆԵՐԻ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter