HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչպես է ստորագրվել Սյունիքի արոտավայրերը վարձակալության տալու համաձայնագիրը

«Հետքի» հարցերին պատասխանում է Սյունիքի մարզպետարանի բնապահպանության և գյուղվարչության պետ Սամվել Թանգյանը

- Պարոն Թանգյան, ուզում եմ խոսենք վերջին շրջանում բուռն քննարկվող մի խնդրի մասին, որը ժողովուրդը չընդունեց, և որի դեմ ընդվզման մեծ ալիք բարձրացավ: Խոսքը Սյունիքի մարզի արոտավայրերից երկարատև ժամկետով Իրանի Իսլամական Հանրապետությանը վարձակալության տալու մասին է: Ինչպե՞ս առաջացավ այդ միտքն ընդհանրապես:

- 2012 թվականի հոկտեմբերի 23-ին Երևանում տեղի ունեցավ ՀՀ և ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնախմբի 11-րդ նիստը: ՀՀ պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, իսկ ԻԻՀ պատվիրակությունը՝ էներգետիկայի նախարար պարոն Մաջիդ Նամջուն: Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական հիմնահարցեր:

Գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը նպաստելու նպաատակով՝ իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել համատեղ ներդրումներով ՀՀ-ում հիմնել մանր եղջերավոր կենդանիների բուծման տնտեսություն, ինչպես նաև սպանդանոցներ, իսկ հայկական կողմը համաձայնել է աջակցություն ցուցաբերել այդ աշխատանքներին: Ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր:

Այս տարվա հունվարի 13-ին տեղի ունեցավ մեր պատվիրակության այցը Իրանի Իսլամական Հանրապետություն: Հիմնական նպատակն էր քննարկել տնտեսական բնույթի մի շարք հիմնախնդիրներ: Պատվիրակության կազմում՝ թվով 11, ընդգրկված էին համայնքների ղեկավարներ, գործարարներ, ֆերմերներ:

- Ի՞նչ հարցեր կոնկրետ քննարկվեցին երկու կողմերի միջև: Արդյոք անհրաժե՞շտ էր քննարկել Սյունիքի արոտավայրերը Իրանի Իսլամական Հանրապետության Արևելյան Ատրպատականի նահանգին (Արևելյան Ադրբեջան) վարձակալական հիմունքներով տրամադրելու մասին հարցը:

- Քննարկվել են մի շարք հարցեր: Մեզ հետաքրքրում էին այդ երկրում արտադրվող գյուղտեխնիկայի գները: Մասնավորապես, հացահատիկահավաք կոմբայնի, տրակտորների և անհրաժեշտ գյուղգործիքների: Մենք շահագրգռվածություն հայտնեցինք նաև կաթի գործարանի, ինչպես նաև պտղի մշակման սարքավորումներ ձեռք բերելու ուղղությամբ: Առաջարկեցինք համագործակցության եզրեր գտնել կաշվի և մորթու իրացման հարցերում:

Իրանական կողմից հնչեց առաջարկ՝ Հայաստանի տարածքում մանր եղջերավոր անասունների ֆերմա հիմնադրելու ուղղությամբ:

- Ե՞վ ստորագրվեց համաձայնագիր: Դա նշանակո՞ւմ է, որ հայկական կողմն իր համաձայնությունն է արդեն տվել այդ առաջարկին:

- Այո, ստորագրվեց, բայց ոչ համաձայնագիր: Դա թերևս սխալ թարգմանության արդյունք է: Մենք որևէ հստակ պատասխան չենք տվել պարսկական կողմին: Պայմանավորվեցինք, որ կուսումնասիրենք հարցը:

-Դուք ասացիք, որ ստորագրված փաստաթուղթը համաձայնագիր չէ, ուրեմն ի՞նչ է:

-Արձանագրություն: Մեր բանավոր պայմանավորվածություններն ընդամենը գրանցվել են:

-Հիմա՝ այդ հանդիպումից ամիսներ անց, նկատելի է, որ սյունեցին դեմ է մարզպետարանի այդ քայլին՝ անգամ այդ հարցը քննարկելուն, և տարբեր գնահատականներ է տալիս այդ հանդիպմանը: Դեմ է արտահայտվում ոչ միայն սյունեցին: Համազգային ալիք է բարձրանում դրա դեմ, որովհետև ժողովուրդը գիտակցում է, որ դա կարող է բազմաթիվ վտանգավոր հետևանքներ ունենալ ոչ միայն Սյունիքի համար և ոչ միայն բուսաբանական առումով: Խոսքը ադրբեջանախոսների մուտքը կրկին Հայաստան բացելու մասին է: Հիմա ինչիսի՞ն է մարզպետարանի դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ: Դուք ասացիք, որ որոշողը պետք է լինեն համայնքը, ավագանին, ժողովուրդը: Ժողովուրդը որոշել է, իսկ մարզպետարա՞նը:

- Որոշողը միանշանակ ժողովուրդն է: Մենք նրա կամքին հակառակ չենք գործի:

-Այսինքն՝ կարելի՞ է ասել, որ արոտավայրերին վերաբերող այդ կետը կմերժի հայկական կողմը:

-Եթե ժողովուրդը մերժում է, ուրեմն մենք էլ կմերժենք: Մարզպետարանն ընդհանրապես իրավասու չէ առհասարակ ինչ-որ մեկին որևէ արոտավայր տրամադրել վարձակալությամբ՝ առանց համայնքի ղեկավարի և ավագանու որոշման: Մենք մինչև այսօր չունենք այդպիսի որոշում:

-Պարոն Թանգյան, այդ մասին էլի է խոսվել, սակայն մեկ կարծիք էլ կա ժողովրդի մեջ ձևավորված, որ մարզպետարանը ճնշումներ կգործադրի ավագանու անդամների և համայքների ղեկավարների վրա կամ նրանց համար շահավետ առաջարկություններ կանի, և գործընթացը, այնուամենայնիվ, կիրականացվի: Ի՞նչ կասեք այդ մասին:

-Միանշանակ, ճնշումներ չեն լինի: Եթե համայնքը դեմ է, ժողովուրդը դեմ է, ուրեմն մարզպետարանը կհամաձայնի նրանց հետ:

-Եթե արձանագրության, ինչպես ասացիք, այդ կետը մերժվի, դա կարո՞ղ է անդրադառնալ հանդիպման ընթացքում քննարկված մյուս հարցերի վրա:

-Ոչ, միանշանակ, չի կարող ազդել: Մյուս հարցերը կքննարկվեն հաջորդ հանդիպման ընթացքում:

Սրբուհի Գրիգորյան
Սիսիան

Սամվել Թանգյանի լուսանկարը` aravot.am-ի

Մեկնաբանություններ (6)

Ժաննա Հակոբջանյան
Այս փաստաթուղթը Զիմզոմովի «մուրհակի» մակարդակի փաստաթուղթ է, ոչ գրագետ թարգմանությամբ: Ինչպե՞ս կարելի է նման կարևոր փաստաթուղթ ստորագրել և ասել թե՝ «Այո, ստորագրվեց, բայց ոչ համաձայնագիր: Դա թերևս սխալ թարգմանության արդյունք է»: Եթե ոչ համաձայնագիր, ապա ի՞նչ է ստորագրվե՞լ: Հարգելի պարոն Թանգյա՜ն, բա լավ էդ ամբողջ Սյունիքում մի իրանագետ չկա՞ր, որ կարգին թարգմաներ, թե՞ գեղի կլուբ էիք բացում անհրաժեշտ չէր ունենալ ո՜չ նորմալ թարգմանիչ և՜ ոչ նորմալ իրավաբան: Ի դեպ, իմ տատիկը Թանգյաններից է և մի՜ խայտառակեք այդ ազգին, որ պանծալի զավակներ է ունեցել: Ամիսներ շարունակ ժողովուրդը վրդովված, մտահոգված ամենուր խոսում է էդ մասին, պարզվում է Դուք շաատ սառնասրտորեն ստորագրել եք մի թղթի կտոր՝ կիսագրագետ թարգմանված ու շարադրված ու այժմ մեզ համոզում եք, որ դա համաձայնագիր չէ: Իրանական ադրբեջանցիները Ձեզ և Սյունիքի մարզպետին կտանեն ծովը ծարավ հետ կբերեն ու ի վերջո կտեսնեք, որ ոչ միայն մեր ժողովրդին հարատև կրակը գցեցիք, այլ նաև ձեր «սպասումները» չարդարացան: Ամո՜թ է, հիշե՜ք Ձեր Սյունեցու արմատները ու վերջ տվեք այդ խայտառակ ու նսեմացնող «համաձայնագրին»:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ըստ միջազգային իրավունքի, փաստաթղթի վերնագիրը չէ որոշիչը, թե այս կամ այն փաստաթուղթը /գրությունը պայմանագիր է ,թե ոչ,այլ փաստաթղթի բովանդակությունը, բանակցային քննարկումները, և նման այլ բաներ: Ըստ միջազգային (պայմանագրային) իրավունքի, իրավաբանորեն պարտադրող (legally binding) միջազգային /միջպետական պայմանագիր կարող է առաջանալ/ստեղծվել նույնիսկ email-ով,հեռագրով կամ նոտայով գրված ու նույնիսկ ՉՍՏՈՐԱԳՐՎԱԾ տեքստով (հոդված 2(1)(a)- The Vienna Convention on the Law of Treaties, 1969): Միջազգային իրավունքի տեսանկյունից, Սամվել Թանգյանը ԿԱՐՈՂ է ՀՀ-ի անունից և ՀՀ-ին պարտադրող միջազգային պայմանագիր կնքել,քանի որ ՀՀ կառավարության մաս է: Հետո, միջազգային/միջպետական պայմանագիրը կարող է կազմված լինել մեկից ավելի փաստաթղթերից:Այսինքն, ավելի շուտ ստորագրված ու պայմանագիր չհանդիսացող փաստաթուղթը կարող է հետագայում կցվել այլ, պայմանագիր հանդիսացող, փաստաթղի (annex) ու ստանալ իրավական ուժ: Ուստի, ՄԻՇՏ պիտի պաշտոնյան զգույշ լինի,թե ինչ թուղթ է ստորագրում մեկ այլ պետության հետ:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Եթե Սամվել Թանգյանը իրոք սպառնացել է վերացնել Սիսիանի «Որոտան» թերթի ժուռնալիստուհուն (ու վերջինիս ընտանիքին),ապա ՊԻՏԻ ազատվի աշխատանքից ու ենթարկվի քրեական պատասխանատվության:
Hayk (AMN )
Arotavayrer vardzov talu gaxaparh@ VOCH miayn DAVAJANUTYUN e AYL Takanknerin HATUK aylaserum. Nman hreshavor gaxaparh KAROX en vorojal miayn apazgayin, caxvadz stor MARDIK . PARonayk duk stahakner EK ARJANI kaxaxani. Drami Hamar amen inchi @ndunak EK , vajarek INKNERT DZEZ , dzerknert heru hayreniitc u hayrenikitc. Miayn shkex tnerum aprek u mekenaner varek, to duk DZER morn el TURKIN k vardzkalek...
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հայաստանի հայ(4) - Բավականին հայեր (հիմնականում օբյեկտիվ պատճառներով) հայտնվել են Հայաստանից դուրս: Դրանից հետո իշխանական-օլիգարխային կլանին ձեռք է տվել, որ հայերը արտագաղթեն (իրենց ուղարկած տրանսֆերտներով ֆինանսավորում են իրենց օլիգարխային բիզնեսները և իրենց դեմ պոտենցյալ հեղափոխություն անողների թիվը նվազում է): Բայց ՀԻՄԱ (արևմտյան) եվրոպայում լուրջ տնտ. ԿՐԻԶԻՍ է,որը դեռ տարիներ տևելու է: Այսինքն,փող աշխատել էլ չի լինում (կամ շատ դժվար է):Նաև շատ հայեր սկսել են հետ նայել Հայաստան. ուստի BAREVolution-ը (1.0 կամ 2.0)այս անգամ հաղթելու է: Վերադարձը դա ՊՐՈՑԵՍ է:Բայց նոր որակ իրենք բերելու են Հայաստան:
Հայաստանի հայ
Հարգելի Վարազ Սյունի, սիրելի Հայկ, Հայաստանից դուրս գտնվող հայեր, մենք բոլորիդ սիրում ենք, կարոտում: Ինքս էլ երկար տարիներ ապրել եմ Հայաստանից դուրս: Երբ հասկացա, որ առանց Հայաստան չեմ կարողանում ապրել, վերադարձա: Սկզբում դժվար էր: Երբ նեղվում էի, մեր ընկերներից մեկն ասաց. _Դու քո շրջապատում ավելի շատ լավ մարդ ես ճանաչում, թէ վատ.--Լավ, պատասխանեցի: Տեսնում ես, ասաց նա, Հայաստանում ավելի շատ լավ մարդ կա, քան վատ: Բոլորս էլ ավելի շատ լավ մարդ ենք ճանաչում: Հիմա վստահ կարող եմ ասել բոլորիդ-վերադարձեք, թող լավ մարդկանց քանակը ավելի շատանա: Անհանդուրժողականները քիչ են, ուղղակի նրանց մասին ավելի շատ բարձրաձայնում են: Հրաշալի երիտասարդություն է աճում: Շատ ու շատ լավ երևույթներ կան, մենք միասին կարող ենք շենացնել Հայաստանը: Ով ասաց, որ պետք է մեր երկիրը տանք մի քանի անգրագետի ձեռքը: Հավատում եմ դրական փոփոխություններին: Տոկուն մնացեք ու ամենայն բարիք բոլոր հայերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter