HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալավերդիում չարորակ ուռուցքային հիվանդությունները մեկ տարվա ընթացքում աճել են 113-ով

Ալավերդու բժշկական կենտրոնում քաղցկեղով հիվանդների ցուցակում  գրանցված  Միլենա Տիրացվյանը 2 տարեկան է: Միլենան հիվանդ է արյան լեյկոզով: «Արդեն 7 ամիս է, ինչ երեխան հիվանդ է: Վանաձորի հիվանդանոցից ուղարկեցին Երևանի Արաբկիրի հիվանդանոց:  Երեխան 18 օր այստեղ պառկեց , 14 օր միայն արյուն հանեցին: Ես էլ բժշկուհուն խնդրեցի, ասեցին երեխային սնունդ տվեք, հետո արյուն հանեք:  Ոչ մի բան չարեցին»,- պատմում է Միլենայի հայրը`Կարեն Տիրացվյանը:

Նա 18 օրվա ընթացքում Արաբկիրի հիվանդանոցում  2200 դոլար է ծախսել  միակ աղջկա կյանքը փրկելու համար: Կարենը պատմեց, որ  19-րդ օրը վիճել է  բժշկուհու` Գայանե Ռոբերտովնայի հետ. «Ասացի` ես իմ երեխային տանում եմ»:

Երեխային հիվանդանոցից  տանելու համար Կարենից ստորագրություն են պահանջել. «Ասացի երեխային մի բան պատահելուց հետո տեմ ստորագրի»,-բժշկին պատասխանել է Կարենը: Տանը երեխայի վիճակը ավելի է վատացել: Ծնողները գրեթե մահամերձ Միլենային տարել են Ախթալայի մանկաբույժ Անահիտ Ղազարյանի մոտ: «Մեռած երեխին բերել ես ինչ կարող եմ անել»,- Կարենին ասել  է բժշկուհին: «Գոռացի, լաց եղա ցավից: Ասացի` բժշկուհի մի բան ասա, որտեղ տանեմ, ինչ անեմ: Զանգեց Երևան իր ընկերուհու պրոֆեսոր աղջկան, ասաց մեր հարազատի երեխան պրոբլեմ ունի, բերում է Երևան:  Իմ բիձու տղա Սերոժին ասի, Սերոժ ջան երեխին շուտ Երևան տենք հասցնի:  Երբ հասցրինք Երևանի հիվանդանոցի դուռը, արդեն Միլենայի սիրտը կանգնած էր:  Անմիջապես երեխային սիստեմ միացրին:  Գիշերվա ժամը 3-ին երեխան կողքի շուռ եկավ:  Երեխային ներարկեցին գլիկոզա,  ես բժիշկներին անընդհատ հարցնում էի, թե ինչ դեղորայք են ներարկում երեխային, որ ես գիտենամ:  Երեխային մի կողքից էդ սնունդը կախ արին, մի կողքիցը՝ սիստեմ միացրին, մի կողքից՝ արյուն ներարկեցին»,-պատմում է հայրը:

Մայրն ասաց, որ Միլենան քիմիա է ընդունում: Միլենայի  բուժումները կատարվում են Երեւանի Արյունաբանական կենտրոնում: Կարենը դժվարություններ է ունենում  շատ  թանկ դեղերը գնելիս: Նա աշխատում է Ախթալայի  լեռնահարստացման կոմբինատում` էլգազաեռակցող է. «Իմ աշխատավարձը այնքան չի հերիքում, որ ես կարողանում համ տունը պահեմ, համ երեխի  հիվանդությունը բուժեմ: Ավտո ունեի` ծախել եմ, տան արժեքավոր իրերը ծախել եմ: Ինչքան հնգեր ու մոտիկ փողատեր կա, սաղիցն էլ գոհ ու շնորհակալ եմ,  ով ինչքան կարողացել է` ձեռ է մեկնել: Երեկ էլ  երեխայի  անմիջական բժշկուհի Շաքե Հովհաննիսյանին  ասել եմ, որ ես իրենից շատ գոհ ու շնորհակալ եմ,  բուժման ժամանակ, եթե ինձ մոտ գումար էլ չի լինում, նա   իր պայուսակից հանում է, ասում է. «Կարեն ջան, առ էս 30 հազար դրամը, գնա էս ինչ դեղը կա, առ, բեր: Ու դա քանի-քանի անգամ եղել է, ես  իրա փողով գնացել եմ դեղը առել, իմ երեխային  սրսկել, եկել եմ  գեղիցը փող տարել իրա պարտքը տվել: Էս վիճան է»,- ասում է  աղջկա կյանքի համար մարտնչող հայրը: Կարենն ասաց, որ պատրաստվում է ծախել նաև իր տունը: 

«Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 2012թ.-ին գրանցվել է 595   չարորակ նորագոյացություններով հիվանդ՝ նախորդ՝ 2011թ.-ի 482-ի դիմաց: Չարորակ ուռուցքային հիվանդությունները մեկ տարվա ընթացքում աճել են 113-ով:

2012թ.-ին  մահացել է 79-ը, որից 50 -ը  եղել է հաշվառված, իսկ 29-ի մոտ ախտորոշումը հաստատվել է հետմահու`հերձման ընթացքում: Հաշվառվածներից  62-ը մահացել է հիվանդության հենց առաջին տարում: 2013թ.-ի հունվարի 24-ի դրությամբ բժշկական կենտրոնում գրանցված է 516 քաղցկեղով  հիվանդ, որից՝  311-ը կանայք են: Վերջիններիս  մոտ   ախտորոշվել է կրծքագեղձի, արգանդի վզիկի,  արգանդի մարմնի և  ձվարանների քաղցկեղ:

Հիվանդներից  201-ը գյուղական համայնքերի, 211-ը՝ Ալավերդի քաղաքի բնակիչներ են: Բժշկական կենտրոնի  ուռուցքաբանական կաբինետի վարիչ,  բժիշկ Հարություն Միքայելյանը  «Հետքին» հայտնեց, որ  տարածաշրջանում դեռևս կան չբացահայտված չարորակ նորագոյացություններով հիվանդներ, ովքեր բժշկի դիմում են կամ դանակը ոսկորին հասնելուց հետո, կամ ընդհանրապես չեն դիմում, ինչպես  հերձման արդյունքով բացահայտված 29 հիվանդները: 

«Կանխարգելման և վաղ շրջանում  քաղցկեղով հիվանդներին հայտնաբերելու  համար պետության կողմից  ֆինանսական ներդրումներ  չեն կատարվում, այդ պատճառով հիվանդության վաղ շրջանում չեն հայտնաբերվում:  Բժշկական հսկողությունից  դուրս է մնում բնակչության գործազուրկ մասսան, որտեղ տեսակարար կշիռ են կազմում կանայք»,- ասում է  Հարություն Միքայելյանը:  Վերջինս նաև փաստեց, որ հիվանդության ախտորոշումից հետո  հիվանդների մեծ մասը սոցիալական ծանր վիճակի պատճառով դժվարանում են մեկնել հրատապ վիրահատության. «Մարդուն գործուղում ենք Երևանի ուռուցքաբանության կենտրոն, ասում է`գնամ, մտածեմ, նյութապես պատրաստ չեմ:  Բայց հիվանդությունը ժամանակ չի տալիս մտածելու»,- ասում է բժիշկ  Միքայելյանը, ով  իր բոլոր հիվանդներին չէ, որ տեղյակ է պահում  ծանր հիվանդության մասին. «Եթե վստահ ենք, որ հիվանդը արագ բուժվելու շանսեր ունի, նրան տեղյակ եմ պահում, շատ կարևոր է  հիվանդի կրթական մակարդակը: Եթե ես նկատում եմ, որ հիվանդությունը վերջին ստադիայում է, գերադասում եմ հիվանդին տեղյակ չպահել»:

Հարություն Միքայելյանը հիշում է , որ 2007թ.-ին  հիվանդներից մեկին Երևանում  ուռուցքաբանը  հայտնել է իր վիճակի մասին: Հիվանդ կինը Ալավերդիում իրեն գնացքի տակ է գցել:  

Մեկնաբանություններ (3)

zohrab
i can tell all this is happening because of the copper smelter being in the centre of alaverdi if anyone should help its the smelter who should pay just check what they are discharging from their smoke stacks
Jay
Metal ions play an important role in biological systems, and without their catalytic presence in trace or ultratrace amounts many essential co-factors for many biochemical reactions would not take place. However, they become toxic to cells when their concentrations surpass certain optimal (natural) levels. Copper is an essential metal. Catalytic copper, because of its mobilization and redox activity, is believed to play a central role in the formation of reactive oxygen species (ROS), such as O2-* and *OH radicals, that bind very fast to DNA, and produce damage by breaking the DNA strands or modifying the bases and/or deoxyribose leading to carcinogenesis. The chemistry and biochemistry of copper is briefly accounted together with its involvement in cancer and other diseases.....Crit Rev Oncol Hematol. 2002 Apr;42(1):57-64.
Jay
Soils around that area might contain a high concentration of Copper compounds which probably would reach the locals through eating vegetables, fruits, etc. grown in that area. There is a possibility of Copper contamination in the water column (drinking) too. ....All these need to be checked first before one can conclude...:-( Sulfur dioxide that is produced in the process of copper smelting is also hazardous to health (not a proven carcinogen though) once it crosses the permissible limit in the environment....Is there any study that shows the amount of catalytic copper in those mining areas? AFAIK, there is Arsenic (As) too in those mining areas (I remember of having come across such reports)...I wish baby Milena to win this battle....:-)..She'll be in my prayers...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter