HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փողերի լվացում, օֆշորային գործարքներ. «Նաիրիտի» կաուչուկի փողերը հոսել են հայ և ռուս պաշտոնյաների գրպանները

Քրիստինե Աղալարյան, Էդիկ Բաղդասարյան 

Մաս 3 

«Նաիրիտը» իր աշխատողներին չի կարողանում աշխատավարձ վճարել, որովհետեւ գործարանի նախկին տնօրեն Վահան Մելքոնյանը, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հետ համաձայնության գալով, կաուչուկը էժան գնով ձեռք էր բերում գործարանից ու կրկնակի, երբեմն նաեւ եռակի գնով վերավաճառում: Վահան Մելքոնյանի` օֆշորում հիմնադրած «Ինտերկաուչուկ» (UK)  ՍՊԸ-ն տարբեր տարիներին ձեռք է բերել 10 հազար տոննա կաուչուկ: Վահան Մելքոնյանը գործարանից կաուչուկը ձեռք է բերել տոննան 2400 դոլարով, վաճառել՝ 4100-7800 դոլարով: Նա այս գործարքից առնվազն 25 մլն դոլար է աշխատել, թե դրանից հայ եւ ռուս պաշտոնյաներին որքա՞ն է վճարել, կարող է ասել միայն ինքը` Վահան Մելքոնյանը: Իսկ ինչպես է վճարել Վահան Մելքոնյանը՝ կանխի՞կ, թե՞ այդ պաշտոնյաների՝ օֆշորում բացած բանկային հաշիվներին փոխանցումներով:

Պաշտոնյաները ոչ միայն մսխել են «Նաիրիտ գործարանը» աշխատեցնելու համար ստացած վարկերը, այլեւ ամեն ինչ արել են, որպեսզի գործարանը չաշխատի: «Նաիրիտի» արտադրած կաուչուկը մեծ պահանջարկ ուներ Ռուսաստանում, նախկին սոցճամբարի երկրներում, Միացյալ Նահանգներում եւ այլուր: Հիմա այդ շուկան գրավել է գերմանական հայտնի մի ընկերություն: Իսկ գուցե հայ պաշտոնյաների վերջնանպատակը հենց դա՞ է եղել: Ոչ մի կառավարություն իր արտադրած ապրանքի իրացման շուկան  հենց այնպես չի հանձնում ինչ-որ ընկերության: 

Ինչպես է իրացվել կաուչուկը 

«Նաիրիտ գործարանի» նախկին տնօրեն, Միջպետական բանկի հայաստանյան այժմյան ներկայացուցիչ Վահան Մելքոնյանը հրաժարվել է պատասխանել «Հետքի» հարցերին: Հեռախոսազրույցի ընթացքում նրան ասացինք, որ հարցերը վերաբերում են ոչ միայն «Նաիրիտ գործարանին», այլեւ իր անվամբ օֆշորում գրանցված ընկերություններին: Վ. Մելքոնյանն ասաց, որ իր անձի մասին մենք որևէ ինֆորմացիա ունենալ չենք կարող և վստահորեն շեշտեց. «Ես օֆշորներում գրանցված ընկերություններ չունեմ»: Մինչ այդ ընկերություններին անդրադառնալը ներկայացնենք եւս մեկ դրվագ «Նաիրիտ գործարանի» սնանկացման պատմությունից:

2005 թվականից մինչև 2007 թ. փետրվար «Նաիրիտ գործարանի» կաուչուկն իրացնելու բացառիկ մենաշնորհը «Ինտերկաուչուկ» (UK)  ՍՊԸ-ինն էր: Այսինքն` «Ինտերկաուչուկ» (UK) ՍՊԸ-ն «Նաիրիտ գործարանի» արտադրած կաուչուկը իրացնող միջնորդ կազմակերպությունն էր, և գործարանը որևէ ընկերության անմիջական վաճառք իրականացնելու իրավունք չուներ: «Նաիրիտի» նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը, որն այդ տարիներին ղեկավարել է գործարանը, ասում է, որ «Ինտերկաուչուկին»  այդ ընթացքում գործարանը վաճառել է շուրջ 10 հազար տոննա կաուչուկ` տոննան 2400 դոլարով (24 մլն դոլար): Կա մի ուշագրավ փաստ. «Ինտերկաուչուկի» ֆինանսական հաշվետվություններում այս գործարքները չեն երևում: Սա նշանակում է, որ կաուչուկի վաճառքն իրականացվել է այլ ընկերությունների միջոցով:

Գործարանի վաճառքից հետո` 2007-ից, «Նաիրիտի» կաուչուկն իրացրել է 90 տոկոսի բաժնետեր Rhinoville Property Limited-ը` Ռուսաստանի Դաշնությունում գործող «Ռայնովիլ»  և «Նաիրիտ» ՍՊԸ-ների միջոցով: 

Մեր ձեռքի տակ եղած փաստաթղթերը վկայում են, որ «Ինտերկաուչուկը», այնուհետև նաև «Ռայնովիլը», գործարանից գնած կաուչուկը զգալիորեն թանկ վերավաճառել են. Ռուսաստանի Դաշնության «Վիմպել» ընկերությունը, ՌԴ Չեբոկսար քաղաքի «Չապաևի անվան արտադրական ձեռնարկությունը», ՌԴ Օրենբուրգի «ՕՌՏ» ՓԲԸ-ն կաուչուկը գնել են  հետևյալ գներով. 

«Վիմպել» ընկերությունը «Չապաևի անվան արտադրական
ձեռնարկությունը»
«ՕՌՏ» ՓԲԸ    
Թվական Գինը` ռուբլի

Գինը` դոլար 
(տվյալ տարվա
միջ. կուրսով)

Գինը` ռուբլի

Գինը` դոլար 
(տվյալ տարվա
միջ. կուրսով)

Գինը` ռուբլի Գինը` դոլար 
(տվյալ տարվա 
միջ. կուրսով)
   
2006 111000 4100 110000 4100  110000 4100     
2007 130000 4500 130000 4500  130000 4500     
2008 188800 7800  188800 7800   188800 7800      
2009 180000 6000 188000 7800  188000 7800      

«Ես նախարարին ասացի` կարող եմ ծախել ավելի լավ պայմաններով: Հենց պայմանագիրը կապեցի, փողերը ստացա, ուզում էի առաքումը կազմակերպել, նախարարը զանգեց, ասաց` առաքում չանես: Ասի` բա էսքան վնասներ ենք կրելու, ասաց ` ոչինչ, դու դրա հետ գործ չունես: Մի շաբաթ հետո գործարանը վաճառեցին «Ռայնովիլին»»,- հիշում է գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը: Որոշ ժամանակ հետո Կարեն Իսրայելյանին ազատել են աշխատանքից:

Վահան Մելքոնյանի օֆշորային ընկերությունը

«Նաիրիտ գործարանի» վաճառքի և վարկային պատմության մեջ բազմաթիվ օֆշորային ընկերություններ կան, որոնց բաժնետերերը կրկին օֆշորային ընկերություններ են, վերջիններիս բաժնետերերը նույնպես օֆշորային ընկերություններ են եւ այդպես շարունակ. օֆշորների ձգվող մի շղթա էր սպասարկում նախկինում կաուչուկ արտադրող այդ հսկան: Բնականաբար, սա արել են հետքերը վերացնելու, հանցավոր գործունեությունը թաքցնելու համար: 

Նմանատիպ մի ընկերություն է նաև «Ինտերկաուչուկը», որը գրանցված է Ուելսում (Անգլիա): Դրա մասին տվյալներ ստանալու հարցում մեզ աջակցեցին արտասահմանցի մեր գործընկերները: «Ինտերկաուչուկը» հիմնադրվել է 2005-ի փետրվարին, 2011-ի փետրվարին` լուծարվել: Ընկերության բաժնետեր-ընկերություններն են. 

Charrydale Limited` 40%-ի բաժնետեր

Lankwood Finance Limited` 10%-ի բաժնետեր

Egler Corporation` 50 %-ի բաժնետեր

Charrydale Limited-ը գրանցված է բրիտանական Վիրջինյան կղզիներում, բաժնետերը գործարանի նախկին տնօրեն, այժմ Միջպետական բանկի հայաստանյան ներկայացուցիչ Վահան Մելքոնյանն է:

Lankwood Finance Limited-ը նույնպես գրանցված է բրիտանական Վիրջինյան կղզիներում, և բաժնետերը կրկին Վահան Մելքոնյանն է:

Egler Corporation-ը գրանցված է Բելիզում, բաժնետերերին դեռևս չենք պարզել, սակայն, ամենայն հավանականությամբ, սա էլ Միջպետական բանկի նախագահի նախկին տեղակալ Ս. Կուլիկովինն է:   

Ընկերության ռեգիստրի տվյալներով` Վահան Մելքոնյանին պատկանող Charrydale Limited ընկերությունը 120 բաժնետոմսի սեփականատերն է, նրա երկրորդ ընկերությունը` Lankwood Finance Limited-ը` 30 , երրորդ բաժնետերը` Egler Corporation-ը 150 բաժնետոմս ունի: 

Վահան Մելքոնյանը հետագայում ինչ-որ բան չի կիսել մյուս բաժնետեր ընկերության` Egler Corporation-ի հետ, և իր երկու ընկերություններով դատական վեճի մեջ է մտել երրորդ ընկերության հետ` «Ինտերկաուչուկում» իրենց ունեցած բաժնետոմսերի բաշխման և տնօրենների նշանակման անհամաձայնության հարցով: Այս մասին տեղեկանում ենք Մեծ Բրիտանիայի վերին ատյանի դատարանի դատավորի ( Jules Sher QC-ի) դատավճռից, որը մեզ տրամադրել է դատական նշյալ կառույցը (High Court of Justice, Chancery Division): 

«Ինտերկաուչուկը» մի քանի տնօրեններ է ունեցել, որոնցից է նաև Միջպետական բանկի նախկին աշխատակից Տատյանա Սերբկովան: Նա 2005-ի փետրվարի 18-ից մինչև 2007-ի սեպտեմբերից 21-ը եղել է «Ինտերկաուչուկի» տնօրենը, այնուհետև նրան հեռացրել են` նշանակելով Ալեքսանդր Եգելսկիին, իսկ 2008-ի հունվարի 18-ին նշանակվել է Սերգեյ Սկլյարովը: 2009-ին տնօրեն է եղել Աշոտ Փաշինյանը: 

Մեզ հաջողվել է կապ հաստատել «Ինտերկաուչուկի» նախկին աշխատակիցներից մեկի հետ: Նա «Հետքին» տեղեկացրել է, որ «Ինտերկաուչուկի» հաշիվները վերահսկում էր Վահան Մելքոնյանը: Նա հաստատեց նաեւ, որ «Ինտերկաուչուկում» մասնաբաժին ուներ նաև Ս. Կուլիկովը: Նա չի բացառել, որ այս գործարքներից իր բաժինն էր ստանում նաև Միջպետական բանկի նախկին նախագահ Անատոլի Տուրկաձեն: Ըստ նույն աղբյուրի` «Նաիրիտի» գործարքներից օգտվել են ոչ միայն հայ, այլև ռուս բարձրաստիճան պաշտոնյաներ: 

Միջպետական բանկի նախագահի նախկին տեղակալ Սերգեյ Կուլիկովի մասնակցությունն ակնհայտ է, քանզի ընկերության տնօրեն եղել է նաև Աննա Բարիսովնա Կուլիկովան` Սերգեյ Կուլիկովի կինը: Այդ փաստն արձանագրված է մի փաստաթղթում. 2006-ին «Ինտերկաուչուկը» Ռուսաստանի թոշակային հիմնադրամին վճարում է կատարել, իսկ վճարումն իրականացվել է Կուլիկովա Աննա Բորիսովնայի անվամբ` որպես ընկերության ղեկավար:  

«Պատահական» զուգադիպություններ 

Վահան Մելքոնյանը, պարզվում է, մասնագիտացած է օֆշորային ընկերությունների մեջ: Ավելին, նա իր երկու որդիների հետ Հայաստանում հիմնադրել է «Էմ-Վի-Էմ քոնսալթինգ քամփնի» ընկերությունը, որն իրավաբանական և խորհրդատվական ծառայություններ է մատուցում: Ընկերության գլխավոր տնօրենը Վահան Մելքոնյանի ավագ որդին է` Սամսոն Մելքոնյանը: Ընդ որում` այս ընկերությունը մասնագիտացած է օֆշորում ընկերություններ գրանցելու խորհրդատվության մեջ, որի համար իրենց կայքում հատուկ բաժին են հատկացրել` համապատասխան գնացուցակով: 

«Նաիրիտի» վարկային պատմության մեջ դերակատարություն ունեցող օֆշորային ընկերությունների մասին տեղեկություններ հայթայթելիս մի քանի ակնհայտ զուգադիպություններ են հանդիպում, որից կարելի է եզրակացնել, որ բոլոր ընկերություններն իրար հետ սերտորեն կապված են, և «Նաիրիտի» սնանկացումը չէր կարող պատահական լինել այս ամենի ֆոնին: Օրինակ` «Ինտերկաուչուկում» որպես քարտուղարություն իրականացնող կազմակերպություն նշվում  է Cls Secretaries Ltd ընկերությունը, որը նույն ֆունկցիան ստանձնել է Rhinoville Property Limited, վերջինիս բաժնետեր ընկերություններում` Drayton Finance Limited-ում և Latheron Properties Limited-ում: 

«Ինտերկաուչուկի» գրանցման հասցեն համընկնում է  Latheron Properties Limited-ի գրանցման հասցեի հետ: Եվ կարևոր մի փաստ. այս ընկերությունների գրանցումն ու փաստաթղթային բոլոր գործարքներն արվել է բրիտանական G.S.L. Law & Consulting (UK) Limited ընկերության միջոցով, որի գրանցման հասցեն էլ համընկնում է Rhinoville Property Limited-ի գրանցման հասցեի հետ:  G.S.L. Law & Consulting (UK) Limited-ի մասնաճյուղերը գործում են Ռուսաստանի Դաշնությունում, Կիպրոսում, Նիդեռլանդներում, Վիրջինյան կղզիներում: Մեր ձեռքի տակ եղած փաստաթղթերից երևում է, որ այս ընկերությունների գրանցման, հետագա վճարումների և մի շարք այլ հարցեր լուծվել են նաև ՌԴ-ի մասնաճյուղի միջոցով: Իսկ Վահան Մելքոնյանի կապը Մոսկվայի հետ շատ սերտ է, և այցելություններ ՌԴ նա հաճախ է կատարում: 

Եվ վերջապես, Rhinoville Property Limited ընկերության 2010թ. ֆինանսական հաշվետվությունում հիշարժան մի կարևոր փաստ կա, որն ակնհայտ է դարձնում «Նաիրիտ գործարանի» 90 տոկոսի բաժնետեր հանդիսացող Rhinoville Property Limited-ի, մյուս օֆշորային ընկերությունների և Վահան Մելքոնյանի կապն այս ամենի հետ: 

Ըստ հաշվետվության` հաշվետու տարում շուրջ 8.8 մլն դոլար դուրս է գրվել Վահան Մելքոնյանի երկու ընկերություններին, մեկ այլ ընկերության (19 հազար դոլար) և Աշոտ Փաշինյանին, համապատասխանաբար`

Charrydale Limited` ավելի քան 8 մլն դոլար

Lankwood Finance Limited` 600 հազար դոլար

Աշոտ Փաշինյանին` ավելի քան 30 հազար դոլար 

Հաշվետվությունից պարզվում է, որ Rhinoville Property Limited-ը վերոնշյալ գումարը պարտք է տվել այս ընկերություններին և Աշոտ Փաշինյանին, և քանի որ արդեն ավարտվել է վերադարձման ժամանակը, Rhinoville Property Limited-ն այլևս ակնկալիք չունի, որ նշված գումարները կվերադարձվեն, ըստ այդմ` որոշել է «նվիրել» այդ գումարները վերոնշյալ կազմակերպություններին ու անձին և դուրս է գրել դրանք իր հաշվից:  

Ինչպես արդեն նշել ենք, Աշոտ Փաշինյանը եղել է «Ինտերկաուչուկի» տնօրենը 2009-ի նոյեմբերից, այսինքն` այն ժամանակահատվածում, երբ «Ինտերկաուչուկն» իր` «Նաիրիտ գործարանի» կաուչուկի իրացման ֆունկցիան չէր կատարում, շարունակում էր իրավաբանորեն գոյություն ունենալ և գործարքներ կատարել: 

Շարունակելի

Մեկնաբանություններ (7)

andrey
Մեկնաբանությունը...Այսինքն ինչ, պիտի վայելեն էս թալանած փողերը, մենք էլ մեր վաստակած գրոշներից մի հատ էլ հարկ վճարենք: Ես զարմանում եմ, էս կշտանալ չկա, ախր փորներդ չի ցավում էդքան ուտելուց, ստամոքսի խանգարում, լուծ կամ փորկապություն չի առաջանում? Որ սատկեք, հետներդ էն աշխարհ եք տանելու?
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հայաստանի մեկ տարվա պետ.բյուջեի չափ գումարներ են յուրացրել:Սա (հատկապես Հայաստանի պես փոքր երկրի համար) ՀՍԿԱՅԱԿԱՆ գումարներ են,որը, առանց իշխանության ԱՄԵՆԱՎԵՐԵՎԻ աթոռներում նստածների իմացության և մասնակցության, հնարավոր չէր լինի անել: Սա միանշանակ մեծ հարված է Հայաստանի թիկունքին.այսինքն` ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ: Մեկը սրանց հարցնի. 5 տարի էլ եք ուզում մնալ,որ Ի՞ ՆՉ անեք: Շնորհակալ ենք ՁԵՐ «ապահով Հայաստանից»: Հայ եկեղեցին ՍՐԱ՞ ՆՑ պիտի (էլի) օրհնի : ՀԳ. Լավ-հետաքննող հոդված «Հետքի» կողմից:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Այս օֆշորային ձեռնարկությունների/սխեմաների ամբողջ անարդարությունն ու ԽԱԲԿԱՆՔՆ այն է,որ օգտագործում/շահագործում են տվյալ երկրի (տվյալ դեպքում` Հայաստանի) ազգային ընդերքը և աշխատուժը, բայց տվյալ երկրին վճարում են ՓՇՐԱՆՔՆԵՐ,քանի որ եկամուտը ծլկացնում/փոխանցում են ֆինանսական դրախտավայր երկրներում գրանցված (կամ «գրանցված») օփշորային ընկերության հաշիվներ,որտեղ այդ երկիրը տուրք չի հարկում կամ շատ քիչ է հարկում: Սա ֆինանսական ՆԵՈ-ԳԱՂՈՒԹԱՑՈՒՄ է: Ուստի` BAREVolution:
մեղավորը մենք ենք
Ամեն ինչի մեղավորը մենք ենք - անհավատ ենք, լավ չենք հավատում! Այ, որ ամբողջ հոգով - սրտով ցանկանանք հավատալ մեր ազնվագույն ղեկավարությանը, ապա կհասկանանք որ ամեն ինչը արվում է հանուն մեր ու հայրենիքի բարօրության, կդադարենք բանի տեղ դնել տարատեսակ չարախոսություներ ու ամբողջ թափով ձեռնամուխ կլինենք փոխել-փոխվելու!
ara
Alan talan en arel, bayz barzaryalin iharke aryuzi bazin@ hasaz klini.
GEGHAM
Հետքին...Եթե Դուք այսքան ինֆորմացիա եք տիրապետում ապա ԱԱԾ -ում կամ դատախազությունում բացարված է որ չիմանան եղելությունը,,Այստեղ երկու տարբերակ կարող է լինել,,,1. Կամ նրանց հրահանգված է լռել 2.Կամ էլ նրանք վերցրել են իրենց բաժինը ,,,Այլ կերպ հնարավոր չէ բացատրել էս ամենը. Հետքի 3-4 հոդվածից հետո կամ պետք է գործ հարուցվեր թալանրիների վրա կամ էլ թղթակցի վրա զրպարտության համար,,,Միգուցե ապահով Հայաստան ստեղծելու համար այսպիսի բաներ պետք է արվի ?
Սարգիս
Երբ պետության ղեկավարությունը անցել է խաչագողերի ձեռքը,ամեն ինչ սպասելի է:Նաիրիտը կարող է աշխատել միայն այն դեպքում,երբ Հայաստանում վերջ դրվի խաչագողերի իշխանությանը՝հանձինս ՀՀ կուսակցության:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter